Թաղի առաջնորդը

Փոքրամարմին ու վտիտ պատանուն, Արգամին, ոչ միայն թաղի հասակակիցներն և տարիքով ցածր տղաները էին ակնածանքով ու վախով վերաբերվում, այլև նրա համբավը տարածում էին փոքրիկ քաղաքի մյուս թաղամասերում ու դպրոցում: Նույնիսկ տարիքով բարձր տղաներից շատերն էին սկսել նրանից վախենալ:

Բազմաթիվ էին պատմությունները նրա զայրութի, հմտությունների ու դաժանության մասին: Պատմում էին թե ինչպես էր հարևան գյուղից մեր թաղամասում գտնվող ուսումնարանի սանին, որը երկու տարով մեծ էր նրանից, ստիպում ցեխ ուտել, համբուրելով մաքրել իր կոշիկները կամ բերանով փորել հողը՝ ատամներով դուրս քաշելով Արգամի կողմից այնտեղ մեխված ճյուղի կտորը: Իսկ Արգամի հավատարիմները գայլի ոհմակի նման ճնշում էին խեղճի բոլոր ընդվզումները, և որպես պարգև երբեմն իրավունք ստանում ստորացնել այդ խեղճին՝ որպեսզի հետո թաղամասում ու դասարանում հպարտանային:

Պատմում էին թե ինչպես է Արգամը օգնել երկրում հայտնի օրենքով գող Փայլակին պատվով դուրս գալ տհաճ ռազբորկաներից; ինչպես է աջ ձեռքով պահելով գողացված ոսկե զարդերով պայուսակը, ձախով կես ժամ ամուր կառչել Երևանի Կիևյան կամրջից, որպեսզի խույս տա հետապնդող միլիցիոններից: Ունկնդիրներից համարյա ոչ ոք Երևանում չէր եղել, և նրա պատմությունները մայրաքաղաքի ու հատկապես մայրաքաղաքում մեր հայրենացի հերոսությունները ապշանքով ու նախանձով էին ունկնդրում:

Արգամի հասակակիցների ակնածանքը, թաղամասերում և դպրոցում նրա կայացած հեղինակությունը, և հատկապես այն անկեղծությունը և պաթոսը, որով նա պատմում էր իր համեստ հերոսությունների մասին, կասկած չէին կարող առաջացնել նրանց իսկության վերաբերյալ:

Արգամի արտաքին շփոթեցնող է, -այդպես էին մտածում նրան առաջին անգամ հանդիպողները, — որպեսզի արտաքին տպավորության վրա քո ֆիզիկական ակնհայտ առավելությունը քեզ խաբի ինքնավստահ ու ագրեսիվ դրսևորման; իսկ Արգամը նման առիթները բաց չի թողնում՝ անզիճում է, չներող ու դաժան:

Ավելի ճարպիկները փորձում էին ընդգրկվել նրա ենթակայության ներքո, կամ ինչպես սիրում էին ասել, Արգամի խմբում: Իսկ Արգամի խումբը օրեցոր ավելի ու ավելի հուժկու էր դարձել՝ երկու բարբիստ, մեկ կառատեիստ, պնդամարմին ու համարձակ տղաներ, և իհարկե, քծնող փոքրամարմիններ ու նվազներ, որոնք նրա պաշտպանության ներքո իրենց ապահով էին զգում: Արգամի կերպարը նրանց բոլորին կարծես ավելի ուժեղ ու անվախ էր դարձրել, պատրաստ ծավալվելու թաղի ու նույնիսկ փոքրիկ քաղաքի սահմաններից դուրս:

Արգամի խմբի արդեն երեսունի հասնող անդամների նվիրվածությունը և Արգամի հարգանքին արժանանալու ձգտումը թույլ չէր տալիս, որ Արգամը մտնի կռվի մեջ; այլ իրենք էին միշտ առաջադրում իրենց հակառակորդների հետ կռվելու՝ ծեծելու ու ծեծվելու: Կարևոր չէր, որ առաջամարտիկները տեղյակ չէին կռվի պատճառի, կամ չէին էլ ճանաչում իրենց հակառակորդին – կարևորը Արգամի խմբի պատիվն է, ու անձամբ Արգամի զորակացությունն ու գովասանքը:

Արգամը դպրոցում թույլ էր սովորում: Նրա մոտ բացակայում էին որևէ առարկայի գծով ընդունակություն, իսկ իր հռչակը թույլ չէր տալիս նստել տանը և ժամերը վատնել դասերի ընկալման կամ ուսուցիչների հանձնարարությունների կատարման վրա: Ծնողներն էլ էին համակերպվել նրա անընդունակ ու ալարկոտ բնույթին, և դադարել էին ճնշել կամ համոզել իրենց միակ որդուն:

Սակայն ոհմակը ամենօրյա լիդերություն էր պահանջում, կռիվներ այլ թաղերի տղաների հետ, մայրաքաղաքային նոր հերոսությունների պատմություններ ու էլ ավելի ապշեցնող արարքներ: Իսկ Արգամի հասակը չէր բարձրանում; լիդերության մեթոդները հիմնականում սահմանափակվում էին նախկին պատմությունների կրկնությամբ ու խմբի ուժեղ տղաների կողմից այլ խմբերի տղանների հետ մենամարտերով: Իսկ Արգամի հետզհետե ակնհայտ դառնող ֆիզիկական թուլությունը հնարավորություն չէր տալիս միայնակ ծեծել նկատելի որևէ մեկի՝ նույնիսկ իրենից մի քանի տարով փոքրի:

Արգամի հեղինակության սասանումը նոր թափ առավ երկրի քանդմանը և պատերազմին զուգընթաց: Լիդերության պահպանման համար նոր հատկանիշներ էին պահանջվում՝ ռազբորկաներում կիսառուսերեն-կիսահայերեն հարց-ու-պատասխանների իմացություն, ամիսներով չսափրված դեմք, ավտոմատ կամ ատրճանակ, սպանություն կամ գոնե դանակահարում/դանակահարվում:

Արգամը ունակ չէր դրանցից և ոչ մեկին: Եվ առաջին հարվածը իր ամենավստահելի ու ամենահին ընկերոջից ստացավ՝ բարբիստից: Վերջինս Երևանում ուսանելու առաջին իսկ տարին սովորեց ռազբորկաներում կիրառվող այդ մի քանի հարց-ու-պատասխանը, հետ գալով պատմեց Ղարաբաղյան կրակոցներում իր մասնակցության մասին՝ վկայելով իր երեք ամիս չսափրած դեմքով ու կողքից կախված վազքի մեկնարկը ազդարարող ատրճանակով: Մի երկու օր անց մի փոքր առիթով ոհմակի ներկայությամբ Արգամի հետ վեճի բռնվեց ու ծեծելով ստորացրեց: Ստորացման ավարտին ներկա ոհմակի անդամներից յուրաքանաչյուրը մոտեցավ Արգամին ու ապտակեց: Արգամի արդեն նախկին խմբի բացակա անդամները Արգամին ապտակելու առիթ հետագա մեկ ամսում առանց դժվարությամբ գտան:

Գնել Խաչատրյան

11.01.2015թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s