Նախազգացում

Առավոտը թարս սկսվեց:

Արթնացավ գլխացավով, չնայած գիշերը կարծես լավ էր քնել: Հուլիսյան արևի ճառագայթները հանդգնորեն պատել էին ողջ ննջասենյակը, սակայն չէին կարողանում ցրել Ելենային պատած մռայլ նախազգացումը՝ թեև անհանգստանալու որևէ պատճառ չկար, այլ հակառակը՝ այսօր հիշարժան հրաշալի օր էր սպասվում:

— Սիրելիս, սուրճդ արդեն պատրաստվում է, արթնացի՛ր: Հուսով եմ չես մոռացել, որ հարսանիքի էնք, իսկ դու դեռ պետք է պատրաստվես: — Խոհանոցից լսվեց ամուսնու ձայնը:

— Հա՛, հարսանիք; — այդ երկու բառը հազիվ պոկելով գլխուղեղից ու արտաբերելով միայն թույլ արձագանքեց Իգորի ուրախ կանչին:

Ամուսնու հետ հրավիրված էին աշխատակիցներից մեկի հարսանիքին, մայրաքաղաքից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաքում: Հարսնացուն գործընկերներից մի քանիսին էր հրավիրել՝ իրենց զույգերով: Կոլեկտիվով մի լավ կպարեն ու կզվարճանան: Այս հրաշալի հուլիսյան օրը հարսանիքի մեծ մասը բացօթյա էր լինելու, – իսկ երեկոյան ռեստորանի պարտեզում լիալուսնի ներքո մոմերով ծածկված հարսանեկան սեղանները սքանչելի ու ռոմանտիկ երեկո էին խոստանում:

Ամուսինը սուրճն ու շոկոլադը ձեռքին հայտնվեց անկողնու մոտ:

— Ելենա՛, դեռ պետք է վարսավիրանոց գնաս, հագնվես, — իսկ ժամը երկուսին միկրոավտոբուսը արդեն մեզ է սպասելու: Արդեն տասն է; որքան հիշում եմ, վարսահարդարի մոտ ժամը տասնմեկին ես պայմանավորվել՝ մեկ ժամ է մնացել:

— Վարսահարդար, — դժկամությամբ թիկնելով բարձին ասաց Ելենան, ձեռքերը ալարկոտ մեկնելով ամուսնուն:

Հարսանիքը լիաթոք վայելելու համար որոշեցին բոլորով միկրոավտոբուսով գնալ: Միասին գնալ-գալը շատ ավելի հետաքրքիր կլինեի, ու նաև էլ ինչ հարսանեկան ուրախություն առանց գինեբուրքի: Իսկ խմած մեքենա վարելը, որքան էլ ուշադիր լինես ու փորձառու՝ վտանգավոր է, էլ չասաց՝ գայիչնիկների հետ նման հանգամանքում հանդիպելը հարյուր դոլարից պակաս չի նստում, ու մի հատ էլ շնորհակալություն ես հայտնում, որ ակտ չգրեցին: Հատկապես, որ կազմակերպությունը նոր հարմարավետ “Մերսեդես” միկրոավտոբուս էր ձեռք բերել, ու վարորդն էլ փորձառու էր:

Ամուսինը սուրճը և շոկոլադը մատուցեց, ու հեռացավ: Փորձեց սուրճը ձեռքին բացել շոկոլադի փաթեթը, սակայն բաժակը երերաց ու շրջվեց: Զգաց փոքրիկ այրոց կրծքից վերև: Ճչաց՝ այրոցի՞, թանկարժեք վերմակի վրա սրճի սև շիթի՞, թե՞ շրջվող բաժակից պատած հանկարծակիությունից: Ամուսինը վախեցած վազեց ննջասենյակ, մի պահ շշմած նայեց շփոթված կնոջն ու վերմակի սև շիթին, ու համոզվելով որ կնոջ այրվածքը աննշան է, արհեստական ծիծաղեց: Հավանաբար փորձեց ծիծաղով սփոփել կնոջը:

