Ծերունական զրույց

Տաղավարի անկյունում հուշիկ նստածը՝ Տիգրան է: Ասում են, կանայք նրան թիքա-առ-թիքա կերել են. մնացել է միայն ոչ մեկին այլևս պետք չեկող չորացած մաշկով պատված կմախքն ու կուրացած աչքերի արտասովոր փայլը:

Հավանաբար նիհարությունից էր, որ աչքերը առանձնակի էին փայլում: Նույնիսկ երբ արդեն կուրացել էր, միևնույն է մոտեցող կանանց նկատում էր՝ հավանաբար հոտառության շնորհիվ: Ու եթե աչքերը փայլում էին՝ ուրեմն ինչ որ կնոջ է վերհիշել:

Թե ի՞նչ էին գտել կանայք այդ ոսկորներում, հավանաբար միայն նրանք կիմանան:

Պատմություններից մեկը չախկալ աչքեր ուներ: Այդպես էլ չիմացավ՝ ի՞նչ ասել է “չախկալ աչքեր”; բայց հիշում է, որ երբ առաջին անգամ տեսավ Չախկալին. խղճաց թե ինչո՞ւ է այս աղջիկը այսքան տգեղ, իսկ երբ սկսեցին շփվել, ինքն էլ չհասկացավ թե ե՞րբ կամ ինչո՞ւ սիրահարվեց՝ ախր նրա մեջ իր սիրո ցանկալի կերպարին համահունչ ոչինչ չկար: Ու գնալով սիրահարվածությունը հիվանդագին դարձավ: Ընկերները ասացին, որ միգուցե աղջկա չախկալ աչքերն են մեղավոր, ու եթե կարողանա մի որոշ ժամանակ չհանդիպել նրան՝ կբուժվի:

“Չախկա՛լ ասացիր, հիշեցի”, պատմությունը ծանրորեն ընդմիջեց Կարոն, որի հագին միշտ մոխրագույն բրդյա կեղտոտ պիջակն էր, որից թութունի սուր հոտ էր սփռվում: “Մի անգամ չախկալի որսի էինք գնացել: Ես էի ու ողորմածիկ Վաղոն: Վաղոն երկու օր առաջ հինգ թակարդ տարել՝ դրանց բների մոտ էր տեղադրել:  Առավոտյան շարժվեցինք, ջահել էինք. այն ժամանակ մի քանի ժամ կարող էինք քայլել; հիմա մի քանի րոպեից թոքերս բռնվում են, ու ողջ մարմինս պինդ սեղմում. հազիվ եմ  կարողանում շունչս տեղը բերել: Կարևորը, որ նույն տեմպով քայլես, ու չնստես. հենց նստես, որ մի փոքր շունչ առնես, էլ քայելդ չի գալիս:”

“Ա՛յ, մարդ, թողեք հանգիստ նարդի խաղանք: Ինչ եք անիմաստ խոսում: Ավելի լավ է այստեղ նայեք, մի քիչ խաղալ կսովորեք:”

“Ինչի”ս է պետք մեռնելուց առաջ նարդի խաղալ սովորել, հո՛ դժողքում նարդի չենք խաղալու: Չես ուզում լսել, դու մի լսի. մյուսները շատ լավ էլ լսում են: Հա, ինչ էի ասում, գնացինք չախկալի որսի: Առաջին թակարդում բան չկար, սակայն երկրորդին չհասած աղմուկ լսեցինք. կարծես մեկը ճյուղերն ու հողն է կատաղած քանդում՝ վայնասուն բարձրացնում: Վաղոյի մոտ թվանք կար, ուսից հանեց, ձգանը քաշեց ու դանդաղ մոտեցանք: Ես էլ մի հաստ փայտ ունեի ձեռքիս:”

“Մահացած ես վկա բերում, որ սուտդ չբռնացնե՞նք:” -նորից միջամտեց նարդիստը:

“Դո՛ւ քո զառերը գլորի. ինչ ես մեջ ընկնում: Չե՛ս հավատում, մի՛ լսի: Հա, շարունակեմ. ուրեմն մոտեցանք տեսանք չախկալի ձախ ոտքը ընկել է թակարդի մեջ, ու սա այստեղ այնտեղ է ցատկում, բերանով ու առջևի ոտներով հողն ու ծառի արմատները պոկում օդ է շպրտում: Ինչ էլ սիրուն էր անասունը՝ մարմինը դարչնագույն, իսկ պոչը արծաթի նման փայլում էր: Մեզ տեսավ, մի պահ կանգ առավ՝ վախեցած նայեց ուղղիղ աչքերիս մեջ՝ սև սրտաճմլիկ աչքերով. մի պահ մեղքս եկավ. մտածեցի, սա էլ է կենդանի էակ, միգուցե՞ ազատեմ՝ գնա:”

Մի պահ լռություն տիրեց, նույնիսկ նարդու զառերը չչխկացին: Հավանաբար, վերջին խոսքի հետ ամեն մեկը ինչ որ բան վերհիշեց: Կարոն, շունչը հետ բերեց ու շարունակեց.

“Սակայն, երբ հաջորդ պահին ատամներով սկսեց կատաղած գռմռալ, բերանն էլ թքով լցվեց. միտքս փոխեցի: Չնայած, եթե միտքս չփոխեի էլ, ինձ ով կթողներ ազատ արձակեի՝ հազիվ մի որս էինք ճարել, դատարկ ձեռքով հետ գնայինք՝ խայտառակ լինեի՞նք: Վաղոն նշան բռնեց, որ կրակի, բայց ասացի, պետք չէ, մորթին կփչացնես, պատռված մորթով չախկալը ո՞ւմ է պետք: Մոտեցա, ողջ ուժերս հավաքեցի ու ձեռքիս ծանր փայտով խփեցի գլխին՝ այնպես, որ մորթուն վնաս չտամ: Սա տեղում փռվեց ու շունչը փչեց: Փայտը գետնին դրեցի, ու ձեռքս գցեցի, որ ոտքը թակարդից հանեմ, չախկալին գցեմ պարկի մեջ: Ձեռքս դեռ թակարդին չէր հասել, որ չախկալը տեղից ցատկեց, ու ձախ ոտքս բռնեց: Աչքերս մի պահ մթնեցին՝ չգիտեմ ցավից թե՞ վախից:  Կողքիս ընկած փայտը նորից վերցրի ու սկսեցի սրա մեջքին ու գլխին խփել: Տեսնեմ, Վաղոն անշարժացած նայում է. չի հասկանում, որ հրացանը թողնի՝ գա օգնելու: Սա ոտքս թողեց, պառկեց կողքի ու սկսեց շնչասպառ լինել: Բայց ինձ էլ պահել չէր լինի, ոտքիս ցավի հետ սրան հո՛ չեմ խփում, հո՛ չեմ խփում: Այն եմ հիշում, որ Վաղոն մեջքս ու ձեռքերս գրկած հազիվ հետ քաշեց: Շունչս կտրվում էր, ուշքի եկա տեսնեմ, այդ անասունից համարյա բան չի մնացել՝ հողին էի հավասարեցրել, ողջ տարածքը արյուն էր ու դրա կտորները, նույնիսկ շորերիս վրա լիքը արյուն ու դրա մազերից կային:”

“Բա, ոտքդ ի՞նչ եղավ:  Այսքան ժամանակ հարևան ենք, չեմ հիշում, որ կաղայիր” — հեգնանքով միջամտեց նույն նարդիստը:

“Ոտքիցս մի քիչ արյուն գնաց: Մոտակայքում գետ կար, գնացինք այնտեղ լվացի: Բախտս բերել էր, խորը չէր կծել, թաշկինակով կապեցի՝ մի քանի օրից հետքն էլ չմնած: Ափսոս, այդ չախկալի մորթին փչացրի, ու շորերս էլ ահագին կեղտոտեցի. կինս քանի օր վրես փնփնթում էր:”

“Ա՛յ մարդ, այս Կարոյի պատմությունները մեկը մեկից սուտ են: Ավելի լավ էր, դու քո Չախկալի պատմությունը պատմիր”. Տիգրանին թեքվելով ասած նարդիստը:

Տիգրանի կուրացած աչքերը նորից փայլեցին՝ հավանաբար չախկալ-աչքերով աղջկան վերհիշեց:

“Դե, պատմելու շատ բան չկա: Ասացի, որ ինքս էլ չհասկացա, թե ինչո՞ւ սիրահարվեցի այդ տգեղ աղջկան: Մեկ աչքիս իսկապես խղճալու չափ տգեղ էր թվում, մեկ էլ կարծես աշխարհի ամենագեղեցիկ էակը լիներ, որի նմանը երբեք չէի տեսել, ու համոզված էի, որ եթե հանկարծ ինքը չլինի կողքիս, այլևս երբեք նման աղջկա չեմ գտնի: Սկսեցինք ավելի ու ավելի հաճախ շփվել: Երկար գեղեցիկ մատներ ուներ, սիրում էր նստել մոտս ու մատները անուշահոտ քսուկով մերսել, հետո էլ եղունգներն էր դանդաղ մաքրում նախորդ գույնից, ու նոր գույնով պատում: Ես էլ հմայված աչքս չէի կտրում նրա մատներից, ու այդպես կարող էր մի քանի ժամ աննկատ անցնել, մինչ որ վերջացներ ու չարաճճի նայելով ինձ՝ զվարթ հարցներ. “Վայ Տիգրան ջան, մատներովս էի ընկել, համարյա մոռացել էի, որ այստեղ ես: Թեյ չխմե՞նք; մոշի հրաշալի մուրաբա ունեմ:” Ու պատասխանիս չսպասելով, հապշտապ թեյ էր պատրաստում ու այն ըմբոշխնում էինք մոշի մուրաբայով՝ առանց մի խոսք փոխանակելու:”

“Մեր տանն էլ լավ մոշի մուրաբա կա, նարդին խաղամ վերջացնեմ, գնանք միասին խմենք, եթե՞ այդքան շատ ես սիրում: Բայց մատներս մանիկյուռ չեմ անում, ու դու էլ պիտի խոստանաս, որ ինձ այդպես չես նայի՝ ինչպես այդ Չախկալին. չնայած ուզես էլ՝ կուրացած աչքերովտ ո՞նց պիտի նայես:” –կատակի տվեց նարդիստը:

“Հիմա էլ չես թողնում Տիգրանը իր պատմությունն ասի: Նարդի ես խաղում՝ խաղա՛: Քո մոշի մուրաբան էլ քեզ պահի, այսքան ժամանակ, որ մեկիս ես հյուրասիրել, որ Տիգրանին հյուրասիրես:” -առիթը չկորցրեց Կարոն:

“Հա, շարունակե՞մ:” — գոտեպնդված Տիգրանը: “Դե, այն ժամանակ շատ երիտասարդ էի, այդ վիճակով երկար չկարողացա դիմանալ: Հասկացա, որ դեմ-դիմաց խոսքերով բացատրվել չեմ համարձակվում, նամակ գրեցի, ու գաղտնի դրեցի իրեն վերարկուի գրպանը: Երկու օր սրտատրոփ սպասելուց հետո, եկավ ու ջղայնացած տոնով ու հայացքով ասաց, որ ինքը զգացմունքներս շատ է հարգում, բայց այդ քայլով ես փչացրեցի մեր այդքան հրաշալի ընկերությունը: Ու գնաց:”

“Տիգրան ջա՛ն, քո նման սրտակեր տղամարդը այդ տգեղ Չախկալին առաջարկ է արել, ու նա մերժե՞ց. հավատալս չի գալիս: Քո զոհերից մի քանիսին էլ հո ես գիտեմ՝ անունները չեմ ուզում տալ՝ կարող է խոսքս տեղ հասնի:” — սովորության համաձայն զառը նետելով միջամտեց նարդիստը:

“Հա, մերժեց, ի՞նչ ունեմ խաբելու: Վատն այն է, որ դրանից ավելի հիվանդագին դարձա նրա նկատմամբ; աչքերս ամենուր իրեն էին փնտրում, անընդհատ իրեն մասին էի մտածում, որքան հիշում եմ՝ խմելու սերն էլ այն ժամանակվանից սկսվեց: Ընկերներս փորձում էին փրկել ինձ, ասում էի, որ ախր այդ աղջկա մեջ ի՞նչ եմ գտել, որ այդպես տանջվում եմ, բայց սթափվելու փոխարեն՝ ընկերներիցս էի երես թեքում: Դարձել էի ինքնափոփ՝ ձանձրալի մելամաղձոտ կերպար. միայն մտածում էի, ինչպես գրավեմ նրա սիրտը: Մի տարի փորձեցի ինչ հնարավոր էր՝ ինքս ինձ էլ արդեն վաղուց չէի ճանաչում՝ ինչ հիմարություն ասես որ չհասցրեցի անել այդ ընթացքում. ամեն ինչ զուր էր: Վերջը մի օր ընբռնեցի, որ նրա սիրտը գրավելու բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներս սպառել եմ, ու փորձեցի համակերպվել անհաջողությանս հետ:”

“Շուտ պետք է համակերպված լինեիր՝ հարբեցող չէիր դառնա:” -չարախնդած Կարոն՝ հայացքը սահեցնելով շրջապատի վրայով՝ տեսնելու հումորի ազդեցությունը:

“Երևի ճիշտ ես ասում:” -առանց նեղանալու, սակայն տխուր ձայնով շարունակեց Տիգրանը: “Հիմա ավարտեմ պատմությունս: Երբ ընդունեցի, որ նրա սիրտը ինձ համար անհասանելի է, այլևս ոչ փորձեցի հանդիպել, ոչ նամակ գրել, և ոչ էլ որևէ այլ քայլ ձեռնարկել; այլ փորձեցի նորից առաջվա աշխույժ տղան դառնալ, նորից շփվել ընկերներիս հետ, փորձել քիչ խմել: Կարելի է ասել, որ սկսել էի վերագտնել ինքս ինձ, երբ մի օր նրա ընկերուհին, մոտեցավ ինձ, ու հաղորդեց, որ նա ցանկանում է խոսել հետս, ու այժմ սպասում է մոտակա սրճարանում: Ինչ ասեմ, անակնկալի եկա, հիմա նույնիսկ չեմ հիշում՝ ուրախացա թե ո՛չ, սակայն գնացի: Նստած սուրճ էր խմում, ու ինձ տեսնելով քաղցր ժպտած, սակայն այդ ժպիտը ինձ սառը թվաց: Երեք ամսից ավելի չէի տեսել. ու այդ անգամ նա ո՛չ տգեղ էր ու ո՛չ էլ գեղեցիկ:”

Տիգրանը լռեց՝ շրջապատը նույնպես: Նույնիսկ նարդիստը ոչինչ չգտավ միջամտելու:

“Ասաց, որ վաղուց չենք հանդիպել; հարցրեց. ի՞նչ կցանականամ խմել: Ոչինչ չէի ցանկանում, սակայն մատուցողը եկավ, ու մի բաժակ խնձորի հյութ պատվիրեցի: Հարցրեց իմ մասին, զվարթ պատմեց իրենից, վերհիշեց մեր մտերմությունը, մոշի մուրաբայով թեյը, ու ձայնին տխուր երանգ տալով ասած, որ շատ է ափսոսում, որ մեր հարաբերությունը ոչ ցանկալի ընթացք ունեցավ, ու որ ինքը միշտ կարոտում է մեր այդ հրաշալի ընկերությանը: Մի պահ լռեց, ես էլ չգիտեի ինչ ասել. ձկան պես լուռ էի դարձել, ու որքան էլ այդ լռությունը դառն էր, չէի կարողանում որևէ ասելիք գտնել՝ հյութն էլ վաղուց անտարբեր դատարկել էի, ու հայացքս բաժակին՝ մատներով խաղում էի նրա հետ:”

“Քիչ անց չախկալ աչքերը բարձրացավ ու սևեռվեցին վրաս, սակայն աչքերս բաժակից բարձրացնել չկարողացան: Այդպես էլ չիմացա,՛ թե այդ պահին ի՞նչ էին իրականում ցանկանում ասել այդ աչքերը, երբ հայտնեց, որ շատ է մտածել, ու որոշել է դառնալ ընկերուհիս: Չիմացա՛, այդ ասելուս աչքերում կայծեր հայտվնեցի՞ն, թե՞ նրանցում դեռևս գծագրված էր նույն սառը ժպիտը, որը նկատեցի սկզբում:”

“Մի պահ սպասեց պատասխանիս, սակայն չգիտեի ի՞նչ ասել: Երևի նեղսրտեց, կամ միգուցե բնական համարեց. “Գիտեմ, քեզ համար այս ամենը անակնկալ է: Կսպասեմ: Վաղը կարող ենք միասին նորից թեյ խմել՝ մեր սիրած մոշի մուրաբայից ունեմ: Ցտեսությո՜ւն, Տիգրան ջան:” Կարողացա միայն կամացուկ ցտեսություն արձագանքել. իսկ հայացքս շարունակվեց մեխված մնալ ձեռքիս մեջ պտտվող դատարկ բաժակին:”

Տիգրանը լռեց: Նրա կուրացած աչքերի փայլը չկար, հավանաբար այն ավելի վաղ էր անհայտացել:

“Է՛ հետո՞, Չախկալի հետ ընկերություն արեցի՞ր;” — երկար լռությանը առաջինը չդիմացավ Կարոն:. “Պատմում ես, մինչև վերջ պատմիր. մարդ բան հասկանա:”

“Հուսով եմ, հաջորդ օրը չես վազել մոշի մուրաբայով թեյ խմելու:”- նարդին դիմացից հեռացնելով ժպտաց նարդիստը. ՞Չնայած եթե վազած լինեիր, հիմա այստեղ չէիր լինի, այլ Չախկալ կնոջդ փեշի տակ թեյ խմելուս:”

