Ընթրիք Բիշքեկում

Երևանից չորս գործընկերներով Բիշքեկում գործուղման էինք: Տեղացի ծանոթներս ուրբաթ երեկոյան հրավիրեցին ընթրել իրենց ազգային ռեստորաններից մեկում:

Բիշքեկը փոքր, պարզ գծագրված քաղաք է՝ երկար ձգվող զբոսայգիներով, կանաչապատ տարածքներով ու կեղտից գույնը անճանաչելի դարձրած անշուք սովետական շինություններով:

Մի անգամ ինքնաթիռում կողքս նստած էր մի աղջիկ, որը ժամերով ապարդյուն փորձում էր Ֆեյսբուք ներբեռնելու գոնե մեկ գեղեցիկ նկար գտնել Բիշքեկի շենքերի ֆոնին կատարված բազմաթիվ նկարների մեջ:

Սակայն սովետական ժամանակներից մնացած փոշոտ, քարուքանդ փողոցները հաղթահարելով անշուք շինություններում կարող ես հայտնվել բարձրաճաշակ ջերմությամբ լի միջավայրում: Նման ռեստորաններից մեկն էլ հրավիրել էին մեր կիրգիզ ընկերները:

Բիշքեկում շփվելը և աշխատելը հեշտ է. ամեն ինչ ռուսերեն է, ինչպես բարի սովետական ժամանակներում: Պաշտոնապես` ռուսերենից բացի, կա նաև “ղըրղըզ” լեզուն: Այդ պատճառով, օրինակ՝ ֆուտբոլի հաղորդումների ժամանակ հաղորդավարը երեք րոպե ռուսերեն է խոսում, իսկ հաջորդ երեք րոպեն՝ ղըրղըզերեն:

Ղըրղըզերենը թուրքերենի ճյուղ է: Նրանում համարյա բացակայում են ձայնավորները՝ արտասանումը դարձնելով խորը կոկորդային: Տառերը կիրիլիկ են՝ կոմունիստների ժամանակ ներդրված, այնպես, որ կարողանում ես կարդալ ղըրղըզերեն բառերն ու նախադասությունները, սակայն կոկորդդ մի քանի բառից հետո սկսում է սաստիկ ցավալ, նույնիսկ այն հանգամանքում, որ հայերենն էլ ձայնավորների առատությամբ առանձնապես չի փայլում: Պատահական չէ, որ երբ Հիլըրի Քլինտոնը այցելել էր այստեղ, առաջարկել էր, որ Կիրգիզստան ձայնավորներ ներմուծեն:

Մյուս կողմից, ձայնավորների բացակայությունը շատերին չի անհագստացնում, քանի որ երեսունից բարձր ղըրղըզների միայն շատ փոքր մասն է կարողանում գրել կամ խոսել ղըրզըզերեն: Օրինակ, գործընկերիցս մեկը քաղաքի հուշարձանների վրա մի քանի անգամ հանդիպեց “կըլդըմ” բառին, սակայն մոտակայքում կանգնածներից ոչ մեկը չգիտեր այդ բառի իմաստը:

Իսկ ռուսերեն՝ ռուսներից էլ լավ են տիրապետում: Դե, սա Միջին Ասիայի ռուսաֆիկացման արդյունքներն են՝ բոլոր լավ ու վատ կողմերով: Ընդհանրապես այս քաղաքից դեռ սովետի հոտ է գալիս՝ կարծես ժամանակի մեքենայով տեղափոխվելով երեսուն տարի հետ:

Երբ հասանք ռեստորան, հրավիրող կիրգիզները արդեն այնտեղ էին: Մեզ տեսնելով՝ նրանց բոլորի դեմքին մեծ սիրալիր ժպիտ գծագրվեց, բարձրացան աթոռներից և եկան ընդառաջ: Երեք տղա էին ու երկու աղջիկ. բոլորը ժամանակակից ոճով հագնված ու կոկիկ տեսքով: Տղաները սափրված էին, իսկ աղջիկները՝ թեթև շպարված:

