Դևերից ազատող մոլլան

Նոյեմբերյան ցուրտ մի օր Մոսկվայով Դուշանբեից Երևան էի վերադառնում: Արդեն կես գիշեր էր, երբ նստեցի Մոսկվա-Երևան օդանավը, փոքրիկ բարձը հենեցի պատուհանին, և աչքերս, փակվելուն պես, սուզվեցին կիսաքնի մեջ:

Օդանավում մատուցվող ընթրիքի ծանոթ աղմուկից արթնացա ու նկատեցի, որ մեկ նստարան այն կողմ՝ միջանցքին կից շարքում, մոլլա է ծալպատիկ տեղավորվել: Մեր միջև առկա ազատ նստարանը հարմարավետ տարածություն էր ստեղծել՝ չխանգարելով քունս: Գիշերային այդ չվերթում ուղևորներ սակավաթիվ էին: Խոսակցությունների աղմուկ կամ երեխաների լացի ձայն չկար. լսվում էր միայն ուղեկցորդուհիների կրկնվող հարցը՝ “Թեյ, թե՞ սուրճ”:

Նիհարակազմ, բարձրահասակ, երեսունից-հիսուն տարեկան, ցանցառ մորուք, երկար ալեխառն մազեր, մոխրագույն կեղտոտ սքեմ՝ փեշերը հավաքած ծալպատիկ ոտքերի տակ: Այդ միջնադարյան կերպարում անսովոր երջանիկ աչքեր էին փայլում: Նման երջանիկ աչքեր կղերների մոտ երբեք չէի հանդիպել՝ նույնիսկ երբ նրանք լավ կշտացել են ու բավարարվածությունից շոյում են կլորիկ փորը:

Լուռ կերանք տհաճ համով բուտերբրոդն ու ըմպեցինք սրճախառը թաք ջուրը: Նույնիսկ այս անհրապույր ընթրիքը նրա հայացքից չհեռացրեց երջանիկ ցաքուցրիվ ժպիտը: Հիվանդագին հետաքրքրասիրությունս սկսեց տանջել ինձ: Ամեն օր Երևան մոլլաներ չեն գնում. եթե գնան էլ, ապա ոչ միայնակ ու ոչ կեղտոտ սքեմով: Ի՞նչ է փնտրում մոլլաների համար անապատ մեր երկրում այս երջանիկ կղերը:

Սուրճից հետո մի քանի րոպե ունեի զրույց սկսելու համար:

— Հաճախ եմ թռչում, սակայն առաջին անգամ եմ Երևան մեկնող մոլլա հանդիպում: Կարո՞ղ է Դուք Տաջիկստանից եք:

Եթե առաջին նախադասությունը նախապատրաստված էր, ապա երկրորդն ինքնաբուխ հնչեց:

-Այո՛, — առաջին անգամ ինձ նայելով ու անկեղծ ժպիտով պատասխանեց մոլլան, -Ինչպե՞ս իմացաք:

— Ես էլ եմ Դուշանբեից գալիս: Այնտեղ գործուղման էի: Երկրորդ անգամ եմ բախտ ունեցել լինել Տաջիկստանում և շատ հետաքրքիր տպավորություն ստացա:

Անշուշտ արձագանքս չպատասխանեց նրա հարցին, սակայն զրույցի շարունակման համար բավարար էր:

— Եվ ի՞նչ տպավորություն ունեք Տաջիկստանից։

— Տաջիկական լեզուն նույն պարսկերենն է, և ընդհանրապես, որքան գիտեմ, տաջիկները պարսկական արմատներ ունեն ու պարսկական հարուստ մշակույթի հետնորդներն են: “Դուշանբե” նշանակում է “երկուշաբթի”: Նարդի խաղից գիտեմ: — Տաջիկստանի վերաբերյալ գիտելիքովս հպարտացա ես:- Կարդացել եմ, որ Դուշանբեն մի հարյուր տարի առաջ բնակավայր է եղել, որտեղ երկուշաբթի օրերը տոնավաճառ էր կազմակերպվում: Դրանից էլ առաջացել է հետագայում քաղաք դարձած բնակավայրի անվանումը՝ “Երկուշաբթի — Դուշանբե”:

— Երևում է մեր երկրի մասին շատ բան գիտեք: Ինքս Դուշանբեից եմ: Սակայն քանի տարի է Ղարմում եմ ապրում: Իսկ Ղարմ այցելե՞լ ես: Դուշանբեից մի քանի հարյուր կիլոմետր է հեռու՝ սարերի մեջ: Մեզ մոտ բնական հանքային տաք ջրեր կան: Կարող ես նույնիսկ ձմեռը բարձր սարերում այդ բնական տաք լողավազաններում պառկել. վայելում ես խորքից բարձրացող ու քեզ պարուրող տաք ջրերի պղպջակները, իսկ շուրջ բոլորը Պամիրյան ձյունածածկ լեռներն են:

Ես Ղարմի շրջանի հոգևոր առաջնորդն եմ՝ Մոլլա Հոսսեինին: Տաջիկստանում ինձ շատերն են ճանաչում: Նույնիսկ արտերկրում ապրող տաջիկները իմ մասին գիտեն: Դևերից մարդկանց ազատող Տաջիկստանի ամենահայտնի մոլլան եմ:

Մինչ այդ անկեղծ հետաքրքրությամբ ունկնդրող հայացքի ներքո արագ թաքցրեցի քմծիծաղս: Ահա, թե որն է երջանիկ ժպիտի աղբյուրը: Դոն Կիխոտից երեք հարյուր տարի հետո, դևերի մեկ այլ մոլեռանդ հակառակորդ հենց այս պահին նստած է կողքս:

— Իսկ գիտե՞ս դևերի մասին։ Նրանք երբեմն հայտնվում են մարդկանց աշխարհում՝ տանջում միամիտ մարդկանց կամ զվարճանում չար խաղերով: Օրինակ՝ Ղարմում, երբ գյուղացիները գնում են մշակելու իրենց դաշտերը, դևերը սկսում են քարերով, կարտոֆիլով կամ պոմիդորով նրանց խփել: Կամ արոտավայրերում հովիվների ու նրանց գամփռների քթի տակից գառներ գողանում: Սակայն գյուղացիները ոչ ոքի չեն տեսնում ու սարսափահար դիմում են ինձ: Ղարմի բոլոր դևերն ինձ արդեն ճանաչում են: Գնում եմ ու քշշում նրանց այդ խեղճ գյուղացիների դաշտերից ու արոտավայրերից:

Նրա ոգևորված հայացքը մի պահ սահեց վրայովս ու սավառնեց օդանավով մեկ: Իմ արձագանքն էր ստուգում դևերի պատմությունից, թե՞ օդանավում դև էր փնտրում: Մեկ րոպե անց հայացքը խաղաղված վերադարձավ, ու շարունակեց խոսել:

— Դուշանբեից ու այլ վայրերից էլ են խնդրում, որ դևերից ազատեմ: Դևերը հաճախ մտնում են մարդկանց մեջ ու զոհերի մոտ ֆիզիկական կամ հոգեկան սարսափելի ցավեր առաջացնում: Անցած տարի դևերից մեկը մտել էր Պետերբուրգում ապրող երիտասարդ տաջիկի մեջ: Երիտասարդի եղբայրները շատ հարուստ էին, իսկ դևը ստիպում էր եղբայրների գումարները վատնել կազինոներում: Եղբայրներն ինձ ավիատոմս ուղարկեցին ու շատ խնդրեցին գնալ Պետերբուրգ՝ իրենց եղբորը դևից ազատելու: Նաև տաս հազար դոլար գումար տվեցին, որ փոքրիկ ամենագնաց գնեմ: Գիտես, որ Տաջիկստանի տարածքները լեռնային են ու ճանապարհները քարուքանդ, դրա համար էլ դևերից մարդկանց ազատելու համար ինձ ամենագնաց էր հարկավոր:

Մոլլայի ողջ հայացքը փայլում էր սեփական անձի երկնային ընտրվածության ինքնագիտակցումից: Գրպանից մի փոքրիկ գունազարդ գրքույկ հանեց:

-Նայի՛ր, գրածս գիրքն է. «Ինչպես ազատել մարդուն դևերից»: Ազատելու համար, նախ պետք է իմանաս, թե որտեղ է նա թաքնված՝ կրծքում, գլխում, թե մեկ այլ վայրում: Կախված թաքնվելու վայրից՝ դևերից ազատելու ընդունակ ձեռքերը պետք է ճշգրիտ շարժումներ կատարեն տվյալ օրգանի մոտ, և Ղուրանից դևերից ազատելուն ուղղված ճիշտ ընտրված նամազներ ասվեն: Տե՛ս, նկարներով նշել եմ թաքնվելու վայրերը և ամեն վայրի համար համապատասխան շարժումները և նամազները: Այս գիրքը պետք է ներկայացնեմ վաղը Հայաստանում անցկացվող աշխարհի հոգևոր առաջնորդների վեհաժողովին:

Նա դեռևս երկար նկարագրում էր զոհի մարմնից դևերին հանելու նրբությունները, սակայն այն ինձ չէր հետաքրքրում: Հենց մի պահ շունչ առավ, որ շարունակի գրքի մեկնաբանությունը, արագ հարցրեցի.

— Ուրեմն, այդ վեհաժողովին մասնակցելու համա՞ր եք այցելում Հայաստան:

-Այո՛, — պատասխանեց ու աչքերը կտրեց գրքից՝ այն հեռացնելով ինձնից: Հայացքում մի քանի ճառագայթներ խամրեցին, հավանաբար՝ հասկացավ, որ դևից բուժելու իր ունակությունները ինձ այդքան էլ չեն հիացնում:

Անչափ հետաքրքիր կլիներ տեսնել վեհաժողովին ոսկյա ծանրաքաշ շղթաներով ու ադամանդներով զարդարված, թանկարժեք հագուստներով ու սեփական մարմնի նկատմամբ համակ հոգածությամբ կղերների վերաբերմունքը դևերից մարդկանց ազատող, էժանագին կեղտոտ սքեմով մոլլաի նկատմամբ: Տարօրինակ է, որ հենց Մոլլա Հոսսենինին է Տաջիկստանի հոգևոր վերնախավը ընտրել՝ կղերների համաշխարհային հավաքին մասնակցելու համար:

-Իսկ պատահու՞մ է, որ դևը մարդու կերպարանք վերցնի ու ապրի մեր մեջ, – դևերից բուժման թեմայից շեղելու և Մոլլայի հիասթափությունը մեղմելու համար՝ հարցրի ես:

Գիրքը փակեց, սակայն շարունակեց երկու ձեռքով ամուր պահել այն: Երջանիկ աչքերով ինչ-որ ստվեր անցավ:

— Իհարկե, նման պատմություններ շատ-շատ են: Քեզ պատմեմ դրանցից մեկը՝ մի երիտասարդ տղայի մասին: Դուշանբեից այս հուսահատ տղան եկավ Ղարմ՝ գլխին եկած փորձանքը ինձ հետ կիսելու: Ի դեպ, եթե հաջորդ անգամ գաս Տաջիկստան, անպայման այցելի՛ր ինձ, Ղարմ քաղաքը կհիշե՛ս: Արի՛ ու հարցրու՛ իմ մասին. քեզ կբերեն տուն: Նույնիսկ Դուշանբեում եթե գնաս մզկիթ ու հարցնես դևերից փրկող Մոլլա Հոսսեինի մասին, ապա վստա՛հ եղիր՝ հավատացյալները կասեն քեզ իմ մասին: Արի՛, կզրուցենք, փլով կհյուրասիրեմ, կվայելես բնական հանքային ջրերի տաք լողավազանները:

— Անպայման կգամ: — Վստահ լինելով, որ չեմ գնա՝ անկեղծ արձագանքեցի ես: — Իսկ ի՞նչ էր պատահել այդ հուսահատ տղային:

Մի պահ լռեց, կարծես տատանվում էր շարունակել այդ պատմությունը, թե նորը սկսել: Սակայն, ի ուրախություն ինձ՝ շարունակեց.

