Feeds:
Գրառումներ
Comments

Hello world!

Բարև,

Բլոգում տեղադրված են փոքրիկ պատմվածքներս:

Գնել

Իկան

Հորս անունը Բերքահավաք էր, մորս անունը՝ Կապույտ, իսկ իմը՝ Բուն, որն իր վրա է պահում ոչ միայն ծառի ճյուղերը, այլև նրանց վրա խաղացող երեխաներին։ Այդ պատճառով էլ հպարտ եմ իմ անվան համար։ Բայց էլ ավելի հպարտացնող և պարտավորեցնող է այն, որ ես շարունակում եմ իմ պապենական՝ դեպի երկինք տանող ուղեգիծը։
Պապս՝ որի անունն է Ծառ, ստեղծել է մայթերը ծածկող սալաքարերի գործարան։ Նրա շնորհիվ է, որ մարդիկ հաճույքով են զբոսնում մեր քաղաքի ճանապարհներով, և մեր տունն էլ ամենագեղեցիկն ու ամենաջերմն է։ Տունը հատկապես սիրում եմ դռնից բացվող պուրակի համար, որտեղ ամեն օր հոտոտում եմ բազմագույն և բազմաձև ծաղիկներ, փորձում խաղալ ինձ հետ չխաղացող քարե կենդանիների հետ, թրջվում շատրվանների ջրով և վազվում անծայրածիր կանաչապատ խոտածածկի վրա։ Բայց ամենից շատ սիրում եմ, որովհետև այնտեղ են ապրում մայրս, հայրս և պապս։
Սիրում եմ նաև մեր հաճախակի այցելությունը ծով։ Մինչ ծնողներս զբաղվում են պայուսակներ և այլ ավելորդ պարագաններ տեղափոխելով կամ տեղավորելով, ես վազում եմ ծովի ալիքներին ընդառաջ։ ճիշտ է, սառը և հսկա ալիքները ինձ և՛ վախեցնում, և՛ դուրս են շպրտում, սակայն միևնույն է, ես սիրում եմ ծովը։ Կապույտ անունով մայրս փարվում է ծովին, եվ անհետանում նրա մեջ, իսկ ես՝ որ ընդամենը հին ու ավանդապաշտ ծառի բուն եմ, որ ջրերին հանձնվելով դառնում եմ ճերմակ առագաստանավ ու մտքով թռչում հեռու-հեռու…
Մայրս հաճախ էր պատմում հեռավոր երկրի մասին։ Քարտեզի վրա այն շատ մոտ է թվում՝ ես կարող եմ մեկ քայլով հասնել, սական նա ասում է, որ այնտեղ գնալու համար մենք պետք է գոնե ճայերի պես թռչել սովորենք… Բացի այդ, նա պատմում է, իր և հորս հանդիպման մասին։
Հայրս շատ է աշխատում, միշտ զբաղված է,և երբեք ինձ հետ խաղալու ժամանակ չունի։ Բայց մի օր նա որոշեց զարմացնել մեզ, երբ ասաց, որ պատրաստվում է ճամփորդել մայրիկիս պատմած երկրռւմ, և մենք բոլորս կգնանք այնտեղ։
Ես երջանկությունից մի քանի սանտիմետրով բարձրացա,բայց հետո՝ տխրեցի, որ այլևս չեմ խաղա մեր բակում, չեմ տեսնի կենդանիներիս և չեմ հոտոտի ծաղիկներիս։ Ավելին, ես չեմ տեսնի իմ ծովը և չեմ վազվզի նրա ալիքների մեջ, ինչքան էլ մայրս համոզի, որ հեռավոր երկրռւմ էլ գետեր ու ծովեր կան, և ինձ ապացուցելու համար, կապույտ գծեր ցույց տա քարտեզի վրա։ Բոլորին խոստացա, որ կվերադառնամ, և արտասվելով նստեցի ալյումինե թռչունի մեջ, որտեղ բացի մեզնից ուրիշ երեխաներ ու ծնողներ կային։ Ինչպես ես էի համոզում մորս, այդ երկիրը շատ մոտ էր. դեռ աչքերս չբացած մայրս ասաց, որ հասել ենք։
Մենք նոր տուն ունենք։ ճիշտ է, այն շատ փոքր է մեր տնից, սակայն այնտեղ ես ապրում եմ մորս և հորս հետ։ Վատ է, որ պապիկս մեզ հետ չէ; Ամենաշատը նա էր ինձ հետ խաղում։ Այստեղ շատ շոգ է։ Բոլորն են խոսում դրա մասին, և ծիծաղելով ասում, որ միշտ էլ այդպես է լինելու։ Այս երկրռւմ, երբեք ոչինչ չի փոխվում, ամեն օր միշտ նույն պայծառ եղանակն է։ ճիշտ է, ես պայծառ եղանակ շատ եմ սիրում, սակայն սիրում եմ երբ օրը պայծառանում է անձրևից կամ մառախուղից հետո, ինչպես մեզ մոտ։ Եվ ընդհանրապես, առանց գետերի ու կարկաչուն աղբյուրների չեմ պատկերացնում կյանքս…
Մի անգամ, հայրս հոգնելով ինձ մերժելուց, քարտեզի վրա գտավ ամենամոտ լճակն ու նրա մեջ թափվող գետակներին; Մենք ճանապարհվեցինք այնտեղ։ Բայց… մեր առջեվ բացված տխուր տեսարանից սիրտս ճմլվեց… միայն լճափոս և գետերի չորացած հուներ, ուրիշ ոչինչ։ Հորս ընկերները մի լավ զվարճացան ու ծիծաղեցին, որ մենք չգիտեինք այստեղի անջուր գետերի ու լճերի մասին։
Մայրս ինձ սփոփելու համար տարավ ուրիշ երեխաների մոտ։ Նրանք իմ ընկերներին նման չեն։ Եվ հետո խոսել չգիտեն, ինչ որ ձայներ են արձակում, որից ես ոչինչ չեմ հասկանում։ Նրանց փորձում եմ խոսել սովորեցնել, բայց անօգուտ է։ Նույնիսկ ծաղիկների անունները չեն կարողանում արտաբերել։ Այդ պատճառով էլ հոգնել եմ ու չնայած մորս հորդորանքներին նրանց հետ այլեվս չեմ ցանկանում խաղալ։
Տունը հայրս լցրեց խաղալիքներով, բայց ավելի շատ նա է խաղում դրանցով, հատկապես երբ երեկոյան գինովցած տուն է գալիս։ Մայրս ասում է, որ հայրս և ընդհանրապես տղամարդիկ խմել շատ են սիրում,եվ եթե դա հաշվի չառնես, նրանք շատ լավն են։ ճիշտ է, հայրս երբեք չէր կռվում մորս հետ, եվ խմած ժամանակ միշտ ավելի զվարճալի տեսք ունի, բայց ես երեվի չեմ ցանկանա նրան նմանվել,մանավանդ որ նրա սիրած խմիչքը շատ զզվելի համ ունի։ Զարմանում եմ,ինչպես կարելի է քաղցր մրգահյութերը փոխարինել այդ դառնահամ հեղուկով։ Բայց ինչ կարող ես անել…մեծերը տարօրինակ քմահաճույքներ ունեն:
Ես դեռ չգիտեմ, որ ես և մյուս երեխաները տարբեր ազգերից ենք և տարբեր լեզուներով ենք խոսում։ Դեռ չեմ նկատել, որ իմ դեմքը սակավ արտահայտվածություն ունի, իսկ մյուսներին կարելի է կարդալ նրանց դեմքի ծամածռություններից։ Ես երբեք չեմ հասկանա, թե ինչպես են նրանք կարողացել մեր տասերկու տարբեր «դու/դուք»-երը խտացնել ընդամենը երկու «դու/դուք»-ի կամ նույնիսկ ընդամենը մեկ «դու»-ի մեջ։ Ես դեռ չգիտեմ, որ իմ քչախոսությունը և կարծիք չհայտնելը նրանք կհամարեն անգիտություն կամ լավագույն դեպքում համեստություն, իսկ ես կզարմանամ, թե ինպես են այդ մարդիկ խոսում իրենց իմացած ու չիմացած նյութերից՝ չվախենալով սխալվելուց։ Ես դեռ չգիտեմ, որ ոչ նրանց և ոչ էլ նրանց ծնողների անունները ոչինչ չեն արտահայտի, եվ նրանք կզարմանան իմ և ծնողներիս անուներից։
Ես երեք տարեկան եմ։ Մայրս է այդ մասին ասել ինձ, և կրկնել որ հիշեմ դա։ Թե ինչ է նշանակում երեք տարեկան լինել կամ ինչու է այդ այդքան կարևոր, մայրս դրա մասին ոչինչ չասաց։ Հորս դեռ չեմ հարցրել; Կհարցնեմ, երբ սթափ լինի, այլապես գինովցած ժամանակ ոչինչ չի պատասխանում, և երբեմն բարկանում է իմ հարցերի վրա, անվանելով դրանք հիմար ու կրկնվող։
Լավն այն է, որ սկսել եմ խաղալ մյուս երեխաների հետ։ ճիշտ է, նրանք այդպես էլ խոսել չեն սովորել, սակայն միասին խաղալու համար խոսելը կարևոր չէ։ Ես զարմանում եմ, երբ հորս կամ մորս ընկերները գալիս, նստում և անընդհատ խոսում են։ Իսկ երբ դադարում են խոսելուց՝ հեռանում են։ Ինչո՞ւ նրանք էլ չեն կարող խաղալ և չխոսել։
Ավելի ու ավելի շոգ է։ Միայն ուշ երեկոյան ենք դուրս գալիս, երբ արդեն համարյա իմ քնելու ժամանակ է։ Հայրս չի մոռանում այդ մասին մայրիկիս անընդհատ հիշեցնել։ Նա մեզ ճանապարհում է տուն, իսկ ինքը շարժվում երաժշտությամբ և աղմուկով լցված շինության ուղղությամբ։ Նրան ես տեսնում եմ միայն հաջորդ օրը։ Իմ նոր ընկերներին վաղուց չեմ տեսել։ Ինչպես անակնկալ նրանք հայտնվեցին, այդպես էլ անակնկալ հեռացան։ Մայրս ասում է, որ նրանք գնացել են հեռու երկիր, սակայն մի օր կվերադառնան, և մենք նորից կխաղանք։ Նա երբեմն ինձ ցույց է տալիս նրանց նկարները, որոնց մեջ ես գտնում եմ նաև ինձ, և ասում, որ նրանք ինձ շատ են սիրում։ Ես էլ նրանց եմ սիրում, բայց չեմ հասկանում, թե ինչու, երբ գնում են հեռավոր երկիր, մարդիկ իրար տեսնել էլ չեն կարող։ Մայրս բացատրում է, որ հեռավոր երկիրը միակը չէ, որ շատ այլ հեռավոր երկրներ կան, որտեղ մենք դեռևս չենք եղել։ Ես փորձում եմ նրան համոզել գնալ այդ երկրները, որպեզի այլևս հեռավոր երկիր չլինի և ես միշտ լինեմ իմ ընկերների հետ, սակայն նա միայն ծիծաղում է։
Հայրս զայրանում է, որ խաղալիքներով վաղուց չեմ խաղում և միայն տրտնջում եմ։ Մի օր, ինձ ու մայրիկիս տարավ ամեն տեսակ անպետքություններով լցված մի անծայրածիր շինություն, որտեղ հսկա մարդիկ կային, հայրիկից ու նրա ընկերներից էլ աժդահա։ Նույնիսկ ծնողներս էին զարմացել և ասում էին, որ մեր երկրռւմ այսպիսիք չկան։ Մենք քայլեցինք, անպետքությունների շարքերի միջով, և հասանք աշխարհի բոլոր խաղալիքների տուն։ Սկզբում ես շատ ուրախացա, սակայն տիկնիկներից մեկը այնքան նման էր իմ նոր ընկերոջը, որ ես նորից տխրեցի և այլեվս ոչինչ չէի ուզում։ Հայրս նորից զայրացավ, և ասաց, որ ես անպիտան եմ։
Այսօր մայրս երջանկությունից շողալով հայտնեց, որ արձակուրդին մենք գնալու ենք հեռու քաղաքներ, և տեսնելու ենք ծովը։ Իմ հրճվանքով լի հարցին, թե՞ արդյոք դա իմ ծովն էր, նա սկզբում ասաց՝ ոչ, հետո ուղղեց՝ նույն ծովն էր բայց մյուս կողմից: Ոչինչ չհասկացա, քանի որ ծովը միայն մեկ կողմ ուներ, որը միշտ գալիս էր դեպի ինձ։ Հետո նա ուրախությամբ հայտնեց, որ մենք այցելելու ենք նաև այն հեռավոր երկիրը, որտեղ իմ ընկերներից մեկն է ապրում իր ծնողների հետ, քանի որ նրանց տունը ճանապարհի վրա է։ Ես հասկացա, որ մայրս նորից ինձ ուզում է խաբել, որովհետև ճանապարհի վրա ավտոմեքենաներ են լինում, և ոչ թե տներ։
Շատ եմ կարոտում մեր տունը և բակը։ Չէ,ես պետք է մնայի, որպեսզի իմ վրա պահեի ճյուղերն ու հատկապես նրանց վրա խաղացող երեխաներին, թե չէ էլ ինչ Բուն։ Այստեղ ծառերի մեծ մասը փշոտ են և անճյուղ։ Իսկ այն ծառերը, որոնց վրա կարող են բարձրանալ,սպասում են երեխաներին, որոնք չկան եվ ոչ էլ նրանց պահելու կարիքը կա։

