Սարգիս ամին ու էշը

Սարգիս ամին ու էշը

Թե երբ կամ ինչի համար Սարգիս ամին խռովեց աշխարհից ու մեկուսացավ իր էշի հետ, ոչ ոք կարևորություն չտևեց: Դե մարդ է, մի օր նեղվածությունը կանցնի, հատկապես, որ իր մեկուսացմամբ ոչ մեկին չի վնասում: Օրը դարձավ ամիս, տարի, իսկ հետո բոլորի համար Սարգիս ամու ու էշի մեկուսացումը սովորական դարձավ:

Նրանց տան նկուղը տարիներ առաջ ջրով լցվեց: Հարևանները եկան ու ուրախությամբ հենց այդտեղ աղբույր սարքեցին՝ տարածքում աղբյուրի խիստ պակաս կար: Այնպես որ բակը միշտ լիքն էր ցեխով ու ջրի եկած հարևանների աղմուկով: Հատակից ու պատերից խոնավություն էր տարածվում տան կահույքի ու ներքնակների մեջ՝ կածես ջրի վրա պառկեիր, իսկ օդում ներծծված տհաճ խոնավությունը տարվա ոչ մի եղանակին հեռանալու միտում չուներ:
Վտանգ կար, որ մի օր այդ ջուրը իր հետ կտանի նաև տան հիմքերը:

Իբր դա քիչ էր, դստեր վրա օձ էր սիրահարվել: Ասում էին շատ գեղեցիկ նախշեր ունի, վառ ու տաք գույներ, իսկ երկարությունը մի երկու մետր կլինի: Օձը ժամանակ առ ժամանակ հայտնվում էր դստեր մոտակայքում ու ակնդետ հմայված դիտում: Այնպես որ դստերը վաղ հասակում ստիպված էին ամուսնացնել՝ օձի թունավոր խանդից փրկելու համար:

Նկուղում օրեցոր տարածվող ջուրն էր պատճառը՝ ծանր քրտինքով ստեղծաց տան կորստի վտանգով; թե օձից էր վախեցել կամ հոգնել ջրի եկած հարևանների աղմուկից; թե մի այլ շատ կարևոր պատճառ կար; ոչ ոք նրան չհարցրեց: Նույնիսկ կինը՝ խոնարհ, աշխատասեր, շփվող ու բարի, նախընտրեց ավելորդ չջղայնացնել; հատկապես, որ ամուսինը վատ մարդ չէ՝ չի հարբում, չի հայհոյում, չի գոռգոռում, երեխաներին ու կնոջը չի ծեծում, ոչինչ չի պահանջում և նույնիսկ չի ծխում: Ոնց էլ չլինի, մի օր նորից կխոսի:

Սարգիս ամին ցայգին՝ էշի հետ գնում էր անտառ; մթնաշաղին՝ էշին ու իրեն ցախով բեռնած՝ վերադառնում տուն: Ճանապարհին հանդիպող մարդկանց բարևներին կամ հարցերին երկուսն էլ գլուխները մի քիչ բարձրացնում էին, ու նորից կախում ներքև: Այդ շարժումը և՛ բարև էր, և՛ զրույց, և՛ չանհանգստացնելու հորդոր:

Էշին երբեք չէր նստում, և ոչ էլ վզից թոկ կապում: Նրանք միշտ ծանր-ծանր՝ բեռով կամ առանց բեռի, գլխահանկ քայլում էին կողք-կողքի; Նրանց քայլերի, շնչառության և հայացքի համաչափությունից պարզ էր, որ առանց մեկ բառ ասելու հասկանում էին իրար, կիսվում իրենց ցավից, տհաճ եղանակից ու այս անցավոր աշխարհից:

Դե կիսվելու շատ բան առանձնապես չկար: Լավ եղանակին՝ առավոտյան գնալ անտառ, հավաքել ցախ ու հատապտուղ, վերադառնալ տուն, քննել, որ առավոտյան նորից գնան անտառ: Իսկ անտառի ամեն մի արահետ իր պատմությունն ունի; կենդանու, բույսի կամ հողի ամեն մի շշուկ՝ իր ասելիքը:

Վատ եղանակին՝ առավոտյան ու երեկոյան մի քիչ ուտել, իսկ կեսօրին ու գիշերը քնել: Էշին միայն Սարգիս ամին էր խնամում՝ խոտ ու ջուր տալիս, մաքրում գոմը, սառը գետնին հարդար էր փռում: Հետո մի կես ժամ նստում էր գոմում, մինչև էշը հանդարտ վայելում էր խոտը:

Նրանց երազներն էլ էին նույնը՝ միասին քայլում են անտառով ձգվող արահետով՝ մինչև արթնանալը: Երազում անտառի արահետները և ձայները փոխվում էին, բայց ոչ անտառը:

Մի սառը առավոտ Սարգիս ամին էշին անշունչ գտավ: Անխռով պառկել էր ցեխոտ հողին՝ ջուրը այստեղ էլ էր հասել, ու Սարգիս ամին չհասցրեց գոմը տեղափոխել չոր վայր: Երևի գիշերները մրսել էր, բայց չէր տրտնջացել: Էշը խաղաղ աչքերով հրաժեշտ էր տվել Սարգիս ամուն, մի խուրձ խոտին, անտառի արահետներին ու ձայներին:

Սարգիս ամին էշին թաղեց այգու հեռավոր անկյունում՝ աղբյուրի հոսքից դեռևս ապահով վայրում: Ընտանիքը հասկանալով նրա վիշտը՝ չէր անհանգստացնում, այլ միայն անխոս մատուցում էր ուտելիքը: Հարևան կամ բարեկամ չեկան սփոփելու՝ դե գյուղում էշի կորստի համար ցավակցելը ընդունված չէ:

Մեկ ամիս լուռ-ու-մունջ նստեց վառարանի կողքին՝ հիշելով ցեխոտ սառը հողի վրա հոգին ավանդած ընկերոջը, որը երևի կենդանի կմնար, եթե հասցներ ժամանակին տեղափոխել գոմը: Հիշեց, անտառի անվերջ ձգվող ու խաչվող հետքերը, ծառերի, թռչունների ու կենդանների ձայներն ու շշուկները, անտառով հոսող գետի վշշոցը: Միասին որքան են քայլել արահետներով, խմել ու լվացվել գետի ջրով, նստել սիրված վայրերում հանգստանալու:

Մահացավ առանց մի խոսքի՝ կինը քնած ժամանակ մի ծանր տնքոց լսեց, իսկ առավոտյան արթնացավ ամուսնու մարմնի սառնությունից:

Հարազատները և հարևանները կցկտուր էին իրենց հիշողություններում և բնութագրերում՝ անշառ մարդ էր, ոչ ոքի չէր վնասում, չէր հարբում, լավ կին ու երեխաներ թողեց: Թաղմանը և հոգեհացին զրուցում էին սահմանամերձ կրակոցներից, Ղարաբաղի միացումից ու աննախադեպ գնաճից; իսկ առավել համարձակները՝ զգուշությամբ պատմում էին թարմ անեկդոտներ: Ոչ ոք չխոսեց Սարգիս ամու աշխարհից խռովելու ու էշի հետ մեկուսանալու մասին:

Գնել Խաչատրյան
17.11.2014թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s