Առաջին համբույրը

Ամբողջ գիշեր քնել չկարողացավ՝ հավանաբար սիրահարվածությունը այսպես է լինում: Նա վստահաբար իր իդեալն էր՝ օտարերկրացի, բարի, խորաթափանց ինքնավստահ հայացք; և առաջին իսկ հայացքից իրեն պատած անբացատրելի զգացողությունը՝ սրտի թրթիռ, այտերը կարմացնող հուզմունք, դժվարացող շնչառություն:

Օտարերկրացին հավանաբար նկատեց իր հուզմունքը: Նա միայնակ չէր՝ այլ երկու կանանց հետ: Մեջքը վառող կայծերը վկայում էին, որ նա շարունակում է շանթել իրեն:

Ազդարարեցին ներկայացման սկիզբը, ու նա անհետացավ: Երեք միլիոնանոց քաղաքում օտարերկրացուն նորից հանդիպելու հույս չկար: Հավանաբար արդեն մեկնել է, հատկապես որ այստեղ տուրիստները միայն ամռանն են հայտնվում:

Ծնվել ու մեծացել է այս հսկա քաղաքում, այլ երկրներ չի տեսել: Հայրենի քաղաքը իրենը չէ: Օրեցոր վեր խոյացող մարմարակերտ մզկիթները, նորակերտ սպիտակ ու ոսկեգույն շենքերն ու շինությունները չեն մտերմացնում: Քաղաքը շարունակում է մնալ սևազգեստ զանգված, որն աջ ձեռքը փորին հենած ինքնագոհ ժպիտով սփռվում է մզկիթից:

Մզկիթ մուտքը կանանց արգելված է՝ Ալլահէ աքբար: Անշուշտ, հավատում է, որ Ալլահն է աստված, և Մուհամեդը նրա վերջին մարգարեն է:

Իսկ թատրոնը նրա կյանքն է՝ շիտակ, իրական, կյանքով ու զգացմունքներով լի: Հրաշք է, որ թատերական խմբին դեռևս թույլ են տալիս ներկայացումներ բեմադրել: Շաբաթվա մի քանի թատերական երեկոները օգնում են շնչել սևազգեստ քաղաքում:

Պատահական չէր, որ թատրոնում էլ հանդիպեց երազանքի օտարերկացուն: Նա այդքան մոտ էր ու իրական: Նախկինում երբեք նման զգացողություն չէր ունեցել, — կասկած չկա՝ դա նա էր: Անակնկալ հայտնվեց ու անակնկալ էլ անհետացավ: Միգուցե ինքը պետք է՞ ինչ որ քայլ կատարեր, փորձեր ժպտալ, կամ թեկուզ ինչ որ հարց տար:

Երեք օրից հաջորդ ներկայացմանը թատրոն գնալու ցանկությունը բացակայում էր: Իր միակ նեցուկ թատրոնը առանց օտարերկրացու այլևս նախկինը չէ: Ցուրտ եղանակն ու մաղող անձրևն էլ ավելի էին համոզում մնալ տանը: Բայց չգնալ չէր կարող՝ խոստացել էին ընդգրկել ներկայացումներում, իսկ դա այս քաղաքում իր ապագայի մնացած միակ իմաստն է: Հաղթահարելով դժկամությունը և ընկճվածությունը՝ շարժվեց դեպի թատրոն:

Հավանաբար ցնորք է՝ օտարերկացին նորից թատրոնում էր: Ալլահը կարծես լսել է իր անխոսք աղոթքը, — ա՛յ քեզ հրաշք: Նկատելով իրեն, մոտեցավ ու սկսեց խոսել հարյուր տարվա ծանոթի նման: Ներկայացման սկսելու զանգը տվեցին ու հեռացավ՝ ասելով որ ներկայացումից անմիջապես հետո սպասի իրեն:

Ներկայացումը ավարտվեց՝ չափազանց երկար ու ձանձրալի: Իսկ եթե մոռանա կամ չգտնի: Սակայն նոր էր հասել ելքին, երբ օտարերկացին լայն ժպիտով մոտեցավ, համարձակ բռնեց ձեռքը և ուղղորդեց մոտակա զբոսայգի:

Ցուրտ եղանակը ու մաղող անձրևը և՛ կար, և՛ չկար: Սառը ջերմություն էր հոսում ափերից ներս: Գիտեր, որ ոչ մի կամքի ուժ իրեն չի կարող ազատել:

Ճեմուղում ուշ երեկոյան այս ժամին ոչ ոք չէր երևում, իսկ մերձակայքում միայն մի քանի կիսավարտ շինություններ կային: Աշնանային գունազարդ փարթամ ծառերը զույգին թաքցնում էին ճանապարհով երթևեկող մեքենաների տեսադաշտից:

Հավանաբար իր անզորության գիտակցումից՝ օտարերկրացին ավելի ու ավելի համարձակ էր դառնում իր ցանկություններում: Մի ծածուկ վայրում կանգ առավ, շրջվեց իր կողմ, բռնեց նաև մյուս ձեռքը: Նրա ողջ կերպարը՝ շղարշված բարի գերող ժպիտով, առանց բառերի համոզում էր վստահել ու անձայն ենթարկվել:

Զգաց ինչպես է ողջ մարմինը ձուլվում նրա մկանուտ տաք մարմնում, սակայն իր վերջին ուժերը հավաքելով վտիտ ձայնով ասած.

— Խնդրում եմ մի պահ կանգ առ: Ինքս էլ եմ ցանկանում առաջին համբույրս քեզ նվիրել; չեմ թաքցի՝ դու երազներիս տղամարդն ես:

Ձայնը հանկարծ փոխվեց, ու ավելի վստահ կանացի երանգ ստացավ՝ չէ որ ապագա դերասան է, պետք է կարողանա հաղթահարել հուզմունքը.

— Հույս ունեմ, որ շուտով խաղալու եմ թատրոնում: Իսկ ներկայացումներ կան, որտեղ պետք է համբուրել խաղակցիդ: Իսկ ես համբուրվել չգիտեմ, ու չէի ցանկանա, որ առաջին համբույրս ընդամենը ներկայացման մաս կազմեր:

Մի պահ խորը շունչ քաշեց, համոզվեց, որ օտարերկացին լսում և ընկալում է իրեն, ու շարունակեց.

— Մինչև ամուսնանալը տղամարդուն համբուրելը դաժանաբար պատժվող մեղք է; իսկ թե ի՞նչ ավելի խիստ պատիժ է սպասվում անհավատի հետ համբուրվելը՝ միայն Ալլահը գիտե: Նաև, վստահ եմ, որ ինչպես հանկարծակի հայտնվեցիր իմ կյանքում, նույն կերպ էլ անհայտանալու ես:

Թախծոտ աչքերով նայեց օտարերկրացու աչքերի խորքը. ժպիտում ինքնավստահությունը մարել էր: Աչքերը հեզությամբ խոնարհվեցին, գլուխը մեղմ սահեց նրա ուսին, ու հանդարտ ձայնով ասաց.

— Խոստանում եմ՝ դու կստանաս իմ համբույրը: Սակայն միայն խնդրում եմ անկեղծ պատասխանիր միակ հարցիս. «Ամուսնացած ե՞ս»:

Գնել Խաչատրյան

15.01.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s