Երազ

Տղան վերցրեց գնդակը։ Այն դատարկ էր։ Ցանկացավ համոզվել դրանում՝ պատռեց։ Գնդակը դատարկ էր։ Ափսոսաց… գոնե հույսը կմնար։ Մինչդեռ գնդակը արտասվում էր։ Դարչնագույն արյունը հոսում էր պատռվացքներից, որը տղան, խենթացած իր երազների փշրվելուց, չէր նկատում։
Իսկ գնդակներ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Վերջ, այլևս ոչ մի գնդակ պետք չէ. նա արդեն երեխա չէ։ Պառկեց, ընկղմվելով կապույտ երազների երանավետ գիրկը։
Դարչնագույն արյունը սկսեց նեխել, և տղան արթնացավ անախորժ զգացումով։ Վերմակը, որ մինչ քնելը կապույտ էր, դարձել էր դարչնագույն, տհաճորեն ձգվելով չորացած արյունից։ Փորձեց բարձրանալ անկողնուց, սակայն ինչ որ ամուր ձեռքեր գրկել էին նրան։ Այնժամ զզվանքով նկատեց տղամարդուն, որն ամուր սեղմվել էր թիկունքին։ Նա նույնքան դարչնագույն էր, որքան անկողինը, և տղային թվաց, որ ինչ որ տեղ տեսել է նրան, կամ գուցե՝ կարդացել։ Դարչնամարդը սկսեց խեղդել, և տղան ուրախությամբ նկատեց, որ ինքը դեռևս քնած է։ Եվ վարձահատույց եղավ քնին՝ նորից փակելով աչքերը։
Պանը նվագում էր անկողնու մոտ։ Զարմանքով նկատեց, որ չի վախենում նրա ներկայությունից; Ավելին, զմայլված լսում է երաժշտությունը, որն այնպես ծանոթ էր, այնպես հարազատ, բայց այնպես հեռու։ Թիկնեց անկողնում, և տրվեց վաղուց կորցրած երաժշտությանը։
Փոքրիկը ցատկռտելով ծերուկին ուղեկցում էր դեպի քարե դուռը։ Հասնելով հսկա քարին, հրեց այն, և քարը գլորվեց՝ բացելով դամբարանը, որտեղ դեռևս ոչ ոք չէր թաղվել։ Ծերուկը հազիվ նշմարեց իր հավիտենական անկողինը։ Նա հազիվ էր հասցրել պառկել, երբ փոքրիկը դղրդոցով ետ հրեց քարը։ Եվ խավար եղավ։
Դամբարաններ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Դրանք տղան արդեն չէր ցանկանում։ Նրան Պանն էր գերել՝ իր այլանդակ արտաքինով և հիասքանչ երաժշտությամբ։ Բայց Պանը գնացել էր։ Տղան դա նկատեց, երբ վերջապես բացեց աչքերը, որոնք համառորեն չէին ցանկանում բացվել։ Բայց ինչ որ բան մնացել էր. գուցե երգը։ Ոչ, երգը չկարողացավ հիշել։

