Հովսեփը

Հովսեփի ավագ քույրը և եղբայրը դպրոցում գերազանցիկ էին: Ինքն էլ սովորական աշխույժ երեխա էր, երբ սեպտեմբերի մեկին քույրիկի ձեռքը բռնած ծաղկեփնջով մուտք գործեց դպրոց: Այդպես էլ անհայտ մնաց՝ մտավոր կարողությունները չբավարարեց, թե՞ չցանկացավ սովորել, սակայն առաջին դասարանի ծրագիրը չհաղթահարեց, ու չտեղափոխվեց երկրորդ դասարան:

Եւս չորս սեպտեմբերի մեկ, Հովսեփը նույն վստահ քայլելով ծաղկեփունջը ձեռքին ժպիտով մուտք գործեց առաջին դասարան, մինչև որ ծնողները որոշեցին դադարեցնել ուսուցիչների տանջանքը:

Չնայած դպրոցում անհաջողություններին, Հովսեփը կարողանում էր ընտանիքի համար հաց, ուտելիք, հագուստեղեն ու փող հայթհայթել չափազանց ծանր տարիներին՝ օգնելով ծնողներին հոգալ գերազանցիկ քրոջ ու եղբոր կարիքները:

Կարճ ժամանակում Հովսեփը կարողացավ ճանաչել ու մտապահել քաղաքում և շրջակա գյուղերում ապրող մարդկանց գերակշիռ մասին՝ անուն-առ-անուն: Բոլորին ապշեցնում էր մարդկանց հիշելու նրա բացառիկ տաղանդը: Սակայն առանձահատուկ զարմանալի էր տարիների վաղեմության հանգուցյալներին հիշելու նրա հետաքրքությունը:

Պատանեկան տարիքից նա շրջանի գյուղերով մեկ այցելում էր թաղումներին: Եթե նկատենք, որ այդ տարիներին գյուղեր հաճախ ոտքով էին գնում, նույնիսկ ձմեռվա պայմաններում, ապա հոգեհացը չէր կարող պատճառ լինել Հովսեփի մասնակցության համար: Մարդիկ չէին էլ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս էր նա իմանում այդ բոլոր թաղումների մասին, հատկապես հեռավոր գյուղերում կատարվող:

Տուն էր վերադառնում կեղտոտված հագուստով ու հոգնած դեմքով: Վերադարձի ճանապարհին բոլոր հանդիպողներին անկեղծ ցավով հայտնում էր բոթը.

— Վարդուշ հորքո՛ւյր, չե՞ս իմացել, որ Լևանը մահացել է:

— Ի՞նչ Լևան, Հովսեփ ջան: — Զարմացած հարցնում էր լվացք փռող հարևանը:

— Լևանը՝ Այգեձորից: Այսօր թաղումն էր, քառսունքն էլ հաջորդ ամսվա քսանին է լինելու՝ եթե կարող ես գնա: — Իր պարտքը կատարելով Հովսեփը շարունակում էր ճանապարհը:

— Հովսե՛փ, ես Այգեձորցի Լևանին որտեղի՞ց պետք է իմանամ: Կամ դու որտեղի՞ց ես իրեն ճանչում, որ գնացել ես: — Հետևից գոռում էր հարևանը:

Ամենասիրած տոնը Հունվարի երկուսն էր՝ Գերեզմանի օրը: Շրջանում այդ տոնը այնքան գունեղ ու մշակույթային չի նշվում, ինչպես Մեքսիկայում Մեռելների Տոնը; սակայն տարվա մեջ ամենամարդաշատ տոներից էր՝ Վարդավառի ու Մայիսի մեկի տոներից հետո:

Այդ օրը շրջանի բոլոր մարդիկ այցելում էին իրենց հարազատների, բարեկամների ու հարևանների շիրիմներին, դրանք մաքրում ձնից, խունկ վառում, Ամանորի ավետիսը հայտնում հանգուցյալներին: Քանի որ Ամանորից ընդամենը մեկ օր է անցել, ապա Ամանորի շունչը փոխանցում են ոչ միայն հանգուցյալներին, այլև ողջերը՝ միմիյանց:

