Ծիբուլի շուրջ

— Երեխե՛ք, նստեք ծիբուլ կերեք: Կնիկ՛, մի քիչ կարտոֆիլ բեր, երեխեքը սոված չմնան: Մի թաս էլ ջուր բեր: Հայաստանում ծիբուլից հասկացող քիչ տեղեր կան, բայց մեր կարտոֆիլի նման կարտոֆիլ ուրիշները չունեն: Այդ ծուռտիկ-մուռտիկ տեսքին չխաբվեք: Ասում են Մարտունու կողմի կարտոֆիլը մեծ ու կլոր է, բայց մեջը համուհոտ չկա՝ լրիվ ջուր է: Կարտոֆիլը սկզբում լվացեք՝ թասի ջուրը դրա համար է, բայց կեղևը չմաքրեք՝ ամբողջ համը կեղևի մեջ է: Որքան բարակ շերտերի կտրեք, այնքան լավ կխորովվի: Բայց զգույշ ձեռքներդ չկտրեք: Բաբկենի աղջի՛կ, այն աղի տուփն էլ բեր: Երեխե՛ք, աղը չափսոսաք, լիքը ցանեք՝ ինչքան շատ, այնքան լավ:

Անցած անգամ Երևանում էի, մեծ եղբորս մոտ՝ Պյոտր Թելմանիչի: Աշխարհահռչակ բժիշկ է, բայց ինձ որ տեսնում է՝ շատ է ուրախանում: Ասացի. Եղբա՛յր, բա որ տանը վառարան չունեք, ծիբուլ ինչ վրա եք սարքում? Պյոտր Թելմանիչս խեղճացավ, ասաց. «Ռաշիդ ջան, մեր տան ծիբուլին շատ եմ կարոտում: Ոնց եմ ուզում գամ, նստենք բոցկլտացող վառարանի շուրջ, վառվող ձեռքերով կարտոֆիլը վառարանի վրա շուռումուռ տանք, ու մեր նանի պատրաստած թթվի հետ ուտենք»:

Բա՛ երեխեք, Պյոտր Թելմանիչը աշխարհ տեսած ու աշխարհի բոլոր հնարավորությունները ունեցող մարդ է, բայց երազում է ձեր նման հիմա այստեղ նստած ծիբուլ ուտել: Խեղճ եղբորս գործը շատ է, նույնիսկ Մոսկվա գործուղումների են կանչում: Անընդհատ ուզում է գալ իր հող ու ջրի մոտ, բայց չի հասցնում: Հազիվ, ողորմածիկ նանիս թաղմանը կարողացավ մի օրով այցելել:

Մատներդ զգույշ՝ չվառես: Դանակով վառարանի վրայից ծիբուլի տակը կտրի, նոր ձեռքով բռնի: Վրայի սևերից մի վախեցեք, հանգիստ կերեք՝ կարտոֆիլի վառած մասերն են: Կնի՛կ, չլինի մոռացել ես կրակը վառելուց առաջ վառարանի վրայի կեղտը մաքրել?: Չէ՛, հիմա արդեն ուշ է, բայց խնդիր չկա, թեժ կրակը լրիվ մաքրել է: Երեխե՛ք, հանգիստ ծիբուլը կերեք:

Մյուս անգամ, որ գնաք Սորան խաղալու, ընձառյուծի բլրի մյուս կողմը ուշադիր կնայեք՝ մեծ քարերով պատ կա: Մի վախեցեք, վաղուց այդ կողմերը ընձառյուծներ չեն երևացել: Մի անգամ ողորմածիկ հորս հետ գնացել էինք անտառից սունկ հավաքելու: Մինիմում տաս կիլոմետր խորացել էինք գետի ափով՝ համարյա հասել Պառավի Բնեն, մեկ էլ մի ընձառյուծ տեսա: Հորս վերարկուից կամաց քաշեցի: Այն ժամանակ ընդամենը տաս տարեկան էի՝ 1960թ.-ի կողմերն էր, – ձեզնից ոչ մեկը դեռ պլանում չկար:

Այն կարմրածը ինձ տու՛ր: Ապրե’ս: Իսկը ինքն է: Ինչ էի պատմում? Ինչ ընձառյուծ? Հա, ուրեմն մի տասհինգ կիլոմետր անտառում ողորմածիկ հորս հետ խորացել էինք: Մեկ էլ տեսնեմ, մի հսկա շերտավոր կենդանի: Կովի չափսերի կլիներ, մինիմում՝ ցլիկի: Հսկա աչքերը չռած, ծառի հետևից մեզ էր հետևում: Այս վառարանի բոցերը տեսնում եք՝ այդպիսի բոցկլտացող աչքեր ուներ: Մոտ մի քսան մետրի վրա էր՝ ոնց որ այս պատի ծերից մինչև մյուս ծերը: Ես ձեռնափայտ ունեի՝ հանկարծ որ հարձակվեր, դրանով կխփեի: Ողորմածիկը մի հսկա թվանք ուներ՝ պահեց վրան, – ընձառյուծը թվանքը տեսավ՝ վախից փախավ: Հորս խիղճը չտվեց կրակի, ասաց. «Ռաշի՛դ, գազան կլինի թե մարդ, պետք չէ վատություն անել: Խեղճ կենդանի է, կարող է ձագեր ունի, ու այդ ձագերը սոված հիմա իրեն են սպասում»:

Իսկ հիմա, բոլորի ձեռքը ավտոմատ կա, էլ անտառներում ոչ մի եղնիկ ու աղվես չեն թողել՝ բոլորին սպանել են: Ասում են, այն սուտ ֆիդայինը, անունը չեմ էլ ուզում տալ, անցած կիրակի գնացել է Մուրղուզ սարի վրա վերջին մնացած արջին է ավտոմատով սպանել: Ինչ է թե արջի յուղը մեջքի ցավի համար օգտակար է: Թե մեջքդ ցավում էր, ոնց հասար Մուրղուզի գագաթը: Կամ եթե ավտոմատ չլիներ ձեռքդ, դու ռիսկ կանեիր արջի վրա գնայիր: Ավելի լավ է մի հատ էլ ծիբուլ ուտեմ, քան թե դրանցից խոսեմ՝ իզուր ջղայնանում եմ:

Ողորմածիկ հերս շատ խղճով մարդ էր, ոչ մեկին կյանքում վատություն չէր արել: Նույնիսկ հավ մորթելու համար նանիս էր կանչում, որ նա մորթի: Ամբողջ քաղաքով մեկ ճանաչված հարգված մարդ էր: Ինչի եք այդպես նայում? Ֆուտբոլ ուրիշ տեղ չէիք կարողանում խաղալ, որ գնդակը գցում էիք բոստանը, հերս էլ տեսնելով գնդակից ջարդված ծիլերն ու բերքը՝ գնդակը պատռում էր: Հո, ձեզ չէր պատռում:

Կնի՛կ, մի հատ սառը գինի լցրու խմեմ: Մի կողմից այս երեխեքը ջղայնացրին, մյուս կողմից էլ վառարանի կրակը շոգեցրեց: Տղա ջան, մի հատ էլ կարմրած ծիբուլիցը տուր տեսնեմ: Ապրե՛ս, լավ ես խորովում:

Բայց ողորմածիկ հորս մասին ինչի էինք խոսում? Ախր, կիկլոպյան ամրոցից էի ուզում պատմել: Մի հինգ հազար տարի առաջ է կառուցվել, մինիմում: Նույնիսկ Երևանից հնագետներ էին եկել: Ուրեմն, կարող ենք հպարտանալ, որ մեր Բերդը մոտ հինգ հազար տարվա պատմություն ունի՝ Հայաստանի, ինչու չէ նաև աշխարհի, ամենահին քաղաքն է: Բա՛, տեսնում եք ինչ քաղաքում եք ծնվել: Կիկլոպյան ամրոցում կիկլոպներ են ապրել, երևի մի հազար հոգի: Բարձրահասակ ու աժդահա էին՝ մի երեք մետր կլինեին, մինիմում՝ երկուս ու կես: Օրինակ, ես համարյա մեկ ու յոթանասուն եմ՝ ինձնից մի երկու անգամ բարձրահասակ: Կիկլոպյան պարսպի քարերը որ տեսնենք, կհասկանաք թե ինչքան ուժեղ էին, որ այդ քարերով պատ են շարել: Թե չէ հիմիկվա տեխնիկայով տատս էլ պարիսպներ կկանգնեցներ:

Բաբկենի աղջի՛կ, մի բաժակ մոշի սառը կամպոտ բեր խմեմ՝ սիրտս հովացնեմ: Երեխեք, բա դուք ինչու կամպոտ չեք խմում? Չնայած, ծիբուլից լավ բան չկա: Թթվից էլ մի քիչ կբերե՛ս, թթուն վերջանում է: Տղա ջան, աղը հանգիստ լցրու՝ մի ամաչի:

Հա, ինչ էի պատմում? — Կիկլոպներից: Ուրեմն, կիկլոպները, ոնց ասեմ, որ հասկանաք? Տորք Անգեղը դպրոցում անցել եք? Տորք Անգեղը հենց կիկլոպ էր: Անցած անգամ, հեռուստացույցով կինո էին ցույց տալիս, մեջը կիկլոպ կար՝ մի աչքանի: Հենց այստեղ նստած նայում էի: Տղաները մի հատ գերան վերցրին, սրեցին, ու երբ կիկլոպը քնեց՝ մտցրին այդ մի հատիկ աչքը: Մեր կիկլոպները երկու աչք են ունեցել: Որ եթե մեկի մեջ թշնամին գերան մտցներ, մյուսով կարողանային տեսնել:

Կիկլոպների կինոյի անունը? Կարծեմ … «Ոդիսեւսի արկածները»: Զինվորներ էին, որ նավով կղզիներով ճանապարհորդում էին, ու ամեն տեղ սարսափելի կենդանիներ ու մարդկանց էին հանդիպում: Շատ հետաքրքիր կինո էր՝ ամբողջ գիշեր աչք չկպցրի: Բայց կարևորը դա չէ, այլ որ մենք, նման հզոր նախնիներ ենք ունեցել: Հարցնում ես, ինչու ենք հիմա կարճացել? Մի հատ կարմրած ծիբուլ տուր ուտեմ, ու պատմեմ:

Ողորմածիկ նանիցս հետո, իմ նման ոչ մեկը թթու չի կարողանում դնել: Այ կնի՛կ, դու որ օրվա թթու դնող ես: Եթե ես չասեմ ջուրն ու աղը ինչքան լցնես, քո սարքած թթուն ուտելու բան չի լինի: Թթվում կարևորն աղն է՝ քարի աղ պիտի օգտագործես ու ճիշտ չափը իմանաս, չափից շատ աղը կարող է թթուն փչացնել:

Ուրեմն, մի անգամ կիկլոպների մոտ աղը վերջանում է: Աղը առնելուս են լինում հարևան պարսիկներից՝ փոխարենը մեր անտառների եղնիկներից, սնկերից ու մրգերից են տալիս: Այս անգամ պարսիկների մոտ էլ աղի պակաս է լինում, ու այս ժողովուրդը համարյա աղ չի գտնում որ ուտի, ու այդպես տարիներ: Աղի պակասից էլ այս կիկլոպները սկսում են կարճանալ ու հասնում են այս մեր չափսերին: Աղ շատ կերե՛ք, որ չկարճանաք:

Երեխե՛ք, դուք դեռ փոքր էք՝ ձեզ գինի չի կարելի, թե չէ կտայի կխմեիք: Ինչ էլ լավ է ստացվել: Երևում է գինի պատրաստելու մեջ էլ այս թաղում ինձ հավասար չկա: Մի պատմություն էլ պատմեմ մեր փառապանծ նախնիներից՝ Գրիգոր Վարդապետի մասին: Մի օր դուք ողջ կլինեք, ես մեռած, կհիշեք, կասեք՝ ողորմի Ռաշիդ ձաձային՝ մեզ լիքը պատմություններ սովորեցրեց: Թե չէ, դպրոցում ինչ են սովորեցնում:

Գրիգոր Վարդապետի մասին ցեխավիկ եղբայրս է պատմել՝ Դարչո Թելմանիչը: Նա պատմություն լավ գիտի՝ ինստիտուտ է սովորել: Հիմա էլ է շատ կարդում: Այս ամառ այստեղ էր՝ նոր մեքենայով: Դարչո Թելմանիչի կարմիր մեքենայից մեր ռայոնում ոչ ոք չունի: Ամեն օր պաղպաղակ էր առնում՝ մինիմում հիսուն հատ: Հաստատ դուք էլ իրեն գնած պաղպաղակից կերած կլինեք: Ասում էր, այստեղի պաղպաղակը անարատ է: Մեր սարերի խոտը կերած կովի կաթից պատրաստած պաղպաղակը ինչպես կարող է վատը լինել: Ես պաղպաղակ չեմ սիրում, բայց որ Դարչո Թելմանիչը խնդրում էր՝ մի տաս հատ ուտում էի: Այս ձմեռ օրով պաղպաղակը հիշեցի՝ մարմինս սառեց: Ավելի լավ է այդ մի կարմրած ծիբուլն էլ տուր՝ տեսնեմ թթվի հետ ոնց է գնում:

Ինձից մեծ երեք եղբայր ունեմ: Եղբայրներիցս շատ գոհ եմ՝ հատկապես Պյոտր Թելմանիչից ու Դարչո Թելմանիչից: Իսկական եղբայրները այդպիսին են լինում՝ դուք էլ իրենցից օրինակ վերցրեք: Ասում են. «Ռաշիդ ջան, քեզնից շատ շնորհակալ ենք, որ դու որ մեր հորն ու նանին, ու մեր օջախը տերություն ես անում:» Իրենք էլ իրենց կողմից ինչքանով կարողանում են օգնում են: Այս նոր տան կառուցման փողերն էլ իրենք ուղարկեցին: Ասացին. «Ռաշիդ ջան, գալ չենք կարող, գոնե փողով օգնենք:» Ասացի. «Եղբայրներ ջան, դուք պրոբլեմ չունեք, մի անհանգստացեք՝ ես այստեղ շինարարությունը լրիվ կկազմակերպեմ՝ կանեմ: Ձեր ծնողներին էլ ոնց որ պետք է կպահեմ: Դուք այդտեղ հանգիստ Ձեր գործով զբաղվեք:» Ոչ ոք չի կարող ասել, որ ողորմածիկ հորս ու նանիս մի բանի պակաս եմ թողել: Երկուսին էլ առոք-փառոք թաղեցի, ճիշտ է, եղբայրներս Երևանից փողով օգնեցին, բայց հո ամեն ինչը փողով չէ:

Շքեղ տուն կառուցեցի ու կահավորեցի, նույնիսկ դաշնամուր առա ու գազի կաթսայով բաղնիք սարքեցի: Հարևանները խնդրում էին, որ գան լողանան: Բայց դե ում է պետք` անտեր կրակոցը իջեցրել է նկուղ: Վերևի հրաշք սենյակները թողած, այս խոնավ ու անշուք նկուղում ենք ապրում: Գազի մասին էլ չխոսեմ: Ախր ամբողջ կյանքում գազի գրասենյակում էի աշխատում: Գազը կտրեցին, մեզ էլ ասեցին. «էլ գործ չկա: Սովետը վերջացավ՝ փող չունենք, որ աշխատավարձ տանք: Գնացեք ձեր գլխի ճարը տեսեք:»