Օձը

Ես մի շատ գեղեցիկ օձ եմ՝ թռիչքի անուրջներում։ Չզարմանաք, նույնիսկ ես չեմ զարմանում, որ սավառնում եմ երկնքում՝ շարժելով աղավնիների զայրույթը, չէ որ նրանց է արտոնված երկնքում սավառնելու կարողություն, և ոչխարների նախանձը, չէ որ նրանք առավել արժանի են սավառնելու։ Ավելի գեղեցիկ և հոգեթով զգացում երբևէ չեմ ապրել։ Լազուր երկինք, կանաչ մարգագետիներ, ոսկեզօծ արտեր, փարթամ անտառներ, փոքրիկ կենդանիներ ու մարդիկ, և ես, ուղղաձիգ մարմնով սավառնող այդ ամբողջի վրայով՝ չզգալով մարմնիս ծանրությունը, վայելելով թռիչքի ողջ հրապույրը։ Նույնիսկ օդը այստեղ առանձնահատուկ բուրմունք ունի՝ վեհացնող ողջ շրջակայքը և ինձ ամբողջությամբ։ Առաջին անգամ աչքերումս բարի հիացմունք է լցվել դեպի աշխարհը՝ բուսականությունը, կենդանիները, և նույնիսկ՝ մարդիկ։ Այս զգացումը բոլորովին նման չէ որս ճաշակելուս մարմնիս պատող ջերմությանը և բավարարվածությանը։ Ներքևում անհնար է տեսնել այս գեղեցկությունը, շնչել այս օդը, ապրել այն։ Ներքևում ամեն ինչ այլ է՝ ճնշող երկինք, սև ամպեր, թշնամիներով լցված մարգագետիններ ու դաշտեր, մռայլ անտառներ ու ամենասարսափելին՝ մարդը, բռնկված սպանելու մոլուցքով։ Եվ ես էլ դարձել եմ այդ գաղջության մասնիկը։ Չարություն դեպի բոլոր կենդանիները, և մանավանդ՝ մարդիկ, նույն սպանելու մոլուցքը՝ անհրաժեշտությունից դրդված կամ առանց անհրաժեշտության։ Չհասկացա, ինչպե՞ս սավառնել կարողացա։ Ամեն ինչ այնպես հեշտ ստացվեց, որ կարծես ողջ կյանքում թռչուն էի։ Սկզբում դա ցնորք էր, ապա ցանկություն, հետո՝ համոզմունք, հաստատակամություն, փոքրիկ ցատկ, անկում, և հրաշք՝ թռիչք։ Ծեծված բառերի այս շղթայից ծնված ճառագայթը նոր լույսով լցրեց մշուշվող գոյությունս։ Առաջին անգամ ժպտացի աշխարհին և իմ գոյությանը։ Դիմացից աղավնիների երամ հայտնվեց՝ ծածկելով տեսադաշտս։ Գեղեցիկ տեսարանը մշուշվեց։ Աչքերս սկսեցին կուրանալ, և ողջ գեղեցիկ տեսարանը մռայլվեց։ Փորձերս՝ վերադարձնելու հրաշք զգացումներս, անարդյունք էր։ Որսի մերձեցման ծանոթ բնազդը կայծակահարեց մարմինս։ Փորձեցի վանել և շարունակել մահացող թռիչքս։ Ջանքերս զուր անցան. տեսողությունս խիստ թուլացել էր։ Որսից տարածվող արյան հոտը արդեն գրավել էր ինձ, և դժկամորեն հասկացա, որ քնած էի։ Շուրջս լցված էին ընկեր օձերի կծիկներ՝ ջերմացող կեսօրվա արևից։ Ինչո՞ւ եմ շարունակում ապրել։ Հրաշք վայելք ունեցա, և այն էլ պարզվեց ընդամենը երազ էր։ Նույն պահին նկատեցի ինձ երազից զրկած որսին՝ աղավնուն՝ թառած մերձակա ճյուղին։ Ցանկացա ինձ հատուկ ձևով՝ գաղտնիորեն մոտենալով և թունավորելով, պատասխանել երազիցս կտրելու համար, սակայն հասկացա, որ երազս, թեկուզ և պատրանք, իմ մեջ ինչ որ բան փոխել էր։ Առաջին անգամ տեսա աղավնու գեղեցկությունը. այն այժմ մսագունդ չէր, այլ հիասքանչ արարած։ Ամենահրաշալին նրա ջինջ ու մաքուր աչքերն էին։ Իսկ ինչպիսին են իմ աչքերը, արդյո՞ք այսպես գեղեցիկ։ Երբևէ չէի մտածել: Նայեցի շրջապատող ցեղակիցներիս։ Մի՞թե ինքս էլ այդպիսի աչքեր ունեմ։ Դա մեր ապրելակերպի պատճառո՞վ է՝ գենետիկորեն դարերի ընթացքում դառնալով բնույթ ու կերպար, թե՞ ի վերուստ այդպես է որոշված՝ դառնալով ցեղիս բաժին հասած ճակատագիր և մենք ոչնինչ փոխել ի վիճակի չենք։ Հրաշալի կերպար պարգևված աղավնիներին պարտադրվել է դառնալ որս՝ այլանդակ աչքերով իմ ցեղակիցների համար, և ես ոչինչ փոխել չեմ կարող։ Այդ պահին նկատեցի ծառով գաղտնագողի դեպի ոչինչ չկասկածող աղավնին սողացող օձին։ Ակնհայտ էր, որ ցեղակիցս, մեկ ավելորդ անգամ ևս, փորձելու էր իրագործել բնության պարտադրած աշխատանքը։ Արևից այրվող ուղեղումս խլրտոց զգացի, որից մարմինս փշաքաղվեց ու մղվեց առաջ։ Քանզի ցեղակիցս գաղտնիությունից ելնելով դանդաղ էր շարժվում, հաջողացրի աղավնուց մեկ մետր հեռավորության վրա հասնել նրան։ Վերջինս զայրույթից մոռացավ զգուշությունը և հարվածեց մարմնիս, ՝ կարծելով, որ ցանկանում եմ որսը խլել իրենից։ Աղավնին հարվածի ձայնից նկատեց մեզ և թռավ։ Ցեղակիցներս շարունակեցինք պայքարել։ Պայքարելը անիմաստ էր. մարմնիս ողջ ուժերը վատնել էի ցեղակցիս հասնելու շտապողականության մեջ։ Նայեցի ներքև. անկումը ճյուղից հինգ-վեց մետր ներքև գտնվող քարին միայն մեկ ելք ուներ։ Զգացի ուժգին հարված ևս, որից մարմինս մեկեն թուլացավ՝ ապրելով անկման սարսափ։ Մի ակնթարթ սարսուռով լցվեցի, մտածեցի մահվան սպասվելիք դաժանության մասին, ափսոսացի, որ այլևս չեմ ջերմանա արեգակի ճառագայթներից՝ ձգվելով աշխարհի ամենագեղեցիկ քարին, հիշեցի աղավնուն, հանուն որի զոհաբերեցի կյանքս և որին այլևս չեմ տեսնի։ Հետո մոռացա այդ ամենը. անցյալը և մանավանդ ապագան արդեն գոյություն չունեին։ Կար միայն ներկան. թռիչքի պարգևած զմայլանքը. երազը վերագտնված էր։ Մնացյալ ամբողջ ժամանակ, աչքերս փակ վայելեցի հրաշք թռիչքը. այն իրականացել էր։ Գլխիս լույս զարկեց…

