Սարի Նանս

Բարև’, ալպիական մարգագետիններով և փոքրիկ անուշաբույր ծաղիկներով ծածկված Մուրղուզ սար, որտեղ նույնիսկ կովերի թրիքը անուշաբույր է: Սարի գագաթը ձուլվել է մառախլապատ ամպերին, իսկ լանջին տեղ-տեղ ծվարած անասնապահների փոքրիկ տնակներն ու գոմերը՝ սարին ու խոտին:

Մարդկանց ու կովերի բները արտաքնապես չեն տարբերվում, քանի դեռ ներս չեք մտել՝ տեսնելու այնտեղ պառկածներին: Նրանք էլ են սարի հետ ձմռանը անհայտանում ձյան հաստ շերտի տակ, իսկ ամռանը ամբողջությամբ ծածկվում խոտով ու ծաղիկներով: Նրանցից տարածվող օդը ներծծվում է ողջ մարմնովդ մեկ ու քեզ պատում ինչ որ անհուն տխրություն: 

Այժմ տնակները լքվել են, զավակներն ու թոռները հազվադեպ են այցելում: Երբեմնի աշխույժ ու մանկաշատ ամառային բնակավայրից մնացել են միայն պառավ նանս` քրոջ և մի քանի կովեր հետ: Նանս իրիկանալուսին կթում է սարալանջից կուշտ վերադարձած կովերին, կովերի հետ կիսվում անցած օրվա, արոտավայրերի, այս սարը և կյանքը լքած խստապահանջ ամուսնու մասին, փորձում հիշել յոթ զավակներից ու բազում թոռներից գոնե մի քանիսին, և գնում քնելու: Կովերը ցայգին են արթնանում, պետք է նրանց կթել, խնամել ու ճանապարհել:

Հավաքված կաթի, կաթից ստացվող չորաթանի, մածնի, պանրի ու կարագի պաշարը այս սառը վայրում առանց սառնարան կարող է երկար պահպանվել: Ճիշտ է կաթնամթերքի կեսը փչանում է, կամ զավակները չեն ցանկանում տանել, պատճառաբանելով, որ դեռ նախորդ տարվա տարածի կեսն էլ չեն օգտագործել, կամ որ տեղափոխելու համար բենզինի ծախսը ավելին է: Որքան էլ հետ համոզեն, մինչև մահ նա ամեն մայիս կվերցնի իր մեկ-երկու կովերը և կգա այնտեղ:

Արդեն երեք տարի երկու քույրերը իրար հետ չեն խոսում՝ նախընտրելով զրուցել իրենց կովերի հետ: Նույնիսկ հինգ ամսվա սարի լանջին կողք-կողքի նրանց զույգ մենությունը ի վիճակի չէ հարթել նրանցից ինչ որ մեկի կողմից մյուսի կովին քարով խփելուց առաջացած վիրավորանքը:

Այդ ամռանը վերցրեցի երկու հաստափոր գիրք ու տաք հագուստ, և որոշեցի մեկ շաբաթ շնչել սարերի օդը, թավալվել ալպիական մարգագետներում և կիսել նրանց մենությունը: Նրանց երկուսի զրույցից այդպես էլ չկարողացա կողմնորոշվել՝ թե ով էր մյուսի կովին քարով խփել, և իմ միամիտ փորձերը հաշտեցնելու նրանց՝ ի սկզբանե ձախողված էին:

Երկու օր հետո մենք արդեն երեք մենություն էինք, սակայն ամեն օր նանիս ինձ համար հատուկ պատրաստած “պանրով ձվածեղը” փոխհատուցում էր վեհաշուք սարերում միայնությունս:

Չգիտես ինչ է դա? – թեժ կրակ, որի լեզուները բարձրանում եմ թավայից վեր` ամբողջովին գրկելով նրան; մեծ թավա, որն անցյալում կերակերել է իմ նման տասի; թավան կիսով չափ լցված կովի յուղ, որի դեղին գույնը և զգլխիչ բուրմունքը պատում են ողջ զգայություններդ` մղելով քեզ շնչել նրան, զգալ ինչպես է այն հպվում շուրթերիդ, խենթացնում քիմքդ, թափանցում ողջ մարմնովդ մեկ; պանրի սպիտակ շերտեր, որոնք լողում են յուղի ստեղծած ծովում` սուզվում, բարձանում, խելահեղ պայքարում նանիս շերեփի հետ; և ձվի խառնված հոսք, որը ծածկում է ամեն ինչ, միաձուլվում պանրի և թեժ յուղի հետ: Ահա այդ ամենը կդառնա իրականություն, կհպվեմ նրան, ո’չ, կհարձակվեմ և ագահորեն կժռեմ…

Նանիս “պանրով ձվածեղը”, հաստափոր գրքերը և սարի հմայքը ինձ պահեցին հինգ օր, վեցերորդ օրը վերադարձա գյուղ իսկ հետո քաղաք:

Նանիս նորից տեսա հաջորդ տարի, այցելել էր վերջին ժամերը ապրող մահամերձ որդուն: Որդու մոտ լուռ նստեց մի քանի ժամ, մինչև որդին փորձում էր իր մանկությունից, սարից, հորից ու մորից անմոռաց պահեր վերհիշել, հետո ասած, որ երկու կովերին մենակ է թողել ու գնաց:

Գնել Խաչտարյան
28.01.2014թ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s