— Գարնանային մի հաճելի երեկո գնացել էր ռեստորան: Ընթրել էր, ալկահոլ խմել, չնայած Ալլահը արգելում է խմել, ու պարել հավատացյալին ոչ հարիր պարեր: Դե, երիտասարդներից շատերը, հատկապես Սովետական անաստված ռեժիմից հետո, իրենց վարքում հաճախ մոռանում են Ալլահի կանոնների մասին: Ալլահու Ակբար:

— Պարի ընթացքում նրան իր նազանի պարով ու թովչանքով խելքահան էր արել սև խոշոր աչքերով, մինչև ծնկները ջրվեժի նման թափվող սև վարսերով, նուրբ հմայիչ դիմագծերով, հյութեղ վարդագույն շուրթերով, տաք գույներով լի ազգային հուգուստով մի հիասքանչ գեղեցկուհի: Տղան այլևս հիացմունքից փայլող հայացքը չէր կարողանում կտրել դրախտային էակից:

Մոլլայի շունչը կարծես կտրվում էր գեղեցկուհու ողջ հմայքը նկարագրելիս, նույնիսկ երեսին քրտինք հայտնվեց: Մի պահ շունչ քաշեց, գրպանից հանեց անհայտ գույնի թաշկինակ ու սրբեց քրտինքը:

— Երբ աղջկա համար ակնհայտ էր, որ տղան սիրով ամբողջովին արբած է, պարի ընթացքում ականջին շշնջում է, որ արդեն հեռանում է, և եթե ցանկանում է, կարող է ճանապարհել: Տղան իհարկե համաձայնում է, ու միասին դուրս են գալիս:

Այս պատմությունն ինձ շատ ավելի գրավեց, քան պոմիդորով գյուղացիներին խփելով զվարճացող դևերինը: Սակայն Մոլլան կարծես մոռացել էր իմ գոյության մասին. աչքերը սևեռած օդանավի առաստաղի սահուն կորությանը, խոսում էր աներևույթ ինչ- որ զրուցակցի հետ:

— Հենց ռեստորանից դուրս են գալիս, տղան նկատում է, որ մեծ փաթիլներով ձյուն է տեղում, իսկ գետինն ու ծառերն էլ արդեն ծածկված են ձյան հաստ շերտով: Իսկ նա և աղջիկը գարնանային հագուստով էին: Տղան մի պահ կարկամում է՝ չէ՞ որ մի քանի ժամ առաջ ձյան նշույլ իսկ չկար, իսկ տեղատարափ ձյան ներքո գարնանային հագուստով նրանք երկուսն էլ կսառչեն: Իսկ խորհրդավոր օրիորդը կարծես ձյունը չէր էլ նկատում՝ ամուր բռնում է տղայի ձեռքը՝ նրան իր հետևից տանելով ձյան շերտի մեջ: Ձյան մեջ թաթախված տղան հանկարծ հասկանում է, որ սառնություն չի զգում, որ աղջկա մատներից իր ողջ մարմնով անբացատրելի ջերմացնող հոսք է տարածվում, իսկ իրեն ամբողջովին շրջապատող ձյան սավանից դուրս՝ գոյություն ունեն միայն իրեն ջերմությամբ պարուրող դրախտային տաք էակը ու նրա բոցկլտացող աչքերը:

Մոլլա Հոսսեինին կանգ առավ: Աչքերում անսովոր թախիծ հայտնվեց՝ ծածկելով չարաճճի երջանկությունը: Չէի ցանկանում ընդհատել նրան: Ինքնաթիռը սկսեց սրընթաց իջնել: Ի ուրախություն ինձ՝ մոլլան հետ վերադարձավ:

— Տղան ինքնամոռաց անհագությամբ շարունակում էր համբուրել գեղեցկուհու շուրթերը: Նման թաք խոնավ մեղրածոր շուրթեր նա երբեք չէր վայելել: Թե որքան ժամանակ էր նա այդ վիճակում, չի հիշում, միայն այն, որ աղջիկը հանկարծ հեռացրեց իր շուրթերը, ձեռքով կանգնեցրեց չգիտես որտեղից հայտնված մի ավտոմեքենա, վերջին անգամ համբուրեց տղային և մեքենայի հետ անհայտացավ ձյան ճերմակ սավանում:

Մի քանի անգամ խորը շունչ քաշեց, ու շարունակեց.

