Սեդրակիչը

Սեդրակիչը միջահասակ, նիհարակազմ, փոշոտ դեմքից ճառագող բարի մեղմ ժպիտով պատանի էր: Չնայած վաղ տարիքին՝ ատամների մեծ մասն արդեն հասցրել էին թափվել՝ հավանաբար անհրաժեշտ սննդի պակասից ու խնամքի բացակայությունից: Հագին հիմնականում մեծ չափսերի մի երկու շոր ու քրքրված կոշիկներ:

Թաղամասում ու դպրոցում նրան բոլորը հոր անվանումով էին կոչում, ով ողջ քաղաքում անփառունակ համբավ ուներ՝ որպես ամենահայտնի հարբեցող: Սեդրակը շինբաժնում բանվոր էր: Նիհարակազմ, հյուծված տղամարդու ուժերը հազիվ հերիքում էին մինչև աշխատանքային ընդմիջման պահին հայտնվող օղու առաջին բաժակը: Առաջին բաժակից հետո այլևս կանգ չէր առնում, քանի դեռ խմելու բան կար, չնայած առաջին բաժակն էլ բավարար էր ցանկալի հոգեվիճակի հասցնելու համար:

Եթե Սովետի կարգերը չլինեին, Սեդրակին վաղուց հեռացրել էին գործից կամ ուղարկել սթափարան: Սակայն Հայաստանում ընդունված չէր սթափարան ունենալ, որպեսզի հպարտությամբ շեշտենք, որ ողջ Սովետում միայն մեր երկրում այն չկա, քանի որ միայն մենք՝ հայերս, կարող ենք առանց հարբելու խմել որքան ուզենք:

Սեդրակի աշխատավարձից համարյա ոչինչ տուն չէր հասնում: Չէր էլ հիշում, թե որտեղ և ինչպես է այն հասցրել խմել: Ընտանիքի գոյությունը կինն էր ապահովում՝ հավաքարարի իր խղճուկ աշխատավարձով, տնամերձ հողամասում աճեցվող բանջարեղենով ու կարտոֆիլով, փոքրիկ մրգատու այգով ու մի քանի հավով:

Այգին Սեդրակն էր ամուսնության առաջին տարում հիմնել: Երբ Սեդրակը վերադարձավ բանակից, նրանք ամուսնացան ու Սովետը նրանց հողակտոր հատկացրեց: Այն ժամանակ նա աշխատասեր ու սովորական երիտասարդ էր: Այգին հիմնեց, սկսեց տուն կառուցել: Սակայն նկուղային հարկը կառուցելուն զուգընթաց հրապուրվեց խմիչքով ու շատ արագ դարձավ քաղաքի ամենահռչակավոր հարբեցողը: Տան կառուցումն էլ նկուղային երկու սենյակով վերջացավ, իսկ բարեկամները երես թեքեցին:

Կեսօրից հետո Սեդրակին կարելի էր տեսնել փողոցները երերուն քայլքով կամ ծնկաչոք հաղթահարելիս: Եթե մինչև երեկո ինքնուրույն չէր կարողանում հասնել տուն, ապա բաժակակիցները կամ նրան հանդիպող բարի մարդիկ բերում էին, պառկեցնում իր տան մոտակայքի ցանկապատի տակ: Ողջ քաղաքը մոտավորապես գիտեր Սեդրակի տան գտնվելու վայրը, չնայած հազվադեպ մարդ էր մտել նրա տուն, անշուշտ, եթե այդ նկուղային շինությունը կարելի է տուն անվանել:

Քաղաքը ձորի մեջ է՝ շրջապատված սարերով: Տունը քաղաքի կենտրոնից ձգվող բարձրունքի վրա է՝ մի երկու հարյուր մետր հեռավորությամբ: Տնամերձ այգուց ներքև սփռված է քաղաքի մեծ մասը՝ բարձրահարկ շենքերով շրջապատված կենտրոնական փողոցով, որը ուղիղ հետագծով մխրճվում է երկու ժայռերը բաժանող կիրճ՝ քաղաքը կապելով արտաքին աշխարհի հետ:

Երբ Սեդրակը ուշանում էր, կինը և որդին նրան որոնում էին մոտակա փողոցներում: Ու երբ որևէ ցանկապատի տակ վերջապես գտնում էին, ո՛չ ուրախանում էին, ո՛չ էլ զայրանում, այլ լուռ քարշ տալիս տուն:

Երբ որդին արդեն բավականին մեծացել էր, որ հորը միայնակ կարողանար բերել տուն, կինը ամուսնացավ ուրիշի հետ ու ազատվեց Սեդրակին ամեն երեկո քարշ տալու հոգսից:

Սեդրակիչի իսկական անունը շրջապատում միայն ուսուցիչներն էին արտասանում, երբ քառորդը փակելու ժամանակ նայում էին մատյանին՝ որոշելու համար թե ո՞ւմ դաս հարցնեն, ու մատյանում նկատում էին երրորդ համարի տակ առանց գնահատական տողը.

— Համար երեք՝ Ասատրյան Վաչիկ Սեդրակի: Ասատրյան Վաչի՞կ,- զարմացած կրկնում էր ուսուցիչը և հայացքով տնտղում դասարանը հասկանալու համար, թե ով է այդ Ասատրյան Վաչիկը, որի անունը իրեն ոչինչ չէր ասում, և որը հաջողացրել էր մինչ այդ ոչ մի գնահատական չստանալ:

Սեդրակիչը դժկամությամբ բարձրանում էր ու կախում գլուխը:

— Վաչի՛կ, դու ողջ քառորդում ոչ մի գնահատական չունես, ու տարօրինակ է, որ բացակա էլ չունես, — վերջին շարքի նստարանից բարձրացած տղային առաջին անգամ նկատողի կիսամեղմիկ տոնով շարունակում էր ուսուցիչը: — Լա՛վ, ինչ որ է, արի՛, այսօրվա դասը պատասխանի՛ր, ստացի՛ր քո գնահատականը, որ քառորդդ կարողանամ փակել:

Սակայն Սեդրակիչի հայացքը անհաղորդ մեխվում էր հատակին, ու ո՛չ մի ուսուցչի ո՛չ մի գոտեպնդող, համոզող, վախեցնող կամ սպառնացող խոսքեր կամ ձեռքով ու քանոնով հարվածներ չէին կարող նրան շարժել դեպի գրատախտակ կամ գոնե հայացքը կտրել հատակից:

Թե քանի դասարան հաջողվեց Սեդրակիչին գլորել, երևի միայն դպրոցի տնօրենը կարող էր իմանալ, որը մի օր նրան կանչեց իր սենյակ ու հանձնարարեց վաղվանից հաճախել քաղաքի եզրում գտնվող ուսումնարանը՝ տրակտորի դասերին:

Դպրոցում ու թաղում նրան ոչ ոք չէր նեղացնում, ու նա էլ բոլորին մեղմ ժպտում էր: Մտերիմ ընկեր չուներ, նստում նայում էր, թե ինչպես են հասակակիցները ֆուտբոլ խաղում ու համաձայնում էր միանալ, խաղալ միայն այն դեպքում, երբ մեկ խաղացող պակասում էր՝ հուսալով, որ շուտով մեկը կգա, ու նա կզիջի իր տեղը: Խաղալիս էր շատ զգույշ էր՝ հանկարծ որևէ մեկի ոտքին չխփի կամ որևէ մեկին չզայրացնի: Ողջ ցերեկը հասակակիցների կողքին էր, սակայն հաջողացնում էր չմասնակցել նրանց կռիվներին, թղթախաղին, կատակներին կամ հայհոյանքներին:

Մոր գնալուց հետո կարողացավ սովորել իր ու հոր համար ուտելու ինչ-որ բան պատրաստել: Իսկ երեկոները նստում էր այգում՝ խնձորենու տակ, նայում քաղաքի կենտրոնի վրա բարձրացող ծխին, առանց շտապելու քայլող մարդկանց, հետևում կիրճում անհայտացող կամ այնտեղից հայտնվող հատուկենտ մեքենաներին:

Արևոտ օրերին փակում էր աչքերը, զգում արևի ճառագայթների խայթոցը, մարմնին պատող ջերմությունը, խնձորենու ճյուղերի ու տերևների մեղմ խշշոցը, հողից բարձրացող տաք բուրմունքը, ծիտիկների ծլվլոցը, ու բզեզների ու ճանճերի տզզոցը: Երբ արևի ճառագայթների խայթոցը պակասում էր, բացում էր աչքերը ու տխուր հետևում մայրամուտին:

Արևի վերջին ճառագայթից հետո մի քանի րոպե նայում էր արդեն քնելու պատրաստվող քաղաքին: Մի օր նրան էլ բանակ կտանեն՝ Ռուսաստան: Բանակից վերադարձած տղաները հրաշքներ են պատմում բանակային կյանքից: Հայերին ռուսաստաններում առանձնահատուկ են վերաբերվում: Բանակում, եթե թեկուզ մեկ հայ էլ լինի, ապա հարյուրավոր մյուս ազգերը նրանց պատիվ են տալիս, իսկ զինվորական հանրակացարաններում ապրող ռուս սպաների կանայք ու աղջիկները ու մոտակա գյուղերում ապրող ռուս աղջիկները երազում հայ տղաների մասին:

Բանակը ավարտելուց հետո կարող է մնալ այնտեղ, ամուսնանալ ռուս աղջկա հետ: Կոլխոզում տրակտորիստ կաշխատի, երեխաներ կունենա: Այնտեղ ոչ ոք իր հոր մասին չգիտի ու ոչ ոք իրեն այլևս Սեդրակիչ չի անվանի, այլ Վաչիկ: “Վաչիկ”՝ նույնիսկ իր սեփական ականջներին է այն խորթ հնչում:

Սակայն երազանքը շատ կարճ էր տևում. փայլող դեմքին ստվեր էր իջնում՝ իսկ ո՞վ պետք է հորը քարշ տա տուն: Հո չի՞ թողնելու, որ փողոցային շները գիշերը հոշոտեն նրան, կամ առավոտյան սառած-մեռած գտնեն ցեխի մեջ: Բա մարդիկ ի՞նչ կասեն: Ընկերների ու հարևանների աչքերին ո՞նց կկարողանա դրանից հետո նայել:

Մորն արդեն չէր մեղադրում: Սկզբում շատ ծանր տարավ ու մերժեց մոր բոլոր ջանքերը՝ շարունակելու իրենց կապը: Իսկ երբ կարողացավ արդարացնել մոր հեռանալու ու նոր կյանք սկսելու քայլը, արդեն համակերպվել էր առանց նրա կյանքին ու կապերը վերականգնելու բավարար ձգտում ու ուժ դեռ չէր գտնում:

Այս մտքերի հետ բարձրանում էր խոտերից ու շարժվում ցանկապատերի ուղղությամբ՝ հորը գտնելու, որ քարշ տա տուն: Հորը պառկեցնելուց հետո կարող էր քնել:

Սեդրակիչին դեռ բանակ չէին կանչել, երբ պատերազմ սկսվեց: Սովետը քանդվում էր, ու Ռուսաստան Հայաստանից այլևս զինվոր չէին ուղարկում: Այգում նստած դիտում էր, թե ինչպես են Ադրբեջանից արձակված գրադները խփում քաղաքը պաշտպանող ժայռերին: Երբեմն այդ ռումբերին հաջողվում էր շրջանցել ժայռերը ու ընկնել քաղաքի վրա: Մի քանի րոպե անց տեսնում էր, թե ինչպես են մարդիկ վազում ռումբի խփած ուղղությամբ, ու լսում էր հեռվից խուլ բարձրացող ողբի ձայնը:

Սակայն պատերազմը հոր վրա չէր ազդում, բացի այն, որ նա այլևս աշխատանք չուներ: Միևնույն է, հայրը ցերեկները մեկնում էր քաղաքի կենտրոն ու կարողանում էր մինչ երեկո խմելու բան գտնել:

Կազմավորվում էին առաջին աշխարհազորային ջոկատները: Թաղի տղաներից մեկը առաջարկեց միանալ իրենց՝ պաշտպանելու սահմանները: Առանց երկմտելու համաձայնեց: Ու Սեդրակիչը արդեն զինվոր էր՝ ֆիդայի, նույնիսկ Կալաշնիկով ուներ ուսից կախված ու երկար խիտ մորուք: Գլուխը կախ՝ գնում էր սահմանները պաշտպանելու ու վերադառնում տուն՝ հորը գիշերը փողոցում չթողնելու համար:

Դժվար էր պատկերացնել, որ միշտ գլուխը կախ մեղմ ժպիտով վճիտ այս տղան կարող է նայել հակառակորդի աչքերին ու սպանել: Նույնիսկ պատկառելի մորուքը դեմքից չէր հեռացնում մեղմ բարի ժպիտը: Միգուցե հակառակորդներն էլ նրան ռազմաճակատում չէին նկատում, ինչպես դպրոցում չէին նկատում ուսուցիչները:

Ֆիդայական կերուխումից ու այլ հանդիպումներից խուսափում էր: Մորը այդպես էլ չէր այցելում, և ո՛չ էլ մայրն էր այցելում: Հարևաններին՝ բարև-բարլույս, իսկ բարեկամներ վաղուց չուներ: Կարևորը, որ երեկոյան արև լինի, կարողանա նստել խնձորենու տակ՝ ջերմացնելով մարմինն ու ունկընդրել ծիտիկների ծլվլոցը:

Իսկ ամենակարևորը՝ ժամանակին հետ գալ սահմանից՝ հորը քարշ տալու տուն:

Տուն-սահման կրկնվող ճանապարհին անցավ մի քանի տարի, երբ մի օր նրան տարան միլիցայություն: ՀԱԲ-ի ու ՀՀՇ-ի հակամարտության ժամանակներին էին: Սեդրակիչը ՀԱԲ-ում էր գրանցված: Հայտնեցին, որ զենքի գողության մեջ է կասկածվում ու հորդորեցին անմիջապես խոստովանել՝ ինչքան շուտ, այնքան լավ իր համար: Նրա խեղճ անտեղյակությունը ու դատարկ գրպանները ոչ ոքի չէր հուզում: Ոչ ոք չեկավ նրան պաշտպանելու, միջնորդելու կամ մի բարի խոսք ասելու: Ավելի կարևոր մարդկանց էլ էին կալանավորել ու Սեդրակիչի մասին հավանաբար մոռացել էին:

Այդ ընթացքում հայրը քնում էր տան մոտակայքում, իսկ անձրևային ցուրտ եղանակը օգնեց վերջապես հաղթահարելու հարբեցողությունը. թոքաբորբին մի երկու օր դիմացավ: Սեդրակիչին թույլ չտվեցին միանալու հոր մի քանի հոգանոց թափորին:

Տեղափոխեցին մարզային կենտրոնի կալանավայր, մինչև կխոստովանի կամ դատարանը կորոշի նրա ճակատագիրը: Կալանավայրի խոնավ մութ սենյակ արևի ճառագայթները հազիվ էին ներթափանցում, ու անզոր էին ծակծկել կամ ջերմացնել մարմինը: Ծիտիկների ծլվլոց երբեմն լսվում էր, ու նաև հատակին ու պատերին սողացող միջատների հազիվ լսելի ալարկոտ շարժումը:

Սակայն դատավորին վիճակված չէր տնօրինելու Սեդրակիչի համեստ ապագան: Ճակատագիրը նրան այլ ճանապարհ էր պատրաստել՝ կալանավայրի փոքրիկ մասնաշենքում հրդեհ բռնկվեց, ու նա այլ կալանավորների հետ ծխախեղդ եղավ. ոչ ոք չեկավ բացելու կալանավայրի դուռը:

Գնել Խաչատրյան

18.02.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s