Օրագիր

Ենթադրում եմ, առաջին կուրսում էի, երբ Կրասնոսելսկ-Երևան ճանապարհին մեքենան պտույտով ցատկեց ճանապարհից դուրս, սակայն որևէ վնաս ուղևորներիս կամ մեքենային չպատահեց: Սակայն, այս փոքրիկ դեպքը ինձ համոզեց օրագիր լրացնել:

Օրագրի առաջին էջը նվիրեցի այն գրելու անառարկելի հիմնավորմանը, ինչպես նաև, թե օրագիրը ինչպես կարող է օգնել կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանների փնտրտուքում:

Համառորեն լրացրեցի երեք-չորս տարի, արդյունքում՝ երեք օրագիր՝ մոտ հինգ հարյուր էջ; ու ոչ մի հարցի պատասխան: Փոխարենը՝ կրկնվող պատմություններ: Ասպիրանտուրայում «համարյա պարբերական ֆունկցիաների տեսություն» էի ուսումնասիրում: Օրագրիս յուրաքանչյուր պատմություն սպիրալի պես անսկիզբ ու անվերջ համարյա պարեբրական կորագծով շարժվում էին ժամանակի մեջ՝ կրկնելով նախորդներին՝ սակայն վստահությամբ, որ նախորդներից ինքը առանձնահատուկ է:

Իսկ վերջին օրագիրը լցված էր որոշ գրքերից մեջբերումներից, որոնք վստահաբար հայտարարում էին բոլոր հարցերի պատասխանները: Այդ գրքերը կարդում էի նորից ու նորից, մտասուզված վերլուծում և շրջապատում հպարտությամբ մեջբերումներ կատարում: Արդյունքում այդ մի քանի գիրքը խժռեցին ինձ ու դարձրին իրենց քայլող պատճեն:

Օրագիր դադարեցի լրացնել՝ ի՞նչ իմաստ ուներ, երբ այլ գրքերում այդքան մատչելի ներկայացված էին բոլոր հարցերի պատասխանները: Տարիներ անց, փոշոտված գրքերի շարքում նկատեցի երեք օրագրերը: Պարապությունից սկսեցի կարդալ՝ գրողը այնքան խորթ էր ինձ, որ գրքերը առանց վարանելու նետեցի վառարանի մեջ՝ հրճվանքով դիտելով թե ինչպես են կրակի լեզուները ագահորեն խժռում թանաքապատ էջերը:

Այդ պահին դեռ չգիտեի, որ կրակի լեզվակները խժռում են նաև հիշողությունս՝ ծրագրավորողների լեզվով ասած “ֆորմատ” անում: Այդ կորուստը նկատեցի, երբ ծանոթներս փորձում էին հիշեցնել այդ տարիների դեպքեր, կամ պարզապես համոզել, որ մենք ոչ միայն ծանոթներ՝ այլև մտերիմ ընկերներ ենք եղել: Մի քանի տարի անվերադարձ ջնջվել էր հիշողությունիցս:

«Գիրը մահ է»՝ այն ինչ գրում ես, դուրս ես հանում ուղեղիցդ ու սրտիցդ, ու հանձնում թղթին: Այսինքն, ես այդ մի քանի տարին հանձնել էի թղթին՝ ու թուղթը վառելով՝ վառել հիշողությունը:

Ինչևէ, քանի որ չեմ հիշում, չեմ էլ ափսոսում՝ չնայած ափսոսալու բան պետք է որ լիներ վաղ երիտասարդական այդ տարիներում:

Սակայն ես հաջողակ էի, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս՝ քսանից մեկը, որ ազատվեցի ինձ պատճե դարձրած գրքերի ճիրաններից: Չեմ հիշում, ինչպե՞ս կամ ո՞ւմ օգնությամբ: Նաև չեմ հիշում՝ թե ի՞նչ հարցեր էի գրել օրագրում, սակայն պարզ էր, որ պատասխանները ակնհայտ գերագնահատված էին:

Վառված օրագրերի մասին չէի հիշի, եթե վերջերս չնկատեի, որ օրագրերը ամենուր են: Նրանք իրենց սարսափազդու հայացքներ են չռում սոցիալական ցանցերից ու բլոգներից: Ոչ մի վայրկան դուրս չի մնում՝ զգացում, մտքեր, կերակուր, սուրճի շուրջ հանդիպում, սեռական ցանկություններ, մտերմիկ ու թշնամական հարաբերություն,… — կյանքի ամեն վայրկանը: Այն ինչ սոցիալական ցանցում չի արձանագրվել՝ անիմաստ է ու ժամանակի զուր կորուստ:

Եթե մի օր սոցիալական ցանցում կրակ բռնկվի՝ անհետ կխժռի իրեն հանձնված կյանքները:

 

Գնել Խաչատրյան

26.12.2015թ.

 

Advertisements