Գնել Խաչատրյան

26.04.2017

Մանուշակագույն երանգով լեռները

Կովկասյան հմայիչ առոգանություն եմ լսում: Իհարկե չեմ կատակում, կովկասցու առնական ձայնը ռուսերեն առանձնահատուկ է հնչում: Տարիքս ապրած կին եմ՝ սեթևեթելու կարիք այլևս չունեմ:

Յոթ տարեկան էի, երբ Խարկովից տեղափոխեցին այստեղ: Այօրվա պես հիշում եմ՝ քառասունութ թվի օգոստոսի վեցի երեկոյան յոթն էր, երբ տղամարդիկ մտան տուն, ու հորս ասացին, որ երկու ժամ ունենք հավաքվելու համար: Հայրս ու մայրս մի պահ շվարեցին, հետո արագ կապկպեցին ամենաանհրաժեշտը:

Երկու եղբայրս այլևս չկան:

Ջրամբարը տեսնում ե՞ս: Այն հայրս է կառուցել. վաստակավոր ջրաշինարար էր: Անձամբ Արստանբեկ Դույշեյովիչը՝ այն ժամանակվա առաջին քարտուղարը, հորս կրծքին փակցրեց մեդալը՝ ջրային համակարգի աշխատակիցների տոնի կապակցությամբ: Հայրս, մորս ու ինձ հետը տարել էր, նրա անունը կարդացին, ու նա ամաչելով, գլուխը կախ բարձրացավ բեմ: Ո՛չ մեր ծափերը, ո՛չ քարտուղարի ոգևորող ժպիտն ու ձեռքսեղմումը, չկարողացան բարձրացնել նրա գլուխը: Հայրս գլուխը կախ իր գործն էր անում:

Չեմ հիշում, որ երբևէ բողոքեր տեղափոխումից, երբևէ կարոտեր ծննդավայրը, երբեէ խոսեր Խարկով վերադառնալու մասին: Երբ այնքան հասուն էի, որ իրեն հարցնեի այդ մասին, արդեն մահացել էր:

Ի՜նչ հիասքանչ են լեռները: Նկատել ես այստեղի լեռների յուրահատուկ գեղեցկությունը: Նման լեռներ աշխարհում ոչ մի տեղ չես հանդիպի: Գիտեմ, Կովկասյան լեռներն էլ վեհաշուք են, սակայն սրանց գույնը ուրիշ է: Ես ուղղակի սիրահարվել եմ այս լեռներին, ու տարիների հետ այդ սերը էլ ավելի է հասունացել:

Հորս հետ մենք այս լեռներում էինք ապրում, նրա ջրաշինարության հետ տեղափոխվելով լեռից՝ լեռ: Չգիտեմ, ինչու էր նա միշտ լեռներում աշխատում, այս բարձրադիր ցրտաշունչ վայրերում: Հարավային տաք Ֆերգանայի դաշտավայրը, որն ասում են, որ նման են Խարկովյան մեր բնաշխարհին՝ նա երբեք չիջավ: Հենց լեռներում էլ կնքեց իր մահկանացուն: Դե, հիվանդանոց ու բժիշկ այն ժամանակ այս լեռներում դժվար էր գտնել: Ձմռան մի ցրտաշունց գիշեր ավանդեց իր հոգին: Հետո երբ բժիշկ դարձա, հասկացա, որ պարզ թոքաբորբ էր տարել, ու կարելի էր հեշտ բուժել:

Խարկո՞վ: Չէ, նրան այստեղ հուղարկավորեցինք: Քառասունհինգ տարեկան էր, երբ մահացավ՝ մշտնջենական վայրի մասին խոսելը շատ շուտ էր: Եթե նույնիսկ խնդրեր Խարկով տանել, այն ժամանակ դա անհնար էր: Ղոչկորի քաղաքային գերազմանոցում էլ հողին հանձնեցինք: Գեղեցիկ վայր է՝ բլրի վրա փռված՝ հայացքը ձգվող դեպի հիասքանչ լեռները, որոնց ներքում կապույտին է տալիս իր իսկ կառուցած Ղոչկորի ջրամբարը:

Ինքս էլ երբեք Խարկով չեմ եղել՝ նրա մասին սուղ լսածներիցս պատկերացում ունեմ: Մի անգամ մեծ եղբայրս ցանկացավ գնալ, ինձ ու մայրիկիս էլ փորձեց համոզել միանալ իրեն: Մենք չհամաձայնեցինք՝ ախր այստեղից այն ժամանակ շատ երկար ու դժվար ճանապարհ էր, ու բացի այդ էլ, գնալու իմաստը չտեսանք: Իսկ եղբայրս մտադրվել էր, ամռանը անպայման գնալ. փոքր եղբայրս էլ մտմտում էր ընկերակցել նրան:

Սակայն այդ տարի աշխատանքը շատ էր, ու կոլխոզի նախագահը եղբոյրս թույլ չտվեց մեկնել՝ խոստանալով հաջորդ ամառ թույլատրել: Իսկ հաջորդ ամառ, ո՛չ նա հասավ ու ո՛չ էլ փոքր եղբայրս: Ցրատշունչ ձմեռը երկուսին էլ նույն թոքաբորբով տարավ հորս մոտ: Ա՜խր, պարզունակ հակաբիոտիկն ինչ էր, որ գոյություն չուներ:

Շնորհակալություն, դա վաղուց էր: Ժամանակը ամեն ինչ սովորական է դարձնում:

Գարնան հետ, մայրս հավաքեց մեր աղքատիկ ունեցվածքը, ու տեղափոխվեցինք Բիշքեկ: Նա այլևս սար չբարձրացավ, նույնիսկ հորս ու եղայրներիս շիրիմներին չայցելեց: Շարունակ անիծում էր՝ Ստալինին, հորս, թոքաբորբին, լեռներին, ու նույնիսկ եղբայրներիս: Անիծելով էր մահացավ. Բիշքեկ տեղափոխվելու երկրորդ տարում:

Չէ՛, լեռները այս ամենում մեղավոր չեն: Ժամանակներն էին այդպիսին. դեղ ու դարման չկար, իսկ եղածն էլ այնքան քիչ էր, որ շատերին չէր հասնում: Իմ ընտանիքն էլ այդ շատերից մեկն էր:

Բիշքեկը ինձ պաշտպանեց թոքաբորբից, հաց տվեց, աշխատանք ու նույնիսկ կրթություն: Երեսուն տարուց ավելի աշխատել եմ Չիմկորգանի հիվանդանոցում, որտեղ էլ այդ ընթացքում ապրել եմ: Չիմկորգանը՝ մեր ճանապարհին է. մոտ մեկ ժամից կհասնենք՝ ճանապարհի հենց ձախ կողմում, Բիշքեկ չհասած մոտ 80 կմ: Թոշակի անցնելուց հետո Բիշքեկ տեղափոխվեցի; իսկ ողջ երիտասարդ կյանքս այդ հիվանդանոցում անցավ:

Ողջ Կիրգիզստանը գիտի Չիմկորգանի մասին: Առաջին ու ամենախոշոր հոգեբուժական կլինիկան այնտեղ է գտնվում: Հա՛, ճիշտ ենթադրեցիք. ես հոգեբույժ եմ:

Տեսնում ես քարերի վրա այդ շականակագույն բուսականությունը՝ դրանք քոլեր են, ուրիշ ոչ մի տեղ չկա: Նրանք են, այս լեռներին նման գեղեցիկ գույնով պատում:

Չէ՛, հեգեբույժի աշխատանքի մասին չեմ ցանկանում պատմել, ո՛չ էլ հոգեբուժարանի, ու ո՛չ էլ այնտեղ հանդիպածս յուրահատուկ հիվանդների: Միայն ֆիլմերում է այդ կյանքը հետաքրքրություններով լի, ոչ մի հաճելի զգացողություն այդ աշխատանքում չկա. հիվանդ դժբախտ մարդիկ են, ու բժիշկներս էլ նրանցից ավելի դժբախտ, որ ընտրել ենք այդ մասնագիտությունը:

Կցանկանայի քեզ լեռների մասին անվերջ պատմել. Կիրգիզստանի լեռները հինգ մատիս պես գիտեմ, նույնիսկ ամենահեռավորները: Չնայած հիմա առողջությունս այլևս այն չէ, սակայն երիտասարդական կիրքով շարունակում եմ լեռներ բարձրանալ, շնչել նրանց վաղորդյան շունչը, նստել նրանց սառը թմբերի վրա: Լեռների բարձունքից ամեն ինչ այնքան վաղանցիկ ու չնչին է երևում:

Չե՛ս հավատա, բայց Կիրգիզստանից դուրս երբեք չեմ եղել: Եթե փորձեմ բացատրել պատճառը, վստահ եմ չես հասկանա. անկեղծ ասած ես էլ առանձնապես չգիտեմ: Եվ նախկինում ու հատկապես հիմա ճանփորդելու հնարվորություններ որքան ասես: Մի անգամ էլ արձակուրդ էի վերցրել ու ավիատոմս գնել, որ գամ ձեր մոտ, Թբիլիսի, բայց հետո փոշմանեցի, ու այլևս, երբեք չկարողացա ինքս ինձ համոզել:

Դու վրացի չե՞ս, զարմանալի է, հիմա նայում եմ քեզ, ու կարծես իմ վրացի վաղեմի գործընկերոջ նմանակը լինես: Ձայն էլ, երբ սկզբում լսեցի, թվաց թե նա է խոսում, թեկուզ անցել է երեսուն տարուց ավելի, չնայած ինչ երեսուն, երևի քառասուն ու նույնիսկ ավելի: Մարդ վախենում է նույնիսկ հաշվել տարիները՝ այնքան արագ է այն հոսում. բոլոր դեպքերում դա կարևոր չէ:

Դավիտը հենց քո տարիքին էր: Զարմանալի է, նորից եմ նայում ու լսում քեզ. իսկապես կարծես նա լինես. նույն քիթը, նույն դիմագծերը, նույն անփույթ սանրվածքը, նույնիսկ ձեր խորաթափանց աչքերն են նույնը, ու նրանցում առկածող այդ խորամանկ ժպիտը:

Դե, քանի որ սկսեցի խոսել նրանից, ապա քեզ կպատմեմ Դավիտի մասին: Այս տարիքում անցյալից այլևս ամաչելու ոչինչ չունենք; ճանապարհն էլ կարճ կթվա:

Այն ժամանակ երեսուն տարեկան չկայի ու արդեն հինգ տարի աշխատում էի Չիմկորգանում: Ինչպես ասացի, այնտեղ էլ ապրում էի. սակավաթիվ բժիշկներիս ու մյուս աշխատակիցների համար փոքրիկ շենք էին կառուցել. կոմունալկա. միգուցե ֆիլմերում տեսած լինես: Լավ է, որ տեսել ես, կոմունալկայի մասին պատմելու առանձնապես բան չկա:

Արդեն նշանակվել էի բաժնի վարիչ, ու ինձ շատ էին հարգում: Ասեմ, որ ամուսնացած չեմ; չնայած ամուսնանալու հնարավորություն որքան ասես: Գեղեցիկ, կիրթ, շիկահեր, փարթամ ուկրանուհի բժշկուհին այս վայրերում երկրպագուների պակաս չուներ: Կարճ ասած. չստացվեծ – այդպես էլ է պատահում: Չէի ցանկանա այդ մասին խոսել; Ապրում էի փոքրիկ սենյակում, ու միայն մտածում աշխատանքիս մասին:

Գարնանը մեզ մոտ Դավիտը եկավ: Հա՛, վրացի տղամարդը, որի մասին ցանկանում եմ պատմել: Երեք ամսով փորձի փոխանակում էր եկել՝ Թբիլիսից: Տնօրենը, բժիշկներիս հրավիրեց իր ընդունարան, ու խնդրեց, որ յուրաքանչյուրս մեր փորձով կիսվենք նրա հետ: Հիշում եմ, երբ տնօրենը ինչպես հարկն է ներկայացրեց ինձ նույնպես, Դավիտը ինձ այնպես նայեց, կարծես դիմացը մի դեռատի փխրուն աղջիկ էր, այլ ոչ թե բաժնի վարիչ-բժիշկ:

Առաջին իսկ հայացքից, նրա այդ խորաթափանց խորամանկ աչքերը ինձ խելքահան արեցին: Նման տղամարդ երբեք չէի հանդիպել: Առաջին միտքս էր. ափսո՛ս մի քիչ տարիքով փոքր լիներ; ու դժվար թե նման տղամարդը ամուսնացած չլինի: Չթաքցնեմ, նրա այդ հայացքը միանգամից փշրեց ինձ, սակայն պահպանեցի ինքնատիրապետումս, ու որքան հնարավոր է սառը հայացքով պատասխանեցի նրա ողջյունին: Չնայած, ներքուստ պարզ էր, որ պատրաստ էի անել այն ամենը ինչ նա կամենար:

Հաջորդ օրերը չգիտեմ տանջանք անվանեմ թե՞ երջանկություն: Փորձում էի ամեն առիթով հանդիպել նրան, լսել նրա սխալներով լի կմկմացող ռուսերենը, պատմել հիվանդներիս ու հետազոտություններիս մասին, հարցնել Թբիլիսից ու Կովկասյան լեռներից: Նույնիսկ բախտ ունեցա հազվադեպ երեկոներ միասին զբոսնել հիասքանչ աստղերի ներքո, որոնք այնքան մոտ էին թվում՝ կարծել կարելի էր ձեռքդ պարզել վերև ու խառնել նրանց:

Գիշերները հազվադեպ էի կարողանում քնել, առավոտյան նախաճաշին առաջինն էի գնում ու թեյս այնքան դանադաղ էի խմում, որ բաց չթողների նրան տեսնելու հնարավորությունս ու նույնիսկ հաջողացնել մի քանի խոսք փոխանակել: Վստահ եմ, գործընկերներս նկատել էին խելացնոր հրապուրվածությունս, ու հավանաբար կատակում էին թուլությանս վրա, միգուցե նաև որոշները չարախանդում. չէ, որ երբեք ինձ այդպես թույլ չէին տեսել:

Սակայն նա շարունակում էր միայն այդ նույն փշրող ժպիտով չափել ինձ, ու անտարբեր զրուցել հիվանդներից ու հոգեբուժությունից:

Իսկ մի գիշեր ողջ մարմինս քրտինքով պատվեց, երբ մտաբերեցի, որ ընդամենը մի քանի օրից արդեն մեկնելու է: Այդ ողջ գիշեր անկողնում անհանգիստ պտտվելով փորձում էի որոշել անելիքս, ամենայն մանրամասներով կրկնում ասելիքս ու նրան հնարավոր արձագանքը, փորձում որոշել որտե՞ղ, ո՞ր պահին ու ինչպե՞ս է նախընտրելի սկսել խոսակցությունը, ի՞նչ հագնել, ինչի՞ց սկսել, ինչպե՞ս խոսել, ի՞նչ անել նրա հնարավոր տարբեր արձագանքների դեպքում:

Ի՞նչ ունեի կորցնելու, եթե նա մերժեր, եթե ծիծաղեր ինձ վրա, եթե գործընկերներս իմանային, եթե …

Այդպես էլ քնել չկարողացա. անընդհատ նայում էի ժամացույցին ու պատուհանուին, թե երբ է վերջապես լուսանալու: Նախաճաշի ժամը դեռ չսկսած արդեն ճաշարանում էի. խոհարարի անտարբեր հայացքից հասկանալով, որ նա էլ քաջատեղյակ էր թուլությանս մասին, ու դա նրա համար սովորական ձանձրալի թեմա էր:

Սկզբում երկու բժիշկ եկան, սառը ու կարեկցող հայացքով նայեցին ինձ, ու նստեցին հեռու սեղանին: Ինչ ամոթ զգացի այն ժամանակ, մինչև հիմա էլ նրանց հայացքը մնացել է հիշողությանս մեջ: Հետո երեք բուժքույր եկան, ու նույն ճմրթող հայացքները: Հետո նա եկավ…խոհարարը, բժիշկները, բուժքույրերը, սեղանները, աթոռները, խոհանոցը անէացան:

Վերցրեց ընդամենը մեկ բաժակ սև սուրճ, ու առաջին անգամ սիրալիր՝ առանց այդ խորամանկ ժպիտի, նայեց ինձ, մոտեցավ ու նստեց հենց իմ սեղանին՝ հենց դիմացիս աթոռին: Չեմ հիշում բարևեց թե ոչ, հայացքս կախվեց վաղուց սառած թեյիս ու մոռացա այն ամենը, որ այդպես մանրակրկիտ ծրագրել էի ողջ գիշերվա ընթացքում:

Մինչ հուսահատ փորձեցի վերհիշել գոնե մեկ ասելիք, նա հանդարտ՝ առանց սխալների ու առանց կմկմալու ասած, որ մի քանի օրից արդեն մեկնելու է, ու որ շատ կցանակար այս երեկո միասին զբոսնել ճեմուղում, ու որ ժամը ութին ինձ կսպասի ճեմուղու ամենավերջին նստարանի մոտ:

Նա գնաց, սուրճի կեսից ավելի թողնելով բաժակում:

Ցերեկվա րոպեները շատ ավելի դանդաղ էին հոսում, քան նույնիսկ նախորդող անքուն գիշերվա ժամերը: Հիվանդներին ամենօրյա կրկնվող այցելությունները և բուժման պրոցեդուրաները չէին օգնում արագացնել ժամանակի ընթացքը:

Չպատմեմ, թե որքան դժվար էր ինքս ինձ ստիպել գոնե մի քանի րոպե ուշանալ ժամադրությունից: Նա այնտեղ էր, նստարանին, առավոտվա նույն սիրալիր ժպիտով նայում էր դիմացի ծառերի ուղղությամբ, ու նկատելով ինձ՝ այդ ժպիտը տեղափոխեց ինձ վրա, ու կարծես ինձ գրկած հասցրեց իր մոտ:

Նա ինչ որ բաներ էր անշտապ պատմում, միգուցե այն ժամանակ լսում էի, սակայն հետո ոչինչ չհիշեցի; միայն վստահաբար կարող եմ ասել, որ առաջին անգամ նա ոչ մի բառ չասած. ո՛չ հիվանդներից, ո՛չ հոգեբուժությունից, ու ո՛չ էլ նույնիսկ Վրաստանի գեղեցկությունից, կամ վրացական գինուց:

Զգացի ինչպես նրա ձեռքը քնքշությամբ հպվեց ձեռքից, հետո համարձակ սկսեց շոյել այն, մյուս ձեռքը սկսեց շոյել վարսերս, հպվել այտերիս, ու մի քանի ակնթարթ անց, աստղերի ու լուսնի թույլ լույսի ներքո, նրա շուրթերը գտան շուրթերս:

Քո աչքերն էլ սկսեցին խորամանակ առկայծել, ինչպես նրանը: Իսկապես, չե՞ս խաբում որ վրացի չես: Այսքան տարի է անցել, սակայն այդ խորմանկ ջերմ ժպիտը ոչ մի այլ ժպիտի հետ չեմ շփոթի:

Շարունակե՞մ պատմությունս: Դո՛ւք, կովկասցիներդ իսկապես որ շատ խորամանկ եք: Անկեղծ եմ ասում. այս պատմությունը երբեք ոչ մեկի չէի պատմել; եթե չլինեին աչքերիդ ու ձայնիդ այդ չափազանց նմանությունը, միգուցե այդպես էլ հետս տանեի այն աշխարհ: Սակայն, մանրամասները չէի ցանկանա պատմել, դու ինքդ էլ հասուն տղամարդ ես, վստահ եմ քո կյանքում էլ նման իրավիճակներ եղած կլինեն, ու դու շատ լավ կարող ես պատկերացնել այդ երեկոյի շարունակությունը:

Միայն ասեմ, որ այսօրվա պես շարունակում եմ հիշել, թե ինչպես էր կիրքն ու ցնորքը միախառնված թափառում մարմնովս մեկ: Նման զգացողություն այլևս երբեք բախտ չունեցա վայելել:

Նա բարձրացավ անկողնուց, ու ես վերջապես ուշքի եկա, ու վերգտա խոսելուս ընդունակությունը: Խնդրեցի նրան մնալ, հատկապես, որ դեռևս չէր լուսացել. “Ո՞ւր ես շտապում: Թույլ տուր գլուխս դնեմ կրծքիդ ու զգամ մարմնիդ տաքությունը: Ինչո՞ւ ես հագնվում: Թող վայելեմ խոնավցած մարմինդ, մազոտ մկաններդ, …”:

Նրա դեմքին այլևս չկար ո՛չ սիրալիր բարի ժպիտը,  ո՛չ իր յուրահատուկ խորամանկ արտահայտիչ ժպիտը, և ո՛չ էլ որևէ այլ ժպիտ: Այլ մի սառը անսովոր հայացք, կարծես մի այլ անծանոթ տղամարդ էր հեռանում իմ անկողնուց. “Պետք է ցնցուղ ընդունեմ:” — Կարճ ու սառը պատասխանեց նա, ու վերցնելով հագուստը հապշտապ շարժվեց բաղնիք:

Հետո լսեցի ցնցուղի ջրի շոյանքը նրա մարմինի վրա, ու մտածեցի, որ ջրի տաք շիթը նորից կջերմացնի նրան, ու ինձ կվերադարձնի նրա բարի խորաթափանց ժպիտը: Սակայն ցնցուղը ընդամենը մի երկու րոպե տևեց, ու լսվեց ելքի դռան կամացուկ բացվել-փակվելը:

Նրան այլևս չտեսա: Ասացին, որ Բիշքեկում գործ ուներ, ու այնտեղից էլ երկու օրից մեկնելու էր Թբիլիսի: Չպատմեմ, թե որքան տանջալից էր սպասել գոնե մեկ նամակի, գոնե մեկ զանգի, գոնե մեկ լուրի: Հիմա, տարիների բարձրունքից, այդ սպասումը այնքան փոքր ու անիմաստ է թվում; ու նաև, իմ այդ ողջ հրապուրանքը, այդ ողջ տվայտանքները, այդ ողջ թուլությունը. գարուն էր, զարթոնք, սիրո ծարավ, ծանր միապաղաղ աշխատանքից գոնե մի պահ փախչելու ձգտում, անսովոր խոցող ժպիտով տղամարդ, …

Իհարկե հեշտ էր ենթադրել, որ Թբիլիսի նրան նորից տեսնելու երազանքով էի ցանկանում մեկնել, թեկուզ և նրան հանդիպելը չափազանց անհավանական էր: Սակայն, սիրտս սավառնում էր տեսնելու այն երկիրը՝ որտեղ նա էր ապրել, շնչելու այն օդը՝ որը նա էր շնչել, խմելու այն գինին՝ որը նրան խորամանկ խորաթափանց ժպիտ էր պարգևել, զգալու այն մշակույթը՝ որը նրան համոզեց առանց գեթ մի խոսքի փախչել սիրեցյալի անկողնուց:

Ինչո՞ւ չգնացի: Եթե փորձեմ բացատրել, միևնույն է չես հասկանա. դո՛ւ տղամարդ ես, և այն էլ կովկասցի:

Ավելի լավ է, նայիր աջ կողմում ձգվող սարին: Տես, երեկոյան աղջամուղջի հետ, այն արտոսովոր մանուշակագույն երանգ է ստանում: Գումար եմ հավաքել, որ ինձ էլ հյուղարկավորեն Ղոչկորում՝ հորս ու եղբայրներիս կողքին, որի դիմաց հիասքանչ լեռներն են ու նրանց ստորոտում հորս կառուցած կապույտ ջրամբարը:

 

Գնել Խաչատրյան

22.04.2017թ.

Slow

Մայթի մյուս կողմում առկայծող Թայ մերսման սրահի վառ լույսերը գրավեցին ուշադրությունը՝ խոստանալով հունիսյան գինովցած երեկոյի հաճելի շարունակություն: Սրահի մուտքի ու պատուհանների վրա փակցված էր “NO SEX”: Այն նաև փակցված էր ներսի պատերին ու սեղանին, որի հետևում անտարբեր ժպտում էին Թայ երեք գեղեցիկ աղջիկներ:

Նրանցից առավել ավագը, որը սրահի մենեջերն էր, հոգնած հայացքով միանգամից դիմեց դեռևս իր ողջյունը չարտաբերած Թիմին. “No Sex”:  Թիմը մի պահ կարկամեց ու շփոթված պատասխանեց իր մայրենի անգլերենով. “Ցանկանում եմ Թայ մերսում; մեկ ժամ; Ի՞նչ արժի”:

Մենեջերը միանգամից հագավ սիրալիր ժպիտ ու ոչ վատ անգլերենով ասաց. “Ախ՛, դուք Թայ մերսում է՞ք ցանկանում: Իհարկե մեծ հաճույքով մեր գեղեցկուհիներից մեկը Ձեզ կմերսի: Վստահեցնում եմ, որ դուք այն շատ կհավանեք: Արժի ընդամենը հիսուն դոլար:” Նկատելով, այցելուի դրական գլխի շարժումը, էլ ավելի ոգևորված շարունակեց. “Որ գեղեցկուհուն ե՞ք ցանկանում:”

Թայ երկու գեղեցկուհիները մեղրածոր ժպտացին, ու գինովցած Թիմին նրանցից մեկի ժպիտը առավել գայթակղիչ թվաց, ու մատով ցույց տվեց հենց նրան: Չնայած հաջորդ իսկ պահին վատ զգաց մատով ցույց տալու համար; չէ, որ կարելի էր վայելուչ հայտնել իր ընտրության մասին, հատկապես որ ինքը լեզվի խնդիր չուներ:

Մինչ մերսման սրահը պատրաստելը, առաջարկեցին մի փոքր նստել, ու առիթը օգտագործելով հարցրեց մենեջերին բազմաթիվ “No Sex”-երի մասին: Պատասխանը կարելի էր ենթադրել, երեկոյան ու գիշերային տղամարդ այցելուները, որոնք հարբած դուրս են գալիս մոտակա մի քանի բարերից, հենց այդ են ցանկանում, հատկապես, որ շատ վայրերում այդ ծառայությունները “մերսման” անվանման ներքո են քողարկված գործում: Իսկ բազմաթիվ փակցրել են, որովհետև այս քաղաքում մի քանի հստակ “Ո՛չ”-երից հետո էլ այցելուները շարունակում են համառորեն սեքս պահանջել:

Մենեջերը նաև հայտնեց, որ ընտրված մերսողի արևմտյան անունը Մերրի է: Իմաստ չուներ հարցնել իսկական անունը՝ մեկ մերսումը վայելելու համար կարիք չկա մերսողի դժվարին անունը հիշելու համար ջանքեր գործադրել:

Մերրին Թայ լեզվով ինչ որ բան ասած, ու մենեջերը հայտնեց, որ կարող է հետևել նախընտրած գեղեցկուհուն: Աղջկա հետևից մտավ սենյակ, որտեղ մերսման համար անսովոր լայն թախտ էր տեղադրված: Մերսողը ձեռքով հասկացրեց, որ հանվի, իսկ ինքը դուրս եկավ:

Նոր էր շորերը դասավորել աթոռին ու պառկել թախտին, երբ աղջիկը տաք ջրով թաս ձեռքին հուշիկ քայլերով ներս մտավ: Թասը տեղադրեց թախտի մոտ, ու ձեռքի մեղմ հպումով հասկացրեց, որ նստի ու աջ ոտքը մտցնի թաս: Տաք գոլորշին դեռևս բարձրանում էր թասից, ու Թիմը սկզբում զգուշությամբ, հետո ավելի հաճույքով ոտքը ընկղմեց ջրի մեջ, ու կռացավ լվալու՝ մտածելով, որ անշուշտ պետք է ոտքերը լվալ մերսումից առաջ, և նույնիսկ պետք էր լոգանք ընդունել:

Սակայն, աղջիկը ձեռքերի ու հայացքի մեղմությամբ հասկացրեց, որ ինքն է լվալու ոտքերը, ու Թիմին անհարմարություն ու հաճույք պատեց: Չհիշեց թե վերջին անգամ երբ և ով էր լվացել իր ոտքերը; և որ ողջ անհարիրությամբ հանդերձ՝ այն չափազանց հաճելի է: Կարողացավ ընդամենը մի ակնթարթ որսալ գեղեցկուհի Թայ աղջկա հայացքը, ու զգաց, որ նրա խոնարհ մեղմ հայացքում շատ ավելի գանձեր կան, քան նրա մերսող մատները իրեն կարող են պատմել մոտակա մեկ ժամվա ընթացքում:

Աղջիկը մեղմ շարժումով աջ ոտնաթաթը բարձրացրեց թասից, սրբիչով չորացրեց, ու նույն հաճույքը պատճառեց ձախ ոտնաթաթին: Հետո, հասկացրեց, որ պետք է պառկել փորի վրա, իսկ ինքը նույն հուշիկ քայլերով տազը տարավ սենյակից դուրս:

Միայն սրա համար կարելի էր հիսուն դոլար վճարել, աչքերը երանությամբ փակելով մտածեց նա: Հետո զգաց նույն հուշիկ քայլերը, աղջկա մարմնի ջերմությունը ոտնաթաթերի մոտ, և թե ինչպես են ոտքերը պատվում անուշայուղով:

Փակ աչքերով, երանությամբ վայելում էր զգայուն, և միաժամանակ անսովոր ուժեղ, կանացի մատները, որոնք մեկ կտրող դանակի սրությամբ, մեկ ակցանային ուժով, մեկ նուրբ ջերմությամբ՝ սահում էին ոտնաթաթից դեպի սրունքներ, ու համարյա հասնում առավել զգայուն մասին՝ Թիմի մարմնին պատելով խելակորույս զգացողություն, որից ուր որ է շունչը կանգ էր առնում, ու երբ թվում էր, թե ուր որ է ոտքերը պատող կրակե գունդը կփայթի, այդ ողջ կրակը աղջիկը կարծես հավաքում էր մատների մեջ ու կախարդական շարժումով դուրս մղում ոտնաթաթի ծայրից:

Հետո, յուղը ծորաց մեջքի վրա, ու մատները շարունակեցին իրենց հրաշքը գործել արդեն այնտեղ, իսկ աղջկա շնչառությունը զգաց իրեն այդքան մոտ: Վստահ էր, եթե խոսեր, կամ թեկուզ բացեր աչքերը, ապա այդ ողջ հրաշքը կվերածվեր անշուք մերսման կամ լավագույն դեպքում՝ շոյանքի:

Հետո մերսողը կանգնեց իր գլխավերևում ու շարունակեց մերսել մեջքը: Աղջկա մարմինը սահում էր Թիմի գլխի վրայով՝ շոյելով նրա մազերը, ու նրան նույնիսկ թվաց թե լսում է Մերրի սրտի տրոփյունը ու զգում նրա մարմնի գողտրիկ մասերի գայթակղիչ տաքությունը:

Մի պահ աղջիկը հետ կանգնեց, ու Թիմը այլևս չկարողացավ փակ պահել աչքերը ու այն բարձրացնելով, խորը սևեռեց Թայ գեղեցկուհու սև աչքերին:
Մերրին մի պահ շփոթվեց, ու անշարժացավ, սակայն հայացքը չփախցրեց, այլ նունիսկ մի ակնթարթ խորամանկ ժպտաց: Այդ ժպիտը բավարար էր, որպեսզ Թիմը ոգևորվեր, ու հայտներ իր հիացմունքը՝ աղջկա մատների, ուժի, զգայնության, գեղեցկության, կրքոտության մասին:

Թայ գեղեցկուհին յուղի սրվակը ձախ ձեռքում մեղմ ժպիտով լսում էր ու նայում տղային, ու վերջինս հասակացավ, որ աղջիկը ոչ մի բառ չհասկացավ իր անգլերեն հաճոյախոսությունից: Դա, ստիպեց նրան լռել, ու արդեն ցանկանում էր նորից գլուխը կախել փոքրիկ բարձին ու փակ աչքերով վայելել մերսման շարունակությունը, սակայն գեղեցկուհին պառկեց կողքին, մերսման յուղի սրվակը մեկնեց նրան ու արդեն ինքնավստահ կրքոտ ժպիտով արտաբերեց. “You massage”:

Թիմը անակնկալի եկավ: Սկզբում չիմացավ ինչ անել, սակայն երբ աղջիկը երկրորդ անգամ ու էլ ավելի գեղեցիկ ժպիտով արտաբերեց “You massage”, բարձրացավ տեղից, վերցրեց սրվակը և հակվելով հմայիչ աղջկա մարմնին՝ փորձեց կրկնել իր զգացած մատների շարժումները Թայ գեղեցկուհու հրապուրիչ կարմրագույն սրունքների վրա:

Սկզբում յուղի սրվակից յուղը ծորացրեց աղջկա սրունքներին, հետո զգուշությամբ ու դանդաղ, սակայն հետո ավելի ինքնավստահ սկսեց յուղը տարածել սրունքների վրայով ու շոյել աղջկա սրունքները: Սակայն Մերին գլուխը շրջեց դեպի Թիմը, և ջերմ ժպիտով ասաց. “Slow”, ու աչքերը փակելով, նորից գլուխը հենեց փոքրիկ բարձին:

Որքան էլ Թիմը փորձում էր դանդաղեցնել մատների շարժումները, Slow-ն նրա մոտ արագ էր ստացվում: Մատները չէին կարողանում զգալ և փոխանցել ժամանակի անշտապ շունչը; այլ հաճույքով ցատկոտում էին վավաշոտ սրունքների վրա անուշայուղը ծորացնելով ու գռգռիչ մակերևույթով մեկ տարածելով:

Վավաշոտ գեղեցկուհին փակ աչքերով գլուխը կախած շարունակում էր հորդորել. “Slow …. Slow … Slow…”: Մերրի անգլերենի բառապաշարը հավանաբար այդ ու մի քանի բառից ավելին չէր; սակայն այդ մի հատիկ բառը այնքան խորություն ու իմաստ էր պարունակում, որ Թիմին ավելին ոչինչ պետք չէր: Օտարի շուրթերով հնչող “Slow”-ն այն սովորական բառը չէր, որը գիտեր վաղ մանկությունից:

Պարզ էր, որ  “Slow”-ն յուրացնել հեշտ չէր, հատկապես նման սեքսուալ կիսամերկ աղջկան շոյելով: Slow-ն միայն մատների դանդաղ շարժը չէ կամ մեղմ շփում. այլ մտերիմ զրույց մատների ու հպվող յուրաքանչյուր սանտիմետրի միջև: Այն սկսվում է, երբ անուշայուղը դուրս է ծորացում սրվակից, սակայն դեռ չի հասել մաշկին; երբ մատները ձգվել են դեպի նոր տիրույթ, սակայն դեռ չեն հպվել:

Չկա՛ զգացողական կապ, չկա՛ Slow, որքան էլ, որ մերսողը փորձառու, վարժ ու ուժեղ մատներ ունենա: Slow մատները արթնացնում են մարմնում քնած հիշողությունները, դուրս մղում կուտակված հոգնածությունն ու ցավը, ու նրանց փոխանցում հանգստություն, դրական էներգիա ու էմոցիաներ:

Մերրին շարունակում էր գոտեպնդել՝ մեղմ ժպիտով արձագանքելով տղայի շարժումներին: Թիմը փորձեց անջատել վավաշոտ ցանկությունները՝ ներսի դրական զգացողությունները հաղորդելով Slow մատներին: Կարևոր չէր, որ այն չէր ստացվում, որ մատները շարունակում էին անհաղորդ շարժվել, որ չէր կարողանում զգալ գեղեցկուհու մարմնի ջերմությունը. այլ շատ ավելի կարևոր էր, որ Թայ գեղեցկուհին նրա համար բացահայտեց Slow-ի գաղտնիքը:

Սրվակի յուղը ավարտվեց, ժամանակը՝ նույնպես: Մերրին մեղմ տխուր ժպիտով գրկեց նրան, ու հասկացրեց, որ հաջորդ այցելուին սպասարկելու ժամանական է: Թիմը հիշեց որ գրպանում այցեքարտ ունի ու մեկնեց նրան: Եվս մի քանի րոպե շվարած նստեց թախտին, դանդաղ հագնվեց ու հեռացավ:

Հաջորդ ողջ օրը վերհիշում էր այդ տարօրինակ մերսումը, Թայ գեղեցկուհուն ու երկմտում նորից այցելելու մասին: Անշուշտ շատ էր ցանկանում տեսնել աղջկան, հարցնել իսկական անունը, նրա աչքերում բացահայտել նոր գանձեր, նորից վայելել նրա մատների հրաշագործությունը, նորից փորձել Slow-ն: Սակայն երկյուղում էր, որ երկրորդ անգամ զգացողությունները այն չլինեն, կամ միգուցե կախարդանքը չքանա, ու պարզվի, որ ոչ մի Slow էլ չկա, ու այդ ամենը ընդամենը գինովցած ամառային շաբաթ երեկոյի հետևանք է:

Մյուս երեկո անգլերեն լեզվով հաղորդագրություն ստացավ. “Բարև, ես եմ: Աշխատանք վերջացնել գիշեր երկու: Արի, սպասել”:  Հասկանալի էր, որ Մերրին է գրել՝ google թարգմանությամբ: Թիմի համար դժվար էր ծանր երկուշաբթից հետո գիշերվա կեսին գնալ նրա հետևից, հատկապես, որ վաղն էլ ոչ պակաս ծանր աշխատանքային օր էր սպասվում: Բայց չգնալ չէր կարող:  Պատասխանեց, որ անպայման կգա, ու ժամը երկուսին կսպասի մերսման սրահի մուտքի մոտ:

Պայմանավորված ժամին Մերրին այնտեղ էր, ու հրճվանքով ողջագուրվեց իրեն: Բռնեց աղջկա ձեռքը ու ուղղվեց դեպի մեքենան: Գեղեցկուհին հեզ ու անխոս հետևեց նրան, շարունակելով երջանիկ ժպտալ: Մեքենան վարեց դեպի տուն, ու ձեռքը բռնած մտավ ներս: Աղջիկը մի պահ կարկամեց, հայացքում անորոշություն սահեց, սակայն ներս մտավ:

Թիմը նրան ուտելիք և խմիչք հյուրասիրեց, սակայն հրաժարվեց, ու ի ուրախություն տղայի՝ հանվեց ու կիսամերկ պառկեց անկողնում: Նա նույնպես արագ հանվեց, մտավ անկողին, ու սկսեց շոյել վավաշոտ գեղեցկուհուն, սակայն առաջին իսկ փորձերից մեղմ մերժում ստացավ: Մերրին հասկացրեց, որ ուղղակի ամուր գրկի մեջքը, ու թողնի իրեն քնել:
Քիչ անց նա քնած էր, իսկ Թիմը դեռ մեկ-երկու ժամ պայքարում էր հանդարտեցնելու պատած կիրքը:

Ցայգի հետ Մերրին արթնացավ, համբույրեց Թիմին ու հասկացրեց, որ պարտավոր է վերադառնալ աշխատավայր:

Երեկոյան Թիմը նոր հաղորդագրություն ստացավ. “Սպասել; Կարոտ, Համբույր; Ե՞րբ գալ”, ու Թայ գեղեցկուհու երջանիկ նկարը՝ հավանաբար հենց այսօրվա:

“Այսօր չեմ կարող: Կգրեմ, երբ կկարողանամ: Ես էլ եմ համբույրում:՞ -պատասխանեց Թիմը:

 

Գնել Խաչատրյան

15.04.2017թ.

Մղձավանջ

Միշելը ցնծության մեջ էր. տաս տարվա մեջ առաջին անգամ տնօրենը հրավիրեց ընդունարան, գոհունակություն հայտնեց աշխատանքից ու նույնիսկ սուրճ հյուրասիրեց: Տարիների անխոնջ ինժեներական աշխատանքից հետո ամենաբարձր մակարդակով վերջապես գնահատեցին իր նվիրվածությունն ու ունակությունները:

Տնօրենի սուղ խոսքերից ու թույլ ժպիտից կարելի էր հասկանալ, որ հաջորդ շաբաթ իրեն պաշտոնի և աշխատավարձի լուրջ բարձրացում կառաջարկեն: Ինքը ինչպես հարկն է կպատասխանի, որ իրեն մի քանի օր է անհրաժեշտ առաջարկի մասին խորհելու և վերջնական պատասխանելու համար:

Տաս տարի… Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցավ ավտոդողերի արտադրության աշխարհում առաջատար կազմակերպություներից մեկում, Micheline-ում: Նույնիսկ անվանումն էր իր անվանը նման, իսկ աշխատավայրը` Փարիզի Բուլոնե-Բիանկուրթ արևմտյան արվարձանի գլխամասային փառահեղ շենքում:

Աշխատանքը դյուրին չէր, հատկապես որ ֆրանսիական աշխատաոճը իր համար խիստ տարօրինակ էր: Ծայրահեղ բյուրոկրատիան և աշխատակիցների արտասովոր վարքը ամենուր էր. պետք էր կարողանալ զսպել զայրույթը ու նույնիսկ ժպտալ հիմար հանձնարություններ ստանալիս: Կարևորը` դժվարությունները հաջողությամբ հաղթահարված են, ու ինքը արդեն հարմարվել է ֆրանսիական կենսակերպին:

Հիմա ինքը ֆրանսիացի է՝ Ֆրանսիայի քաղաքացու բորդո անձնագրով, լիարժեք օժտված ֆրանսիացու բոլոր իրավունքներով: Անվան հարցում բախտը բերել էր, որ ծնողները միջազգային անուն էին դրել: Ճիշտ է հայրենի լեզվով այն այլ կերպ էր հնչում, սակայն ֆրանսերեն աներկբա է՝ “Միշել”:

Իսկ ազգանունը ֆրանսերեն դժվար է հնչում և կարդացվում, միանգամից բացահայտում իր օտար ծագման մասին, շատ երկար է տառ առ տառ արտասանելու համար, ու հաճախ տարբեր հանգմանքներում անհարկի դժվարություններ են առաջացնում: Համոզված էր, որ մինչ այժմ խոչընդոտել է աշխատանքային առաջխաղացմանը, այլապես դեռ մի քանի տարի առաջ էր արդարացիորեն առաջխաղացում ակնկալում:

Երբ երկու տարի առաջ դիմել էր քաղաքացիության համար, իրեն տեղեկացրին ազգանունը փոխելու հնարավորության մասին: Մի պահ մտածեց, որ փոխելը նպատակահարմար կլինի: Սակայն, կարճ պահ անց  որոշեց, որ ազգանվան փոփոխությունը նույնն է, թե ուրանա արմատներին, ծնողներին և հայրենիքին:

Բոլոր դեպքերում, իր ունակությամբ, համբերատարությամբ և աշխատասիրությամբ կարողացավ նման խոշոր կազմակերպությունում հարգանք վաստակել, որոշ առաջխաղացում ունենալ ու գործընկերների շրջանում լավ մասնագետի համբավի արժանանալ: Սակայն, այսօրվա հանդիպումը տնօրենի հետ վկայում էր, որ վերջապես հասունացել է պահը, երբ ինքը կդառնա ղեկավարության մաս ու իր ողջ հետագա կյանքն արդեն կարող է ապահվված համարել:

Պետք է մի լավ հարբել նման գլխապտույտ հաջողության համար, հատկապես, որ այսօր ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոները կարող ես քեզ ամեն տեսակ խելառություն թույլ տալ: Առաջխաղացումն իր կյանքում նշանակալի բարելավում կբերի. արդեն երեսունհինգ տարեկան է, և վերջապես պետք է մտածել կյանքում կայանալու մասին: Ծանր օրերը թեկուզ անցյալում են մնացել, սակայն դեռևս ո՛չ տուն ունի, ո՛չ ընտանիք, ո՛չ երեխաներ, և ո՛չ էլ նույնիսկ լուրջ ընկերուհի:

Աշխատանքի ավարտին դեռևս մեկ ժամ կար, սակայն աշխատել այլևս չէր կարողանում: Նայում էր համակարգչի էկրանին սփռված նախագծի` այս ու այն կողմ վազող գծերին ու գույներին, սակայն սևեռվել աշխատանքային անելիքներում չէր կարողանում:

Հունիսյան ուրբաթ երեկոյան սիրո քաղաքը առավել գերող տրամադրություն ունի: Ջոնին կառաջարկի ընկերակցել իրեն: Կնստեն Սենայի ափին, հետո կքայլեն Շանզէլիզեի վայելչագեղ պողոտայով ու կթեքվեն դեպի Պոնտյու փողոցում գտնվող բարերից մեկը: Խմել չի սիրում, սակայն այս երեկո սիրտը կպայթի առանց սառը գարեջրի:

Երջանիկ անգիտակից ժպիտը դեմքին` նորից ու նորից վերհիշում էր տնօրենի հետ հանդիպումը, թեկուզ և այն ընդամենը մի քանի րոպե տևեց: Հիշում էր տասը տարիների անխոնջ աշխատանքը, դժվարին բազում օրերը: Հետո միտքը տարավ ավելի վաղ,  երբ քսան տարի առաջ մոր հետ գաղթականի կարգավիճակով հայտնվեց սկզբից Գերմանիայի ճամբարում, հետո Բելիգիայի, իսկ մոր մահից հետո տեղափոխվեց Փարիզ ու մի բարեսիրտ հայրենակցի օժանդակությամբ ոտքի կանգնեց:

Ջանասիրությամբ ֆրանսերեն սովորեց, բարձր բալերով ընդունելության քննություններ հանձնեց ու մի ողջ տարի անկոտրում դիմեց համալսարաններ՝ արդյունքում հաջողելով անվճար ընդունվել համբավ ունեցող համալսարանի ինժեներական ֆակուլտետ: Գիշեր-ցերեկ պարապում էր, հատկապես, որ ֆրանսերեն լեզվով ուսանելը օտարի համար այնքան էլ հեշտ չէր: Առաջին կուրսում շատ էր դժվարանում, սակայն երկրորդ կուրսից սկսած քչերը կարող էին գիտելիքով մրցակցել իրեն: Իսկ կրթությանը զուգահեռ` երեկոները աշխատում էր հայրենակցի ավտովերանորոգման արհեստանոցում:

“Զանգե՛մ Ջոնին, քանի դեռ ուրիշ ոչինչ չի ծրագրել” : –մտածեց ու արագ սեղմեց նրա համարը: Ջոնն իր բաժակակիցն էր, ում հետ երեք տարի առաջ հենց բարերից մեկում էին խմիչքի շուրջ մտերմացել: Նա անգլիացի էր, խոսելու շատ թեմա չունեին  ու ո՛չ էլ դրա կարիքը կար: Դե, դրանից ավելին այս քաղաքում սպասել պետք չէ: Դա, հասկացել էր ֆրանսիացի դառնալուն զուգահեռ, ու չնայած այդ բարքերը շատ էին տարբերվում իր հայրենի բարքերից, սակայն համակերպվել էր պետք:

Չգիտեր ինչու, կամ միգուցե չէր ցանկանում ընդունել պատճառը, բայց հայրենակցիների հետ շփումներից խուսափում էր: Քիչ-քիչ հայրենակիցներն էլ իրենից երես թեքեցին` համարելով, որ նա, Փարիզում հասնելով հաջողության, մեծամտացել է, սկսել արհամարհել իրենց, հեռացել իր արմատներից: Սկզբում փորձում էր նրանց ծաղրին ու վիրավորանքին պատասխանել ու բացատրել, որ ինքն ուրիշներից պակաս չի սիրում ու կարոտում հայրենիքը, սակայն հետո հրաժարվեց այդ անպտուղ ջանքերից  ու այլևս չհաճախեց նրանց հանդիպումներին: Միայն որոշ շաբաթ երեկոներ այցելում էր իրեն այդքան օգնած ծերացող հայրենակցին ու նրա հետ կարմիր գինու շուրջ լուռ մեկ-երկու պարտիա շախմատ խաղում:

Ջոնն ուրախությամբ համաձայնեց ընկերակցել: Որոշեցին ժամը ութին հանդիպել Ալեքսանդր III-ի կամրջի մոտ: Մինչ այդ ինքը Մաքդոնալդսից երկու բրդուճ ու կոլա կվերցնի, կնստի Սենայի ափին ու ջրի մեղմ հոսքի հետ կվայելի երկար տարիների չարչարանքից հետո արժանացած հաջողության բերկրանքը:

Ժամը յոթն էր, երբ բրդուճների ու կոլայի փոքր տուփը ձեռքին հասավ կամուրջ ու նստեց արևի վերջին ճառագայթների ներքո նազանքով շողշողացող Սենայի ափին: “La Seine, La Seine…”- մտքում սիրելի երգը հիշեց ու սկսեց բրդուճի առաջին կտորների ծամելուն զուգընթաց մրմնջալ:

Կամրջի տակ բոմժերը գարեջուր էին խմում ու ալարկոտ վիճում: Տասնյակ տուրիստներ չտես հայացքով քայլում էին Ալեքսանդր III-ի վրայով՝ մատնացույց անելով կամրջի շքեղ քանդակները ու հերթ կանգնում նրանց ֆոնին նկարվելու: Քիչ այն կողմ` Սենայի ափին, չինացի երկու աղջիկ անդադար սելֆի էին անում, հետո նայում նկարներին, հռհռում  ու շարունակում սելֆի անել՝ րոպեում վաթսուն սելֆի արագությամբ:

Սենա՞ն էր պատճառը, նրա մասին ե՞րգը, վերջապես կայացած ֆրանսիացի դառնալու բերկրա՞նքը, թե՞ այլ, սակայն միտքը թռավ հայրենի եզերք՝ դեպի կարկաչուն աննման գետակը, նրա ափերը երիզող բարձր հեզաճկուն կեչիները, օդում սավառնող ծառերի, խոտ ու ծաղկի, հացի ու թրիքի բուրմունքը:

Տեսավ հայրենի գյուղի վրա երեկոյան ննջող ծխնելույզների ծուխը, լսեց արոտավայրից վերադարձող ոչխարի հոտի ամաչկոտ սվսվոցը ու կովերի նախրի տաք բառաչյունը: Գետից այն կողմ բազմած էր ողջ հորիզոնը ծածկող բլուրը՝ մշակաբույսերով ծածկված գունեգեղ դաշտերով ու լերկ շականագույն գլխով:

Տեսավ արևով ողողված դասասենյակները, ծիծաղելու չափ խիստ ուսուցիչներին, միջանցքներում չարաճճի վազվզող դասընկերներին, արոտավայր հիշեցնող ֆուտբոլի դաշտը, որտեղ բազմաթիվ անգամ քրքրել էր կոշիկներն ու տաբատը՝ զայրացնելով ծնողներին:

Կարմրեց` հիշելով դպրոցական առաջին խելագար հրապուրանքը՝ իրենից մեկ դասարան բարձր գեղանի աղջկան, ում երզում էր բոլոր գիշերներին, դասամիջոցներին փնտրում միջանցքում, իսկ երեկոյան ժամերով նստում գետի կլոր մեծ քարին՝ հուսալով, որ սիրեցյալը ընկերուհիների հետ կքայլի կեչիների ներքո ձգվող գյուղի այդ միակ ճեմուղով, իսկ ինքը հայացքը չի կտրի նրա գեղանի մարմնից ու հատկապես խելքահան անող սրունքների մեղմ տաքությունից:

Հետո մղձավանջը նորից հայտնվեց. ականների պայթուն, չորս կողմից ավտոմատների ահասարսուռ կրակահերթ, բլրից իջնող թշնամու զինվորներ: Գյուղացիները խելագար այսուայնկողմ էին վազում ու հիստերիկ գոռում: Մայրը, ինքն ու չորսամյա քույրիկը կուչ էին եկել տան նկուղում ու սարսափից քարացել: Հայրը հևասպառ ներս վազեց, գրկեց քրոջը և գոռաց, որ վազեն իր հետևից:

Մայրն ու ինքը անխոս հետևեցին նրան: Ինքը, ողջ ուժերը հավաքած, վազում էր, ցատկում փոսերի ու մացառների վրայով, երբեմն գլորվում՝ դիպչելով ինչ-որ կոճղի կամ ծառարմատի, նորից բարձրանում ու շարունակում վազել:

Այն ժամանակ տասչորս տարեկան էր. փախուստի համար բավականին արագավազ ու ճարպիկ: Սկզբում նկատում էր կողքից վազող ծնողներին, սակայն կարճ ժամանակ անց շուրջը միախառնվեց սարսափելի մշուշում՝ քաոս, ճիչ ու աղմուկ, փոշի, հրացոլք, ճմրթված դեմքեր, տապալված արյունշաղ մարմիններ..…