Կիրգիզները հեթանոս ժողովուրդ են՝ լեռնային վայրի բնության և քոչվոր կյանքի գոյատևման պահանջներին համահունչ: Կրակապաշտությունը դեռևս ժողովրդի ոգում է, իսկ սգո միջոցառումներին երբեմն կարելի է շամանների հանդիպել: Շամանները հիմնականում կանայք են: Ընդհանրապես կիրգիզ կանայք Ասիայի “ստվեր” կանացից չեն, և ինչքան էլ իսլամի հովերով տարվող տղամարդիկ փորձում են նրանց պարտադրել մուսուլման կնոջ հարիր կերպարը, կիրգիզ կանանց մեծ մասը “թքած ունի”: Պատահական չէ, որ Կիրգիզների ամենահռչակավոր խանը կին էր՝ Կուրմանջանը:

Ողջագուրվեցինք, տեղավորվեցինք սեղանի շուրջ բազկաթոռներին ու սկսեցինք փորփրել մենյուները՝ փորձելով սկզբում ծանոթ ուտելիքներ գտնել: Այլ ազգերի կերակուրներ ճաշակելը անշուշտ ավելի ցանկալի է, սակայն հաճախ դրանք քիմքիդ ու աչքերիդ շատ օտար են, օրինակ՝ “ոչխարի փորոտիքով սուպը”, “ոչխարի լյարդից տժվժիկը” կամ “ոչխարի եփած աչքերն ու ուղեղը”: Եթե դրանք մատուցվեն ու դու չուտես, ապա հրավիրող կողմը դա որպես վիրավորանք կընդունի՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով:

Կիրգիզական խոհանոցում գերակշռում է ոչխարի ու ձիու միսը՝ շատ մեծ քանակությամբ: Ինչպես իրենք են սիրում կատակել, միս ուտելու առումով կիրգիզները աշխարհում երկրորդ տեղն են գրավում՝ գայլերից հետո: Նույնիսկ սուրճի ընդմիջման ժամանակ քաղցրավենիքի հետ հաճախ “կանինա” է մատուցվում՝ ձիու եփած յուղոտ միսը՝ երշիկի պես կտրտած:

Ինձ համար ուտելիքի ընտրության խնդիրը այս երկրում ավելի բարդ է. սոխ չուտելու՝ մանկուց եկող հոգեբանական բարդույթ ունեմ: Իսկ Կիրգիզստանում ամեն ինչ սոխով է՝ նույնիսկ քաղցրավենիքի մեջ մեծ ցանկության դեպքում կարելի է սոխ գտնել: Ի տարբերություն այլ երկրների՝ այստեղ մենյուների մեջ ուտելիքը նկարագրող բաղադրությունում սոխը հազվադեպ է նշվում՝ ավելորդ չկրկնելու համար: Նույնիսկ երբ մատուցողը կամ խոհարարը հավաստիացնում է, որ այդ ուտելիքում սոխ չկա, ապա դա նշանակում է, որ սոխը քիչ քանակությամբ է:

Մյուս կողմից, քանի որ Կիրգիզստանը բազմազգ երկիր է, ապա բոլոր ռեստորաններում ամեն քիմքին հարիր ուտելիք կգտնվի: Բիշքեկում բազաթիվ ազգեր դեռ շարունակում են ապրել՝ ույգուրները, սլավոնները, կովկասցիները, հրեաները, Միջին Ասիայի ժողովուրդները…….սրանով քաղաքը դարձնում են շատ ավելի հետաքրքիր, իսկ մարդկանց՝ ավելի հանդուրժող այլ ազգերի, կրոնների ու մշակույթի նկատմամբ:

Կիրգիզների մեծ մասը կարճ ծուռ ոտքերով են, կլորիկ մկանուտ մարմնով, հսկա գլխով՝ ծածկված լայն այտերով, որոնց վրա հազիվ են նշմարվում փոքրիկ նեղ աչքերը: Սակայն, մեզ հրավիրող կիրգիզներից մեկը՝ Ջանուզակը, կապուտաչյա է, կլոր մեծ աչքերով, շիկահեր ու բարձրահասակ: Նրա արմատները ձգվում են Սիբիրի խորքերը՝ Ենիսեյի ափեր: Կիրգիզների մի փոքրիկ ճյուղ հենց այդ վայրերից է հարյուրավոր տարիներ առաջ տեղափոխվել այստեղ: Սակայն դա բավարար է, որպեսզի բոլոր կիրգիզները հպարտությամբ պատմեն, որ իրենց իսկական նախնիները եղել են հենց այդ հատկանիշներով, բայց հետո Չինաստանի Խինջիանգի թուրքալեզու ժողովուրդները եկել՝ փչացրել են ազգի տեսքը:

Նեղաչք ղըրղըզներից մեկը նկատեց մեր շփոթմունքը ուտելիքի ընտրության հարցում:

— Միգուցե՞ օգնեմ: Ի՞նչ ուտելիք եք նախընտրում, թե՞ ես առաջարկեմ, կամ կանչե՞նք մատուցողին, որ օգնի, — ջերմ ժպիտով առաջինը դիմեց Երևանից եկած աղջիկներից մեկին:

— Նախընտրում եմ խոզի մսով ու կարտոֆիլով ինչ-որ ուտելիք, — մի քիչ մտածելուց հետո պատասխանեց Կարինեն:

— Խոզի մսո՞վ, — զարմացավ Անվարը: — Դուք խոզի մի՞ս էք ուտում: Որքան գիտեմ, Հայաստանը մուսուլմանական երկիր է, չէ՞:

— Հայաստանը մուսուլմանական երկիր չէ, — մի պահ մոռանալով սիրալիությունը՝ վրդորված պատասխանեց Կարինեն՝ զարմանալով զրուցակցի անտեղյակության վրա: — Այլ ընդհակառակը, Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, որը հազար յոթ հարյուր տարի առաջ՝ 301թ.-ին, պետականորեն ընդունել է քրիստոնեությունը: Մենք հայերս՝ միշտ քրիստոնյա ենք եղել:

Այս խոսքերից հետո Կարինեն հպարտությամբ ու ինքագոհ ժպիտով նայեց Անվարին ու մյուս հյուրընկալողներին՝ կարծես ակնկալելով ակնածանք, որ նրանք բախտ ունեն ընթրելու քրիստոնյա առաջին ազգի ներկայացուցիչների հետ: Նրա հայացքում մյուս հայերս շարունակեցինք կարդալ. “Ղըրղըզներիդ պատմությունը մի քանի հարյուր տարի հազիվ լինի, իսկ Հայաստանը դեռ հազար յոթ հարյուր տարի առաջ արդեն քրիստոնյա պետություն էր: Իսկ Տիգրան Մեծը երկու հազար տարի առաջ ……”

Կարինեից բացի, մյուս հայերս հասկացանք, որ այդ դարակազմիկ փաստը Անվարին չտպավորեց, իսկ մյուս կիրգիզները կամ չլսեցին, կամ նրանց այդ թեման հետաքրքիր չէր:

Այս հեթանոս ժողովրդի մեջ Իսլամը ներթափանցել է ընդամենը տասնիններորդ դարի վերջին, սակայն նկատելի է դարձել միայն վերջին տասնամյակում, երբ թուրքերն ու արաբները, օգտվելով պետական թույլ ու կաշառակեր համակարգից, տնտեսական աղքատությունից ու շատերի սահմանափակ աշխարհայացքից, երկրում լայն թափով սկսեցին ծավալել իրենց ազդեցությունը՝ որպես հիմնական գործիքներից մեկը օգտագործելով կրոնը:

Արդյունքում՝ տարեցտարի մզկիթները առատանում են, տղամարդկանց մի ստվար զանգված ներքուստ և արտաքուստ դառնում փռչոտ, իսկ աղջիկները՝ ծածկվում հիջաբով: Ուստի տարօրինակ չէ, որ անմխիթար ենթակառուցվածքների, դպրոցների ու մանկապարտեզների վերանորգման փոխարեն շատ մարդիկ իրենց համեստ խնայողությունները տրամադրում են շքեղ մզկիթներ կառուցելու նպատակով:

Սակայն ազատատենչ կիրգիզներ դեռ շատ կան: Պատահական չէ, որ վերջին տաս տարում կիրգիզ ժողովուրդը երկու անգամ կարողացել է հեղաշրջում անել ու հաղթել միապետներին: Անշուշտ հեղաշրջումները բազում բացասական հետևանքներ ունեցան, սակայն դրական նույնպես՝ բարձրակարգ ընտրություններ, պատասխանատվության զգացողություն, ժողովրդին թալանելու անհամեմատ ցածր աստիճան: Երբ հայտնում ենք, որ Հայաստանում երբեք չենք կարողացել հեղաշրջում անել ու երբեք էլ չենք կարող, նրանք ծիծաղելով առաջարկում են Կիրգզստանի սարերից մի հարյուր ջիգիթ տանել, ու հեղաշրջումը պատրաստ է:

Սակայն Անվարը շարունակեց Հայաստանի քրիստոնյա լինելու թեման ու ասիական խորը ժպիտով դիմեց Կարինեին:

— Հետաքրքիր է: Այդ մասին չէի լսել: Այսինքն դուք քրիստոնյա՞ եք, կաթոլի՞կ:

— Իհարկե՛, մենք քրիստոնյա ենք: — Զարմանքն ու ոգևորությունը խառնած շարունակեց Կարինեն: — Սակայն, մենք ո՛չ կաթոլիկ ենք, և ո՛չ էլ ուղղափառ: Մենք անկախ ենք՝ առաքելական: Աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը:

— Հարգելի՛ Կարինե, ես կաթոլիկի ու ուղղափառի տարբերությունը չեմ հասկանում, իսկ առաքելականի մասին առաջին անգամ եմ լսում: Նաև անկեղծ ասած, ընդհանրապես քրիստոնեության մասին շատ բան չգիտեմ, էլ չեմ ասում, որ քրիստոնեության վերաբերյալ գրքեր երբեք չեմ կարդացել, չնայած Ղուրանում հիշատակվում է հրեաների Հիսուս մարգարեի մասին: Բայց ինձ անձամբ հետաքրում է մի հարց: Կարո՞ղ եմ այն հարցնել:

— Իհարկե կարող ես, — նույն ոգևորությամբ պատասխանեց Կարինեն:

Սակայն մյուսներս հասկացանք, որ եթե ասիացին հարց տալուց առաջ թույլատվություն է խնդրում, ապա հարցից ոչ մի լավ բան սպասել չի կարելի:

— Դու ասացիր, որ քրիստոնյա ես: Վստահ չեմ՝ ինչպես է ճիշտը անվանել՝ Հիսու՞ս, թե՞ Քրիստոս, սակայն բոլոր դեպքերում դու հավատու՞մ ես որ ջհուդը Աստված է դարձել, երբ նույնիսկ ջհուդները դրան չեն հավատում:

— Ես հո հավատացյալ չեմ, որ ինչ որ Քրիստոսի հավատամ; — Առանց հարցի մեջ վիրավորանք կամ միտում նկատելու՝ ծիծաղելով արագ արձագանքեց Կարինեն: — Ի դեպ, Հիսուսն էլ, Քրիստոսն էլ նույն են՝ երկուսն էլ կարող ես օգտագործել: Անշուշտ ես կնքված եմ որպես հայ քրիստոնյա, սակայն իհարկե հավատացյալ չեմ:

Նայեց Անվարին՝ հասկանալու համար թե արդյո՞ք նա ըմբռնում է իր դիրքորոշումը, սակայն նրա սիրալիր ասիական ժպիտից հստակ ոչինչ չհասկացավ: Ավելի հստակեցնելու նպատակով շարունակեց.

