ԽԵԲՕ

Նրա մանկությունը հստակ նախորոշում էր ապագան: Սովետական մեծ ընտանիք, խեղճ ու աղքատ ծնողներ,  հեզ ու դատարկ աչքեր, ու վտիտ մարմին:

Չնայած թերթերում ծանոթ տառեր գտնելուց բացի նաև բառեր էր կարդում, այդպես էլ չհասցրեց սովորել տառերը մինչև վերջ՝ չորրորդ դասարանից տեղափոխեցին բանակ: Տայգայի ինչ որ մասում, որը չկար քարտեզի վրա, անհայտից եկող ու անհայտ գնացող ճանապարհի շինարարությանը մասնակցեց և սովորեց Խեբօ բառը, որը ռուսերեն ХБ բառն էր՝ բանվորական կոշտ ձեռնոցներ, որոնք այնքան կարևոր էին երկու տարվա ծառայության ընթացքում:

Բանակից վերադառնալուց հետո նրան աշխատանք տվեցին աղբի հավաքման գրասենյակում: Այն ուներ մեկ աղբատար մեքենա՝ իր վարորդով և երկու աղբ հավաքողով: Փոքրիկ քաղաքի երկու աղբ հավաքողներից մեկը նա դարձավ՝ կարճ ժամանակում դառնալով փոքրիկ քաղաքի ճանաչելի և օգտակար մարդկանցից մեկը:  Բանվորական ձեռնոցները այստեղ էլ էր անհրաժեշտություն, և քանի որ նա “ԽեԲե”-ին “ԽեԲօ” էր անվանում, նրա մականունը Խեբօ դրվեց, իսկ անձնագրային անունը բացի գրասենյակի գանձապահից բոլորը մոռացան:

Խեբօին արագ աշխատանք տվեցին՝ արագ էլ ամուսնացրին: Սվետա ռուսական անունով հարսնացուն ռուսական կամ իր անվանը համահունչ ոչինչ չուներ: Սվետան խիստ մուգ մաշկ ուներ, կարճահասակ էր և երկու ոտքից կաղ, իսկ կապույտ աչքերի կամ ոսկեգույն մազերի մասին խոսելն ավելորդ էր: Սակայն նա կենսուրախ էր, աշխատասեր ու մարդկանց հետ շփվող: Այս հատկությունները բացակայում էին Խեբօի մոտ, և նրանց ընտանիքը լիարժեք դարձավ:

Բարեկամների ու հարևանների օգնությամբ մի փոքրիկ տուն սարքեցին՝ իր փոքրիկ այգով, երեք երեխա ունեցան, որոնցից միայն փոքր տղան մոր նման երկու ոտքից կաղ ծնվեց, քաղցած ու տկլոր չմնացին:

Մի գիշեր հեռախոսի զանգից Խեբօն արթնացավ և վերցրեց հեռախոսափողը: Անծանոթ տղամարդու ձայն էր. “Խեբօ, դու քեզ համար հանգիստ քնած ես, իսկ քո կինը՝ Սվետան, գեղամիջում ինչոր տղամարդու հետ հաճույքների մեջ է:”

Կյանքում առաջին անգամ Խեբօի երակներում արյուն հոսեց, սիրտը անհանգիստ բաբախեց, շունչը կտրվեց: Նա սկսեց պատկերացնել իր Սվետային այժմ ուրիշ տղամարդու հետ: Ինչու…?

Սակայն հարցի հետ հիշեց, որ Սվետան քիչ առաջ անկողնում իր հետ քնած էր, և այժմ էլ ոչ մի տեղ չի շարժվել: Սառը քրտինք տվեց, անծանոթ ափսոսանք զգաց, արյան հոսքը դադարեց և այլևս կրկին չհոսեց մինչև իր կյանքի հանդարտ վախճանը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s