Կարծես աչքերը մոխրագույն փառով էին պատվել՝ փորձելով պատնեշել իրեն շրջապատող սոսկալի աշխարհից: Ոչինչ այլևս չէր մտածում կամ ընկալում, այլ միայն՝ բնազդային վազում: Չգիտակցեց, թե քանի ժամ կամ քանի կիլոմետր էր վազել, սակայն հասավ հայրենակից զինվորների մոտ, որոնք նրան ցույց տվեցին ոչ հեռու գտնվող ապաստանը՝ լի զինվորներով, բժիշկներով ու սարսափած ամբոխով:

Երբ արդեն մեռնելու ահուդողը լքեց իրեն, ու զգաց կենդանի մնալու թեթևությունը, հիշեց ծնողների ու քրոջ մասին: Շրջապատող ամբոխում նրանք չկային, ու ոչ էլ իր սիրելի կերպարը: Ամոթը պատեց ողջ գիտակցությունը. ինչպե՞ս կարող էր ինքն այդքան մորթապաշտ լինել  ու թողնելով ծնողներին ու քրոջը` մտածել միայն իր փախուստի մասին:

Դուրս եկավ, այս ու այն կողմ վազվզեց, աջ ու ձախ հարցուփորձ արեց: Ողջ գիշեր քնել չկարողացավ: Առավոտյան մայրը հայտնվեց՝ հաջողացնելով դանդաղորեն սողոսկել գիշերվա մթության մեջ: Հայրը և քույրը այդպես էլ չհայտնվեցին, և ո՛չ էլ սիրած աղջիկը ո՛չ այդ օրը, ո՛չ հաջորդ օրերին, ո՛չ էլ տառապալից գլորվող շաբաթներում ու ամիսներում:

Գյուղի մեծ մասը այդպես էլ չհայտնվեց: Չէր պատկերացնում, թե ինչպես կարող է որևէ գիտակից մարդ հանգիստ կրակել իր չորսամյա անմեղ քրոջ, բարի ու հոգատար հոր, աշխարհի ամենագեղեցիկ վճիտ աղջկա վրա …

Մայրը շարունակում էր ամեն օր հավատացնել, որ նրանք մի օր անպայման կհայտնվեն: Սակայն նրանք հայտնվում էին միայն երազում, այն էլ ժամանակի հետ ավելի ու ավելի հազվադեպ:

Մայրն ու ինքը չդադարեցին հուսալ ու սրտի թրթիռով վազել ամեն մի նոր տեղեկության հետքերով: Չդադարեցին սպասել, նույնիսկ երբ տեղափոխվեցին Գերմանիա: Սակայն մայրը երկար չդիմացավ. անորոշությունը շատ ավելի անտանելի է, քան հարազատ հոգիների կորստի գիտակցության ցավը:

Ո՞վ էր ավելի հաջողակ, ի՞ր նմանները, ովքեր, ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով, փախուստով փրկեցին իրենց կաշին, թե՞ հայրենի հողում հավիտյանս ննջածները: Ձեռքերը պարուրեցին գլուխը, կոպերը ուժգին սեղմեցին աչքերը, գլուխը լցվեց անհասցե հայհոյանքով՝ լավ գիտակեցելով, որ պատանեկան թուլության նվաստացումը դեռ չի հաղթահարվել ու երբեք էլ չի հաղթահարվի:

Վերջերս ինչ-որ մեկը այցելել էր իրենց գյուղ ու մի քանի րոպեանոց տեսահոլովակ ներբեռնել youtube-ում: Թալանված գյուղում միայն ավերակներ էին, մարդկանց ու անասունների խառը փոքր ու մեծ ցաքուցրիվ ոսկորներ, մացառուտներ  ու նրանցում թաքնված օձեր ու ականներ…

Զգաց ստամոքսի տհաճ ծանրությունը՝ բրդուճների անգիտակից խժռումից: Ինչու՞վերհիշեց մղձավանջը, հատկապես այս պահին, երբ սիրտը սավառնում էր հաջողությունից և ուրախությունից: Ակնկալվող զվարթ ու անկաշկանդ ուրբաթ երեկոյին բնորոշ զվարճանքների ակնկալիքը հօդս էր ցնդել:

Զգաց Ջոնի թփթփոցը ուսին, հապշտապ մաքրեց արցունքները և փորձեց ընկճվածությունը թաքցնել լայն ժպիտի ներքո: Բաժակակիցը չնկատեց, կամ միգուցե չցանկացավ նկատել Միշելի այլայլված ժպիտը: Մտադրվել էր Ջոնի հետ կիսվել այսօրվա աննախադեպ հաջողությունով, սակայն խոսքերը մնացին կոկորդում: Գլխահակ քայլելով լսում էր նրա անկարևոր պատմությունները ու առանց հասկանալու` դրական արձագանքում: Արդեն Պոնտիյու փողոց էին հասել ու մտան ծանոթ աղմկաշատ բարերից մեկը:

Երկու բաժակ սառը գարեջուրը, բարձր երաժշտությունը, այցելուների աղմուկը, աղջիկների օծանելիքի բույրն ու գողտրիկ հայացքները ստեղծեցին ուրբաթ-երեկոյան Փարիզյան ցանկալի մթնոլորտը, որը նրան կարողացավ վերջապես հետ բերել անցյալից:

Այժմ Ջոնի հետ կարող էր կիսվել իր երկար սպասված հաջողությամբ, սակայն աղմուկը և երկուստեք խմածությունը խանգարեցին հաղորդելու նորության ողջ նշանակալիությունը: Հետո զրույցի բռնվեց մեծ, սև, թախծոտ աչքերով աղջկա հետ: Անկախ իր խմածությանը` վստահ էր, որ աղջիկը չափազանց ցանկալի է՝ գեղեցիկ քաղցր դիմագծերով, նուրբ շպարով, մեջքին թափվող սև ուղիղ մազերով, մի քիչ մեծ քթով, մեղմ բարի խոսելաոճով: Արտաքին տվյալներից և ֆրանսերեն լեզվի առոգանությունից ենթադրեց, որ հավանաբար արաբ է, հատկապես, որ անունն էլ Զառա է:

Ջոնն ինչ-որ տեղ էր անհետացել: Հավանաբար իրեն կորցրել է Զառայի ընկերուհու կամ այլ մեկի ընկերակցությունում: Դա իրեն չէր հատաքրքրում: Չէր հիշում, թե որերորդ բաժակն է արդեն խմում, սակայն աչքերը անծանոթուհուց կտրել արդեն չէր կարողանում:

Եթե լուրջ լիներ, ապա իրեն թույլ չէր տա հարցնել ազգային արմատների մասին, սակայն հարցրեց: Աղջիկը մի փոքր անհարմար զգաց, սակայն պատասխանեց: Երևի նա էլ արդեն սթափ չէր  ու հակադարձեց նույն հարցը. չնայած բնիկ Փարիզեցուն հատուկ առոգանությանը` Միշելի թուխ մաշկը և դիմագծերը հուշում էին, որ նրա մոտ նույնպես այլ ազգի արմատ կա, հավանաբար՝ արաբի:

Միշելը իբր թե չլսելու տվեց. բարում կարիք չկա արձագանքել բոլոր հարցերին: Փոխարենը շարունակում էր հմայված տնտղել աղջկան ու մտորում` արդյո՞ք արժե հայտնել, որ իրենք հենց թշնամացած ազգերի ներկայացուցիչներն են: Անշուշտ հետաքրքիր կլինի դիտել նրա արձագանքը, սակայն մյուս կողմից, այդ տհաճ բացահայտումը միանշանակ վերջ կդնի իրենց սրընթաց զարգացող հարաբերությանը:

Միգուցե՞ մարդասպաններից մեկն էլ հենց նրա հայրն էր կամ եղբայրը: Միգուցե՞ Զառան էլ է ցնծացել՝ լսելով իրենց գյուղի կոտորածների մասին` դա համարելով իրենց զինվորների վեհապանծ հաղթանակ:  Իսկ այժմ այստեղ` Փարիզում, վայելում է իր հյուրասիրած կոկտեյլը,  ու քաղցր  հյութեղ շրթունքներով ու սև խոշոր աչքերով գերում իրեն: Խմած ուղեղում նորից նշմարվեցին սպանված հարազատների աղոտ դեմքերը, դիմացի սարից կրակահերթով իջնող զինվորները, մոր հեծկլտոցը, իր խելագար փախուստը…

Զառան բռնեց Միշելի ձեռքը և իր հետևից քաշեց դեպի պարահրապարակ: Գլուխը կախ հետևեց գեղեկուհուն և սկսեց վայելել նրա մարմնի վավաշոտ ջերմության տարփանքը: Հետո զգաց իրեն գերող շուրթերի թաց համբույրը, որից խառն ալկոհոլի համ էր գալիս:

Մեկ ժամ հետո նրանք տաքսիով հասան աղջկա փոքրիկ բնակարան` ողջ ճանապարհին անհագ համբուրվելով ու կրքոտ շոյելով իրար: Ներս մտան` առանց դադարեցնելու համբույրները կամ գեթ մեկ բառ արտասանելու, հապշտապ մեկը մյուսի վրայից պոկելով ու գետնին նետելով հագուստը` գլորվեցին անկողնու վրա:

Սկզբում Միշելը հրճվում էր սեքսից ու գեղեցկուհուն տիրելուց պատող հաճույքից: Սակայն շարժումները հետզհետե դարձան ավելի ու ավելի կոպիտ, աջ ձեռքով հարվածեց աղջկա հետույքին, ձախ ձեռքի մեջ ոլորելով աղջկա մազերը՝ գլուխը ուժեղ սեղմեց բարձին:

Զառան սկզբում կրքոտ ժպիտով խնդրեց Միշելին իրեն ավելի նուրբ սիրել: Սակայն ուժգնացող ցավերից գիտակցեց, որ նա ավելի ու ավելի դաժան է դառնում, ու փորձեց ընդվզել ու դադարեցնել սեքսը: Սակայն ուշ էր. նրա փխրուն հարբած մարմինը անզոր էր դիմադրելու մկանուտ տղամարդու վայրենի ցանկություններին:

Միշելը ավելի ու ավելի մոլեգին էր դառնում: Սկզբում մտքում, հետո բարձրաձայն հայհոյում հայրենի լեզվով, իսկ հետո որպեսզի Զառան հասկանա, հայհոյում ֆրանսերենով ու շարունակում ցավագին սեղմել աղջկա գլուխը բարձի մեջ: Հետո դիտավորյալ վերջացրեց՝ հուսալով, որ աղջիկը կհղիանա իրենից:

Կարճ ժամանակ անց շունչը հետ բերեց, բարձրացավ հյուծված ու կապտած մարմնից, այլայլված նայեց բարձի մեջ հուսահատ հեծկլտացող աղջկան, արագ հագնվեց ու հեռացավ:

 

Գնել Խաչատրյան

29.02.2017թ.

 

 

 

Առաքելություն

Վերելք

Դեռ ուսանող Հայկը բարձրաստիճան չինովնիկի կերպար ուներ: Դասախոսները, կուրսեցիները ու համագյուղացիները վստահ էին, որ ուսումնատենչ, խելացի, հասուն հայացքով երիտասարդը կարճ ժամանակ անց պետական բարձր պաշտոն է զբաղեցնելու:

Գյուղական հարուստ ընտանիքի, եթե այդպես կարելի է ընդհանրապես անվանել, զավակն էր՝ օժտված բարձր նկրտումներով և չինովնիկի կարիերիայով սրընթաց բարձրանալու անհրաժեշտ այլ բնութագրերով: Համարյա միշտ կոստյումով ու փողկապով էր, կոկիկ արդուկված վերնաշապիկով, ձիգ, ինքնավստահ կեցվածքով:

Նրա կերպարը ավելի խոսուն էր, քան հենց ինքը: Քչախոս էր, սակայն գրագետ շարադրված, մտածված ու տեղին խոսքով: Նրա խոսքը՝ իր բովանադակությամբ, տրամաբանական շաղկապվածությամբ, թեմայի համահնչությամբ, առանձնանում էր շրջապատի աղմուկի ու ուսանողական դատարկաբանության մեջ:

Մի խումբ ուսանողներից բաղկացած քրիստոնեական խմբի ակտիվ անդամ էր, որտեղ նրա գտնվելը շատերի համար թեև տարօրինակ էր, սակայն ոգևորող: Հոգևոր եղբայրներն ու քույրերը նույնպես կասկած չունեին նրա առաքելության վերաբերյալ ու ամեն անգամ իրենց աղոթքներում թախանձում էին իրականացնել Հայկի երազանքները՝ ի բարօրություն ողջ երկրի:

Հայաստանում “Եհովայի վկաների” հայտնվելուց տարիներ առաջ, ովքեր ունակ են անգիր արտասանել Աստվածաշնչյան խոսքերը՝ տալով մեջբերված խոսքի տեղայնացման ճշգրտիտ հղումներ, նա այդ ունակությունով օժտված եզակի անձանցից էր, իհարկե սակավաթիվ կղերներին չհաշված, այն էլ այդքան երիտասարդ տարիքում:

Խմբում առաջին անգամ այցելողները ծեծված հարցեր էին տալիս. “Եթե Աստված ամենուր է, և երկրի վրա ամեն ինչ նրա կամոք է կատարվում, ապա ինչո՞ւ են անմեղ մարդիկ կոտորվում, անարդարությունը իշխում աշխարհի վրա, հիվանդությունները տարածվում, չարը հաղթում և վայելում կյանքը….”: Նմանատիպ պարզունակ հարցերը շատերն էին կարողանում  պարզաբանել:

Սակայն առավել կասկածամիտների Սուրբ Գրքից մեջբերվող կոնկրետ հարցադրումներին պատասխանելու համար հաճախ անհրաժեշտ էր Հայկի միջամտությունը: Հարցերը վերաբերում էին տեքստի մեկնաբանությանը, գիտության ու կրոնի թվացյալ հակասություններին, և նույնիսկ որոշները, առանց երկյուղի,  հարցնում էին,  թե որքանո՞վ էր Բարձրյալը ամենաբարին ու ամենաարդարադատը, երբ ջրահեղձ արեց աշխարհի ողջ բնակչությանը և կենդանական աշխարհին՝ փրկելով միայն Նոյի ընտանիքին և ամեն տեսակից մի զույգ անասունի; կամ երբ  ոչնչացրեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ զավակներին  ու նույնիսկ բոլոր անասունների առաջնածիններին, ինչ է թե փարավոնը չէր համաձայնում, որ Մովսեսն հրեա ժողովրդով  հեռանա; կամ երբ …

Հոգևոր քույրերը և եղբայրները երանությամբ էին դիտում, թե ինչպես է նա աչալուրջ ու առանց ընդվզումի ունկընդրում կասկածամիտների հարցերը և թվացյալ հիմնավորումները, նույնիսկ երբ նրանց խոսքերը ակնհայտորեն վիրավորում էին Եռաստվածությանը և իրենց կրոնական զգացումներին: Սիրալիր ժպիտով ու վստահությամբ սպառիչ պարզաբանումներ էր տալիս և հիմնավորում Բարձրյալի քայլերի անառարկելիությունը:

Բացատրում էր, որ Աստվածաշնչում բազմաթիվ են առակները, ու շատ այլ խոսքեր փոխհարաբերական իմաստ ունեն, որպեսզի Աստծո խոսքը հեշտ ընկալելի լինի հասարակ ժողովրդի համար, որոնց գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, այն ժամանակ անգրագետ էին: Ուստի շատ խոսքեր ոչ թե պետք է հասկանալ բառացի, այլ՝ փորձել ընկալել նրանց խորհուրդը:

Եթե ինչ-որ հարցի այդ պահին չէր կարողանում համոզիչ պարզաբանում գտնել կամ մտածում էր, որ այս թերահավատի հետ հետագա բանավեճը անիմաստ է, ապա տալիս էր բոլոր հարցերը լավագույնս եզրափակող պատասխանը. “Աստծո գործերն անքննելի են”:

Եվ եթե այդքանից հետո, կասկածամիտը շարունակում էր չբավարարվել հնչած պարզաբանումներով կամ համառորեն մերժում Աստծո լույսը, ապա ոչ ոք մեղավոր չէ նրա համար:  Հատկապես, որ կան Անհավատ Թովմասներ, ովքեր չեն հավատում, մինչև ձեռքով չշոշափեն:  Չէ, որ Աստծուն սրտով են զգում, այլ ոչ թե մտքով ապացուցում նրա առկայությունը:

Նրա անկեղծ, գեղեցիկ շարադրված, ազդող շեշտադրումներով ու տոնայնությամբ ապաշխարանքը շրջապատի մոտ ակնածանք էր առաջացնում, և նույնիսկ ամոթի զգացողություն, քանի որ ի տարբերություն Հայկի` իրենք բավարար ակնկեղծ չեն Աստծո հետ իրենց հարաբերություններում, անանձնական՝ իրենց խնդրանքներում:

Շրջապատի հիացական հայացքների ներքո պատմում էր անգլիացի չքավոր քարոզչի մասին, ով ոտքով տնից-տուն է անցում` մարդկանց տարածելով Հիսուսով փրկության ավետիքը: Ու երբ մարդիկ բացում են դուռը, սկզբում կարծում են, որ իրենց առջև հենց Հիսուսն է կանգնած. տեսքը, անհատակ բարի աչքերը, ուրիշների փրկության համար զոհվելու անկոտրում կամքը: Նա մարմնավորում է իսկական քրիստոնյայի կերպարը, որն ապրում է Տիրոջով, ինչպես պատգամել է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր թղթում. “Արդ, աղաչում եմ ձեզ, նմանվեցեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին: Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում”:

Նա Հիսուսից, Պողոսից, Մովսեսից, Աբրահամից, Սողոմոնից, Երեմիայից ու այլ մարգարեներից տեղին ու օգտակար մեջբերումներ էր կատարում ու այնքան գեղեցիկ ու համոզիչ ներկայացնում, որ կարծես այդ խոսքերը հնչելու պահին այդտեղ էր եղել, ու այնքան ճշգրիտ էր մեջբերում ու մեկնաբանում, որ նույնիսկ կարելի էր հավատալ, որ հենց ինքն էր արձանագրել արտահայտված մտքերը և կատարված իրադարձությունները:

Երկմտանք

Հեռու էր գեղեցկատես որակվելուց, սակայն համագյուղացի, կուրսեցի կամ հոգևոր խմբի աղջիկների մեծ մասը կցանկանային դառնալ նրա սիրահետման օբյեկտը: Դժվար էր նրան պատկերացնել սիրահետողի դերում, դա չափազանց անհարիր տերմին էր նրա լուրջ կերպարի համար: Սակայն, բավական էր, որ մեջբերեր Սողոմոնի “Երգ երգոց”-ից.

