Չկայացած Հոբելյան

Հայրս այսօր կդառնար 70 տարեկան; և գյուղական հյուրասեր սեղանին հավաքված բարեկամները և ծանոթները անպայման կնշեին, որ նա պատահական չի ծնվել մեծ հաղթանակից երկու ամիս առաջ՝ երբ ցուրտ ձմեռը նահանջում էր գարնանային պայծառ արևից: Պատերազմից մեկ ձեռքով հետ վերադարձած պապիս չորրորդ արու զավակն էր: Նա և այդ տարի ծնվածները, նորածնի իրենց ճիչով ավետում էին դաժան հաղթանակից հետո նորից սկսվող կյանքը:

Վստահ եմ, որ հայրս չէր մոռանա հիշեցնել իրեն պարգևված մանկությունը՝ լուսաբացից մթնաշաղ ձգվող գյուղական աշխատանք՝ լրացնելու պատերազմի խժռած տղամարդկանց պակասը: Սովից չմեռնելու համար մեծերին օգնել էր պետք, ու նաև դպրոցի դասերը հասցնել՝ գոնե այնքան, որ նույն դասարանում չմնայիր ու հետո էլ չորրորդ դասարանից բանակ զորակոչվեիր:

Մեր ալարկոտության ու անհոգության պահին հիշեցնում էր, թե ինչպես էր մանուկ տարիքում բարձած էշն առաջն արած հաղթահարում անտառներով, բացատներով ու սարերով ձգվող քսան կիլոմետրը, որպեսզի սնունդ հասցներ փոքր քրոջ ու երկու եղբոր հետ անասուններին պահող մորը, իսկ այնտեղից հորն ու երեք մեծ եղբայրներին՝ կաթնամթերք: Իսկ այդ անտառում ու բացատներում արջեր ու գայլեր շատ կային: Մարդկանց բնակավայրերից հեռու թավ անտառներում այդ վայրի գազանները ապրեցին մինչև Կալաշնիկով ավտոմատներով զինված աշխարհազորայինների ժամանակները:

Աշխատեց որտեղ հնարավոր էր, սակայն մեկ տարուց ավել ոչ մի տեղ չէր համակերպվում, նույնիսկ խանութպանի շահութաբեր աշխատանքում: Սովետը առանց աշխատանք ոչ մեկին ոչ մի օր չէր թողնում: Շինարարական բաժնում բեռնատարի վարորդությունը ամենահարմարն էր – էժան կամ ձրի շինանյությով շրջկենտրոնում անհարկի մեծ տուն կառուցեց; ինչպես ընդունված էր այդ տարիներին: Երկու մեծ սենյակները կիսեց հավաքվող փայտե դռներով, որ զավակների հարսանիքին հյուրերը երկու առանձին սենյակներում չնստեն: Պարզ էր, որ ոչ հարսանիք եղավ, և ոչ էլ փայտյա դռները երբևէ բացվեցին:

Միջահասակ էր, սև աչք-ու-հոնքով, ոսկռոտ ու մի քիչ նիհար, մի քիչ առաջ կռացած, հիմնականում ժպտերես՝ ի ցույց դնող անթերի սպիտակ առողջ ատամնաշարը, որին երբեք ատամի մածուկ կամ ատամնաբույժ չդիպավ: Տղամարդու կերպարին հարիր սև ու թավ բեղերը անձեռնամխելի էին: Գյուղական պարզ հումոր ուներ, մի քիչ խեղճ ժպիտ ու նեղացկոտություն:

Եթե շուտ չամուսնանար, միգուցե մի տեղ էլ ինքը սովորեր ու մի պաշտոն ունենար: Նույնիսկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներն էին իրեն երեխա ժամանակ դիմում դժվար խնդիրները լուծելու համար: Մի հեռու բարեկամ առաջարկել էր օգնել սովորելու Երևանում ու գաիչնիկ դառնալ. “հետո մինչև խոր ծերություն կանգնիր ճանապարհին ու փող հավաքիր”: Մայրս այդ պահին միշտ հեգնում էր՝ թե քսանչորս տարեկանը այդ երբ “շուտ” ամուսնություն դարձավ:

Ընկերները սակավաթիվ էին –եղբայր-բարեկամ ու հարևան: Ամենօրյա ծանր ցածրավարձատրվող աշխատանքին զուգահեռ ընկերներ պատվելու ոչ ժամանակ և ոչ էլ հնարավորություն կար: Նրա լավագույն օրը՝ որոշ կիրակիների եղբայրներով գյուղի հայրական տանը հավաքվելն էր, երբ նանը պատրաստում էր ավանդական խանգալը՝ բարակ թերհունց խմորաշերտեր, կովի յուղով տապակված սոխառածի ու ջրով բացված չորաթանով համեմված: Խանգալը խառնվում էր մնացած մեկ ձեռքով գետից ձուկ բռնող խստապահանջ հոր, իրենց հանրահայտ պապի անհայտ թաղված ոսկիների, աննկատ անցած մանկության ու կանաչ սարերի հիշողություններով: Եթե նույնիսկ ավտոմեքենա չլիներ, միևնույն է պարտաստ էր առավոտ կանուխ ոտքով կտրելու տասը կիլոմետր բարձրունքը՝ տաք-տաք խանգալից չուշանալու համար:

Այդ մի քանի եղբայր-ընկերների հետ մեկնում էին Ռուսաստանում ու Ադրբեջանում տներ վերանորոգելու: Գոյատեվման գումար էին վաստակում, ու ձմեռվա համար էլ արկղերով միրգ ու դժվար հայթհայթվող մթերք էին բերում: Գիշերը արհեստավորներով նույն սենյակում էին պառկում, սակայն քնում էր միայն այն երջանիկը, ում ամենաառաջինն էր այցելում երազների տիրուհին; մյուսներին ոչինչ չէր մնում քան ողջ գիշեր նախանձով ունկնդրել քնածի բարձաձայն խռռոցը:

Կոլխոզի այգիներն ու վարելահողերը բաժանելուս, նրան ոչինչ չհասավ – ասացին, դու գնա քո ծնված գյուղից հող ուզի, շրջկենտրոնի հողերը հազիվ շրջկենտրոնում ծնվածների հերիքի, հետո ինչ որ քսանհինգ տարի այստեղ ես ապրում ու քո կինն ու երեք երեխանները այստեղ են ծնվել: Մի քանի ամիս նեղսրտեց, հետո գնաց մոտակա բացատներում կոլխոզից ու սեփականաշնորհումից ազատ հողեր ցանկապատեց ու մշակեց՝ թող սեփականաշնորհվածները գնան իրենց տնից կիլոմետրեր հեռու հողերը մշակեն: Սեփականաշնորհած հողերը մի քանի տարի հետո բացատներ դարձան:

Նա մեզ հետ ոչ հունվարի երկուսին և ոչ էլ մայիսի մեկին “խաչ” չէր գալիս: “Խաչ”-ը դա շրջկենտրոնի գերեզմանոցն էր, որտեղ մի փոքր մատուռ կար՝ ներսում արտասովոր արտաքինով ու հագ-ու-կապով մի քանի տղամարդկանց ու կնոջ, ու սպիտակ գառնուկի նկարներ, ու սևացած խոնավ պատերին կպած վառվող ու հալած մոմեր: Մորս ու տատիկիս հետ այնտեղ աքլոր էինք տանում, երեք անգամ պտտացնում մատուռի շուրջը, հետո պատի տակ կտրում գլուխը՝ վզից ժայթող արյունը շփելով մատուռի քարերին: Նաև, մատուռի մոտ չցանկապատված հին տապանաքարեր կային, որոնց վրա կպցնում էինք վառվող մոմերը՝ մատուռը չափազանց փոքր էր ու սառը վառվող մոմին դիտելու համար: Այդ “խաչ”-ում հանգչում էին մորական պապի ու նախնիների աճույնները; իսկ հորս նախնիները իրենց գյուղի գերեզմանոցում էին – այդ օրը այցելում էր այնտեղ, ու ամպայման մասնակցում խանգալին:

Վաղ մանկությունից դադար չունեցող աշխատանքը, անձրևի ու ցրտի ներքո տան շինարարությունը, կիսատ-պռատ քունը, թե վերջին տարիների խոպանության անհաջողություններն էին պատճառը, մի օր Երևանի բժիշկը ամիս տևած վատթարացնող բուժումից հետո հայտնեցին, որ եթե հնարավորություն ու բարեկամներ ունի, ցանկալի է, որ Մոսկվայի բժիշկներին դիմի, մի քանի տարի ևս ապրելու համար: Մոսկվայի բժիշկները շտապ հեռացրին երիկամներից մեկը, ու պահանջեցին տարին երեք անգամ այցելել Մոսկվա բուժումների՝ խոստանալով հինգ տարվա նորմալ կյանք:

Մոսկվայի բժիշկներին հայրս վստահում էր, ու բոլորից թաքուն հաշվում իրեն դեռևս մնացած ժամանակը: Մի քանի ամիսը մեկ այցելում էր Մոսկվա ու ստանում բուժումը՝ նաև այցելելով Մոսկվայի մերձակայքում ապրող փոքր եղբայրներին: Ռուսաստանում նա իրեն լավ էր զգում, սակայն աշխարհի հեռավոր գյուղում ընտանիք ունի: Դեռևս հիվանդությունից մի երկու տարի առաջ կնոջն համոզում էր տեղափոխվել Ռուսաստան, ավագ եղբայրներից մեկի մոտ; ով իր ընտանիքով մի տաս տարի առաջ տեղափոխվել էր դրախտային մի գյուղ, և այնտեղ հրաշալի կյանք էր վաստակում: Սակայն, ոչ կինը և ոչ էլ արդեն մեծացող զավակները այդ մասին լսել չցանկացան՝ աշխարհի ամենահրաշալի վայրը լեռներով մնացյալ աշխարհից առանձնացած իրենց այս ծննդավայրն է:

Մեկ-մեկ նեղսրտում էր ու կորցնում աշխատելու ցանկությունը, մեկ-մեկ էլ ագրեսիվանում կամ գոռգոռում: Ընտանիքը ու հարևանները դժգոհում էին այդ փոփոխություններից, հորդորում պահպանել բոլորի կողմից ընդունված համեստ ու աշխատասեր կերպարը, շարունակել սովորական կյանքը՝ օրինակ բերելով իրենց մեկ-երիկամով տասնամյակներ ապրող ծանոթներին. “Երիտասարդ տղամարդ ես, անհոգ մնա, կյանքիդ վայելքը դեռ առջևում է”:

Մահացավ աշնանը՝ Մոսկվայի բժիշկների ժամանակացույցին համաձայն: Մոսկվայում նրան այլևս չէին սպասում, իսկ Երևանում բժիշկն ասաց, որ ավելի լավ է գյուղ վերադառնա: Բարեկամները մեղադրեցին, որ առողջությանը կարևություն չի տվել, որ վստահեց Երևանի բժիշկներին, որ ժամանակին Մոսկվա բժշկի չդիմեց, որ մեկ երիկամով շարունակում էր ծանր ֆիզիկական աշխատանք կատարել:

Տնամերձում տասնամյակի քրտինքով հիմնած ու խնամած խնձորի այգին այդ տարի արտասովոր առատ էր: Եվս մի քանի տարի ու տարբեր վայրերից կյանք առած ու այստեղ հանգրվանած քառասուն տարատեսակ խնձորենիները վայրի կդառնան ու կչորանան: Միայն առվից այն կողմ տնկած ընկույզի շիվը առանց խնամքի աճեց, ահռելի ծառ դարձավ ու ամեն տարի ծանրանում է այդ տարածքին ոչ բնորոշ բարակ-կեղև ընկույզներով:

Գնել Խաչատրյան

26.02.2015թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s