Սամարղանդի գիդը

Ընկերոջս հետ բախտ վիճակվեց մի քանի ժամով այցելել Սամարղանդ՝ մետաքսե ճանապարհի կենտրոնում թիկնած բազմազգ քաղաք՝ երեք հազար տարվա պատմությամբ: Քաղաք, որը հպարտանում է փառահեղ պատմությամբ, շքեղ մզկիթներով, ճանաչված համալսարաններով, սրբերի շիրիմներով, արվեստներով և աստղագիտությամբ:

Մեզ Սամարղանդին ծանոթացրեց ղրիմցի թաթար գիդը՝ Գուլնարան, ով համոզված է, որ խիստ նման է հույնի՝ կապույտ աչքեր, ցորենագույն մաշկ, շականակագույն մազեր, հաստլիկ ոտքեր և հետույք:

Սամարղանդի պատմության գագաթնակետը Թիմուրն է, որին ուզբեկները Ամիր Թիմուր են անվանում, իսկ տաջիկները՝ Թիմուր լանգ: Մյուս ազգերի համար նա զավթիչ էր, այրունարբու և անողոք՝ Լենկ Թեմուր, Թեմերլան, …, անունների առատությունը միայն վկայում էին զավթած ազգերի աշխարհագրությունը: Թիմուրը ամուսնանալով Չինգիզ խանի այրունակից այրիացած կնոջ՝ Բիբի խանումի հետ, ձեռքբերեց Չինգիզյան արյուն և Մոնղոլական նկրտումներ:

Սամարղանդի պատմությունը, պերճանքը և մշակույթը, Գուլնարը ներկայացնում է միստիկայի համեմունքով՝ Ասիայում հեքիաթը և իրականությունը միախառնված են:

Նա համոզված է, որ ֆաշիստական Գերմանիայի հարձակումը Սովետական Միության վրա պայմանավորված էր Ստալինի հրամանով՝ տեղափոխել Թեմուրի մասունքները Սամարղանդից՝ Մոսկվա; և իսկ Ստալինգրադի բեկումը՝ Թեմուրի մասունքների վերադարձով՝ 1942թ.-ի աշնանը: Ոչ սառը քարե նստարանը, ոչ Գուլնարի բարդացող գրիպը, չխանգառեցին նրան պատմել այդ իրադարձությունների ողջ պատմական և միստիկական հիմնավորումները:

Սամարղանդում մեծամասնությունը տաջիկներ են: Նորապսակ կանայք քառասուն օր ոսկեգույն թասակ են կրում: Նորափեսան պարտավոր է այդ քառասուն օրը մինչև մայրամուտ վերադառնալ կնոջ մոտ՝ նրան երջանկացնելով սիրով և մայրանալու երջանկությամբ: Դրանից հետո կանայք միանում են ստվերին, իսկ տղամարդիկ՝ լույսին:

Թիմուրից ավելի, Սամարղանդում Ուլուգբեկի հետքերն են՝ Թիմուրի թոռի: Միստիկ աստղագետ, որին քաղաքը պարտական է իր շքեղության համար: Ուլուգբեկը ուսումնական կենտրոններ հիմնեց, որտեղ ուսուցումը քսանմեկ տարի էր տևում: Նրան գլխատեց իր որդին՝ հիմնահատակ քանդելով նաև Ուլուգբեկի հիմնած աստղադիտարանը՝ հավանաբար վրեժ էր լուծում պատանեկան և երիտասարդական ոսկե երկու տասնամյակը կարդացողությամբ վատնելու համար: Սակայն Ուլուգբեկի աստղերի չափումների ձեռագրերը փրկվեցին՝ հիմք հանդիսանալով եվրոպական աստղագիտության համար:

Գուլնարը տխրեց, երբ Ուլուգբեկի աստղերով շրջապատված սենյակից հետո մեզ էին ներկայացնում աղջիկների ամուսնության ավանդությունները: Փեսացուներին արգելված էր մինչև ամուսնության գիշերը տեսնել իրենց հարսնացուներին: Հարսնացուի ընտրությունը կատարվում էր բակում կախված սփռոցի ասեղնագործման նրբությունից ու գույնային գամայից ելնելով: Սփռոցները փեսացուների փարոսն էին դեպի երազանքի ցանկալի կինը: Եթե առաջին ընտրությունը հաջող չէր՝ դեռևս երեք ընտրության հնարավորություն ունես, եթե իհարկե կարող ես ապահովել նրանց հավասար կեցությունը:

Թիմուրի շիրիմը՝ իր ուսուցչի ոտքերի տակ է, իսկ շուրջը՝ յոթ այլ Թիմուրցիների շիրիմներ: Ուսուցչի մասունքները Պարսկաստանից Ուլուգբեկն է տեղափոխել՝ իրականացնելու պապի ցանկությունը: Իսկ Թիմուրի ոտքերի տակ ննջում է Ուլուգբեկի գլխատված աճույնը: Քիչ այն կողմ առանձին շիրմաքար է՝ որին հինգ դար աղոթում էին ուղտավորները, կարծելով թե այդ շիրմի տակ է հենց ամփոփված Թիմուրը: Արդեն հարյուր տարի ուղտավորները, տեղացի հավատացյալները և տուրիստները աղոթում են ճիշտ շիրմաքարի դիմաց:

Պատահական չէ, որ տեղացի տղամարդիկ նախընտրում են խոնարհ ու հեզ տաջիկներին կամ ուզբեկներին, և խուսափում թաթար կանացից, որոնք ինչպես Գուլնարը, կարող են տղամարդուն հակաճառել:   Բացի այդ ղրիմցի թաթարները կարող են ամուսնանալ միայն ղրիմցի թաթարների հետ՝ նույնիսկ Կազանցի թաթարների հետ ամուսնությունը չի թույլատրվում: Իսկ ղրիմցի թաթարներ Սամարղանդում քիչ են մնացել:

Թիմուրի շիրիմի մոտ երազանքները կատարվում են: Արագ ինչ որ երազանք պահեք: Գուլնարի փոքր քույրը սակավայրունություն ուներ; ասում էին որ երկար չի ապրի: Սակայն Թիմուրի շիրիմի մոտ նա տեսիլք ունեցավ՝ բուժվեց ու դարձավ բախտագուշակ: Սակայն այրունակիցների ապագան գուշակելը արգելվում է, այնպես որ Գուլնարին չի կարող հուշել թե ում հետ և երբ կամուսնանա:

Վաթսունամյա Բիբի խանումի գեղեցկությունից գլուխը կորցրած իտալացի ճարտարապետը նրանից պահանջում էր գեթ մի համբույր՝ մզկիթի շինարարությունը մինչև Թիմուրի վերադարձը ավարտելու համար, նույնիսկ այդ համբույրի համար ակնհայտ վտանգի ենթարկելով իր գլուխը: Բիբի խանումը նրան համոզելու համար ասաց. “Ձվի կեղևը կարող է ներկվել հիասքանչ, գեղեցիկ կամ տգեղ; սակայն կեղևի ներքո ամեն ինչ նույն է”՝ ճարտարապետին առաջարկելով ծառաներից ամենագեղեցիկներից ցանկացած մեկին: Եվ ինչպես բոլոր իրական հեքիաթներում՝ ճարտարապետը հրաժարվեց առաջարկվող երիտասարդ գեղեցկուհիներից:

Գուլնարը ապրում է տղամարդ գիդի հետ՝ իրենց ցեղից, իսկ նա չի ցանկանում ամուսնանալ; այլ գերմաներն է սովորել ու փորձում է տեղափոխվել Գերմանիա: Գուլնարի երեք փոքր քույրերը ամուսնացել են և հեռացել Սամարղանդից, իսկ հունական արտաքինով ու բարձրագույն կրթությամբ աղջիկը մնացել է միայնակ՝ ամուսնանալ չցանկացող գիդի հետ:

Նորապսակներ էին նկարահանվում Ուլուգբեկի բրոնզաձույլ արձանի մոտ: Հարսը չափազանց գեղեցիկ էր ու գեղանի՝ պարսկուհու թախծոտ սև աչքերով; իսկ փեսացուն՝ կարճահասակ, կոպիտ ու տգեղ՝ ինչպես սարերի դաժան քամիներից ու արևից տգեղացած իր քոչվոր ազգակիցները L Կապիկից ավելի գեղեցիկ տղամարդու խորհուրդը՝ ոչ մեկիս դեմքից չհեռացրեց ափսոսանքը, և մեր հաջորդած ճաշը շատ տխուր ստացվեծ:

Ճաշից հետո էլ Գուլնարի տխրությունը այլևս չանցավ: Ոչ նոր Սամարղանդի ժամանակակից սակավաթիվ հյուրանոցները, շենքերն ու բուտիկները, ոչ լեհական ու հայկական եկեղեցները, ոչ թեյն ու քաղցրավենիքը չվերադարձեցին նրա զվարճությունը և Սամարղանդի հեքիաթները:

Գնել Խաչատրյան

26.11.2014թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s