Պլոտնիկը

Կարենը երեսունամյակը երեկ նշեց: Պնդակազմ, բարձրահասակ, կանաչ աչքերով գեղեցկատես հյուսն էր, կամ ավելի ճիշտ “պլոտնիկ”: Ատաղձագործ կամ հյուսն բառերն այս վայրերի համար չեն, իսկ “պլոտնիկ”-ը ոչ միայն արհեստ է, այլև հոգեվիճակ ու բնավորություն՝ արտահայտվող իր ու ծերացող մոր օրվա ապրուստը ազնիվ քրտինքով ապահովողի հաճելի, մեղմ ժպիտով:

Երկու ավագ եղբայրները վաղուց անհայտացել են սիբիրներում՝ միայն Ամանորի գիշերներին են մեկ-մեկ զանգահարում և ասում, որ հազիվ յոլա են գնում: Քույր չունի: Ծեր մայրը հոգնել է նրան հորդորելուց, որ ամուսնանա, որ տանը իրեն օգնող հարս լինի՝ ում աղջկա պես կնայի, որ մեռնելիս վրան լացող լինի, որ ինքն էլ է ուզում թոռնիկներով ուրախանալ …

Սովորական տարեդարձ էր, ամեն ինչը տնական՝ խոզի միսը, հացը, պանիրը, վարունգի թթուն ու, անշուշտ, օղին: Այս տարի նույնպես նախորդ տարիների նույն հյուրերն են՝ մեկ-երկու փոփոխությամբ, ու նույն չշաղկապված բառերով մաղթանքները, որ վաղուց ժամանակն է, որ նա էլ ինչպես ադաթն է ընտանիք կազմի ու երեխաներ ունենա, ծխացնի օջախը: Ամեն բաժակի հետ մաղթանքը դառնում էր խրատ, հետո վերածվում հեգնանքի՝ որ միգուցե եվրոպաներից ներթափանցած պատճառներ կան չամուսնանալու, իսկ հետո ընդհանրապես մոռանում էին, թե ինչ են նշում, կարևորը, որ օղին դեռևս կարողանում ես լցնել ստամոքսդ և հաղթական հայացք նետել սեղանակիցներին՝ կարմրացող դեմքով ու անընդհատ կրկնվող կիսատ-պռատ խոսքերով:

Նվերն էլ հիմնականում տնական օղի է, որը նվիրողը ներկայացնում էր որպես լավագույնը, հատկապես, որ իր ձեռքով է պատրաստել: “Մի հատ փորձիր իմ պատրաստածը, ու տարբերությունը միանգամից կզգաս”,– կրկնում են բոլորը: Սակայն, այդ տարի հյուրերից մեկը, որը վերջերս ներգրավվել էր ինչ-որ հավատացյալների խմբում, նրան գիրք նվիրեց՝ Նոր Կտակարան:

Կարենը դպրոցում ուսումնատենչությամբ չէր փայլել, սակայն ընթերցել սիրում է: Աշխատանքից ազատ ժամանակ կամ երեկոները նստում է արհեստանոցի առջև իր պատրաստած հարմարավետ բազկաթոռին, հայացք նետում դիմացի կանաչապատ բլրին, լսում ձորով ոլորվող գետակի շառաչը ու ընթերցում պատմական գրքեր: Կտակարանն էլ կարծես պատմություն լիներ՝ մի քիչ խրթին ու ժամանակագրությունից դուրս, սակայն հետզհետե ավելի ու ավելի հետաքրքիր:

Երեսունամյա չամուսնացած երիտասարդը գյուղում ազատ ժամանակ շատ ունի՝ հատկապես, որ բլոտից կախվածություն չունի: Հավատացյալ ընկերն էլ ավելի ու ավելի հաճախ էր այցելում և աչքով տեսածի ու մաշկի վրա զգացածի հուզմունքով պատմում հավատքի զորության և աստվածային սիրո երջանկության մասին: Պատմում, թե ինչպես է Հիսուսը իր կյանքը լցրել հույսով ու հավատքով, թեթևացրել ուսերի ծանր բեռը, հոգուն թևեր պարգևել, տվել մտատանջող հարցերի պատասխանը, հոգին փրկել մեղքից ու խավարից…

