Աշխենը

Բաբա-Յագան մանկությանս մուլտֆիլմերում չկար, սակայն կար հարևան Աշխենը՝ բարձրահասակ, նիհար, երկար ձեռք ու ոտքով:

Նրա անդրանիկ որդին մեր դասարանում էր սովորում, կամ ավելի ճիշտ, չսովորում: Դպրոցից հետո տղաներով խաղում էինք մինչև տուն ձգվող փոշոտ կամ ցեխոտ ճանապարհին, և երբ Աշխենի որդու հագուստը ցեխոտվում կամ փոշոտվում էր, ապա Աշխենը իր երկար ոտքերով վազում էր մեր հետևից՝ բռնում և քոթակում:

Երբ արդեն բավականին մեծ էինք, Աշխենի երկար ոտ ու ձեռքից փախչելու համար, նրա որդին մեզ հետ այլևս չէր փոշոտվում կամ ցեխոտվում, ֆուտբոլ չէր խաղում, տարեդարձների կամ երեկույթների չէր մասնակցում, էլ չեմ խոսում կռվելու մասին: Աշխենը իր երկու որդիներին ու զույգ դուստրերին հեռու էր պահում բոլոր տեսակի վատ ազդեցություններից և իրավիճակներից:

Իսկ վատ մարդիկ ամենուր էին: Աշխենը ջանք ու եռանդ չէր խնայում նրանց դեմ պայքարելու՝ առանց թարս ու շիտակ անելու դուզը ճակատին խփող, իսկ մտքին եկածը ասող էր ՝ անկախ թե ով է դիմացինը կամ ինչ միջավայրում է գտնվում: Արդյունքում հարևանները և բարեկամները խուսափում էին շփվել: Միայն հարևան Մանուկն էր անհողորդ՝ ընդունակ Աշխենի լսելու՝ մինչև նստած տեղը քնելը:

Աշխենին երբեմն ընդդիմացող սկեսրայրը պարբերաբար ծեծ էր ուտում Աշխենի անգրագետ ամուսնուց: Սկեսուրը ավելի խորամանկ էր, ապրեց հեզ ու չխոսկան՝ հաջողացնելով մահանալ ամուսնուց առաջ:

Հաճելի արտաքինով ու բնավորությամբ զույգ դուստրերը դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ամուսնացան հարևան գյուղերում: Հարսանիքից հետո Աշխենի այցելությունները խնամիներին անհաջող էին՝ կամ տանը չէին, կամ ինչ որ կարևոր տեղ էին շտապում:

Դուստրերի գնալով տանը դատարկություն էր զգացվում՝ Աշխենի սիրտը հարս էր ուզում, հատկապես որ մեծ որդին հասել էր ամուսնության տարիքի: Բա մեկը չլիներ, որ լսեր իրեն: Աշխենը պահանջկոտ չէր՝ ուզածն էլ ընդամենը՝ իրենց քոլիցը մի ճիպոտ, մի հեզ կաթնակեր, մեծին հարգող, տան նիստ ու կացին հարմարվող, համեստ, հագ-ու-կապը նամուսով: Հարսին պահելն ու դաստիրակելն իր վրա, ոչինչ որ ճաշ պատրաստել չիմանա՝ կսովորեցնի:

Աշխենը դես-ու-դեն հարցրեց, ու գտավ հարմար մեկին: Կանչեց որդուն, տվեց մի շոկոլադե սալիկ ու մի տուփ աղացած սուրճ, և ուղարկեց գյուղի մյուս թաղամասում ապրող աղջկան ուզելու: Աղջկա ընտանիքը հյուրընկալեց Աշխենի որդուն, սակայն աղջիկը մերժեց ամուսնանալ և ոչ էլ ցանկացավ շփվել:

Աշխենի զայրութին սահման չկար: Եթե այդ աղջկա տունը այդքան հեռու չլիներ, ապա կթողներ տան բոլոր գործերը և կգնար դրա ծնողների հետ հաշիվները հենց հիմա մաքրելու: Դրանց տես, քիչ չէ իր ոսկու պես դաստիրակված որդուն աղջիկ չտվեցին, դեռ շոկոլադե սալիկն ու սուրճ էլ պահեցին իրենց: Ոչինչ, մի օր դրանք իրեն կհանդիպեն:

Աշխենի մեծ որդին տեղափոխվեց Ռուսաստան, մի քանի տարի հետո եկավ ու իրենց քոլիցը մի ճիպոտ տարավ: Որով, Աշխենը այդ հարսից բան չհասկացավ:

Փոքր որդին տուն հարս բերեց: Բայց Աշխենի ուրախությունը կարճ տևեց՝ կյանքն ավելի դաժան գտնվեց: Աշխենը հեշտ ջարդվողը չէր, բայց ջարդվեց՝ դարձավ ստվեր:

Գնել Խաչատրյան
03-11-2014

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s