Այրվածքը լուրջ չէր, իսկ վերմակը լվալու ժամանակ չկար: Ամուսնու վրա փնթփնթաց, ասաց որ շտապ անձեռնոցիկ բերի ու կոկիկ մաքրի թափված սուրճը անկողնուց, ու շարժվեց տուալետ:

Ելենան վստահ էր՝ Իգորը իրեն ի վերուստ էր վիճակված: Միջնորդը զրուցել էր երկուսի ծնողների հետ ու պայմանավորվել էին երիտասարդներին ծանոթացնել՝ նրանց այդ մասին նախապես չտեղեկացնելով:

Մի օր Ելենայի մայրը նրան տարել է այդ հարևան գյուղ՝ իբր թե ծաղկի թփեր ընտրելու: Իսկ միջնորդ կինը զանգել էր ապագա ամուսնու տուն, որպեսզի զգուշացնի հարսնացուի այցելության մասին: Հեռախոսը վերցրել էր Իգորը, սակայն միջնորդը կարծել էր թե նրա հայրն է խոսում, ու հայտնել էր, որ հարսնացուն մոր հետ մի ժամից այցելելու են՝ ինչպես պայմանավորվել են, ու ապահովեն Իգորի ներկայությունը տանը:

Իգորը արագ կռահել էր ինչ է կատարվում, պատասխանել էր, որ կանեն այնպես ինչպես հարկն է, շնորհակալություն էր հայտնել, ու փախել տնից:

Երբ Ելենան մոր հետ այցելել էր, Իգորի ծնողները անակնկալի եկած անարդյունք փորձել էին տարբեր անմեղ պատրվակներով որդուն համոզել մի քանի րոպպեով շտապ վերադառնալ տուն: Ելենան ոչիչն չէր կռահել, ու մոր հետ մեկ ժամից ավել ծաղիկների թփեր դիտելով ու ոչինչ չընտրելով, տանտերերի թեյի հյուրասիրությունը վայելելուց հետո վերադարձել էին տուն:

Սակայն մեկ տարի անց պատահաբար հանդիպել էին Իգորի անմիջական ղեկավարի տանը, ու կարճ ժամանակ անց ամուսնացել: Արդեն երկու դուստր ունեն, որոնց երեկ էին տարել տատիկ-պապիկի մոտ: Մինչև վաղը երեկո այնտեղ պետք է մնային:

Ելենան քննաթախ ու սուրճի տհաճ միջադեպից ջղայնացած հասավ տուալետ ու բարձրացրեց ծորակի բռնակը՝ պետք էր արագ լվացվել: Ձեռքերը մի պահ անշարժացան եռացող ջրի շիթից, ու ամուսինը նորից վազեց Ելենայի ճիչից:

Բարեբախտաբար ձեռքերը լուրջ չէին վնասվել, սակայն ուժեղ ցավը հեշտությամբ չէր նահանջում սառը ջրի շիթից:

— Ելենա՛, առավոտ շուտ քեզ ինչ է՞ պատահել: — Այս անգամ շվարած հարցրեց Իգորը; ու հիշեց, որ սափրվելու ժամանակ օգտագործել էր տաք ջուրը ու մոռացել ծորակի դիրքը տեղափոխել սառը շիթի կողմ: Անշուշտ իր մեղավորության մասին չբարձրաձայնեց, կնոջն էլ ավելի չջղայնացնելու համար: Այլ, նորից  փորձեց հումորով սփոփել կնոջը:- Չլինի՞ գիտես քո հարսանիքին է այսօր:

Ելենան հայտի էր ուժեղ, կազմակերպված ու նպատակասլաց բնավորությամբ: Նրա մոտ ամեն ինչ մշտապես վերահսկողության ներքո էր, նույնիսկ չնչին մանրուքները: Իսկ այսօր առավոտյան արդեն երկրորդ անփութությունը:

Ձեռքերի ցավը արդեն տանելի էր: Իսկ վարսահարդարի մոտ կես ժամից պետք է լիներ: Վարսահարդարը քաղաքում ամենապահանջվածներից էր, իսկ Ելենայի ու այլ հաճախորդների կարծիքով՝ մայրաքաղաքի լավագույն մասնագետը: Նրա մոտ ուշանալ չէր կարելի՝ հազիվ էր հերթի մեջ իրեն ժամանակ հատկացրել: Գոնե լավ է, գեղեցկության սրահը մեքենայի տաս րոպպե հեռավորությամբ էր:

Իրեն արագ նվազագուն աստիճանի կարգի բերեց, հագնվեց՝ առանց երկար բարակ կողմնորոշվելու հագուստի ու կոշիկների ընտրության հարցում; ու դուրս վազեց: Լավ է, որ այսօրվա հարսանիքի զգեստը արդեն հասցրել էր դերձակից վերցնել, ու նույնիսկ երեկ երեկոյան տեղավորել պայուսակում: Այն կհագնի, երբ հասնեն հարսանիքի սրահ, որպեսզի ճանապարհին չճմրթվի ու չկեղտոտվի:

Հասավ մեքենան, ու նկատեց, որ բանալիները մոռացել է: Զանգեց ամուսնուն, ու Իգորը արագ իջեցրեց բանալիները:

— Առավոտվանից ամեն ինչ թարս է գնում: — Ամուսնու ձեռքից բանալիները վերցնելով, վհատված ասաց նա:

— Ելենա՛, քեզ հուսահատությունը չի սազում: Ամեն ինչ լավ կլինի: Դու այսօր հարսանիքում ամենատպավորիչն ես լինելու: — Ոգևորեց ամուսինը: — Սրանք մանրուքներ են, երևի այս շաբաթվա աշխատանքային ծանրաբեռնվածությունից դեռ ուշքի չես եկել:

Իգորը ցանկացավ էլի մի քանի սփոփող ու ոգևորող խոսքեր ասել կնոջը, ու նաև միգուցե գրկել, սակայն Ելենան անհողորդ շրջվեց, նստեց մեքենան, միացրեց շարժիչը ու արագ շարժվեց տեղից, հազվադեպ անգամ մոռանալով, որ պետք է մեքենան առավոտյան վարելուց առաջ մի րոպպեի չափ շարժիչը միացրած սպասել:

Գեղեցկության սրահ հասավ առանց պատահարների, մասնագետը արդեն իրեն էր սպասում: Ծառայողական ժպիտով դիմավորեց իրեն, ու սկսեց երկու ժամ ձգվող մազերի ներկման, վարսահարդարման ու դիմահարդարման գործողությունները: Ընթացքում խոսեցին սպասվող հարսանիքից, առավոտվա ձախորդություններից, Ելենային պատած վատ տրամադրությունից՝ որն իհարկե արդեն նահանջում է մասնագետի նուրբ մատների շարժումների հետ:

Երբ մասնագետը ավարտեց աշխատանքը, ու Ելենան արդեն լավ տրամադրությամբ նայեց հայելում՝ իրեն նայող կերպարը այնքան անպատշաճ թված, որ էլ ավելի ծանր հուսահատության զգացողություն լցվեց մարմնով մեկ: Մազերի գույնը չհավանե՞ց, վարսերն էի՞ն անշնորհք ձևավորել, դիմահարդարումն է՞ր անճաշակ, թե՞ իր ու հայելու պատկերի միջով սև կատու անցավ, -կարևորը վերականգնված լավատեսությունը գահավիժեց:

Ծամածռված ժպիտով վճարեց գումարը, ցտեսություն ասաց ու հապշտապ հեռացավ: Վարսահարդարի համար ակնհայտ էր, որ մշտական հաճախորդներից մեկը խիստ դժգոհ հեռացավ, սակայն վստահ չէր, թե որտե՞ղ ինքը թերացավ:

Վերադարձավ տուն, արդեն ժամը մեկն էր: Ամուսինը ուրախ ժպիտով բացեց դուռը, բերանը բացեց, որ հիասքանչ սանրվածքի ու դիմահարդարման մասին անկեղծ հաճոյախոսի, սակայն Ելենան արագ հասավ տուալետի հայելու մոտ, ու նորից սկսեց տնտղել իրեն: Ի՞նչ որ բան սարսափելիորեն այն չէր: Այլևս չդիմացավ, երկու ձեռքով քանդեց ողջ սանրվածքը, մաքրեց դիմահարդարման մեծ մասը, ու սկսեց ինքնուրույն հավաքել մազերը և հարդարվել:

Ամուսինը տուալետի բաց դռնից զգույշ հետևեց կնոջ դժգոհ ու աբսուրդ պահվածքին, մտածեց ինչ որ բան ասել; սակայն որոշեց որ ավելի լավ է անխոս հեռանալ, ու կնոջը թողնել ինքն իր փոռթկումների հետ:

Հենց սկզբից Իգորին գրավել էր Ելենայի ուժեղ բնավորությունն ու անկեղծությունը: Առաջին իսկ հայացքից սիրահարվել էր բարձրահասակ համակրելի ինքնավստահ աղջկան, որի հետ զրուցելուս մոռանում ես, որ դիմացդ ոչ թե հասուն կյանքի փորձով կին է, այլ անփորձ մի աղջնակ: Եվ որքան էր ինքն իրեն փնովել, երբ հայտնել էին, որ Ելենան հենց այն աղջիկն է, որի հետ հանդիպումից ինքը փախել էր մեկ տարի առաջ: Անցածը վերականգնել արդեն չէր կարելի, սակայն ներկան ու ապագան կարելի էր արագ բարեփոխել:

-Ելենա, կցանկանա՞ս սուրճ կամ հյութ խմել: Միգուցե, ինչ որ բան ցանկանա՞ս ուտել՝ կարող եմ բուտերբրոդ պատրաստել: Մինչև հարսանիքում սեղան նստենք, կարող է շատ քաղցես: — Անախորժ միջավայրը ցրելու ու կնոջը տհաճ տրամադրությունից կտրելու համար, մի հինգ րոպպե հետո դեպի տուալետ ցածր ձայնեց ամուսինը:

Որքան էլ Ելենան ուժեղ բնավորություն ունի, նույնքան էլ հոգու խորքում զգայուն է ու չափազանց փխրուն; — ամուսինը դա շատ լավ գիտի: Սակայն նրա փխրուն պատանեկան հոգին փակ է շրջապատի աչքերի համար, ու նույնիսկ Իգորին այն հազվադեպ էր բացվում: Ակնհայտ էր, որ կինը հենց այս պահին հոգեկան խիստ աջակցության կարիք ունի, սակայն Իգորը հասկանում էր, որ պետք է շատ նուրբ վարվել, այլապես իր անզգույշ մի խոսքը կարող է օգնելու փոխարեն վիճակը էլ ավելի վատթարացնել:

Ելենան չարձագանքեց: Ֆենի ձայնը խանգարեց, թե՞ չցանկացավ պատասխանել. Իգորը չհամարձակվեց երկրորդ անգամ կրկնել առաջարկը: Բացեց հեռախոսը, ու Ֆեյսբուքում սկսեց մտացրիվ դիտել ընկերների հրապարակումները:

Համարյա մեկ ժամ էր անցել, երբ Ելենան վերադարձավ հյուրասենյակ:

— Կարծեմ, ինչ որ մեկը ինձ սուրճ էր առաջարկում: — Թույլ ժպիտով ամուսնուն դիմեց նա, ու նետվեց բազմոցին: — Հը՛, ի՞նչ կարծիքի ես սանրվածքիս մասին: Միայն անկեղծ: Ասա՛, որ այդ թանկանոց մասնագետներից ես ավելի լավ եմ հարդարվում: Դեռ նստած ե՞ս: Իսկ մեկ ժամ առաջ սուրճ էիր բերում, բուտերբրոդի մասին էլ չեմ ասում: Չ՛է, բուտերբրոդը պետք չէ; ուղղակի սուրճը բեր, բայց այնպես սրտով բեր, որ առավոտվա նման վրես չթափեմ:

Իգորը, սկզբում անակնկալի եկած, սակայն արագ կողմնորոշվելով սկսեց սուրճի պատրաստումը: Լավ էր, որ Ելենայի տրամադրությունը վերականգնվում է: Հատկապես, որ աշխատակիցներով հարսանիքի են: Ուր որ է արդեն միկրոավտոբուսը կգա: Ինքը դեռ երկու ժամ առաջ էր ամբողջովին պատրաստվել: Պետք է զգույշ լինի, որ սուրճը չցայտի կոստյումի կամ փողկապի վրա:

Սրճեցին: Սովորականի պես հաճելի զրուցեցին: Վերջապես կարողացավ հաճոյախոսել Ելենայի սանրվածքի ու հիասքանչ տեսքի վերաբերյալ; ու նույնիսկ վաստակեց կնոջ մեղմ ինքնագոհ ժպիտով շնորհակալությունը, ու համբուրեց նրա պարզած ձեռքը: Աշխատակիցները զանգեցին, ու վերցնելով Ելենայի հարսանիքի զգեստը նստեցին միկրոավտոբուս:

Ճանապարհը դեպի հարսանիք, ու ողջ հարսանիքը հրաշալի անցավ: Ելենայի վերականգնված տրամադրությունը ու վստահությունը կարծես ցրեց բոլոր հնարավոր ձախորդությունները, ու Իգորը լիալուսնի ներքո զմայլանքով դիտելով կնոջ հիասքանչ կերպարը և բոցկլտացող աչքերը՝ իրեն նորից զգաց երեկույթի ամենանախանձելի երջանիկ զույգի կարգավիճակում:

Ելենան ամուսնուց ու բոլորից կարողացավ թաքցնել հոգին քրքրող նախազգացումը, որը որևէ կերպ չքվել չէր ցանկանում: Առավոտից անակնկալ հայտնված այդ անկոչ հյուրին սանձելու համար, նույնիսկ չափից ավելի շատ խմեց ու զվարթ ձևացավ: Սակայն նախազգացումը միախառնվեց գինուն ու ավելի հանդուգն դարձավ:

Արդեն ուշ երեկո էր, երբ գինովցած երերալով, բարձր ու ուրախ զրուցելով, կատակելով ու երգելով նստեցին միկրոավտոբուս: Վարորդը չէր կարողացել զսպել ցանկությունը և հարսանքավորների հորդորները, ու մի քանի բաժակ խմել էր: Սակայն այդ փոքրիկ փաստը, զվարճացողներին չանհանգստացրեց, ու երևի ոչ ոք էլ չնկատեց:

Միկրոավտոբուսում բարձր երաժշտություն միացրեցին, ու երգելով ու պարելով՝ պատռելով գիշերային խավարը ուղևորվեցին մայրաքաղաք: Միասին անշուշտ շատ ավելի զվարճալի է, հատկապես, որ մի քանի շիշ գինի էլ հետները վերցրել էին, ու անմիջապես շշից խմելով փոխանցում էին իրար: Այն որ գինին թափվում էր թանկարժեք ու սիրելի զգեստների ու կոստյումների վրա, արդեն ոչ ոքի չէր անհանգստացնում: Նույնիսկ վարորդին էին շիշը փոխանցում՝ մի քանի կում անելու:

Իսկ Ելենան դարձել էր զվարճանքի կենտրոնը: Նա նստել էր բաց հսկա պատուհանի մոտ, ու երբեմն-երբեմն ձեռքերով, գլխով ու ուսերով դուրս էր մեկնվում ու բարձր գոռում մեքենայի սլացքից առաջացող քամուն հանդիպակած: Քամին պարում էր Ելենայի վարսերի հետ, շոյում դեմքը, համբուրում աչքերը, ականջին խելահեղ բառեր շշնջում: Ամուսնու կամ աշխատակիցների ալարկոտ հորդորները գլուխը պատուհանից չհանելու անզոր էին:

Քաղաք հասնելուն քիչ էր մնացել, երբ մեքենայի աջ կողմից ուժեղ լույս երևաց, ինչ որ ծանոթ, բայց տհաճ աղմուկ, որը խլացրեց մեքենայում հնչող բարձր երաժշտությանը, ու հուժկու հարվածի ձայնը ակնթարթորեն միախառնվեց ճզմվող երկաթների, մարող ճիչերի ու բազում այլ ձայների հետ:

Արդյո՞ք հարբած վարորդը չէր նկատել մոտեցող գնացքին ու երկաթուղու նախազգուշանող նշաներն ու ազդանշանները, թե՞ վստահ էր, որ արագության տակ կարող է սրնթաց անցնել դանդաղաշարժ գնացքի առջևով, որ հետո հպարտանար; ոչ ոք արդեն իմանալ չէր կարող:

Փրկվել էր միայն Ելենան, որի մարմնի կեսը հարվածի պահին պատուհանից դուրս զվարճանում էր քամու հետ, ու մեքենայի հակադիր կողմից հարվածի ալիքը նրան մեքենայից դուրս էր շպրտել ճամփեզրի փարթամ խոտերի մեջ: Թմրած մարմինը անշարժ պառկել էր, մինչև որ նրան արագ հասցրել էին հիվանդանոց: Մի ձեռքն էր ջարդվել ու կողերից մեկը, ու նաև բազում կապտուկներ:

Հիվանդանոցում պառկած էր, երբ հայտնեցին ամուսնու ու գործընկերների գույժը: Այդժամ գիտակցեց, թե ի՞նչ էր առավոտից մինչև երեկո ցանկանում հասկացնել նախազգացումը: Համոզվեց, որ պետք չէր արհեստական զվարթանալ ու գինովանալ, անսալ բոլոր այդ նշաններին ու զգացողություններին, կորցնել աչալրջությունը և վերահսկողությունը իր ու շրջապատի նկատմամբ; այլ պարտավոր էր նկատել վարորդի անսթափությունը ու արգելել նրան վարել մեքենան, որ կարող էր տեսնել մոտեցող գնացքը ու լսել նրա նախազգուշացնող ազդանշանները, որ …:

Այժմ, պառկած հիվանդանոցի անկողնում ամեն ինչ ըմբռնեց, սակայն ինչ օգուտ՝ ոչինչ փոխել չէր կարող:

Սգո արարողություններից հետո հարազատներն ու ընկերները եկեղեցում ոչխար մատաղ արեցին, ու փառք տվեցին աստծուն, որ բարձրյալը գթացել էր Ելենային ու իր մանկահասակ դուստրերին՝ հրաշքով փրկելով նրա կյանքը: Ի՞նչ սարսափելի կլիներ դուստրերի վիճակը, եթե աստված չփրկեր նրան:

Անցել է մի քանի տարի: Ելենայի ու դուստրերի մոտ ամեն ինչ հնարավորինս չափ լավ է: Ելենան ամեն շաբաթ օր իրիկնամուտին այցելում է ամուսնու շիրիմին, մի քիչ զբոսնում գերեզմանի կանաչապատ տարածքով՝ կարդալով շիրիմների վրայի սուղ գրությունները, գերեզմանոցի մատուռում մոմ վառում ամուսնու հոգու համար ու երախտապարտություն հայտնում աստծուն՝ իրեն հրաշքով փրկելու համար:

Նա շարունակում է լինել ուժեղ, կազմակերպված, էլ ավելի նպատակասլաց, գեղեցիկ ու կոկիկ արտաքինով, ու էլ ավելի աչալուրջ շրջապատի ու իր զգացումների նկատմամբ: Չէ, որ այժմ նա իր հասունացող դուստրերի համար և՛ մայր է, և՛ հայր:

Տղամարդկանց ուշադրության պակաս չկա: Սակայն նրանցից ոչ մեկը բավարար արժանի չէ նորից վառելու փշրված սիրտը: Վստահ է, որ եթե գոյություն ունի այդ մեկը, ապա նրանք անպայման կհանդիպեն ու կճանաչեն իրար աշխարհի որ ծայրում էլ որ լինի:

Գնել Խաչատրյան

25.03.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s