Երազ

Տղան վերցրեց գնդակը։ Այն դատարկ էր։ Ցանկացավ համոզվել դրանում՝ պատռեց։ Գնդակը դատարկ էր։ Ափսոսաց… գոնե հույսը կմնար։ Մինչդեռ գնդակը արտասվում էր։ Դարչնագույն արյունը հոսում էր պատռվացքներից, որը տղան, խենթացած իր երազների փշրվելուց, չէր նկատում։
Իսկ գնդակներ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Վերջ, այլևս ոչ մի գնդակ պետք չէ. նա արդեն երեխա չէ։ Պառկեց, ընկղմվելով կապույտ երազների երանավետ գիրկը։
Դարչնագույն արյունը սկսեց նեխել, և տղան արթնացավ անախորժ զգացումով։ Վերմակը, որ մինչ քնելը կապույտ էր, դարձել էր դարչնագույն, տհաճորեն ձգվելով չորացած արյունից։ Փորձեց բարձրանալ անկողնուց, սակայն ինչ որ ամուր ձեռքեր գրկել էին նրան։ Այնժամ զզվանքով նկատեց տղամարդուն, որն ամուր սեղմվել էր թիկունքին։ Նա նույնքան դարչնագույն էր, որքան անկողինը, և տղային թվաց, որ ինչ որ տեղ տեսել է նրան, կամ գուցե՝ կարդացել։ Դարչնամարդը սկսեց խեղդել, և տղան ուրախությամբ նկատեց, որ ինքը դեռևս քնած է։ Եվ վարձահատույց եղավ քնին՝ նորից փակելով աչքերը։
Պանը նվագում էր անկողնու մոտ։ Զարմանքով նկատեց, որ չի վախենում նրա ներկայությունից; Ավելին, զմայլված լսում է երաժշտությունը, որն այնպես ծանոթ էր, այնպես հարազատ, բայց այնպես հեռու։ Թիկնեց անկողնում, և տրվեց վաղուց կորցրած երաժշտությանը։
Փոքրիկը ցատկռտելով ծերուկին ուղեկցում էր դեպի քարե դուռը։ Հասնելով հսկա քարին, հրեց այն, և քարը գլորվեց՝ բացելով դամբարանը, որտեղ դեռևս ոչ ոք չէր թաղվել։ Ծերուկը հազիվ նշմարեց իր հավիտենական անկողինը։ Նա հազիվ էր հասցրել պառկել, երբ փոքրիկը դղրդոցով ետ հրեց քարը։ Եվ խավար եղավ։
Դամբարաններ շատ կան՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, անգույն…
Դրանք տղան արդեն չէր ցանկանում։ Նրան Պանն էր գերել՝ իր այլանդակ արտաքինով և հիասքանչ երաժշտությամբ։ Բայց Պանը գնացել էր։ Տղան դա նկատեց, երբ վերջապես բացեց աչքերը, որոնք համառորեն չէին ցանկանում բացվել։ Բայց ինչ որ բան մնացել էր. գուցե երգը։ Ոչ, երգը չկարողացավ հիշել։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s