Ավտոբուսի ժամանումը տատանվում է երեկոյան երեքից յոթի միջև: Նույնիսկ մեկ անգամ ժամը տասին հազիվ տեղ հասավ: Բոլոր դեպքերում նա այնտեղ է երեքից տասնհինգ րոպե պակաս:
Եկել է եղբորը դիմավորելու, որը վերադառնալու է հեռավոր երկրից: Ընկերն էր  հրավիրել ամառային սեզոնին աշխատելու: Եթե աշխատանքի ու ապրելու պայմանները հարմար լինեին, խոստացել էր աշունը վերադառնալուց հետո հաջորդ գարնանը իրեն նույնպես տանել:
Այստեղ բացի մորից չկար ոչինչ, որ պահեր իրեն, իսկ մայրը առանց իրեն չէր կորչի: Բացի եղբորից, այլ բարեկամներ կամ ընկերներ չուներ: Միայնակ մայրը հազիվ էր պահում իրենց, թաղի ամենախղճուկ տնակում: Հոր մասին ոչինչ չգիտեր, չէր էլ հետաքրքրվում. երևի վաղուց մահացել էր: Ուսման մեջ չէր փայլել, որևէ լուրջ աշխատանք չուներ, սեփական ընտանիք կամ նույնիսկ սիրած աղջիկ չուներ, և երբեք էլ չէր ունեցել:
Այդպես էլ չէր կարողանում հասկանալ, ինչու թաղի այդքան շատ տղաներից ոչ ոք հետը չէր շփվում. իսկ ընկերության մասին նույնիսկ երազել իմաստ չուներ: Արտաքնապես ոչ մեկին չէր զիջում, ֆիզիկապես ուժեղ էր իր հասակակիցներից, ոչ մեկին չէր վիրավորում, սակայն չգիտես ինչու բոլորը խուսափում էին հետը շփվել, և միայն ինչ որ հիմար մականուն էին վանկարկում: Մի քանի անգամ այդ մականունի պատճառով ընդհարվել էր, սակայն ընդհարումները և իր նյարդայնացումը մականունը լսելուս, էլ ավելի էր ոգևորում լակոտներին: Թե ինչ կապ ուներ այդ օտարալեզու մականունը իր հետ, ոչ ոք չգիտեր: Բոլորն էլ մականուններ ունեին, նույնիսկ շատ ավելի ծիծաղելի կամ վիրավորական, սակայն չգիտես ինչու բոլորը հենց իր մականուն էին ամենաշատը կրկնում:
Միգուցե, եթե սովորեր ֆուտբոլ կամ թղթախաղ խաղալ, կդառնար խմբի մասնիկը, սակայն արդեն ուշ է: Թղթախաղ ոչ ոք չսովորեցրեց, նույնիսկ եղբայրը: Իսկ ֆուտբոլը չէր ձգում. չհասկացավ թե ինչ հաճույք են ստանում խմբով գնդակի հետևից վազելուց, իրար հրմշտելուց, որը հաճախ վերածվում էր տուր-ու-դմփոցի, կոշիկները պատռելուց: Մայրը տարին մեկ կոշիկ կարող էր գնել, ինչպես կարող էր պատռել այն տաղտկալի գնդակի հետևից վազելով:
Եղբայրը մեծ էր ընդամենը մեկ տարով, և ուներ բազում ընկերներ: Նա էլ ինչ որ անիմաստ օտարալեզու մականուն ուներ, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում,: Եղբոր ընկերները իրեն չէին վիրավորում, սակայն չէին էլ ընկերանում կամ շփվում: Եղբայրը միշտ պաշտպանում էր իրեն այդ վանկարկումներից, սակայն նույնիսկ նա ի վիճակի չէր բացատրելու, թե ինչու են բոլորը իրենից խուսափում:
Միայնակության զգացումը էլ ավելի ճնշող դարձավ եղբոր մեկնումով: Սակայն հույսը, որ վերադառնալով եղբայրը կտանի իրեն հեռավոր երկիր, որտեղ ոչ ոք չգիտի իր մականունը, նրան ուժ էր տալիս դիմանալու բաժանմանը:
Եղբորից երբեմն լուր կամ փող են ստանում: Հայտնում է, որ լավ է, սակայն ոչինչ վերադառնալու օրվա մասին: Անշուշտ եղբայրը ցանկանում է անակնկալ մատուցել: Նվերների կամ փողի մասին չէր մտածում, եղբոր վերադարձը այն ամեն էր ինչին սրտատրոփ սպասում էր մեկնման պահից սկսաց:
Աշնան առաջին օրից ամեն օր այցելում էր ավտոկայան եղբորը դիմավորելու: Ավտոբուսի երկար սպասված ժամանումը սիրտը լցնում էր թռթիռով, իսկ շնչառությունը դադարում: Յուրաքյանչուր իջնող երիտասարդ հույս և հիասթափություն էր պարգևում: Տխուր հայացքով հետևում էր, թե ինչպես է վարորդը փակում դռները և քայլում դեպի գրասենյակ:
Կոտրված սրտով վերադառնում էր տուն, նայում մոր հոգնած հայացքին և տխուր ծամում ուտելիքը: Մոր խրատները, հորդորները այլևս ավտոկայան չգնալ էլ ավելի էին տրտմեցնում սիրտը: Նույնիսկ մայրը չի սպասում վերադարձին, իսկ նա հավատում է, որ շատ շուտով եղբայրը անպայման կգա:
Նույնիսկ այսօր դեռևս հույս կա, որ նա կգա. միգուցե ուշացել է ավտոբուսից, և վերադառնում է համընթաց ինչ որ մեքենայով: Ուշ երեկոյան, մի քանի անգամ կքայլի դեպի փողոցի սկիզբ, որտեղից երևում է ավտոկայանից եկող ճանապարհը, հույսով զննելով մոտեցող անցորդներին:
Եղբորից լուրերը հազվադեպ են դարձել: Հայտնում է, որ դեռևս չավարտված գործեր կան, սակայն հույս ունի, որ շուտով կհաջողացնի դրանք և կվերադառնա: Եղբոր խոսքերին անվերապահ հավատում է, թեկուզ և մոր թերահավատության: Ութ տարիների բաժանումը բոլորովին չեն նվազեցրել եղբոր նկատմամբ իր տածած հավատքն ու սերը:
Շատ շուտով եղբայրը ամպայման կվերադառնա, միգուցե հենց վաղը:

Ուլիկը

Օրը արևոտ էր և խոստումներով լի։ Ոչխարի հոտը սփռվել էր ողջ արոտավայրով։ Ոչ ոք չէր սպասում ուլիկի ծննդյանը, բացի մորից։ Արոտավայրի խոտը սահմանափակ էր, իսկ ուլիկը ուտելու կարիք կունենար։ Գոնե գառնուկ ծնվեր, ավելի սակավ պահանջներով։ Ինչևէ, ուլիկը ծնվեց, անտեսելով հոտի վերաբերմունքն իր նկատմամբ։ Միգուցե համարեց, որ մոր կարծիքը առավել ծանրակշիռ է, քան մնացած ողջ հոտինը, կամ, որ ավելի հավանական է՝ իր ծնվելը իր ընտրությունից կախված չէր։ Երկրորդ պատճառն առավել ծանրակշիռ կդառնար, եթե նկատեինք որքան վախվորած, թույլ, վտիտ ու մեղմ կերպարանքով հայտնվեց ուլիկը լույս աշխարհում: Ինչևէ, նա ծնվեց։ Եվ առաջինը, որ տեսավ՝ լույսն էր։ Լույս… ավելի գեղեցիկ ապրում այլևս երբեք չի ունենա։ Հոգ չէ, որ ոչինչ չհասկացավ։ Հոգ չէ, որ հետո մոռացավ այդ պահը, կարծես այն երբեք էլ չէր եղել։ Այդ առաջին լույսը լցվեց աչքերից ներս՝ տարածվելով ողջ մարմնով, կենդանություն տալով վտիտ ոսկորներին։ Ուլիկը ագահությամբ ըմպում էր լույսը՝ վայելելով այդ քաղցր, սննդարար և հրաշալի կերակուրը։ Նա դեռևս չգիտեր որ ուրիշների համար դա կերակուր չէ, այլ կերակուրը տեսնելու միջոց։ Նա նույնիսկ չէր գիտակցում, որ ինքը կերակրում է իր մարմինը՝ մարմին, որն ապրելու համար կերակրվելու կարիք ունի։ Չգիտեր, որ արդեն ապրում է, և որ արդեն մարմնի մեջ լույսը լցրեց մի բան, որին մեծերը կյանք են անվանում։ Փոքրիկ ուլիկը մեղավոր չէր դրա համար։ Նա հենց նոր էր ծնվել և ամեն ինչ իրենից անկախ եղավ։ Նույն անգիտությամբ բերանը ուղղեց դեպի մոր կուրծքը, և նույն վտիտ ագահությամբ սկսեց ծծել կենարար հեղուկը, որի մասին նույնպես ոչինչ չգիտեր… Ուլիկի ծնունդը և հրաշքը, որ անգիտակցաբար ապրում էր, ոչ մի ազդեցություն չթողեց հոտի վրա, բացառությամբ սովորական դարձած դժկամության, որն ի հայտ է գալիս յուրաքյանչուր ուլիկի ծննդյան ժամանակ։ Պահապան շները վազվզում էին հոտի չորս բոլորը, չնայած ոչխարներից ոչ մեկը փախուստի դիմելու որևէ փորձ չէր անում։ Շները այսպիսով ոչ միայն բացառում էին ոչխարների փախուստը հոտից, այլ նաև պաշտպանում էին հոտը արտաքին թշնամիներից՝ գայլերից։ Վերջինները չափազանց վտանգավոր էին։ Նրանք մշտապես դարանակալ սպասում էին, և բավական էր որևէ ոչխար առանձնանար հոտից, կամ շները կորցնեին զգոնությունը, անմիջապես հարձակվում էին և զոհին տանում խավար և մռայլ անտառ։ Որքան շները զգոն էին դառնում, գայլերը ավելի խորամանկ հնարքներ էին բանեցնում։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ գայլերը մորթազերծ անելով իրենց զոհերին, հագնում էին նրանց մորթին և գաղտնագողի սողոսկում հոտի մեջ։ Դրանից հետո մնում էր միայն գտնել միամիտ ոչխար, գայթակղել նրան մոտակայքում գտնվող հյութեղ արոտավայրով, ուղեկցել դեպի «դրախտ», և շներից գաղտնի դուրս սողոսկել դեպի անտառ։ Միամիտ ոչխար գտնելու խնդիրը թվարկվածներից ամենադյուրինն է, քանի որ հոտի բոլոր ոչխարները, համարյա առանց բացառության, միամիտ են։ Շների բազմաթիվ նախազգուշացումները և հորդորները՝ բուժելու նրանց միամտությունը, դեռևս արդյունք չէին տալիս։ Չնայած դրան՝ շները շարունակում էին իրենց անարդյունք ջանքերը այդ ուղղությամբ։ Հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ իրենց պարտականությունների կատարման ընթացքում, շները նույնպես բարձրության վրա չէին: Բայց ոչխարների միամտության և հենց նրանց զոհ դառնալու փաստը շներին իրավունք էր վերապահում ամեն անգամ մեղադրել հոտին, և առավելապես հենց զոհին։ Քանի որ գառան մորթի հագած գայլերը առավել վտանգավոր են քան ուղղակի հոտի վրա հարձակվող գայլերը, ապա շները առավելագույն միջոցներ էին գործադրում նրանց դեմ պայքարելու համար, որոնցից մեկն էլ միամտության դեմ գաղափարախոսությունն էր։ Կար և մյուս միջոցը՝ առավել վտանգավոր, բայց և արդյունավետ։ Քանի որ, գայլերը հրաշալի են ծպտվում, և դժվար է, եթե ոչ անհնարին, նրանց զանազանել հոտի մյուս անդամներից, ապա այն ոչխարները, որոնք կասկածելի էին թվում, անմիջապես հարձակման էին ենթարկվում մի խումբ շների կողմից։ Եվ երբ հարձակման ենթարկվածը անշնչացած փռվում էր գետնին, նրան մորթազերծ էին անում։ ճիշտ է, շատ հաճախ պարզվում էր կասկածի անհիմնությունը, սակայն այս եղանակով գայլեր էլ էին ոչնչացվում, ի տարբերություն գաղափարախոսական մեթոդի վրիպումների։ Որպեսզի բացառվեն սխալները, շները ոչխարներին հորդորում էին սակավ խոսել, որովհետև շատախոսությունը կասկածի տեղիք էր տալիս։ Բայց շատ հաճախ, սակավախոսությունն էլ կասկածելի էր դառնում։ Ինչևէ, ոչխարները աշխատում էին քիչ խոսել, քանզի այդպես ավելի անվտանգ էր։ Առավել վտանգավոր էր այծերի վիճակը. նրանց ոչ ոք չէր սիրում։ Հին ժամանակներից սկսած նրանք առաջնորդում էին հոտը, և այդ առումով առաջինն էին հանդիպում վտանգին, ավելի ցանկալի էին գայլերի համար, ամենակասկածելին՝ շների, և ամենաատելին՝ ոչխարների։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ նրանք սակավաթիվ են, և շները տարածել են լուրեր այն մասին, որ հովիվը նունպես չի սիրում նրանց, ապա այծերի դժբախտ վիճակը առավել պարզ կդառնա։ Այծերի առաջնորդության փաստը հիմնվում էր այն բանի վրա, որ նրանք արածում են միայն մաքուր և չտրորված խոտ, ուստի ստիպված են միշտ առջևից գնալ, և որ նրանք ավռավել ուժեղ ու համարձակ են, հետևաբար ավելի պաշտպանունակ։ Սակայն հենց այդ երկու հանգամանքների պատճառով, ոչխարները այծերին չեն սիրում։ Նախ, որ հաճախ ստիպված են արածել տրորված և կեղտոտ խոտ, և ապա, զգում են իրենց թուլությունը այծերի նկատմամբ, որոնց բաժին է հասնում հյութեղ խոտի մեծ մասը։ Ինչ վերաբերվում է հովվին կամ հովիվներին, ապա