“Թող ինձ համբուրի իր բերանի համբյուրներով:

Քո ստինքներն ավելի լավ են գինուց:

Եվ քո օծման յուղերի հոտը՝ բոլոր խունկերից: …
Քո վարսերը նման են այծերի հոտերի,

Քո ատամները նման են խուզած ոչխարների հոտերի,

Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի,

Քո երկու ստինքները նման են այծամի երկորյակ ուլերի…

Մեղր է կաթում քո շուրթերից …”,

հայացքում անսովոր կրակներ էին բոցկլտում, մաշկի գույնը կարմրում էր, ձայնում թավշյա երանգ էր հայտնվում: Դժվար չէր ակնկալել, որ այդ պահին ներկա քույրերը սիրահարված ծածուկ կդիտեին նրան` առանց այլևս բառ իսկ հասկանալու շարունակվող սիրո անմահ երգից:

Նման երգեր կատարողը երազում էր կույս մնալ, քանի որ. “Կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով և հոգով: Ով կին չունի, հոգում է` ինչպես հաճելի լինի Տիրոջը: Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում և թե ինչպես հաճելի լինի իր կնոջը:” Այդ իսկ պատճառով նա անհողդողդ խուսափում էր արձագանքել իրեն ուղղված սիրո ցանկություններին:

Սակայն, մարդկային հողեղեն մարմինը բազում մեղքերով ու անպարկեշտ ցանկություններով է լի, որոնց միշտ չէ, որ հնարավոր է ենթարկեցնել մտքի ու հոգու որոշումներին: Պատանուց տղամարդու վերածվող մարմինը իր դաժան պահանջմունքներն էր բարձրացնում, ու դրանց ամեն անգամ լռեցնելուց հետո սաստող ուժը ավելի էր հյուծվում: Ինչպես պատգամվում է. “Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձանալ: Բայց չպոռնկանալու համար` յուրաքանչյուր մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին՝ իր մարդը”:

Երբ զգաց, որ այլևս դժվար է դիմանում կանանց գայթակղությանը, իսկ մարմնի որոշ անդամի ավելի ու ավելի դժվար է լինում հետ համոզել “պոռնկանալու” ցանկությունից, ապա բացահայտեց, որ այլընտրանքային պատգամը ընդամենը մեկն է. “Կտրի՛ր այն և  դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն”:

Մի քանի շաբաթ մտորեց այդ զոհաբերության շուրջ, ոգեշնչվեց Ավգուստիանոս Երանելիի նույնական վարքով, այլ մարտիրոսների մասին կարդաց, բազում հանգամանքեր դիտարկեց, սակայն իր մեջ բավականին հավատք ու կամք չգտավ այդ քայլին դիմելու: Եթե դիմեր էլ, այս անաստված դարում ո՞վ պետք է իմանար ու փառաբաներ իրեն: Ավելի հավանական էր, որ ծաղրի առարկա կդառնար ու ստիպված կլիներ հրաժարվել երկրի բարօրության համար իրեն ամբողջովին նվիրելու առաքելությունից:

Շատերի համար անակնալ էր, երբ հայտնի դարձավ սիրեցյալի նրա ընտրությունը՝ կրոնական խմբից մի աղջիկ՝ իրենից վեց տարով մեծ: Ընտրյալը սովորական աչքի համար ոչնչով չտպավորվող էր, սակայն Հայկի խորաթափանցությունը և որոշման արդարացվածությունը կասկածից վեր էր, ու մյուս աղջիկներին ընդամենը մնում էր նախանձով համակերպվել:

Զատիկ

Սիրային առաջին շփումներին էին անսովոր, թե՞ դրանց անհամատեղելիությունը նրա կերպարին ու նկրտումներին, թե՞ կրոնական կենսակերպի առավել խորը ըմբռնումը. նա սկսեց ավելի խստաբարո դառնալ:

Առաջինը սառը ցնցուղը հոգևոր քույրիկներին բաժին հասավ: Հոգևոր խումբը այդ տարի որոշել էր Զատիկի սուրբ տոնը շուքով նշել, չէ որ այն քրիստոնեական տաղավար տոներից է` սրբազան խորհուրդներով լի: Նաև, լավ առիթ էր իրենց ընկերներին ու համակուրսեցիներին ծանոթացնել քրիստոնեական արժեքներին՝ շփվելով Հիսուսի լույսով ապրող իրենց նման սովորական հասակակիցների հետ, նոր լավ ընկերներ ձեռք բերել, միասին զվարճանալ և ուրախանալ:

Փող հավաքեցին, տարածք վարձեցին, զարդարեցին, համեղ ուտեստներ պատրաստեցին, երաժշտություն կազմակերպեցին ու սկսեցին Զատիկին նվիրված երեկույթը: Աղջիկներն այդ օրը առանձնապես հմայիչ էին՝ գեղեցիկ հագնված, հրապուրող շպարով, փայլող աչքերով, կլանող օծանելիքներով, գայթակղիչ վարսերով:

Երեկույթի սկզբում կողք կողքի կանգնեցին, բռնեցին իրար ձեռքեր՝ նույնիսկ հրավիրվածներին սիրով ու ժպիտով համոզելով միանալ իրենց, արտասանեցին Տէրունական աղոթքը, որը հենց Հիսուսն է սովորեցրել իր աշակերտներին: Հետո խմբի գիտակ աղջիկներից մեկը գեղեցիկ ներկայացրեց Հիսուսի հրաշափառ Հարության տոնի նախապատմությունը և խորհուրդը: Յուրաքանչյուրին մի բաժակ կարմիր գինի հյուրասիրեցին, ավանդական ներկած ձվերով կռվեցին, ու երգ ու պարով երեկույթը թափ առավ:

Պարում, երգում և զվարճանում էին, երբ Հայկը ուշացումով եկավ: Նստեց մի անկյունում՝ սառը շշմած հայացքով դիտելով զվարճացող հասակակիցներին: Քույրերից մեկը կարճ կարմիր շրջազգեստ էր հագել և անպատկառ պարային շարժումներով ցուցադրում էր յուղոտ ազդրերն ու վերուվար շարժվող խոշոր հյութեղ ստինքները: Հյուր տղաներից մեկը ցլային կրքոտ շարժումներով պտտվում էր թմբլիկի շուրջը՝ աչքերով կայծահարելով նրան, հատկապես փորձելով, իբր պատահաբար, քսվել նրան: Առավել տհաճ էր, որ աղջիկն էլ ընդիմանալու նշաններ ցույց չէր տալիս ու նույնիսկ ըմբոշխնում էր տղայի վավաշոտ նկրտումները: Տղայի ողջ մարմինը արագ շարժումներից թե պատող ցանկություններից քրտինք էր կապել, ու նա հերթով արձակում էր վերնաշապիկի կոճակները:

Մյուսները նույնպես ավելի լավ վիճակում չէին, թեկուզ և այս երկուսը առանձնանում էին իրենց լպիրշությամբ: Հայկին թվում էր, որ հայտնվել է Գոմորում, որտեղ ամենուր մեղսալից զվարճանքներ են, որոնց աղաղակը հասնում է Տիրոջը, և նույնիսկ մտածեց, որ հիմա Տերը այս անառակաբարո խմբին էլ կոչնչացնի՝ նրանց վրա երկնքից ծծումբ ու կրակ թափելով: Այդ մտքից, երկյուղը պատեց մարմինը, չէ որ ինքն էլ նրանց մեջ էր, ու չէր փրկվի. “Ողորմյալ Տե՛ր, գթա նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում:”

Իրենց սիրելի հոգևոր եղբոր սառը և այլալված հայացքը աննկատ չէր կարող անցնել: Բոլոր ողջյուններին ու հրավերներին չափազանց դժկամ էր արձագանքում: Վերջ ի վերջո, քյուրերն ու եղբայրները որոշեցին մի պահ կանգ առնել ու իմանալ ծանր մտահոգության պատճառը, չէ որ երբեք նրան այդպես ընկճված չէին տեսել:

Հայկը սկզբում չկամությամբ, սակայն հետո հաստատակամ ներկայացրեց պահի ողջ գաղջությունը: Հատկապես, փնովելի էր աղջիկների պարը. պարը՝ հրապուրող հագուկապով, գայթակղության աղբյուր է, որը անհարիր է Քրիստոսի կյանքով ապրել ցանկացող այստեղ հավաքված իր հոգևոր քույրերին: Պարով ոչ միայն քույրերն իրենց անվայել զգացողություններն են ազատ արձակում, այլև գայթակղության են մղում իրենց հոգևոր եղբայրներին: Եվ այս ամենը, հատկապես անհարիր է Հիսուսի հրաշափառ Հարության տոնին. “Մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև, եթե ըստ մարմնի ապրենք, կմեռնեք, իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք”:

“Հիսուս տանջամահ եղավ խաչի վրա, հանուն Ձեզ, որպեսզի՞ դուք այստեղ ուտեք, խմեք ու գայթակղեք մեկդ մյուսի”:- հազիվ զսպելով զայրույթը` շարունակեց նա: Հիշեցրեց Յուդիթին. “Ով զարդարեց իրեն ամեն տեսակ զարդերով, էլ ավելի գեղեցկացավ՝ իր դեմքի սիրունությամբ խաբելու, գայթակղելու համար նրանց, ովքեր կտեսնեն իրեն”:

Մեջբերեց Յեսուի Որդի Սիրաքի իմաստուն խրատը. “Մի հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը: Երկար մի նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով: Չէ, որ անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը”:

Էլ ավելի ոգևորված բարձացնելով ձայնը և զայրացած հայացք նետելով հատկապես հոգևոր քյուրերի վրա` շարունակեց Տիրոջ խոսքը. “Եթե իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին”: “Իսկ Քրիստոսի չարչարանքների օրը Ձեր անառակաբարո հաճույքներով ինչի՞ն էք անկալում հաղորդակից լինել”: –հարցը շեշտակի շպրտեց հոգևոր քույրերի ու եղբայրների դեմքին, ու սաստող հայացքով սպասեց մեղայականների:

Սկզբում որոշները՝ առավել ակտիվ պարողներն ու առավել գայթակղիչ հագնվածները, փորձեցին արդարանալ, սակայն Հայկի հստակ հղումները Աստվածաշնչին ու պողպատյա տրամաբանական եզրահանգումները, ինչպես նաև քույրերի մեծ մասի մեղավոր հնազանդ կերպարները բոլորին ստիպեցին զինաթափվել, կամ ուղղակի անակնկալից ու հիասթափությունից ձեռքը թափահարելով հեռանալ: Մի քանիսն էլ հեռանալիս ծիծաղեցին. “Արա՛, Էս ո՞ւր ենք ընկել, ախպե՛ր”:

Զվարճանքը երկու ժամ տևեց, իսկ “պար”-ի սատանայական գաղթակղության հետևանքի քննարկումը՝ հինգ: Վերջին հավատակից ընդդիմադիրներն էլ ցրվեցին՝ ընկճված ու անորոշ զգացողությամբ: Չնայած Հայկի հիմնավորումները երկաթյա էին, սակայն ինչ-որ բան նրանց հոգու խորքում անընդունելի էր:

Զտում

Զվարճության թուլություն ունեցողները կարճ ժամանակ անց իրենց օտարացած զգացին ու լքեցին հոգևոր խումբը, որի անվերապահ առաջնորդը արդեն Հայկն էր: Մնացյալների համար թեկուզ տխուր էր համակերպվել իրենց ընկերների կորստի հետ, սակայն. “Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից՝ իրենց սերերով և խարդախությամբ, մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն իրենք իրենց պարարտացնելու համար”:

Դժվար և փշոտ է իսկական հավատքի ճանապարհը. քչերն են ի զորու հաղթահարել այն՝ դիմանալով Սատանայի կողմից հյուսվող ավելի ու ավելի խորամանկ փորձություններին  ու շարունակելով իրենց սրտերում անսասան պահել Աստծո սերմանված խոսքը: “Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները”:

Ընկերների կորստից հետո մնացյալները շարունակեցին էլ ավելի ոգեշնչված հետևել Աստծո խոսքին, որը նրանց համար շարունակում էր սիրաբար հաղորդակցել ու պարզաբանել շնորհաշատ առաջնորդը:

Սիրուհին փորձում էր ամբողջովին պահպանել օր օրի ավելի խստաբարո դարձող հոգևոր ապրելակերպի պահանջները: Նա անվերապահ հնազանդվում էր, քանզի հստակ գրված էր. “Քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա”: Էլ ավելին. “Որովհետև ոչ թե մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. քանզի մարդը չստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար”: Նույնիսկ, հաշվի չառնելով շրջապատի ծիծաղը` սկսել էր մազերը մշտապես քողով ծածկել, քանի որ “Կինը պարտավոր է քող դնել: Եթե կինը քողով չի ծածկվում, թող կտրի իր մազերը”:

Սակայն, այդ բոլոր սահմանափակումները չօգնեցին խեղճ ընտրյալին: Դժվար է ասել, որ պահին սայթաքեց կամ չհնազանդվեց, բայց մեկ տարի տևած դաժան սիրուց հետո Հայկը հաստատակամ լքեց նրան: Ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում. “Ով որ ամուսնանում է իր կույս նշանածի հետ, լավ է անում: Իսկ ով որ չի ամուսնանում, առավել ևս լավ է անում”:

Չհաջողված ընտրյալին այլևս չտեսնելու, հոգևոր քույրերից ու եղբայրներից ձանձրանալու, ժամանակը այլև անիմաստ չվատնելու համար, կամ միգուցե համարելով, որ իր առաքելությունը այս անցավորների համար արդեն բավարար է, դադարեց հաճախել խմբի հոգևոր և այլ հանդիպումներին: Կարճ ժամանակ անց, խումբը ավազի նման փլուզվեց ու լուծվեց անցյալին:

Թռիչք

Հայկը փոխեց իր բնակավայրը և ընդհանրապես դադարեց շփվել մնացյալ սակավաթիվ հոգևոր քույրերի ու եղբայրների հետ: Հիսուսին ծնկաչոք ապաշխարող երիտասարդի կերպարը այլևս համահունչ չէր ագրեսիվ նկրտումներին, որոնք համալսարանն ավարտելուն զուգահեռ դառնում էին ավելի ու ավելի իրատեսական:

Նկրտումների իրականացման համար ամբողջական կենտրոնացում և անհողդողդ ջանքեր էին պահանջվում: Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրած էր` որ դասախոսին հաճոյախոսել, որ միջոցառումներին վազվզել, ում աչքը մտնել, ումից ում խոսքեր փոխանցել, ում հետ կապեր հաստատել, որտեղ սկսել իր սկզբնական աշխատանքային գործունեությունը:

Գերազանց կրթությամբ, հռետորի տաղանդով, տրամաբանված խոսքով, օրինակելի հագուկապով ու վարվեցողությամբ նորավարտ երիտասարդին հաջողությունը երկար սպասեցնել չտվեց: Դասախոսներից մեկը պետական կարիերայի սրընթաց առաջընթաց ունեցավ: Բարձր մակարդակում խոշոր փողերի հոսքերը դեպի իրենց ուղղելու համար նրան քչախոս, անհարկի հարցեր չտվող, վստահելի համակիրներ էին պետք: Իրեն շողոքորթող խելացի Հայկին էլ հիշեց ու չսխալվեց իր ընտրության հարցում:

Ծրագիրն հաջողացնելու համար տարբեր կազմակերպություններ ստեղծեց  ու նրանց մի մասի ղեկավար կարգեց Հայկին, ով իրեն ըստ արժանվույն դրսևորեց, հատկապես, որ իր անձնվեր ծառայության համար շռայլ էր վարձատրվում: Այսկերպ, գումարները ուղղվում էին սակավաթիվ արժանի անձանց մոտ, ովքեր գիտեին հավաքված գումարների ճիշտ օգտագործման ուղղությունները: Այլապես, փողերը անիմաստ ծրագրերի վրա էին ծախսվելու, կամ յուրացվելու էին անարժանների կողմից՝ վատնվելով թանկարժեք զվարճանքների վրա:

Ոչ ոք չէր կարող ստվեր իսկ նետել Հայկի աստվածահաճո անբասիր վարքին: Չէ՞ որ նա հստակորեն հետևում էր Աստծո պատգամին` հնազանդվել Իշխանությանը. “Ամեն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակվի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծոց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում. և նրանք, որ հակառակվում են, իրենց դատաստանն են ընդունում, քանի որ իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի”:

Վարձք

Այսօր արդեն մեր երկրում կրոնը շատ է տարածվել. ամենուր հավատացյալների երջանիկ խմբեր են, դպրոցներում կրոն են ուսուցանում ու աղոթք սերմանում, բանակում կղերների ջոկեր ստեղծում, պետական լայն հարգանք ու արտոնություններ վայելում, տաղավար տոններն ու հաջորդող մեռելոցները ազգովի պետականորեն նշում: Արդեն հաճախ կարելի է հանդիպել “Քայլող Աստվածաշունչ”-երի, որոնք անգիր կարող են ցիտել Աստծո խոսքը՝ հստակ հղումների միջոցով: Համարյա չի մնացել հոտ՝ առանց հովվի:

Հայկը վաղուց դադարել է Աստծո խոսքի տարածմամբ զբաղվել և խուսափում է կրոնական բանավեճերից, հատկապես, հաշվի առնելով փողերի արդյունավետ տնօրինման հետ կապված չափազանց զբաղվածությունը: Այդ գծով հաջողությունները շատ ավելին էին, քան կարող էին նույնիսկ երևակայել: Դա էլ ավելի էր վկայում, որ այս գործերը Աստծվածահաճո են, ու Տերը շռայլորեն վարձահատույց է լինում:

Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ճանապարհ հարթում Հիսուսի համար, այնպես էլ Հայկն էր իրեն զգում այդ տարիների երկրում տիրող հոգևոր դատարկությունում. անապատում կանչողի ձայնն էր: Այժմ էլ ճանապարհ հարթողի իր այդ առաքելությունը իրականացնում էր դատարկվող աղքատ երկրի տնտեսության համար՝ փողերի խոշոր հոսքերին տալով “ճիշտ” ուղղություն:

Ռահվիրայի նրա կերպարը մինչ օրս աներեր է. վերջերս 367-րդ և 368-րդ սանիկների կնքահոր սուրբ պարտականությունը ստանձնեց: Գործընկերներից, բարեկամներից ու ծանոթներից շատերը ցանկանում են, որ իրենց երեխաները հենց նրա օրինակով հարթեն իրենց ճանապարհը: Նաև, արդյունավետ է հոգևոր կապերի ստեղծումը դեռևս երիտասարդ, պաշտոնյա ու հարուստ անձի հետ, որը դեռևս աճելու շատ շանսեր ունի:

Իսկ ընկերոջ վերջերս արված չար կիսակատակին. “Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի:”, առանց վարանելու պատասխանեց. “Եթե ուշադիր կարդացած լինեիր, ապա կհիշեիր, որ այդ խոսքից հետո, աշակերտները հարցրեցին. “Իսկ ո՞վ կկարողանա փրկվել”: Եվ Հիսուս ասաց. “Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է””:

Չէ, որ ինքը ընդամենը իշխանության տակ գտնվող մահկանացու է. “Ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մյուսին՝ եկ՛, և գալիս է, և իմ ծառային, թէ՛ արա՛ այս, և անում  է”: “Աշակերտը ավելի չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան՝ քան իր տերը: Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային՝ իր տիրոջ նման”:

Նախանձելի բարեկեցիկ ու հիասքանչ կյանք ունի, գեղեցիկ կին՝ համապատասխան ընտանիքից, փայլուն երեխաներ, ու այն ամենը ինչ որ հարիր է իր դիրքին: Այլևս խստաբարո ապրելակերպ չի պահանջում ո՛չ իր կողակցից, ո՛չ երեխաներից, ո՛չ սանիկներից, կամ ո՛չ էլ մյուսներից. չէ որ ամեն մարդ պատասխան է տալու միայն ինքն իր համար:

Նրան ճանաչողները վստահ են, իսկ հարյուրավոր սանիկները աղոթում են, որ շատ մոտ ապագայում նա վերջապես պետական համակարգում իրեն արժանի բարձր պաշտոն ստանա: Այդքան ունակությունները, անձնվեր ծառայությունը, կուտակած հարստութունը և բազմաթիվ կարևոր մարդկանց հետ կապերը չեն կարող երկար ժամանակ իրենց զգացնել չտալ, չէ՞ որ նրա առաքելությունը շռայլ վարձատրությամբ ու ֆուրշետային հանդիպումներով չի կարող սահմանափակվել:

“Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը ու գա իմ հետևեից”:

“Իսկ եթե մեկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորություն, ոչ էլ՝ Աստծո եկեղեցիները”:

 

Գնել Խաչատրյան

09.02.2017թ.

Ծառայողական

Ալվարդը այդ օրը վերջապես տնօրենին պետք է ասեր այն ամենը՝ ինչ երկար տարիներ ճորտի պես համաբերատար կուլ էր տվել: Այլևս չէր կարող հանդուրժել նվաստացումն, ու շարունակել ինքնախաբեությունը, որ շուտով ամեն ինչ լավագույնս կփոխվի: Շատ ավելի նախկինում պետք էր գոռալ այն ամենը՝ ինչը հաստատ մտադրվել է ասել այսօր: Հոգ չէ, թե դրանից հետո ինչ կլինի, հոգ չէ, որ ողջ գիտակից կյանքը նվիրել է այդ անարժանին, այդ թուլամորթին, այդ կնամոլին, այդ …

Նրա մասին խոսելիս. ընդունված էր մեղմ ժպիտալ: Դեռ հիսուն տարեկան չէր լինի, չնայած ով գիտի. այն անձանցից է, ովքեր ինչ որ տարիքում տաս-քսան տարի կանգ են առնում, ու հետո միանգամից ծերանում:

Միջին կազմվածք ու տեսք ուներ, համեստ շպար, մինչև ուսերը հազիվ ձգվող սպիտակախառը-սև մազեր: Անփոփոխ հագնում էր կաթնագույն վերնաշապիկ ու մոխրագույն կոստյում: Շատերը ենթադրում էին, որ այդ նույն վերնաշապիկից ու կոստյումից միանգամից մի քանի հատ ունի:

Գրասենյակը՝ տնօրենի ընդունարանի հարևանությամբ էր, երկու փոքրիկ պատուհանները և պատերը ծածկված փաստաթղթերի ֆայլերով, կենտրոնում մեծ գրասեղան՝ հին համակարգչով ու լիքը փաստաթղթերով, բարձր առաստաղից կախված փոքրիկ ջահով, որ ալարկոտ ցրում էր խավարը: Պատուհաններից լույսը հազիվ էր ներթափանցում սենյակ, իսկ արևի ճառագայթների մասին այստեղ վաղուց մոռացել էին:

Դռնից ներս նայելիս, Ալվարդը կարծես միախառնված լիներ կիսախավար գրասենյակը գրաված փաստաթղթերի տրցակներին:  Թե ինչ կարևոր տեղեկություններ էին պարունակում այդ փաստաթղթերը, հավանաբար միայն ինքը գիտեր՝ բոլորի կողմից անվերապահ ամենավստահելի աշխատակիցը, նրանից բացի ոչ ոք այդ տրցակներին մուտք չուներ:

Շատերի համար նա տնօրենի մոտ խնդիրներ լուծելու միջոց էր, նրա հետ հանդիպելու միջնորդ, կարևոր տեղեկություն ստանալու աղբյուր, տնօրենի օրվա անցուդարձի ու տրամադրության վկայություն: Ինչպես սիրում էին այդ պահին շողոքորթել խնդրատուները՝ “Դու տնօրենի մուտքի բանալին ես”; և նման հաճոյախոսությունից հետո, Ալվարդը անշուշտ նրանց մերժել չէր կարող:

Տնօրենը հասակակից էր. զարգացած աշխարհում ապրած ու կրթված, միջահասակ, փառատենչ, հարուստ, թանկարժեք հագ-ու-կապով, կնամոլ: Թե ինչո՞ւ էր շքեղության ու ցուցամոլության սիրահար տնօրենը շարունակում իր կողքին հանդուրժել այդ մոխրագույն անշուք կերպարին, ոչ ոք չէր կռահում:

Ալվարդը գիտեր, որ ժամանակ-առ-ժամանակ տնօրենը խելացնոր հրապուրվում է երիտասարդ աշխատակցուհու կամ աշխատավայրից դուրս որևէ համակրելի կնոջ: Նույնիսկ երբեն փորձում է սրտի տիրուհուն համոզել միասին փախչել այս ձանձրալի երկրից: Սակայն կանայք, եթե սիրո դրսևորումներին համաձայնում էլ էին՝ հատկապես որ դրանք ուղեկցվում էին շքեղ նվերներով, սակայն փախչելուն՝ ոչ:

Այդ գաղտնիքները Ալվարդը ողջ սրբությամբ էր պահում; սակայն անզոր էր ամբողջովին անհողդողդ լինել. ատում էր այդ կանանց, սառը և երբեմն թշնաբար արձագանքում նրանց իրեն հետ շփման փորձերին կամ մանր խնդրանքներին: Չէր կարողանում համակերպվել, որ տնօրենը արտաքինից այն կողմից ոչինչ չի արժևորում; գիտակցում, որ եթե այս մեկի հետ էլ սիրային կապերը խզվեն, միևնույն է, որոշ ժամանակ անց կհայտնվի սիրահետման նոր օբյեկտ ու ամեն ինչ կկրկնվի նորից:

Հայրական տունը գրասենյակից հինգ րոպե քայլքի հեռավորությամբ էր: Այնպես որ ցայգից մինչ ուշ երեկո գրասենյակում էր՝ ներառյալ հանգստյան ու տոն օրերին: Ուշ երեկոյան, երբ գրասենյակում այլևս ոչ ոք չէր լինում, պահակը կարճ ժամանակով փակում էր մուտքի դուռը՝ նրան լուռ-ու-մունջ ուղեկցելով հայրական տուն: Արձակուրդ երբեք չվերցրեց՝ նույնիսկ երբ տնօրենը Իտալիայի տասնօրյա ուղեգիր նվիրեց:

Որևէ ընկերուհի չուներ՝ ո՛չ աշխատավայրում, ո՛չ էլ աշխատավայրից դուրս: Հավանաբար բարեկամ էլ չուներ, որոնք անպայման ինչ որ պահի մահանում են, ու ակնկալում, որ գոնե իրենց վերջին հրաժեշտին կայցելեն: Միայն մեկ օր բացակայեց աշխատանքից՝ հոր թաղման արարողությանը:

Առաջին իսկ հայացքից ակնհայտ էր, որ երբեք չէր ամուսնացել, և վստահաբար չէր էլ ամուսնանա: Նրան ողջ էության մեջ հեշտ էր նկատել աներեր կույսի բնութագիրը, ով ճրագը ձեռքին անսասան հրճվանքով սպասում է իրեն ամբողջությամբ ավանդելու իր միակ նվիրական տիրոջը: Իսկ այդ տերը ամեն օր լինելով կողքին, նույնիսկ թույլ արձագանք չէր տալիս նրա այդ իղձի բավարարմանը:

Զբաղվում էր կադրային փաստաթղթավորմամբ, ու ամեն ինչով՝ ինչ որ տնօրենը կհանձնարարեր, գործընկերները կամ այցելուները կխնդրեին, կամ ինքն էր գտնում: Անընդհատ զբաղված էր՝ նույնիսկ ընդմիջմանը չէր հասցնում դուրս գալ, կամ գոնե խոհանոցից օգտվել՝ մի թերթ էր փռում համակարգչի առաջ, դուռը փակում ու արագ կլանում երշիկով ու պանրով բրդուճը, որը նրա համար պատրաստում էր հոգատար տնտեսուհին:

Այդ սենյակի ողջ տեղեկատվությունը, և շատ ավելի, պատճենահանված էր նաև Ալվարդի ուղեղում: Անգիր գիտեր բոլորի հասցեները, հեռախոսահամարները և այլ կարևոր ու անկարևոր տվյալներ, կայացված որոշումների բովանդակությունը, և այն ողջ անցյալը, որը պարփակված էր փաստաթղթերի այդ ահռելի կույտում:

Միշտ շփվում էր ծառայողական ժպիտով: Ոչ ոք չէր հիշում, որ որևէ գործընկերոջ կամ այցելուի հետ բանավիճեր կամ ընդվզեր; բացառությամբ տնօրենին տիկնանց նկատմամբ վերաբերմունքի: Համբերատար ու հոգածությամբ ունկնդրում էր բոլորի դժգոհությունները, մտահոգությունները, սփոփում կամ գոտեպնդում: Իսկ ինքը անձնական ոչինչ չէր պատմում. ո՛չ անցյալից ու ո՛չ ներկայից: Նա միակողմանի խոսակցության տիպիկ կերպար էր, ավելի միակողմանի՝ քան վճարովի հոգեբանը:

Նրա անբասիր կերպարը երերում էր միայն այն պահին, երբ հայտնվում էր տնօրենը: Ծառայողական ժպիտը ճմրթվում էր, լսողությունը՝ անհայտանում, ձայնը՝ խլանում: Տնօրենը նրան գոտեպնդելու համար մեղմ ժպտում էր կամ կատակում, սթափեցնելու համար՝ գոռում կամ զայրանում: Բայց ոչինչ չէր օգնում. արդյունքում՝ տնօրենի հեռանալուց հետո մյուսներից փորձում էր ճշտել. թե տնօրենը իրեն ի՞նչ հանձնարարեց, արդյո՞ք տնօրենը իր վրա էր զայրացած, արդյո՞ք կատակի մեջ իրեն ուղղված զայրույթ չկար; արդյո՞ք իր կատարած աշխատանքից գոհ է՞ր:

Իսկ երբ այդ պահին շուրջը ոչ ոք չէր լինում, ապա մտատանջվում էր ենթադրություններով. տնօրենը իրեն հանձնարարություն տվեց թե՞ ոչ: Լինում էր նաև եզակի դեպքեր, երբ անխիղճ մեկը որոշում էր կատակել` Ալվարդին սխալ հանձնարարություն հաղորդելով: Սակայն, տնօրենը և աշխատակիցները համակերպվել էին այդ անմեղ հանգամանքին, ու հիմնականում ժպիտով էին վերաբերվում նրա այդ փոքրիկ թուլությանը:

Երբ հայտնեցին հոր մահվան բոթը, չընդհատեց աշխատանքը, սակայն իրիկնամուտին սովորականից վաղ շարժվեց տուն: Հաջորդ օրը ցայգին աշխատանքի էր՝ գործընկերների զարմացած հայացքների ներքո՝ միգուցե դիակով փոքրիկ տան ներսում իրեն շատ ավելի վատ կզգար:  Թաղման օրը աշխատանքի չեկավ, սակայն մյուս ցայգին արդեն աշխատավայրում էր: Ոչ յոթ ու քառսունք, ոչ որևէ այլ դեպք արդեն ի վիճակի չէին նրան հետ պահել աշխատավայրից:

Դժբախտությունը գալիս է այնժամ ու այնտեղից, երբ ամենաքիչն ես սպասում: Ալվարդի դեպքում, այն եկավ երազի տեսքով:

Երազում պարահանդես էր, շուրջ բոլորը աղոտ զույգերը էին: Հագին ալ կարմիր երկար շրջազգեստ էր, որը երբեք չէր ունեցել: Երաժշտությունը համարյա չէր լսվում: Դիմացը տնօրենի թույլ ժպտացող պատկերը հայտնվեց, ու ձեռքը մեկնեց իրեն: Բնազդորեն բռնեց ու իրեն զգաց նրա երանավետ գրկում: “Անմնացորդ քոնն եմ: Վերջապես գնահատեցիր անսահման անձնազոհությունս և հավատարմությունս”, — լսելի թե՞ մտքում շշնջաց նա: Տնօրենի ձեռքերը սկզբում մեղմորեն, իսկ հետզհետե ավելի ու ավելի ուժեղ էին սեղմում մարմինը, այնքան որ սկսեց շնչահեղձ լինել, ու սարսափով նկատեց, որ սիրելիի ձեռքերը վերածվել են իրեն գալարված բազում օձերի; իսկ տնօրենի մեղմ ժպիտը՝ ահուսարսուռ քրքիջի՝ կողքից այլ բազում քրքիջներով խառնված:

Արթնացավ ողջ մարմինը սառը քրտինքով պատված, ու մի տաս րոպե փորձում էր ինքն իրեն համոզել, որ դա ընդամենը երազ էր՝ սովորական անցողիկ մղջավանջ: Սակայն, երբ առավոտյան սովորականի նման մտավ գրասենյակ, ու ձեռքն առավ գրանցամատյանը; հասկացավ, որ այս մի երազը հեռու էր անցողիկ լինելուց: Անշարժ նստեց մոտ տասհինգ րոպե, երբ աշխատակիցներից մեկը մտավ սենյակ, ու ձայնեց: Ուշացած ու ալարկոտ արձագանքեց, ու ինչ որ անիմաստ պատասխան տվեց. աշխատակիցը ոչինչ չհասկանալով հեռացավ:

Այդժամ գիտակեց, որ ինքը արթնացել է ոչ միայն մղձավանջից, այլ ինքն իրենից: Հետ նայեց. վատնած երիտասարդություն և էլ ավելին: ՞Չէ, ամեն ինչ այդպես չէ.՞- ընդվզեց ներքին ձայնը, — “Այդ ողջ ընթացքում համարյա ամեն օրը անցկացրել ես նրան այդքան մոտ, վայելել նրա ներկայությունը, անմնացորդ ծառայել նրան: Դրանցի ավելի էլ ի՞նչ կարող էիր երազել:”

“Եվ բացի այդ, վայելում եմ գործընկերիս հարգանքը և վստահությունը, ունեմ ապահով վարձատրվող հարմարավետ աշխատանք, կազմակերպության սյուներից եմ՝ անփոխարինելի աշխատակից, օգնել եմ շատերին, ոչ մեկին վատություն չեմ արել, ….” – ավելի վստահ շարունակեց Ալվարդը, սակայն խորքից մի համառ ձայն դաժանաբար կրկնում էր. “Ոչինչ, ոչինչ, ոչինչ,…”:

Փորձից վերհիշել թե ե՞րբ և ինչո՞ւ հմայվեց տնօրենով, չէ որ ոչ մի կերպ չէր համապատասխանում ցանկալի տղամարդու իր կերպարին, փոխադարձ ոչ մի զգացողություն չէր արտահայտել ու նույնիսկ ոչ մի հաճելի վերաբերմունք այսքան տարիների ընթացքում: Ինչո՞վ էր ինքը պակաս մյուս սիրո օբյեկտներից, չէ որ ինքն էլ տարիներ առաջ երիտասարդ էր, հաճելի, կրթված, …

“Վերջ պետք է նրան ասել այս ամենը և հեռանալ: Չէ, որ քաջատեղյակ էր զգացմունքներիս, կարող էր տարիներ առաջ բացատրվել հետս, կամ ուղակի ազատել աշխատանքից; ու հիմա այլ կյանք կունենայի՝ լավ թե վատ, կարևորը որ դա չէր լինի … Ոչինչ:”

Տնօրենը մտավ գրասենյակ, ու սովորականի նման քմծիծաղով բարևեց: Ալվարդը չպատասխանեց ողջյունին, տխուր հայացքը հառեց նրա վրա ու ցանկացավ իր ողջ ուժերը հավաքելով ասել տարիների կուտակվածը՝ ամբողջությամբ, առանց պաթոսի, առանց հեծկլտոցի, առանց խղճահարություն հարուցելու, առանց….

