Զրույց

Ճանապարհի երկու կողմերում փոքր ու մեծ խանութների շարք էր: Վերջերս փոքր խանութների մեծ մասը հանեցին, և տեսադաշտը բացվեց: Դիմացի մայթով հապշտապ քայլող կինը կարծես ծանոթ է, իհարկե Մարինեն է՝ հորեղբոյր թոռը: Ձեռքին երկու ծանր պայուսակ կա՝ հավանաբար մթերքների գնումներից տուն է վերադառնում: Մարինեի բախտը բերել է՝ ամուսինը ճարպիկ տղա է՝ ավտոպահեստամասերի խանութ ունի, ու ընտանիքին ինչպես հարկն է ապահովում է:

Մարինեն կոկիկ է հագնված՝ բարձրակրունկ կոշիկներով ու նոր գեղեցիկ շրջազգեստով: Վարսերը սահուն իջնում են ուսերին՝ զգացվում է, որ վարսահարդարի մոտ հաճախ է այցելում: Իսկ դեմքը և մատները խնամված են, ու հաճելի գույներով շպարված:

Եթե իր ամուսինն էլ ճարպիկ տղամարդ լիներ, ինքը Մարինեից պակաս ճաշակով չէր հագնվի ու իր գեղեցիկ արտաքինին հետևեր: Դասարանի աչքն էր: Բայց մարդ պետք է բախտ ունենա, մնացածը՝ սուտ է: Իսկ իր բախտը անվերջ աշխատելն է, ու սրա-նրա հոգսերը հոգալը: Այդքան չարչարանքի արդյունքը ի՞նչ – բերանում մի քանի ցաք-ու-ցրիվ սևացած ատամներ, հագին հարյուր տարվա հագուստ, մազերի մեծ մասը սպիտակ, դեմքին կնճիռներ, -ո՞վ կարող է ասել, որ դեռ հիսուն էլ չկա:

Երեխաներին էր մեծացնում, տունը մաքրում, գնում աղբյուրից դույլերով ջուր բերում, լվացք անում, կեսուր-կեսրարի նազուտուզը տանում, կրակը վառում, ճաշը պատրաստում, ամանները լվում, բանջարանոցը խնամում, … – ցայգից մինչև ուշ գիշեր անվերջ ոտքի վրա:

Թե չէ Մարինեն ի՞նչ դժվարություններ է տեսել, որ ամբողջ օրը իրեն հագուկապով ու արտաքինով չզբաղվի: Իհարկե, դեռ քայլելուս էլ ինքնագոհ կժպտա՝ ո՞վ ունենա քո բախտը, որ չժպտա:

Բայց ի՞նչ է նորից ինքն իրեն ուտում, եթե հենց հիմա չանցի դիմացի մայթ, ապա Մարինեն արագ կհեռանա, իրեն ո՛չ կնկատի ու ո՛չ էլ կբարեհաճի ողջունել:

— Բարև՛, Մարինե ջան: Ինչ լավ է քեզ տեսա՝ կարոտել էի: Ոնց է՞ եղբոյրս աղջիկը: Ինչ էլ սիրունացել ես:

— Բարի օրը՛ սիրելի հորաքույրիս: Էլ սիրուն չի մնացել: Դուք ոնց ե՞ք:

— Է, ո՞նց պետք է լինենք: Վանիկը մեկ ամսից ավելի հիվանդ պառկած է՝ միտք էլ չունի տեղից բարձրանալու: Կոլյաս մի քիչ փող էր ուղարկել, այն էլ լրիվ դրա դեղերի վրա ծախսեցինք: Ո՛չ մեռնում է, ո՛չ ապրում:

— Խեղճ մարդուց ինչո՞ւ ես բողոքում: Հո, իրենից կախված չէ: Ի՞նչ անի որ անտեր ցավ եկել կպել է, պոկ չի գալիս:

-Ավելի լավ է Վանիկից մի հիշեցրու՝ միայն կարողանում է ամբողջ օրը նվնվալ ու դեղ ուզել: Թե չէ, գիտի մենք շատ առողջ ենք: Որ, իմ ցավերին ուշադրություն դարձնեմ՝ Վանիկից էլ հարյուր անգամ հիվանդ կլինեմ: Բայց էդ հեչ, լսել ե՞ս, ինչ խայտառակ բան է պատահել: Կոլոտենց Վահանին ճանաչելուս կլինե՞ս, ներքևի թաղամասից: Փոքր որդին երեկ ավտովթարից զոհվել է: Երիտասարդներով գնացել են սարերը քեֆ անելու՝ լավ խմել են: Վերադառնալուս ավտոմեքենան գլորվել է ձորը: Մեջը վեց հոգի են եղել: Բացի իրենից բոլորը փրկվել են, նույնիսկ վարորդն է փրկվել՝ միայն ոտքն է ջարդել; իսկ մյուսներին ոչ մի բան էլ չի պատահել:

— Ինչ վատ բան ասացիր, հորաքույր: Վահանին աղոտ եմ հիշում, իսկ երեխաներին չգիտեմ: Վահանը կարծեմ պատշար է չէ՞, հիմնականում խոպաններում է լինում:

— Հա, լավ էլ իմացար: Գիտես, Վահանը իմ դասարանից էր: Աշխուժ տղա էր: Ամուսնացրած մեծ տղա ու աղջիկ էլ ունի; այս մեկը փոքրն էր՝ դեռ չէր էլ ամուսնացել: Լուր են տվել, խեղճը ամբողջ գործը թողել է՝ Սիբիրներից գալիս է: Ասում են վաղը կհասնի: Մյուս օրը թաղումն է:

— Դու գնալու ե՞ս: Չնայած դասընկերդ է, ո՞նց կարող ես չգնալ: Այս քանի օրը լիքը գործ ունեմ; մոշ եմ պատվիրել՝ պետք է մուրաբա ու կոմպոտ պատրաստեմ; լվացքն էլ հավաքվել է: Երեխաների հետ տան գործը անսպառ է՝ ոչ սկզբն է երևում, ոչ էլ վերջը: Վահանենց էլ առանձնապես չեմ ճանաչում:

— Մարինե ջան, բա որ ես սկսեմ իմ գործերը թվարկել: Դեռ չեմ էլ հասցրել ձմեռվա համար մի բանկա մուրաբա կամ կոմպոտ պատրաստեմ, ու ոնց նայում եմ, երևի այդպես էլ չհասցնեմ: Բայց հնար չկա, ո՞նց չգնամ: Անցած տարի պապաս որ մահացել էր, Վահանն ու կինը եկան ցավակցեցին: Ամոթ կլինի, որ չգնամ:

— Իհարկե, հորաքույր ջան: Ասա, գնում եք քեֆ անելու՝ լավ եք անում: Բայց ինչի՞ եք այդքան խմում: Անցած տարի էլ մեր բարեկամ Կարոն ավտոմեքենայով վթարվեց՝ նորից ասում էին, որ խմած է եղել: Կարոյի դեպքը կհիշես՝ ամուսնուս քեռու տղան:

— Իհարկե հիշում եմ: Ծաղկաշատ գյուղից: Դու ու ամուսինդ գնացիք, երեխաներիդ բերեցիք՝ այդ օրը մնացին մեր տանը՝ ուշ երեկոյան եկաք տարաք: Երեխաները լավ ուրախացել էին: Մի լավ ճաշ տվեցի, հարևանի երեխաների հետ էին խաղում՝ բայց անընդհատ հետևում էի: Վերջում չէին ուզում գնալ՝ ասում էին. «Հորաքո՛ւյր, մայրիկին ասա մեզ հաճախ բերի ձեր մոտ»: Ափսոս թոռներս հեռու են ապրում, թե չէ կբերեիր՝ իրար հետ կխաղային: Բայց, Մարինե ջան, հենց պետք է լինում, առանց մտածելու, երեխաներին բեր: Վանիկն էլ է երեխաներիդ շատ սիրում, ոնց որ իր թոռներին: Դե, իմ մասին էլ չասեմ՝ դու գիտես:

— Իհարկե, հորաքույր ջան: Կարոյից էի պատմում; խեղճ մարդը նոր էր մեքենան գնել՝ ութ հազար դոլար փող էր տվել: Իրենք էլ հարուստ ընտանիք չէին, մեզ նման հասարակ ապրող: Դեռ, մի քիչ էլ փող էր պարտք վերցրել, որ կարողա իրեն սրտի ուզած արտասահմանյան մեքենա առնի՝ ամբողջ կյանքը երազել էր: Ի՞նչ իմանար, որ մեքենան գլխին դժբախտություն է բերելու: Ինքն էլ գնաց, մեքենան էլ լրիվ ջարդվեց՝ գոնե կարողանային մեքենան ծախել՝ պարտքերը տային:

— Էլ մի ասա, մարդ կարոտ է մի օր մի լավ լուր լսելուն: Լավ լուրն էլ որ լինում է՝ չեն ասում, վախենում են թե աչքով կտանք: Բայց դե իմ ցավերն այնքան շատ են, որ ուրիշների ունեցածը ինձ ի՞նչ: Էնա, Վանիկն էլ սպանեց դեղ ուզելով; կարծես դեղատունը հորս սեփականությունն է՝ ձրի են դեղերը տալու:

— Հա, հորաքոյւր ջան: Դե, ես գնամ: Երեխաների դասից գալու ժամանակն է՝ ճաշ պիտի պատրաստեմ: Վանիկ ձաձային էլ առողջություն: — «Քանի փող չի ուզել՝ գնամ; թե չէ, այսօր շատ լացեց: Մի տարի առաջ մի քանի ժամով երեխաներիս պահել էր՝ նունիսկ դա հիշեցրեց»:

— Մարինե ջան, գնացի՞ր: Ես էլ ասում էի, լավ է եղբոյրս աղջկան տեսա …:

Մարինեն հասցրել էր հեռանալ:

Գնել Խաչատրյան

21.12.2015թ.

Թողնել մեկնաբանություն