Ամանորը Գյուղում

Իմ Գյուղում Ամանորի խինդը փողոցից- փողոց տարածվում է հնչող վայնասուններով՝ իրենց մորթվելուն դեմ խոզերի անզոր վազքով, տապալումով ու խռխռոցով:

Երեխաները՝ ցրտից կարմրած թշերով ու փայլփլող հայացքով՝ նախանձով հետևում են թե ինչպես են երկու-երեք մեծահասակներ կամ պնդամարմին պատանիներ կարողանում գետնել ծանրամարմին խոզին և աքցանել իրենց մկաններով, մինչև որ նրանցից ամենափորձառուի խոզի կոկորդին հասցրած հսկա դանակի հարվածից խոզը արյունաքամ է լինում: Սրտին հարվածողները եզակի ղասաբներ են, իսկ հրացանով գլխին կրակողները՝ թուլամարմին որսորդներ:

Որքան շատ է նա պայքարում, փորձելով ազատվել աքցաններից, այնքան ավելի արագ է արյունաքամ լինում: Մինչև նրա վերջույթների թույլ ցնցումները՝ խոզին չի կարելի բաց թողնել – այլապես նա արյունով կպատի ողջ ձյունածածկ բակը: Խոզի արյունը կարմիր է ներկում ձյունը և պատկերում տարբեր նկարներ, մնացածը երևակայության խնդիր է: Արյան տաքությունից ձյունը մի քիչ հալվում է՝ կարծես նաև տաքացնելով խմբված երեխաների պատռտված կոշիկներում սառած ոտքերը:

Խոզին տեղավորում են տախտակների վրա և կրակե շիթով սկսում խանձելու և մաշկը մազերից մաքրելու արարողակարգը: Այստեղ երեխաներից մի քանիսին թույլ է տրվում սուր փոքրիկ փայտերով  մասնակցել մաքրմանը՝ միաժամանակ տաքանալով կրակե շիթի հարևանությամբ:

Մազից մաքրված խոզի ողջ մարմինը լողացվում է մի քանի դույլ եռացող ջրով, ու քնքշորեն ծածկվում կտորներով, որ մի լավ տաքանա ու փափկի: Մոտ քսան րոպե անց, երբ խոզը արդեն լավ տաքացել է, ինչպես մարդը շոգեբաղնիքում, մաշկը վերջնական մաքրվում է սուր դանակներով: Այդ պահին նա այնքան մաքուր է, փայլուն, տաք ու ժպտերես, որ կարծես ամանորյա տոնածառ լինի՝ երեխաներով ու նրանց երազանքներով շրջապատված:

Բոլորը՝ փոքր ու մեծ, մի պահ հիանում են նրանով, իսկ հետո յուրաքանչյուրը ստանում է իր ամանորյա նվերը՝ փոքրերը խոզի հում մաշկից կտորներ, իսկ մեծերը կրակի մոտ  թթի կամ անտառատանձի թունդ օղիների հետ խոզի խորոված փայծաղի, սրտի, թոքի, լյարդի և այլ սիրված կտորների վայելքը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s