— Խեղճ տղան հազիվ սթափվել էր: Ձնեմարդ դարձած՝ դեռ երկար կանգնել էր ձյան տակ՝ չիմանալով ինչ անել, մինչև որ զգացել էր մարմնով տարածվող խոնավ սառնամանիքը ու իր վրայից ձյունը ինչ-որ կերպ թոթափելով՝ հասել տուն: Մեկ շաբաթ հիվանդ պառկել էր. դեռ լավ է, որ կենդանի էր մնացել: Երբ դուրս էր եկել տնից, ձյան նշույլ իսկ չկար: Աղջկան խելագար փնտրել էր քաղաքով մեկ, բազմիցս այցելել նույն ռեստորանը, սակայն ոչ մի արդյունք՝ ոչ ոք նման աղջիկ չէր ճանաչում: Դժբախտ հուսահատ տղան կորցրել էր կյանքի նկատմամբ ողջ հետաքրքրությունը՝ նույնիսկ նամազի ժամանակ միայն աղջկա մասին էր մտածում:

Մոլլայի հայացքում մարում էին երջանկության վերջին ճառագայթները: Ձայնի մեջ հուսահատության թույլ երանգներ հայտնվեցին: Փոխված ձայնով շարունակեց.

— Հետզհետե հասկացել էր, որ այդ ամենը չափազանց կախարդական էր, զարմանահրաշ ու դյութական՝ իրականություն լինելու համար:

Ինքնաթիռը վայրեջք կատարեց: Ուղեկցորդուհին հայտարարեց, որ Երևանում գիշերվա ժամը հինգն է: Արդեն աղոտ լուսանում էր: Մոլլա Հոսսեինին ծալապատիկ ոտքերն իջեցրեց նստարանից, ուղղեց սքեմի փեշերը, դևերից բուժող գիրքը, որ այդ ողջ ընթացքում ամուր սեղմել էր ձեռքում, տեղավորեց ծոցագրպանի մեջ: Նրա հայացքը ծածկվեց ձյունաճերմակ սառնությամբ: Ըստ երևույթին պատմությունը շարունակել այլևս չէր ցանկանում:

«Ենթադրում եմ, որ դյութական էակը հենց մարդու կերպարում թաքնված դև՞ էր, ով կարողացել էր կախարդել տղային ու թափանցել նրա սրտի մեջ՝ խանգարելով նրան լիարժեք ապրել: Եվ ինչպե՞ս կարողացաք տղային ազատել դևից»: — Հազիվ էի ինձ զսպում, որ չհարցնեմ՝ դեռևս հուսալով, որ նա ինքնակամ կշարունակի պատմությունը:

Սակայն իմ սպասումները զուր էին: Օդանավի դուռը բացեցին, և ուղեկցորդուհին ուղևորներին հրավիրեց ելք: Նա վերցրեց փոքրիկ ճամպրուկը և հեռացավ: Որքան էլ արագ փորձեցի շարժվել, նրան այդպես էլ չտեսա ու չկարողացա իմանալ պատմության շարունակությունը:

Հասա տուն և մինչև երեկո քնեցի: Արթնացա, ընթրեցի ու գնացի լողավազան՝ երկար կիսաքուն ճանապարհի հոգնածությունը թոթափող լավագույն միջոցը:

Ջրի շերտում սուզված՝ գլխիցս չէր հեռանում Մոլլա Հոսսեինի պատմությունը. «Եթե նա երկնքում հենց այդ պատմությունը պատմեց մարդու կերպարանք ընդունող դևերի մասին, ու մինչև այժմ այդ պատմությունը նրա երջանիկ աչքերը վերածում են անհատակ թախիծի, ապա միգուցե ոչ մի տղա էլ չի եղել: Եվ միգուցե դևերի քաջիմաց ու նրանց հետապնդող մոլլա է դարձել՝ հենց այդ բացառիկ դյութիչ դևին նորից գտնելու հույսով:»

Գնել Խաչատրյան

14.12.2015թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s