Ասա, հանգիստ մեզ համար ապրում էինք էլի, ինչի մեջներս կռիվ գցեցիք: Սովետը ինչու քանդեցիք: Հիշում էք, որ գնում էինք թուրքերից թութ առնում: Տակառները լցնում էինք բեռնատարի մեջ, ու դեպի Շամխորի գյուղերը: Ձեզ՝ երկուսիդ, որ հասատատ հետս վերցրել եմ: Գնում էինք, մտնում թթի հսկա ծառեր ունեցող թուրքերի այգին, ու տաս լիտրանոց դույլը քսան կոպեկով թութը թափում՝ լցնում տակառները: Քիչ չէ՛ դույլերի քանակի մեջ էինք խաբում, մի հատ էլ, կողքից մի քանի դույլ կեռաս էինք լցնում որպես նվեր ու գալիս: Ամեն տարի մի տոննա թթի օղի էի ստանում, մինիմում:

Թելման ջան, հիշում ես մեր դոստերին՝ Մեհդիի ընտանիքին: Իրենցից թութը տաս կոպեկով էի առնում, ու մի հատ էլ լավ հյուրասիրում էին: Տարին մի անգամ էլ, աշնան կողմերը, իրենք էին մեզ հյուր գալիս՝ արկղերով նուռ, խնձոր ու խաղող էին բերում: Ես էլ տեղը-տեղին խորոված էի սարքում՝ պարտադիր խոզի մսից: Ասում էին. “Ռաշիդ աղա, չլինի խորովածը նորից խոզի մսից ես պատրաստել: Գիտես, որ մուսուլմաններիս խոզի միս ուտել չի կարելի, բայց դու այնքան համեղ ես պատրաստում, որ ի վիճակի չենք մերժել”: Ու աշխարհ-աշխարհով, այս Մեհդիի ընտանիքը իմ պատրաստած խոզի խորովածով: Բա երեխեք ջան, մյուս անգամ որ խորոված պատրաստեմ, կտամ դուք էլ կուտեք:

Կնիկ ջան, մի հատ էլ սառը գինի բեր: Այս կրակի շոգը խեղդեց: Չէ, մի թուլացրու, կրակը մոտ է տալիս, դո՛ւ սառը գինին բեր: Ապրե՛ս: Այս ինչ լավն է այս տարվա իմ գինին: Հատկապես սառնությունը սպանում է: Չէ՛, ասացի դուք դեռ փոքր եք՝ ձեզ գինի չի կարելի: Հա, ինչից էի պատմում? Գրիգոր Վարդապետից?

Ուրեմն, մի հարյուր հիսուն տարի առաջ կլիներ՝ մինումիմում հազար ութ հարյուր թվի կողմերը: Ռուսները հայերի հետ թուրքերին, ու նաև պարսիկներին, ջարդելով գնում էին: Գրիգոր Վարդապետը լինում է Հախումի վանքի տերտերը: Բայց մոմ վառող ու ամբողջ օրը անիմաստ աղոթող սովորական տերտեր չի լինում՝ այլ թուր ու թվանք սիրող հայրենասեր քաջ տղամարդ: Թե չէ, հիմիկվա սուտ ֆիդայիները: Մորուքը դոշներին կախած, հրացանը ուսին՝ իբր թե ֆիդայի են: Ֆիդային մորուքով չէ՝ գնացեք սահմանը պաշտպանեք՝ ամբողջ օրը գլխներիս գրադով խփում են, թե չէ առավոտից երեկո քաղաքի կենտրոնում թվանքը ուսերիդ թրև եք գալիս: Անցած անգամ էլ եկան, հորեղբորս տղայի Վիլիսը գողացան տարան: Զանգեցինք միլիցիա, բայց դե սրանց դեմը էլ առնել չի լինի, ինչ ուզում են՝ անում են: Լրիվ անտեր երկիր ենք դարձել: Սովետին դեռ շատ ենք երանի տալու:

Էհ, նորից ջղայնացա: Մի հատ ծիբուլ տուր՝ նյարդներս հանգստացնեմ: Ինչի սկսեցի այդ մորուքավորներից պատմել? Հա, ախր Գրիգոր Վարդապետից էի պատմում:

Ուրեմն, Գրիգոր Վարդապետը հարյուր հիսուն հեծյալ ջոկատ ուներ, ու թուրքերի ահ ո ւսարսափն էր: Մի անգամ թուրքերը Իջևանի մոտ հարձակվում են հայոց կաթողիկոսի վրա ու նրան գերի վերցնում: Գրիգոր Վարդապետին արագ լուր են տալիս, ու նա իր հեծյալներին հավաքում է, Մուրղուզ սարի վրայով արագ անցնում Իջևան, ու թուրքերի ձեռքից կաթողիկոսին փրկում: Իմ պապի պապ Խաչիկն էլ է այդ զինվորներից եղել: Թե չէ, ձեր նման՝ ամբողջ օրը թողնես ֆուտբոլ խաղաք:

Մի քանի տարուց ձեր բանակ գնալու ժամանակն է: Բայց դեռ ուշքն ու մտքներդ խաղալու մեջ է: Բանակիցս մի դեպք հիշեցի, պատմեմ, կարող է պետք գա: Ուրեմն, մի քանի օրվա զինվոր էի: Սիբիր էին տարել՝ մինիմում մինուս քառասուն կլիներ: Մեր կողմերը դրա մոտիկ ոչ մի անգամ ցուրտ չի եղել: Հաստ վերարկուն հագիդ, ոնց որ ձյուն ձմեռը տկլոր դուրսը կանգնած լինես: Ձյունն էլ մինչև գլուխդ համարյա ծածկում է: Հետս մի հայ տղա կար՝ Էջմիածնի կողմերից, ու մի հիսուն ադրբեջանցի, ուզբեկների ու ռուսների մասին էլ չասեմ: Մի օր, կրակի մոտ նստած ինձ համար տաքանում էի, ուզբեկներից մեկը վազելով եկավ, թե Ռաշիդ ջան, քո ընկեր հային ազերիները վրա են տվել: Էլ ինչ մինուս քառասուն աստիճան – միանգամից դուրս վազեցի, մոռացա նույնիսկ վերարկուս ու գլխարկը հագնեմ: Հասա, տեսնեմ մինիմում մի երեսուն հոգի հարձակվել են Էջմիածնեցու վրա: Սրանք, որ ինձ տեսան, Էջմիածնեցուն թողին, որ ինձից պաշտպանվեն, բայց դե էլ իմ առաջը կտրել չէր լինի: Այն եմ հիշում, որ մի տաս հոգու ոտքերիս տակ գցելու հետո, ռուսները եկան ու բաժանեցին: Բա, ընկերը այդպես է լինում, չպիտի նայես՝ ցուրտ է, հակառակորդը շատ է, քանի օրվա ծառայող ես …: Թե չէ, ձեզ ասեն իրար հետ կռվեք:

Կնի՛կ ջան, մի հատ էլ սառը գինի բեր՝ սիրտս նորից վառվում է: Վայ, այս ինչ գմփոց էր? Գրադով են խփում: Երեխեք արագ լցվեք անկողիների տակ: Կնի՛կ, բրդից ներքնակը բեր, մտնում եմ կարտոֆիլի հորը, հորի բերանը ծածկի:

Գնել Խաչատրյան

07.12.2015թ.

Advertisements

2 thoughts on “Ծիբուլի շուրջ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s