Ուխտագնացություն Սուլեյմանի Շիրիմին

Ֆերգանա հարթավայրում ողջ փառքով բազմած է Սուլեյմանի սարը: Թռչնի թռիչքի բարձրությունից սարը կազմող չորս փոքրիկ բլուրները պառկած վեհապանծ տղամարդ են հիշեցնում:

Ասում են, որ մի քանի հազար տարի առաջ այստեղ են ամփոփվել Ղուրանում հիշատակվող Սուլեյման մարգարեի մասունքները՝ սարը դարձնելով միլիոնավոր մուսուլմանների սրբատեղի: Այն Միջին Ասիայի Մեքքան է ու համաշխարհային պատմական ճանաչված միակ կոթողը ողջ ընդարձակ Ղրղզստանում:

Հստակ չէ՝ արդյո՞ք Սուլեյմանը նույն ինքը հրեական կտակարանի հայտնի Սողոմոն թագավորն է, և ինչու՞ պետք է նա հանգչեր Իսրայելից երկու հազար կիլոմետր հեռու, սակայն այդ անորոշությունը չափազանց չնչին է Սուլեյմանի սարի ողջ սրբությունն ու փառքը ստվերելու համար:

Սարի արևելյան բլրի գագաթին Սուլեյմանի շիրիմն է՝ ժայռին միաձուլված փոքրիկ տապանաքար: Կողքը բազմագույն փոքրիկ կտորներով կապկպված թփեր ու ծառեր՝ պատմող ուխտագնացների իղձերի մասին: Սրբատեղի հասնելու համար պետք է մեկ կիլոմետր բարձրանալ սարի լանջով ձգվող քարե նեղ արահետով: Արահետի ներքևում փոքրիկ հնամենի գերեզմանոցն է, որտեղ Սուլեյմանի ոտքերի տակ հանգչում են սակավաթիվ արժանիները:

Շիրիմի մոտ երկու մետր բարձրությամբ փոքրիկ աղոթատեղի է՝ մի քանի գորգով ծածկված, որտեղ ծալապատիկ վեց մարդ կտեղավորվի: Այնտեղ լույսը ներթափանցում է միայն դռնից, սակայն հաստ կտորից վարագույրը օգնում է հավատացյալներին մեկուսանալ աշխարհիկ լույսից ու սրբի մասունքների ներքո ժամերով տրվել երկնային լույսին:

Սուլեյմանի շիրիմին ուխտագնացությունը առավել բաղձալի է մայրանալ ցանկացող կանանց համար. սրբի շիրիմին աղոթող կանայք հղիանում են ու առողջ զավակներ լույս աշխարհ բերում:

Սուլեյմանից երկու հազար տարի հետո սուրբ սարի շուրջը տարածվել է Օշ քաղաքը՝ դառնալով Միջին Ասիայի առևտրային ու տուրիստական կենտրոններից մեկը:

Մայրանալու երազանքով դեկտեմբերյան ցրտաշունչ մռայլ եղանակին Դուշանբեից այստեղ էր հասել նաև Սումայան՝ համալսարանի բանասիրականը գերազանցությամբ ավարտած և լրագրության մեջ առաջին քայլերը կատարող սևահեր գեղեցկուհին: Ամուսնությունից արդեն երկու տարի է անցել, բայց հղիանալ ոչ մի կերպ չի ստացվում:

Ըստ բժշիկների նա ամբողջովին առողջ է ու պատրաստ հղիության: Տաջիկստանի քաղաքական ու տնտեսական գորշությունից առաջադեմ լրագրողուհուն պատող դիպրեսիա՞ն է պատճառը, ուզբեկական ընտանիքներում սկեսուրների կողմից հաճախ հանդիպող ճորտատիրական վերաբերմու՞նքը, հատկապես երեխա ունենալու անկարողության հանգամանքում, թե՞ հազվադեպ կենակցող ամուսինը, կամ Ալլահի պատի՞ժն է իր մեղավոր հոգուն: Պատճառները շատ են, իսկ միակ իղձը՝ հղիությունը:

Տասհինգ տարով մեծ ամուսինը խղճաց իրեն՝ ընդիմանալով ծնողների պահանջին՝ բաժանվել իրենից: Սակայն որքան էլ նա շատ սիրի ու խղճա իրեն, երկար չի կարող ընդվզել ավանդույթին. տղամարդուն ժառանգներ են պետք ու, հատկապես, ընտանիքը շարունակող արու զավակ:

Ամուսնության առաջին քառասուն օրը ամուսինը իրեն հրաշալի էր վերաբերվում, ինչպես կարգն է: Սակայն, երբ պարզ դարձավ որ չի հղիացել, վերաբերմունքը սառեց, իսկ կենակցումները դարձան հազվադեպ:

Դրանք առավելագույնը տասը րոպե էին տևում՝ խավարի մեջ՝ հարևան սենյակից սկեսրայրի սղոցող խռմփոցի ներքո: Միշտ նույն դասական դիրքը, պարբերական շարժումները և կտրվող շունչը՝ առանց որևէ համբույրի, շոյանքի կամ փաղաքշական խոսքի: Երբ ամուսնու շունչը և շարժումները մի քանի վայրկան կանգ էին առնում, Սումայան թեթևացած շունչ էր քաշում՝ ազատվելով ամուսնու կլորիկ մարմնի ծանրությունից: Հետո հույսով սպասում ևս մի քանի շաբաթ…

Այն, որ տեղի բժիշկներից հույս չկա, արդեն կասկած չուներ, իսկ արտերկրի հայտնի բժիշկների մոտ այցելելու թույլտվություն ու անհրաժեշտ գումար նրան չէին տալիս: Նույնիսկ վստահ չէր՝ անպտղությունը իրենի՞ց է, թե՝ ամուսնուց:

Սուլեյմանի սարի մասին հավատացյալ բարեկամուհին հորդորեց՝ օրինակներ բերելով իրեն հեռու բարեկամ կամ ծանոթ մարդկանց: Ոչ պակաս հավատացյալ սկեսուրին այս գաղափարը միանգամից ոգևորեց, հատկապես, որ պահանջվող ճանապարհածախսը փոքր էր, իսկ աղոթքը՝ անվճար:

Դուշանբեից Օշ այնքան էլ հեռու չէ: Եվ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի տասին՝ առավոտյան ժամը տասնմեկին, արդեն այստեղ էր՝ ամուսնու հետ: Անհրապույր սովետական շենքեր, կեղտոտ կիսաքանդ փողոցներ, կիլոմետրեր ձգվող ասիական շուկա, ազգային տարազներով ուզբեկներ. կարծես Դուշանբեի իրենց ուզբեկական թաղամասում էր նորից հայտնվել:

Տեղավորվեցին բլրի ստորոտում գտնվող փոքրիկ անշուք հյուրանոցում: Ինքը լողացավ, իսկ ամուսինը թեյեց: Արդեն ճաշի ժամ էր, ու մոտակա ռեստորանում կոտրեցին երկար ճանապարհից պատած քաղցը: Իսկ քնելու մեծ ցանկությունը հետաձգել էր պետք. վաղը առավոտյան պետք է վերադառնային, իսկ սարը բարձանալ ուշ գիշերով դժվար կլիներ:

Այնպես որ ռեստորանից միանգամից շարժվեցին դեպի սարի գագաթ ձգվող արահետ: Թվում էր, թե շատ ճանապարհ չեն անցել, սակայն երկուսն էլ հազիվ էին բարձրանում: Ճանապարհի հոգնածությունը, յուղոտ ուտելիքը մարսող ստամոքսը, ցրտից ու բարձրունքի հաղթահարումից ծանրացող շնչառությունը էլ ավելի էին սաստկացնում քնելու պահանջը ու համոզում վերադառնալ հյուրանոցի անկողին: Սակայն վաղը առավոտյան պետք է հետ մեկնեին Դուշանբե:

Վերջապես հաղթահարեցին առաջին բլուրը, և իրենց առջև բացվեց վերջին բլրի գագաթ ոլորաձև ձգվող սալահատակ արահետը, որտեղ գտնվում է սրբատեղին: Այս արագությամբ շարժվելով՝ նվազագույնը դեռ մեկ ժամ էլ պետք է քայլեին:

Ամպամած ցրտաշունչ այս օրը բլրի վրա իրենցից բացի ոչ ոք չկար: Օդն էլ ավելի էր խոնավացել ու ցրտի հետ սողոսկում էր հագուստից ներս: Ամուսինը շնչակտուր կանգ առավ:

— Սումայա՛, այլևս շարժվել չեմ կարող: Ոտքերս չեն ենթարկվում, իսկ աչքերս ծանրությունից հազիվ եմ բացում: Եթե նույնիսկ կարողանամ հասնել սրբի շիրիմին, դժվար թե կարողանամ վերադառնալ: Դու ինձից շատ ջահել ես, հանգիստ կարող ես հասնել ու վերադառնալ: Բացի այդ, քեզ է պետք աղոթել սրբի շիրիմին, ինձ այսքան չարչարանքն էլ բավարար է:

Ամուսնու շունչը մի քիչ հանդարտվեց, ու նա շարունակեց:

— Տե´ս, հյուրանոցը հենց ներքևում է, հաստատ կգտնես, կարևորը՝ միշտ արահետո´վ շարժվիր: Դու գնա´, աղոթի´ր սրբին՝ միգուցե մեզ արու զավակ պարգևի, իսկ ես գնամ մի քիչ հանգստանամ: Երբ վերադառնաս, արթնացրու ինձ, որ գնանք ընթրելու, ասում են՝ այստեղ նույնպես համեղ փլավ ու Ղրղզստանի լավագույն սամցըն են պատրաստում:

Սումայան տխուր նայեց ամուսնուն, նայեց սրբի շիրիմ ձգվող դատարկ արահետին, ներքևում ննջող հանգուցյալների շիրիմներին: Եվ երբ հայացքը նորից հասավ ամուսնուն, վերջինս թույլ ներողամիտ ժպտաց, թմփթփացրեց կնոջ ուսին, շրջվեց ու արագ հեռացավ՝ հանկարծ կինը չմտածի մերժել իր խոսքը կամ սկսի նվնվալ:

Ամուսինը արագ իջնում էր աստիճաններով, կարծես նոր ուժ էր ստացել: Ետ չէր նայում: Սումայան նստեց մոտակա քարին. քաղաքը ափի մեջ էր: Ցածրահարկ, միապաղաղ, գորշ շինություններ՝ նոսր ծխով պատված: Լացելու ցանկությունը սրտում կուտակվեց ու բարձրացավ վերև, կարծես սարն էլ էր իր հետ լացում:

Կարող էր մի երկու ժամ լացել այստեղ ու հետո իջնել հյուրանոց: Ամուսնուն կասեր, որ հասել է սրբի շիրիմին ու երկար աղաչել՝ իրենց արու զավակ պարգևել: Բայց միթե՞ ինքը այստեղ էր հասել լացելու համար: Դժվար թե ամուսինը կարողանա կամ ցանկանա երկար ընդդիմանալ ծնողների ու բարեկամների հորդորներին: Իսկ բաժանված կինը ոչ միայն հասարակության աչքին կորսված մարդ է, այլև անպատվություն իր ընտանիքի համար: Իրենից փոքր դեռևս չամուսնացած երկու քույր ունի. նրանց ոչ ոք հարս չի տանի:

Իսկ միգուցե՞ իր աղոթքները և խնդրանքը հասնեն Սուրբ Սուլեյմանին, ու Ալլահը իրեն խղճա: Վեց հարյուր կիլոմետրը կտրել անցել է, որպեսզի վերջին կիլոմետրից նահանջի՞: Կանգնեց, ամուսինը արդեն չէր երևում, հավանաբար հասել է անկողին: Սուրբ շիրիմ ձգվող արահետը դեռ դատարկ էր, իսկ ողջ շրջակայքը՝ լուռ:

Հոգնածությունը կարծես անցել էր: Ոլորուն արահետը ավելի հաճելի ու կարճ թվաց: Ինքն արդեն շիրիմի մոտ է: Չոքեց, հեզությամբ համբուրեց շիրիմի եզրը, հարսանիքից պահած ճերմակ թաշկինակով սրբեց աչքերը, քնքշությամբ համբուրեց այն ու փաթաթեց մոտակա թփին: Ճերմակ թաշկինակը թեթև քամուց սկսեց ճոճվել, ու զգաց, որ իր սիրտն էլ է ինչ-որ թրթիռ է պատել:

Ողջ մարմինը թեթևությամբ էր շնչում, դեկտեմբերյան սառը խոնավ օդը այլևս տհաճ չէր: Հանեց կոշիկները ու մտավ աղոթատեղի: Կիսախավար խցում ոչ ոք չկար: Ծնկաչոք նստեց ներքնակին, փակեց աչքերը և սկսեց անձայն աղոթել:

Չգիտեր՝ որքան էր ինքնամոռաց աղոթում ու աղաչում Սուրբ Սուլեյմանին, երբ զգաց թույլ լույսի շոյանք փակ աչքերին ու մեղմիկ քամու սահք վարսերով: Կարծես ինչ-որ էակ չոքեց կողքը: Եթե աչքերը բացեր, ապա այդ ողջ հրաշք զգացողությունը և սրբի երջանկացնող շունչը կարող էր միանգամից անհայտանալ:

Ջերմ էակը ավելի ու ավելի էր մոտենում: Զգաց՝ ինչպես է աներևույթ ձեռքը շոյում իր վարսերը, իսկ տաք խոնավ շնչառությունը՝ այրում վիզը:

Շուրթերին համբույրը ասեղներով պատեց մարմինը, սակայն չբացեց աչքերը: Եթերային էակը պարուրեց իրեն, սահուն պառկեցրեց գորգին՝ տիրելով իր հոգու ու մարմնի բոլոր բջիջներին …

Թույլ լույսը նորից շոյեց աչքերը, ու մեղմիկ քամին սահեց վարսերով: Այժմ կարող էր բացել աչքերը:

Դանդաղորեն իրեն կարգի բերեց, դժկամությամբ բարձրացավ ներքնակից և դուրս եկավ աղոթատեղից: Բլրի վրա ոչ մի մարդ չկար: Հրճվանքով փարվեց մարգարեի շիրիմին և կրքոտ համբույրներով ծածկեց այն: Թաշկինակը շարունակում էր սավառնել թփի վրա: Ներքևում քաղաքը միաձուլվել էր ծխի մգացող շղարշին: Պետք էր շտապել, քանի դեռ արահետը լուսավոր է:

Ամուսինը, ինչպես խոստացել էր, խռմփացնում էր: Թող հանգստանա, դեռ ժամը երեկոյան յոթն է, մեկ ժամից կարթնացնի, որ գնան վայելելու Օշի հանրահայտ փլավը և սամցըն:

Իսկ երեխան անպայման կծնվի՝ տաղանդներով ու շնորհքներով օժտված աննման մի արու զավակ՝ Սուլեյմանը: Այսօրվանից ամեն օր, ինչպես կարգն է, հինգ անգամ կաղոթի Ալլահին ու անպայման կհիշատակի Սուրբ Սուլեյմանի անմահ անունը, նաև ամեն տարի դեկտեմբերի տասին որդու հետ կգա այցելելու մարգարեի շիրիմին:

 

Գնել Խաչատրյան

02.02.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s