Տնօրենը արդեն հեռացել էր:

Ալվարդը մեջքով շրջվեց դեպի դուռը, գլուխը առավ ձեռքերի մեջ ու լուռ արտասվեց: Հետո արցունքների հետքերից մաքրեց աչքերը, երեսը, հագուստն ու գրասեղանը, ու անցավ առօրյա անելիքներին:

Ոչ ոք որևէ փոփոխություն նրա հոգեվիճակում ու կենցաղում չնկատեց, ոչ այդ օրը և ոչ էլ հետո:

Մեկ տարի անց տնօրենը տեղափոխվեց հեռու փոքրիկ քաղաքում թեթև աշխատանքի, ու իր հետ տարավ Ալվարդին, նրա համար աշխատավայրին մոտ վարձելով մի փոքրիկ սենյակ: Թոշնել էր, սակայն շարունակում էր աշխատել նույն անմնացորդ նվիրումով՝ ցայգից մինչ ուշ երեկո, առանց հանգստյան ու տոն օրերի, առանց արձակուրդի:

Գնել Խաչատրյան

20.01.2017թ.

Երկար Ձեռքերով Աղջիկը

Գիտեի Երկար Ձեռքերով Աղջկա միայն անունը. ո՛չ ազգանուն, ո՛չ հեռախոսահամար, ո՛չ հասցե, ո՛չ էլեկտրոնային հասցե, ոչ Վայբեր/Վոթսափ, ո՛չ որևէ սոցիալական ցանցում առկայություն, ո՛չ որևէ ծանոթ, ո՛չ աշխատավայր, ո՛չ …: Կարծես այս աղջիկը քսանմեկերորդ դար դեռ չէր մտել,  երբ անհասանելի լինելը շատ ավելի բարդ է:

Միգուցե անունն էլ հորինված է: Սակայն Երկար Ձեռքերով Աղջկանից նման խորամանկության մասին մտածելն իսկ մեղք էր: Եթե իմանայի, որ նորից կհայտնվեմ այս քաղաքում, ապա նրան գտնելու ինչ որ հնար կմտածեի, իսկ այժմ ողջ հույսս այս թատրոն հաճախելու նրա սովորությունն է:

Երբեք չի ուշանում: Ներկայացումը երեկոյան 6:30 է սկսվում: Տունը քայլքի հեռավորության վրա է՝ լայնարձակ նորառակառույց պողոտայից այն կողմ: Պողոտան Երկար Ձեռքերով Աղջիկը միշտ միայնակ է անցել ու անէացել բարձր պատսպարված շինհրապարակի կողքով: Կառուցապատվող շինության պարիսպների հետևում կամ մերձակայքում բնակելի թաղամասը չէր երևում, որտեղ նա ապրում էր ծնողների հետ: Սոճենուց այն կողմ արգելված էր ուղեկցել, այնպես որ սոճենու ներքո ցտեսությունը տասնյակ րոպեներ էր տևում:

Բախտս բերել էր, որ սոճենին տարվա այդ եղանակին սաղարթախիտ էր. ձգձգվող ցտեսությունը ծածկող այդ վայրով հազվադեպ անցնող օտարների հանդիմանող հայացքներից: Աշխարհի այս անկյունում ցուցադրելի կարող է լինել միայն ու միայն ավանդապաշտ ամուսնական ընտանիքը:

Երկար Ձեռքերով Աղջիկը միշտ ժամանում է ներկայացման սկզբից տասհինգ րոպե առաջ: Կանգնում է դահլիճի մուտքի դիմաց գտնվող մոտակա սյան մոտ և քարանում թույլ անհայտ ժպիտով, մինչև որ հանդիսատեսին կհրավիրեն դահլիճ: Նա ամենավերջին է շարժվում դահլիճ՝ կամացուկ տեղավորվելով մոտակա ազատ նստատեղին:

Հենց այդ քարացման մեջ էլ առաջին անգամ նկատեցի այդ անսովոր էակին: Զգուշաբար, գաղտագողի ու շուրջ բոլորը սևեռուն դիտեցի՝ հասկանալու, թե ինչո՞վ է նա այդպես անսովոր: Եթե տղա լիներ, անվերապահ կենթադրեի, որ ծառայել է դրոշը հսկող զինվորական հերթափոխում՝ ձգված անշարժ մարմին, անորոշ կետի սևեռված չթարթվող աչքեր, ոչինչ չասող հայացք, ձեռքերը անշարժացած կոնքից ուղիղ հինգ սանտիմետր հեռավորության վրա: Ու այդ դիրքում որևէ անհարմարության զգացողության չարտահայտում րոպեներ շարունակ:

Սակայն շուտով հասկացա, որ ասովոր էակը նկատել է հետաքրքրությունս, և թված կամ միգուցե ինքս ինձ համոզեցի, որ նրա սև աչքերի ժպիտը աշխուժացավ ու նույնիսկ քաղցրացավ; չնայած ողջ մարմինը շարունակեց անշարժացած մնալ:

Միգուցե այդ ժպիտը օգնեց հասկանալու անսովորության զգացողության հիմնական պատճառը՝  ողջ մարմնի համեմատ անհամաչափ երկար ձեռքերը: Երկար ձեռքերի գաղտնիքը նա մի օր բացահայտեց՝ առանց իմ հարցնելու, սակայն խնդրեց խոստանալ, որ ոչ ոքի չեմ պատմի:

Առաջին հայացքից Երկար Ձեռքերով Աղջիկը ավելի շատ անսովոր էակ էր, քան կենդանի աղջիկ: Սակայն, երբ ներկայացումից հետո ժպտաց ու սկսեց զրուցել ինձ հետ, ողջ անսովորությունը իր տեղը զիճեց զգայուն հմայքին՝ այնքան փխրուն, որ երկյուղում էի, որ մի փոքրիկ անզգույշ խոսքը կամ նույնիսկ հայացքը կարող է անվերադարձ փշրել այդ ողջ բյուրեղյա պատկերը:

Ժամը ուղիղ վեցն է: Կարելի է նստել թատրոնի դիմացի աստիճաններին, ու սպասել: Նրա քայլվածքը հազարի մեջ էլ կարելի է նկատել: Խիստ ուղաձիգ քայլվածք ունի՝ կարծես ոչ թե ինքն է քայլում՝ այլ ոտքերի տակ հողն է սահուն նահանջում: Ներկայացման սկզբին դեռ կես ժամ կա, դժվար թե այս կես տարվա ընթացքում նա խախտած լինի “տասնհինգ րոպեի” իր սովորույթը:

Հանդիսատեսի ներհոսք դեռևս չի նկատվում: Այս թատրոնը հեռու է քաղաքի աշխուժությունից, եթե ընդհանրապես այս քաղաքում աշխուժություն ինչ որ տեղ, բացի ճաշարաններից, կարելի է հանդիպել: Այս վայրը էլիտար մեռյալ թաղամաս է՝ շքեղ շինություններով ու կանաչապատ տարածքներով ծածկված:

Այսօրվա ներկայացումն էլ կարծես ամենասպասվածներից չէր: Վերնագրից ու հեղինակից կարելի է ենթադրել, որ մի քանի միջակ դերասաններ փորձելու են վաղուց մեռած թեման նորովի աշխուժացնել՝ համեմելով այն մեկ-երկու գայթակղիչ դերասանուհիներով, ու ավանգարդ ձայնային ու լուսային մատուցմամբ:

Սակայն եթե նույնիսկ Երկար Ձեռքերով Աղջիկը այս ներկայացումը նախկինում դիտած էլ լինի ու նույնիսկ ձանձրացած, ապա միևնույն է, նորից այցելելու է, որովհետև մնացած ամեն ինչ աշխարհի նրա այս անկյունում շատ ավելի ձանձրալի է:

Տաս րոպե էլ անցավ: Մի հինգ րոպեից նա կհայտնվի. ամենայն հավանականությամբ՝ ձախ կողմում գտնվող բարձր ծառերով ծածված ճեմուղուց: Դա իրենց տնից թատրոն ձգվող ամենակարճ ճանապարհն է: Կես տարի առաջ միշտ այդ ճեմուղով էի նրան ուղեկցում մինչ ճանփաբաժան սոճենին:

Սակավաթիվ հանդիսատեսներ սկսեցին հայտնվել: Հիմնականում երիտասարդ մելամաղձոտ զույգեր ու տարեկան աբոնիմենտ ունեցող թոշակառու կանայք: Մելամաղձոտ զույգերն այնքան արտիստական կերպարով էին շղարշված, որ չէի զարմանա, եթե նրանց տեսնեի հենց բեմի վրա: Զույգերից ոչ մեկը մյուսին երկար չսպասեցրեց: Նրանցից մեկը նույնիսկ փոքրիկ ծաղկեփունջ նվիրեց հուզված աչքերով իր ընկերուհուն՝ արժանանալով ամաչկոտ ակնթարթային համբույրի:

Իսկ տեսնես ինչպե՞ս կընդունի հայտնվելս: Չէ, որ ո՛չ նա և ո՛չ էլ ես չգիտեինք, որ նորից հայտնվելու եմ այս քաղաքում, այն էլ ընդամենը կես տարի հետո: Երևի նույնիսկ չնկատի ինձ, երբ անցնի կողքովս; չհավատա ականջներին, երբ լսի իր անունը; չհավատա աչքերին, երբ շրջվի ու տեսնի ինձ: Հավանաբար, քարացած կանգ կառնի, ինչպես առաջին անգամ տեսա նրան՝ ժամապահ զինվորի նման; շունչը հազիվ հետ կբերի, որպեսզի ուշքի գալով շշնջա անունս,…

Ձախ ճեմուղում աղջկա աղոտ կերպար հայտնվեց՝ կտրելով ինձ անչափ հաճելի երևակայությունից: Ուր որ է դուրս կգա ծառերի ծածկույթից ու կես տարի հետո նորից կտեսնեմ Երկար Ձեռքերով Աղջկան: Այդտեղից նրանից բացի հազվադեպ են մարդիկ հայտնվում, այն էլ այս ժամին պետք է որ նա լինի:  Սակայն, ծառերի ստվերից դուրս ձգվող այդ մի տասը մետրը նա անցավ անսահման երկար ժամանակում; ու պարզ դարձավ, որ նա՝ նա չէ:

Մեր երրորդ ու վերջին հանդիպմանը սաստիկ դողում էր՝ չնայած այնքան էլ ցուրտ չէր; այնքան որ չկարողացավ հրաժարվել միասին սրճարան մտնելու վտանգից: Սրճարանի լայն սրահում հիսունի չափ տեղացի տղամարդիկ կային ու մի քանի ազատ սեղան կենտրոնում: Խեղճացած նայեց ինձ, սակայն մոտակայքում որևէ այլ տաքուկ սրճարան չկար; իսկ նրա մարմնի դողը էլ ավելի էր ահագնացել: Եռացող թեյ պատվիրեցինք: Նստել էր հպանցիկ, ու թաք թեյի բաժակները ձեռքերով ամուր գրկելու փոխարեն, փորձում էր թաքանալ իմ սառը ձեռքերով: Նրա աչքերը, երբեք այդպես չէին առկայծել; և նույնիսկ հիսուն տեղացի տղամարդկանց թշնամական զայրացած հայացքները այդ փայլը կոտրել չէին կարողանում:

Տաս րոպե է մնացել մինչև ներկայացում: Եթե այլ աղջիկ լիներ, ապա կարելի էր մեկ ժամ ուշանալու դեպքում էլ դեռ չանհանգստանալ; բայց նրա դեպքում՝ հինգ րոպեն էլ արդեն սարսափեցնող էր: Ինձնից ավելի շուտ գալը քիչ հավանական էր: Միգուցե այլ վայրում է ապրում, և այժմ ստիպված է տրանսպորտով գալ՝ քայլելու փոխարեն: Կարևորը որ գա, ինչքան էլ որ ուշանա, միևնույն է, ոտքերիս չեմ կարող համոզել հեռանալ:

Վերջին հրաժեշտին շատ էի ցանկանում խոստանալ, որ շուտով կվերադառնամ, որ ամեն ինչ դեռ առջևում է ու շատ պայծառ; սակայն այդ ամենը չափազանց անիրատեսական էր բարձրաձայն արտահայտելու համար: Այս քաղաքում պատահական էի հայտնվել, ու նորից այնտեղ լինելու որևէ ծրագիր չունեի: Երկար Ձեռքերով Աղջիկը վիրտուալ աշխարհում գոյություն չուներ; իսկ հեռախոսահամարը տալ չցանկացավ՝ շատ տանջալի կլիներ տղայի զանգին անորոշ սպասումը՝ առանց նրան նորից տեսնելու փոքր ինչ հույսի:

“Եթե մեզ վիճակված է նորից հանդիպել, ապա մենք անպայման կհանդիպենք, դրա համար, որևէ հեռախոսահամար կամ վիրտուալ կապ պետք չէ: Չէ, որ մենք արդեն հանդիպեցինք:” — Երկար Ձեռքերով Աղջկա համոզմունքը անդրդվելի էր:

Վաղ առավոտյան եմ հայտնվել այս քաղաքում՝ այն էլ միայն երկու օրով: Այցելությունս անակնկալ ստացվեց՝ կարելի է ասել վերջին պահին: Քաղաքը ինձ արևոտ մեղմ հրաշալի եղանակով դիմավորեց: Կանաչապատ ծառերը հանդարտ պարում են զեփյուռի շարժից: Ծառերի ներքո նորաբաց սրճարան է, սակայն այնտեղ նույնպես սակավամարդ է, իսկ երաժշտությունն էլ այնքան ցածր, որ խլանում է զեփյուռի մեղմ շարժից:

Ներկայացման վերջին հանդիսատեսը եկավ, հիսունին մոտ շպարված տիկին: Ինձնից հետաքրքվեց ընկերուհու մասին՝ մանրամասն բնութագրելով նրա արտաքինն ու բնավորությունը, ու հատկապես, որ ուշանալու սովորություն ունի; ու որ միգուցե այս անգամ արժե պատժել ընկերուհուն՝ հատկապես որ տոմսերը իր մոտ են: Ես ժպտալով ասացի, որ իմ ընկերուհին երբեք չի ուշանում, թեկուզ և մեկ րոպե: Քիչ անց նրա ընկերուհին հայտնվեց ու շտապեցին ներս:

Ներկայացումից արդեն տասնհինգ րոպե է անցել: Պարզ էր, որ Երկար Ձեռքերով Աղջիկը չէր կարող ուշացած թատրոն մտնել: Երևի այսօր քիչ ավելի ձանձրալի կամ միգուցե շատ ավելի հետաքրքիր ինչ որ անելիք ուներ: Զեփյուռը անհայտացել էր, օրը մռայլվել, իսկ սրճարանից հաստագլուխ երգ էր սփռվում:

Աստիճաններից բարձրացա, վերջին անգամ նայեցի դեպի ձախ ճեմուղուն, ու նույնիսկ աջ երկար ձգվող ճանապարհին ու մայթին, չնայած վստահ էի, որ ավելորդ էր: Կասկած չկար, որ դանդաղաքայլ հեռանալու ընթացքում շարունակելու էի անիմաստ հետ նայել՝ մինչև որ ձախ ճեմուղին անհայտանար տեսադաշտիցս: Ուշանալու համար անշուշտ մեղավոր չէր. չէ որ չգիտեր, որ թատրոնի աստիճանների մոտ իրեն սպասող կա՝ անհայտանալուց կես տարի հետո:

Վաղը նորից կսպասեմ երեկոյան ժամը 6:00-ին՝ ներկայացումից կես ժամ առաջ, չնայած վստահ եմ, որ այստեղ կլինեմ առնվազն 5:45-ից: Չեմ ցանկանում մտածել, որ Երկար Ձեռքերով Աղջիկը վաղը նույնպես այլ զբաղմունք կնախնտրի; չէ որ վաղը վերջին օրս է այս քաղաքում:

Գնել Խաչատրյան

17.01.2017