— Ես իմ Աստվածն ունեմ՝ իմ ներսում՝ սրտիս խորքում: Դժվարության պահերին փորձում եմ զգալ նրան ու կատարել այնպես, ինչպես նա խորհուրդ կտա: Երբեմն նրա խորհրդին չեմ լսում ու ոտքս քարին եմ խփում: Անշուշտ այն մարդկային կերպար չունի. ասենք ինչ-որ սպիտակ երկար մորուքով պապիկ, խաչեփայտին գամված տղամարդ կամ գերբնական ուժ, որը երկնքից նայում է մեզ ու կառավարում աշխարհը: Անվա՛ր ջան, իմ կարծիքով ամեն մարդ իր աստվածն ունի, դու այդպես չե՞ս կարծում, — մեղմիկ հարցրեց նա:

— Կներես, բայց ես այդպես չեմ կարծում, — ասիական ժպիտին ավելացնելով աստվածավախ հեզություն՝ շարունակեց Անվարը: — Իմ աստվածն Ալլահն է՝ միակ աստվածը տիեզերքում: Իսկ Մուհամեդը նրա վերջին մարգարեն է:

Կրոնական զրույցից ոչ մի լավ բան չէր սպասվում, ուստի արագ միջամտեցի, որպեսզի Կարինեն չհասցնի շարունակել:

— Անվա՛ր, Ջանուզա՛կ, առաջարկում եմ, որ դուք՝ տեղացիներով, մեզ համար նույնպես ուտելիք պատվիրեք՝ Ձեր ճաշակով՝ Ձեր ազգային ճաշացանկից: Նույնիսկ կարծում եմ, կարելի է ընդհանուր մի քանի ուտելիք պատվիրել, շատ չէ, այլ որ բոլորս կարողանանք փոքր-փոքր համտեսել կիրգիզական խոհանոցի համն ու հոտը:

Կիրգիզ աղջիկները նույնպես աշխուժացան ու արագ կազմակերպեցին ազգային ուտելիքների պատվերը՝ ոչխարի ու հավի մսից տարբեր ուտեստներ, մի քանի եվրոպական աղցան: Հավանաբար, նրանք նույնպես խուսափում էին կրոնական առճակատումից: Ուտելիքների խմբային ընտրությունը օգնեց կտրվելու հիսուսների ու մուհամեդների համադրումներից:

— Իսկ խմել ի՞նչ կցանկանաք: Կիրգիզական սեղանին թեյը միշտ կա: Դրանից բացի՝ առաջարկում եմ խմել մեր Կիրգիզական կոնյակը: Կարծում եմ, հայկական կոնյակին դժվար թե հասնի, բայց փորձեք: Նույնիսկ Ֆրանսիայից հյուրեր ունեինք, որոնք այնքան էին հավանել, որ իրենց հետ մի քանի շիշ տարան,   — սիրալիր առաջարկեց Ջանուզակը:

— Խոստանում եմ՝ հաջորդ անգամ Բիշքեկ գալուց հետներս անպայման կոնյակ կբերենք, որ դուք էլ համեմատեք: Երևանի Կոնյակի Գործարանի կոնյակը լավագույն հայկական կոնյակն է, չնայած վաղուց տերերը ֆրանսիացիներն են: Երևի լավ է, որ ֆրանսիացիներ են, դրա համար էլ շարունակում են պահպանել հայկական կոնյակի որակը: Ի դեպ, այստեղի խանութներում մեր կոնյակից շատ ենք նկատել ու զարմանալիորեն ցածր գներով: Կարծում եմ՝ դրանք կեղծ կլինեն: Թե չէ, չի կարող Հայաստանից այստեղ հասցնեն ու ավելի էժան վաճառեն, քան Երևանի իրենց ֆիրմային խանութում:

— Մեծ ուրախությամբ կխմենք ձեր կոնյակից: Իսկ սովորական խմիչքներից ի՞նչ կցանկանաք: Մեր ազգային թանից կամ շորպոյից կփորձե՞ք:

— Ո՞նց թե “թան”, — զարմացած արձագանքեց Արմենը: — Ախր, “թան”-ը մաքուր հայկական խմիչք է: Կարո՞ղ է ձեր “թան”-ը ուրիշ տեսք ունի, ուղղակի անունն է համընկել: Ասե՛ք, թող բերեն, համեմատենք:

Ուտելիքները և խմիչքները բերվեցին՝ ոչխարի, ձիու ու հավի մսից խորտիկներ, կարտոֆիլ, բանջարեղեն ու անշուշտ լիքը սոխ: Կիրգիզները սկսեցին հյուրասիրել մեզ: Թանը մեր նույն թանն էր, սակայն Արմենին հայերենով ասացի, որ հայկական թանի մասին պետք չէ խոսել:

Մսեղենը չափից շատ էին պատվիրել, նույնիսկ կեսը չկարողացանք ուտել՝ երևի քանակը հաշվարկելիս մոռացել էին, որ մենք կիրգիզ չենք:

Կիրգիզական կոնյակն էլ գովեցինք, չնայած այն դառը սպիրտի համ ուներ: Մյուս կողմից, հայկական կոնյակն էլ հավանաբար նրանց համար դառը սպիրտի համ կունենա:

Պարեցինք կենդանի երաժշտության ներքո՝ սովետական երգեր էին ու մեր ռեստորանների նույն ռաբիզը՝ միայն բառերը երբեմն ղըրղըզերեն էին: Մյուս կողմից, մեր ռաբիզի բառերին էլ պարելուց ուշադրություն չենք դարձնում:

Պարային շարժումներն էլ համարյա նույն էին. միայն երբ երգիչը “ղըրղըզ-ղըրղըզ” էր գոռում՝ լավ պարողները ուսախառը-ձեռքերով կոտրատվող ինչ-որ հեթանոսական շարժումների էին անում ու մեկ-մեկ էլ ողջ մարմնով գայլին նմանակում: Դե այս վայրերում գայլը սուրբ կենդանի է:

Որքան էլ փորձում էինք նկատելու չտալ, սակայն երգիչների ու պարողների “ղըրղըզ-ղըրղըզ” բարձր կրկնվող գոռոցները ականջ էին սղոցում: Դե, հայերենում էլ լիքը բառեր կլինեն, որոնք օտարների ականջն են սղոցում: “Ղըրղըզ” բառը օտարների համար դժվար է ճիշտ արտասանել (դրա համար էլ նախընտրել եմ “ը”-երով գրել); այդ պատճառով ավելի շատ օգտագործում են “կիրգիզ”-ը:

Ղըրղըզները դա գիտակցում են ու նույնիսկ մի քանի անգամ փորձել են փոխել պետության անվանումը: Հատկապես, որ եվրոպացիներն ու ամերիկացիներն այդպես էլ չսովորեցին, որ “Կիրգիզստան”-ը՝ “Կազախստան”-ը չէ, նույնիսկ վերջերս պաշտոնական հրապարակել էին “Կազագիզստան”:

Չնայած մյուս կողմից, աշխարհագրության առումով ամերիկացիները անհույս են: Երկու տարի ԱՄՆ-ում սովորելիս այդպես էլ չկարողացա որոշ դասախոսների բացատրել, որ ես “Արմենիա”-ից եմ և ոչ թե “Ալբանիա”-ից կամ “Ռումինա”-ից: Այնպես, որ մի քանի անհաջող փորձերից հետո համաձայնվեցի լինել աշխարհի ցանկացած երկրից՝ հատկապես, որ հաճելի չէր “Արմենիա”-ն բացատրել՝ որպես Թուրքիայի արևելքում գտնվող փոքրիկ երկիր:

Բոլոր դեպքերում, կարևոր չէ, թե երկրի անվանումն ինչ է, կամ ի զորու՞ ես այն ճիշտ արտասանել: Կարևորն անտեղ ապրող մարդիկ են, որոնց հետ հաճելի էր պարել, անշառ թեմաներից զրուցել ու զվարճանալ:

Կրոններից, խոզի մսից, թանից ու ազգային առանձնահատկություններից այլևս չխոսեցինք: Նաև չխորացանք պատմական նվաճումների և անարդարությունների մեջ: Նույնիսկ չհամեմատեցինք, թե աշխարհի հայտնի մարդկանցից ովքեր են հայ ու ովքեր ղըրղըզ:

Լավ կերանք, խմեցինք, պարեցինք ու իրար անկեղծ ջերմությամբ ողջագուրվելով՝ բաժանվեցինք:

Գնել Խաչատրյան

11.02.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s