Անվերնագիր

Տունը՝ բաղկացած մեկ սենյակից, հիմա ունի ծով, անապատ և փոքրիկ անծայրածիր երկինք, որը մեղմորեն ծածկել է մյուս երկուսին՝ պաշտպանելով սառնամանիքից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և օտարների կասկածամիտ աչքերից։ Ծովը պարուրել է անապատին՝ սենյակի միջնամասում, ու խաղում է նրա վարսերով։ Մանկամիտ խաղերից աննկատ ծնվում է սերը, պատրանքից դառնալով զգացմունք և տարփանք։
Երկնի կապույտ աչքերը հիացմունքով և գորովանքով են դիտում ուժգնացող սիրազեղումներին։ Երկինքը հուսավառ և հեռատես է. միգուցե այս սիրուց ծնվի հրաշք մի երևույթ՝ հետագայում դառնալով իր հարսնացուն։
Եռյակը մոռացել է սենյակի անկյունում կծկված, ակնդետ իրենց ուսումնասիրող անձին։ Հյուրընկալությունը մոռանալ տվեց իսկական տանտիրոջը։ Նախկին հյուրերը իրենց անուններն ու ապրումները նկարեցին պատերին և հեռացան՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ, իսկ սրանք մնացին՝ ավելի խորացնելով տանտիրոջ միայնության զգացումը։
Ի՞նչ հույսով լցվեց պատերին թողնված բառերի այս հոծ բանակը։ Եռյակը կարդալ չգիտի. նա ուրիշ հրճվանք ունի։ Ծնվելիքը նույնպես չի կարդա՝ նմանվելով ծնողներին։ Մնում է տանտերը; Նա կգնա, և այստեղ այլևս տառագետներ չեն բնակվի։
ժամանակին նա էլ փորձում էր ստեղծել նոր մի բան՝ գերազանցող հյուրերի սիրուց ծնվելիքին; Կենդանացնի՞ այն, թե սաղմը կմիանա չծնվածներին՝ բարբառելով և գովերգելով իր աներեվույթ ու մեռած աստծուն։
Դրսում ամեն ինչ շարժվում է, եվ կենդանի մարդիկ շատ կան. դրանում համոզվեց պատուհանից դիտելով։ Դրսի երկինքն էլ նման է ներսինին, սակայն ամուսնացած է։
Տունը հսկող շները վաղուց ազատ են արձակվել։ Նրանք թափառեցին մարդկանց ու երևույթների մեջ և այլևս ետ չդարձան՝ բացառությամբ մեկի։ Վերջինս՝ մի հսկա գամփռ է, որն ամեն անգամ փորձում է մտնել տուն, բայց ազատության բնազդը նրան քշում է դեպի շարժվող զանգվածը :
Գուցե տաղտուկն ու միայնությունը, կամ էլ վերջին հյուրերի ներկայությունից անճանաչելի դարձած տունը նպաստեցին շների օտարացմանը։ Ո՞վ գիւոե…Բայց տերը վստահ է՝ նրանք կվերադառնան։
Անապատը վիժեց։ Նա շատ էր դեռահաս առողջ ծննդաբերության համար։ Դրանից ճակատը մռայլվեց, այտերը կորցրին հմայիչ կարմրությունը։ Ծովն իրեն մեղավոր էր զգում, և փորձում սփոփել կնոջը։ Նրանք հեռացան՝ իրենց հետ տանելով հիասթափված երկնքին։
Նոր հյուր հայտնվեց՝ չնկարագրվող։ Նա իր հետ բերել է գամփռին, որն արդեն ճանաչեց իր տիրոջը և հայրենի օջախը։ Հյուրը կօգնի կարգավորելու սենյակը՝ պատրաստ մեկ ուրիշին օթևան դառնալու։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s