նրան կամ նրանց վաղուց ոչ ոք չէր տեսել։ Հովիվների քանակի և կերպարի մասին տարակարծություններ կային։ Նույնիսկ ամենատարեցները վստահ չէին, թե երբևէ տեսել են, և ստիպված էին իրենց հետևորդներին պատմել այն, ինչ իրենք լսել էին ծնողներից և պապերից։ Չնայած դրան, հավատացած էին, որ հովիվը միշտ իրենց հետ է, և ինչ-ինչ նկատառումներից դրդված այնպես է արել, որ աննկատելի մնա։ Այդ առնչությամբ ներկայացվում են մի քանի պատճառներ, և շատ հաճախ այն, որ ոչխարային մտածողությունը ի վիճակի չէ ամբողջությամբ հասկանալու հովվի դիտավորությունները։ Քանի որ հովվին փոխարինում են շները, ապա նրանք համարվում էին հովվի ներկայացուցիչները հոտում՝ ստանալով համապատասխան պարտավորություններ և իրավունքներ։ Շներն էին միակ միջնորդները հոտի և հովվի մեջ։ Միայն շները իրավունք ունեին պատմել հովվի մասին, և միայն այդ նկարագրությունն էր համարվում հավաստի։ Իսկ շների նկարագրությունները առավել քան պայծառ են՝ հովիվը ամենաարդար, ամենաբարի, ամենաուժեղ, ամենաարագավազ, ամենաբրդոտ, ամենաիմաստուն, ամենահոգատար, ամենաշատ արոտավայրեր ունեցող, ամենասուր ատամներով արարածն է ողջ արոտավայրում և անտառում։ Եվ բերում էին բազմաթիվ օրինակներ՝ հիմնավորելով վերոհիշյալ արժանիքները։ Ըստ շների, հովիվը չափազանց հոգատար է հոտի նկատմամբ, և լուսավոր, տաքուկ, թարմ և հյութեղ խոտով լի, անվտանգ և հարմարավետ գոմ է պատրաստել։ Օրինակելի ոչխարներին հենց այդ գոմն են տեղափոխում։ Հավատացած էին, որ գայլերին զոհ դարձածները նույնպես տիրոջ կողմից կենդանացվում և տարվում են գոմ։ Նաև պատմում էին, որ արդարությունից ելնելով, հովիվը առանձին գոմ է պատրաստել այծերի համար։ Այդ գոմը շների պատմելով սառնաշունչ, գազաններով լի, առանց կերի, մութ, մռայլ և դժնդակ վայր է։ Այդ նկարագրությունն էլ սփոփում և մեղմացնում էր ոչխարների զայրույթը այծերի նկատմամբ, ևնունիսկ շատերի մոտ այն վերափոխում էր խղճահարության։ Ոչխարների մի մասը փորձում էր համոզել այծերին ոչխար դառնալ, որպեսզի խուսափեն դժնդակ գոմ տեղափոխվելու սարսափելի հեռանկարից, և վայելեին հրաշալի գոմի բարեմասնությունները։ Սակայն այծերը կամ չէին ցանկանում ոչխար դառնալ, կամ չէին կարողանում։ Նրանց կարծիքով այդպիսի գոմեր չկան և շները իրենց ուղղակի տանում են մորթելու։ Ոչխարին, որը վերադարձել էր գոմից և պատմել այդ հրաշալի վայրի մասին, արդեն ոչ ոք չէր հիշում. դա շատ վաղուց էր; իսկ շներին նրանք չէին վստահում։ Ուլիկը նոր միայն ծնվել էր, և գայլերի, այծերի ու ոչխարների, հովվի միջնորդ հանդիսացող շների, տրորված ու թարմ խոտի, գոմի լինել-չլինելու, նույնիսկ հովվի մասին դեռ ոչինչ չգիտեր, ուստի դա իրեն չէր հետաքրքրում։ Նա շարունակում էր ծծել կենսարար հեղուկը՝ մեծ բերկրանք պատճառելով իր մորը։ Նա արագորեն սովորում էր դառնալ իսկական այծ։ Հրաշալի ընդօրինակող էր, և վաղ հասակում սովորեց արածել, որոճալ, քայլել, ցատկոտել, մկկալ. պոզահարել, և այն ամենը, որ հասու էմիայն այծային ցեղի անդամներին։ Ոչխարների մասին ձեռք էր բերել արհամարական և խղճահարույց վերաբերմունք։ Նրան սովորեցրել էին, որ ոչխարները հոտի ամենահիմար և ամենամիամիտ կենդանիներն են, և միակ բանը, որով նրանք կարող են պարծենալ, նրանց տաք ու փափուկ մորթին է։ Սակայն հետքրքրասիրությունը նրան ստիպում էր շփվել և լսել նաև ոչխարներին։ Հենց այդ թուլություն էլ, իրենց հատուկ բութ ու միամիտ խորամանկությամբ օգտագործեցին ոչխարները, մեկ այծ նույնպես ոչխար դարձնելու սուրբ նպատակը իրագործելու համար։ Նրան առաջին անգամ պատմեցին հովվի ու գոմի մասին, (ամեն պատմության վերջում չմոռանալով հիշեցնել, որ «ոչխար լինել՝ լավ, այծ լինել՝ վատ»), օրինակներ բերելով այն անվանի այծերին, որոնք լսելով իրենց հույժ անհրաժեշտ խորհուրդները ոչխար դարձան։ Հաճախ ոչխարներին օգնության էին հասնում շները, որոնք իրենց սուր ու սարսափազդու ատամներով, արագավազությամբ ու քաջությամբ էլ ավելի էին ընդգծում ասվածի ողջ հավաստիությունն ու օգտակարությունը։ Ուլը իրեն երջանիկ և բախտավոր էր զգում, որ շփվեց ոչխարների հետ, իմացավ ճշմարտությունը՝ խուսափելով այն մոլորությունից, թե ամենալավը այծերն են, իսկ ոչխարները՝ հիմար։ Այժմ նա ուներ ամբողջովին հակադիր համոզվածություն, և այլևս իրեն այծ չէր համարում։ էլ ավելի օգնելու համար, շները նրան ոչխարի մորթի նվիրեցին, որը հրաշալի համապատասխանեց նրա մարմնաչափին։ Այժմ կարող էր հույս ունենալ, որ հովիվը իրեն չի ուղարկի այծերի համար պատրաստված գոմը, այլ մի շատ հարմարավետ ու պատվավոր տեղ կհատկացնի ոչխարների գոմում։ Դրա համար, նախկին ուլը լի էր եռանդով՝ դառնալ ոչ միայն իսկական ոչխար, այլև դառնալ լավագույն ոչխարներից մեկը, մի նպատակ, որին նա զորու էր իր ընդօրինակման մեծ շնորհքի, հրաշալի ըմբռնողականության (որը դրսևորվեց ոչխար դառնալու որոշման մեջ), ուժեղ ոտքերի և մնացյալ բարեմասնությունների շնորհիվ, որով նրան օժտել էր հովիվը։ Այն, որ այծերը կարհամարեն և, նունիսկ կծիծաղեն իր վրա, արդեն իր հոգսը չէր։ Ապագան կհատուցի այդ ողորմելիներին, երբ նրանք ցուրտ ու անկեր գոմից կնայեն ու կտեսնեն իրեն՝ պառկած տաք ու լուսավոր գոմում, հյութեղ խոտի առջև։ Նախկին ուլը լցվել էր ուրախությամբ, երջանկությամբ և սիրով. սիրով առ հովիվը, որն իր համար հրաշալի գոմ էր պատրաստել։ Եվ որպեսզի լցվի այդ ողջ հրաշքներով, դուրս էր մղում արևի լույսը, տեղ ազատելով գոմի ջերմության համար։ Իսկ լույսը դժարությամբ էր լքում: Երբ վերջապես նախկին այծին հաջողվեց դուրս մղել լույսի վերջին պատառիկը, և պատրաստվում էր տոնել իր ջախջախիչ հաղթանակը, նրան մոտեցան երկու տարօրինակ էակ, տարան հոտից դուրս և մորթեցին։