Իրենից երկու հազար տարի առաջ ապրած Հիսուսն իր նման “պլոտնիկ” էր՝ աշխատասեր ու համեստ: Իր հասակում թողեց հայրենի գյուղն ու օջախը, որպեսզի Կարենի նման մեղավոր մարդկանց փրկի մեղքից ու դժոխքից ու պարգևի հավիտենական կյանքի երջանկություն: Եվ հանուն Կարենի, որին նա երբեք չէր տեսել, բարձացավ խաչի վրա ու իր անմեղ արյունով մաքրեց նրա ու բոլոր մարդկանց մեղքերը: Հիսուսի նման աստվածը իր կյանքը զոհեց հանուն Կարենի, ով իր կյանքում որևէ նշանակալի գործ չէր արել, նույնիսկ զավակ չէր ունեցել:

Մահապատժի փայտյա խաչն էլ պլոտնիկ է պատրաստել: Պլոտնիկներից մեկը մարդկանց հոգիներն է փրկում, իսկ մյուսը փրկչի համար մահվան գործիք է պատրաստում: Կարենը հպարտություն զգաց իր արհեստի համար, իսկ թե որ պլոտնիկին պետք է ձգտել՝ ժանգոտած ծուռ մեխին էլ հասկանալի է:

Կարենը, իր հավատացյալ ընկերոջ օգնությամբ ու Կտակարանի միջոցով, այժմ երեկոները հաճելի զգացումներով ու վերլուծություններով էր լցնում միտքը, առավել հույսով լցվում դեպի վաղվա օրը, համակերպվում չիրականացված երազանքներին:

Այժմ հուսավառ էր, որ Հիսուսը կամ գոնե Սուրբ Հոգին իրեն էլ կայցելեն, ինչպես այցելել ու այցելում են իր ընկերոջը և նրա հավատակից քույրերին ու եղբայրներին: Միգուցե, փայտագործության ճարտարություն շնորհվի, թե չէ օտար լեզուներով խոսելը իրեն այնքան էլ չէր հետաքրքրում:

Ընկերը ասաց, որ չնայած Աստված ամենուր է, սակայն Սուրբ Հոգին նախընտրում է այցելել իրենց հավաքատեղի, քանի որ միասնական հավատքը և աղոթքը առավել զորեղ են և ավելացրեց. “Վաղը երեկոյան հավաքվում ենք մեր տանը: Անպայման արի: Նաև, չամուսնացած մի քանի գեղեցիկ աղջիկներ կան, կծանոթանաս:” Հաջորդ առավոտյան Կարենը արհեստանոցը չբացեց, այլ այցելեց վարսավիրանոց, լողացավ, սափրվեց, հագավ պահարանում փոշոտվող կոստյումը և երեկոյան շարժվեց ընկերոջ բնակարան:

Հավաքը արդեն սկսվել էր: Ընկերը, մի պահ կտրվելով աղոթքից, ոգևորող հայացքով նրան ուղղորդեց նստելու մոտակա ազատ աթոռին և նորից խորասուզվեց հավաքական աղոթքի մեջ: Սենյակում մոտ տաս անձիք կային, բոլորը ծնկաչոք, չնայած մոտակայքում աթոռներ ու բազմոց կար: Հավատացյալները անկեղծանում էին իրենց գործած մեղքերում, և Կարենին ապշեցնում էր այդ անկեղծությունը: Նրա հայացքը գամվեց մի թմբլիկ երիտասարդ կնոջ վրա, որը վատ ռուսերենով ու ինչ-որ օտար լեզվով միախառնված մեղրածոր ձայնով մեղա էր գալիս, որ այսօր հրապուրվել է մի երիտասարդ տղամարդու տեսքով՝ թեկուզ և միայն մտովի:

Երբ աղոթքը վերջացրեցին, ընկերը ներկայացրեց Կարենին, որպես մի մոլորյալ գառան, որին անհրաժեշտ է իրենց աջակցությունը՝ գտնելու Հիսուսի սերը և նրանով նոր կյանք սկսելու: Ընկերոջ խոսքերը առավել կարևոր էին գրավելու օտարախոս կնոջ ուշադրությունը, ում Էմիլի էին անվանում: Որքան կցանկանար, որ այդ կնոջ հաջորդ մեղքի պատճառը ինքը լիներ:

Էմիլին գետնին ուղղված մեղմ ժպիտով ձեռքը մեկնեց նրան, սակայն մի ակնթարթ բարձրացրեք հայացքը ու լուսավառ կապույտ աչքերը շանթահարեցին Կարենին: Անմիջապես զգաց սրտի բաբախյունը, արյան հոսքը ողջ մարմնով, միլիարդավոր նեյրոնների մրցավազքը ուղեղով մեկ:

Նա Բելգիայից էր: Հայաստան էր եկել հավատքը տարածելու, ինչպես երկու հազար տարի հավատքի զորությունը աշխարհի բոլոր հեռավոր անկյուններում անձնուրաց տարածել են քրիստոնեության միլիոնավոր նվիրյալները՝ միսիոներները: Էմիլին էլ միսիոներ էր՝ թմբլիկ, խոնարհ, երիտասարդ ու Հիսուսով լցված:

“Պլոտնիկն” այլևս ոչ մի հավաքական աղոթք բաց չէր թողնում: Նույնիսկ ռուսերեն սկսեց մի քիչ խոսել սովորել, որպեսզի կարողանա շփվել Էմիլիի հետ. հո բելգերեն չի սովորի, կամ ֆրանսերեն՝ քանի որ Էմիլին ասում է, որ Բելգիայում իրենք գեղեցիկ ու ավելի գրագետ ֆրանսերենով են խոսում, քան թե հենց Ֆրանսիայում ապրող ֆրանսիացիները:

Ընկերը ասաց, որ Էմիլին ամուսնացած չէ, աստվածավախ ու պարկեշտ աղջիկ է, և իր կարծիքով, ինքն էլ նրան է համակրում: “Հը՞, միգուցե փորձես”,- հորդորեց նա: Կարենը հաջորդ երեկոյան հավաքին ծնկեց Էմիլիի կողքին, որպեսզի խմբային աղոթքի պահին բռնի նրա ձեռքը: Էմիլիի տաք ձեռքից բխող ջերմությունը հոսեց երակների մեջ՝ լցնելով ողջ մարմինը: Ձեռքում ծակծկոց զգաց, խոնավություն, վախեցավ, որ այդ կինը կզգա իր հուզմունքը:

Մեղքերը բարձրաձայնելու ու աստծո ողորմածությամբ ապաշխարելու հերթը իրենն էր: “Տեր Հիսուս, ես մեղանչեցի: Նույնիսկ քեզ աղոթելու պահին չեմ կարողանում չմտածել Էմիլիի մասին”,– շնչակտուր ասաց նա ու ամոթից կարկամեց: Խոսքերը հայերեն էին, սակայն նույնիսկ Էմիլին հավանաբար հասկացավ այն, գլուխը թեքեց իր կողմը, նույն ներքև նայող հեզ հայացքով մի պահ նայեց բոցկլտացող կանաչ աչքերի խորքերը, ու Կարենը սրտի կանգով հասկացավ, որ Էմիլին դեմ չէ:

Մի տարի հետո Կարենի վիզայի հարցերը լուծվեցին, ու նա՝ որպես Էմիլիի ամուսին, իրենց միացրած Հիսուսին սրտում, նրա հետ մեկնեց Բելգիա, կնոջ ծննդավայր գյուղը: Մեկ մարմին դարձած ու ձեռք-ձեռքի բռնած Հիսուսի սերը կտարածեն աշխարհով մեկ: Ոսկե ձեռքերով “պլոտնիկը” ամեն տեղ իր հացը կգտնի՝ հատկապես, որ Աստծո աջը իրենց միշտ ապավեն է: Ծերացող մորը խոստացավ՝ հիշել ամենօրյա աղոթքներում, չմոռանալ զանգել ու եվրոներ ուղարկել:

Գնել Խաչատրյան

06.05.2015թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s