Գերեզմանոց ձգվող ճանապարհը լցված է սառույցի ու ձյան վրայով մաքառող մարդկանց: Դա, նաև լավ առիթ է երիտասարդ տղաների ու աղջիկների համար հանդիպել իրար; տղաներին բռնել աղջիկների ձեռքը՝ օգնելով նրանց չսայթաքել դժվարանցանելի ճանապարհին, կամ շիրիմների միջև ձգվող նեղ արահետներում:

Հովսեփը այդ օրը իր տարերքի մեջ է՝ առավոտից մինչև ուշ երեկո իր հազար հորքուրների հետ խնկում է նրանց անցավորներին՝ հիշելով բոլորին անուն-առ-անուն:

Հովսեփը հասավ բանակային տարիքի: Արտաքնապես նորմալ տղա էր: Շրջկենտրոնի բժիշկները, որոնք բոլորը հրաշալի ճանաչում էին Հովսեփին, որևէ հիվանդություն նրա մեջ չգտան: Սակայն բանակից ազատելու համար եզրակացության մեջ գրեցին, որ մտավոր հասուն չէ, և որպես հիմնավորում նշեցին, որ առաջին դասարանը հինգ տարում չի կարողացել հաղթահարել, տառաճանաչ չէ ու թողել է դպրոցը:

Եզրակացությունը և Հովսեփին ուղարկեցին մարզային գլխավոր հանձնաժողով, բանակից ազատվելու վերջնական որոշում կայացնելու համար: Հանձնաժողովի նախագահը՝ ցլիկի արտաքինով գնդապետը, հարցրեց Հովսեփին, թե իրենց ընտանիքը ի՞նչ անասուններ է պահում, և ստանալով. “Երկու կով, ու քեզ նման մի հատ ցլիկ,” պատասխանը, միանգամից եզրակացրեց, որ Հովսեփը իսկապես մտավոր հետամնաց է, ու ազատեց ծառայությունից:

Այս ազատումով Հովսեփի կյանքում ոչինչ չփոխվեց՝ շարունակում էր ընտանիքի համար սնունդ հայթհայթել, ու մասնակցել շրջանի թաղումներին: Այնքան էր փորձառություն ձեռք բերել, որ շրջանով մեկ կազմակերպում էր բոլոր սգո արարողությունները՝ ով որտեղ կանգի, ծաղիկները ով բռնի, նկարը ով բռնի ու ինչպես շարժվի, ինչը-ինչից հետո լինի – սկզբից մինչև վերջ: Բոլորը անխոս ենթարկվում էին, իսկ ով չէր ճանաչում, տեղեկացնում էին, որ դա Հովսեփն է, և որ պետք է անել այնպես՝ ինչպես նա կասի: Սակայն ելույթներ կամ թամադայություն երբեք չէր անում, միգուցե բառապաշարի սակավության պատճառով:

Հովսեփի բառապաշարը լայն չէր: Շատ էր օգտագործում՝ «կենդանի» ու «ողորմածիկ» բառերը: Եթե երկրորդ բառը օգտագործում էր մահացածների նկատմամբ իր հարգանքը ընդգծելու նպատակով; ապա առաջին բառի օգտագործումից դժվար էր հասկանալ ի՞նչ նկատի ունի, երբ օրինակ ասում էր. “Բաբկենը կենդանի է”: Սակայն միանշանակ հստակ էր, որ Հովսեփը շատ ավելի հարգում ու սիրում էր “Ողորմածիկ”-ներին, քան “Կենդանի”-ներին:

Երբ ընտրությունների ժամանակ մարդիկ կատակում էին, որ մահացածները եկել են քվեարկել, ապա Հովսեփը դա լուրջ էր ընդունում, և հաջորդ ընտրություններին ընտրական տեղամասերում խնդրում էր, որ երբ Ողորմածիկները գան քվեարկելու, ապա իրեն անպայման տեղյակ պահեն՝ նրանց ասելու շատ կարևոր բան ունի: Թե ինչ ասելիք ուներ հանգուցյալներին՝ ողջերին չէր հայտնում, նույնիսկ երբ այդ Ողջը մոտ ապագայում Ողորմածիկ պետք է դառնար:

Հովսեփը արդեն հասուն երիտասարդ էր, երբ շրջանում ակտիվ տերտեր հայտնվեց, ու սկսեց իրականացնել սգո արարողությունները: Ժողովրդի համար դա անսովոր էր, սակայն քիչ-քիչ սկսեցին հարմարվել սևազգեստ տերտերի ներկայությանը՝ ում ողջ հագու-կապը ընդգծում էր սգո մթնոլորտը: Տերտերը ոչ միայն կարգադրում էր, ինչը ինչպես անել ու ինչը ինչից հետո, նաև, սիրում էր երկար խոսել ու հոգեհացի թամադայություն անել: Քանի որ թաղումներում պետք է մի երկու ժամ կանգնել, ապա տերտերի երկար խոսելու հակումը առանձնապես չէր անհանգստացնում՝ հատկապես, որ նրանք չէին էլ սլում թե տերտերը ինչ է խոսում: Իսկ հոգեհացին թամադայություն անելու ցանկություն ոչ ոք չուներ:

Ժողովրդի համար տերտերի հայտնվելը ոչինչ չէր փոխում՝ մեկը միշտ էլ պետք է կազմակերպի թաղումը; սակայն Հովսեփի համար դա նշանակալի փոփոխությունն էր՝ չէ որ տերտերը իրենից խլում էր տարիների քրտինքով վաստակած իրավունքը: Խնդիրը փողի մեջ չէր՝ Հովսեփը երբեք փող չէր վերցնում իր կազմակերպական ջանքերի համար: Տերտերի հայտնվելով, հանգուցյալի հարազատները իրեն այևս չէին լսում, ու անում էին այն ամենը ինչ տերտերը կասեր: Իսկ տերտերը իրեն ընդհանրապես արհամարում էր:

Մրցակիցը չափազանց արագ էր ծավալվում: Կամաց-կամաց տերտերի ներկայությունը թաղումներում հաճախակի դարձավ, ու Հովսեփին գործունեության հազվադեպ առիթներ մնացին: Տերտերը նույնիսկ կարողացավ խառնել Գերեզմանի օրը: Նա շատերին համոզեց Հունվարի երկուսի փոխարեն յոթին գնալ, կամ գոնե վեցին: Այնպես, որ հունվարի երկուսին այցելողների քանակը տարեց-տարի նոսրացավ; և գնացողներն էլ տեսնելով, որ շատերը այդ օրը չեն այցելում գերազմանոց, իրենք նույնպես սկսեցին չայցելել: Այնպես, որ մի քանի տարի հետո, Գերեզմանի օրը լրիվ մոռացվեց: Ճիշտ է տերտերը չկարողացավ եկեղեցական մեռելոցներին մասայականություն հաղորդել, սակայն Հովսեփի համար այդ ամենակարևոր տոնի կորուստը մեծ հարված էր:

Բայց ինչ կարող էր անել տերտերի դեմ խեղճ Հովսեփը: Տերտերը օրեցոր ծաղկում էր՝ քաղաքի կենտրոնում հսկա եկեղեցի կառուցեին՝ հանձնեցին նրան: Շատ կցանկանար տերտերին՝ իր եկեղեցու հետ այրեր: Տերտերը իրենից ֆիզիկապես ուժեղ էր, ու միշտ մարդկանցով շրջապատված, այնպես որ տերտերից ազատվելու ոչ մի միջոց չէր կարողանում մտածել:

«Եթե թշնամուդ չես կարողանում հաղթել, ապա բարեկամացիր;»- մտածեց Հովսեփը, ու մի արևոտ օր համարձակվեց մոտենալ տերտերին, ու առաջարկել, որ միասին կազմակերպեն թաղումները՝ ինքը դրա դիմաց ոչինչ չի պահանջում, այլ ուղղակի կարողանա ինչպես հարկն է ճանապարհել հանգուցյալներին: Սակայն տերտերը քրքջաց. “Այդ դեբիլ, դու գրել կարդալ չգիտես; ինպե՞ս կարող ես ինձ ընկերակցել:” Հովսեփը նեղվեց ու գլխիկոր հեռացավ՝ տերտերի հետ համագործակցության հույս չկար; ուրիշ ճանապարհ էր պետք գտնել:

Նկատել էր, որ տերտերը արարողությունների ընթացքում ինչ որ սև գիրք է կարդում ու խաչը շարժում: Եթե խաչը, ինչպես նաև սև թիկնոցը, հեշտությամբ կարելի էր գտնել, ապա գրքի հարցը լուրջ էր՝ ախր ինքը կարդալ չսովորեց: Եղբոյրը խնդրեց պատմել իրեն այդ գրքի մասին; և շատ ուրախացավ, որ եղբայրը հայտնեց, որ ինքը այդ գրքից նվեր է ստացել, ու ոչ միայն կարդացել է այն, այլև պարբերաբար հաճախում է սուրբ գրքի շուրջ հավատքի հանդիպումներին:

Երբ Հովսեփը ճշտեց, որ այդ հանդիպումները եկեղեցում չէ ու տերտերը դրա հետ կապ չունի, խնդրեց եղբոյրը իրեն էլ տանել, սակայն եղբայրը մերժեց՝ պատճառաբանելով, որ Հովսեփը դեռևս պատրաստ չէ, ու կարող է իրեն անհարմար դրության մեջ գցել: Սակայն խոստացավ պատմել գրքի ու Հիսուս-աստծո մասին; որը իրեն զոհել է հանուն բոլոր մարդկանց: Այն որ Հիսուսը մահացել է, միանգամից Հովսեփի մոտ ակնածանք ու վստահություն առաջացրեց:

Եղբայրը գրքի մասին առաջին պատմությունը սկսեց Հիսուսի ծնողներից՝ Հովսեփից ու սուրբ Մարիամից: Հովսեփը անչափ հպարտ էր՝ Ողորմածիկ-աստծո հոր անունը իր անունն է: Եղբայրը պատմեց, որ կույս Մարիամը Հիսուսով հղիացավ Սուրբ Հոգուց: Սակայն Հովսեփը նեղսրտած ընդհատեց պատմությունը.

— Բայց չէ որ Մարիամի ամուսինը Հովսեփն էր: Ամոթ չէ՞, որ իր ամուսին Հովսեփից չի հղիացել, այլ ուրիշից: Նաև, եթե ամուսնացած էին, ինչո՞ւ էր Մարիամը կույս մնացել:

— Շաշ-շաշ դուրս ես տալիս, — սաստիկ ջղայնացավ եղբայրը: — Ինձ ասա, որ այս շաշին բան եմ սովորեցնում:

Հովսեփի թաղանձագին խնդրանքը շարունակել իրեն պատմել տերտերի գրքի մասին այլևս անարդյունք էին: Եղբայրը ջղայնացավ ու գնաց հարևանների հետ բլոտ խաղալու: Հովսեփը ստիպված էր համակերպվել, որ տերտերի գիրքը իրեն հասանելի չէ; ու ինքը տերտերին մրցակցել չի կարող:

Մնում էր համակեպվել, ու բավարարվել նրանցով, որտեղ տերտերը չէր կարողանում կամ ցանկանում այցելել, ու մարդիկ հոժարակամ կատարում էին իր ցուցումները: Գոնե լավ էր, որ տերտերը ընդամենը մեկն էր, իսկ մահացողները շատ – տերտերը որքան էլ ջանար, չէր կարող այցելել նրանց բոլորի թաղմանը, հատկապես գյուղերով մեկ: Նաև, շարունակում էր կատարել ամեն տեսակ աշխատանք՝ տուն ուտելիք ու փող բերելով:

Գնել Խաչատրյան

07.01.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s