Դա նա է` Մեծ Հմայողը: Նա, որ իրեն հռչակեց ամուսինը բոլոր կանանց ու տղամարդկանց: Նա բարձրագեղ է, նրբագույն դիմագծերով, հրացայլ աչքերով,  ազնվական ծագումը ընդգծող նրբազգաց մատներով: Սև փարթամ մազերը առանձնահատուկ նրբագեղությամբ հիասքանչ ջրվեժի նման թափվում են ուժեղ ուսերին:

Բոլոր նրանք, ովքեր կամուսնանան Մեծ Հմայողի հետ կկիսեն նրան պատկանող բազում գանձեր: Լսելով գանձերի անսահմանության մասին, ծանոթանալով Մեծ Հմայողի խանդավառ սիրահարների հսկա զանգվածներին, որոնցում հանդիպում են դեռ երեկ նրա ամենահամոզիչ մերժողները, և մանավանդ, անձամբ ծանոթանալով այդ անչափ հմայիչ, բարի, հարուստ հոգու տեր, իմաստուն անձնավորությանը, դժվար և նույնիսկ անհնարին կլինի չսիրահարվել ու չցանկանալ ամուսնանալ նրա հետ` դառնալով անսահման պարգևների ժառանգորդ:

Համասեռության նկատմամբ ընդհանուր բացասական վերաբերմունքը չի հուսալքում Մեծ Հմայողին: Նա տղամարդ է, ուստի առավել գիտակ տղամարդկային թուլություններին: Համասեռական ամուսնությունները վերանվանվեց Մերձեցում: Տղամարդիկ նույնիսկ կազմեցին փաստաթուղթ` հաստատող նրանց մենաշնորհը Մեծ Հմայողի հետ մերձեցմանը հավաստող վկայագրի նկատմամբ:

Սակայն նրանով առավել հրապուրվում են կանայք: Չկարողանալով ընդիմանալ փաստաթղթի ընդունմանը, կանայք իրենց սփոփում էին, որ մերձեցման վկայականը ընդամենը թուղթ է, մինչդեռ սերը թղթով չէ որ հաստատվում է: Էլ ավելին, մերձեցման վկայականը սպանում է զգացմունքները և ուժգնացնում Մեծ Հմայողի սերը առ սիրուհիները, որոնց հետ նա որևէ փաստաթղթային պարտավորություն չունի: Բացի այդ, Մեծ Հմայողը առավել բնական սիրային կապ կարող է ունենալ միայն կանանց հետ և ամբողջական բավարարվածություն ստանալ միայն նրանցից:

Կանանց մեծ մասը Մեծ Հմայողին է նվիրվում արդեն անհրապույր վիճակում: Օրիորդական ողջ տարպանքը տալով մյուսներին, անպտուղ ու թառամած մարմնով նրանք հայտնվում են Մեծ Հմայողին` խոստանալով իրենց արդեն գոյություն չունեցող սերը:

Երիտասարդ օրիորդների ամուսնությունը չի ուրախացնում իրենց անկայուն բնույթով. նրանք նվիրվում են, երբ արդեն հուսախաբ են այլ զուգընկեր գտնելու հարցում, կամ բաժանվում են, երբ հայտվում է նրանց գաղտնի ցանկությունները առավել զգալի կերպով բավարարող այլ զուգընկեր:

Ինչն է մղում հիասքանչ անչափ ցանկալի օրիորդներին դառնալ Մեծ Հմայողի շարքային կանանցից մեկը: Սեր և երջանկություն – ահա գլխավոր խայծը: Այս չարչրկված զույգին նոր մի երանգ տրվեց, նոր մոտեցում և կիրառություն: Իսկ խայծի ընտրությունը պատահական չէր, ինչպես պատահական չէր այն ամենը ինչ արվեց, խոսվեց ու ներկայացվեց: Անհրաժեշտություն էր այդ ամենը թե ոչ, դժվար է ասել: Անհրաժեշտության մաս այդ ամենում կար, սական դրա հարաբերակցությունը ամբողջին դժվար հաշվելի է:

Սիրո և Երջանկության ընբոշխման համար առանձնահատուկ կարողություն կամ պատճառ չի պահանջվում: Ընդամենը լինել հարսնացու, քանզի Մեծ Հմայողը իրեն վերապահել է փեսացուի դերը:

Բացառությամբ երիտասարդ գեղեցիկ օրիորդների, որոնք ի վիճակի չեն երկար ժամանակ ապրել պլատոնական սիրո հրապույրներով` զրկելով իրենց կրքոտ ու տանջալից մարմնական սիրո դիվային տարպանքներից, մնացյալ բոլոր մերձեցումները կրում են խիստ կայուն բնույթ:

Սակայն անկախ վերը նշված բոլոր բարեմասնությունների, անկախ չմերձացվողներիս ուղղված Մեծ Հմայողի հարսնացուների բազմաթիվ սպառնալիքների և քամհարանքի, չմերձացողներս հանդիսանում ենք Մեծ Հմայողի նպատակի և ոչ թե անձի մերժողներ: Նրա անձի դեմ պայքարելը, կհանգեցներ դառնալ մերձեցյալ հոծ զանգվածի ավելորդ տարրերից մեկը:

Մեծ Հմայողը շարունակում է մերձենալ նորանոր հարսնացուների: Գանձերը հասանելի են միայն հարսնացուններին:

Follow

Get every new post delivered to your Inbox.