Տարանցիկ Պատմություն

Երևանից այլ քաղաքներ թռիչքը հիմնականում Մոսկվայով է ընդմիջվում, ինչպես հին, բարի սովետական ժամանակներում: Այս անգամ նպատակավայրը Տաշքենթն է՝ Ուզբեկստանի մայրաքաղաքը, որտեղ հեքիաթը սպիտակ մարմարով են ծածկում:

Վաղուց Երևանից ցերեկով չէի մեկնել. գիշերային թռիչքների կիսախառը քնից պատող հոգնածությունից այս անգամ կխուսափեմ: Վնուկովոյի օդանավակայանում դեպի ելք շարժվող ուղևորներից առանձնացա ու շարժվեցի տարանցիկ սրահ տանող սլաքի ուղղությամբ, ու հայտնվեցի սառը միայնության մեջ՝ կարծես բոլոր ուղևորները և աշխատակիցները միանգամից անէացան:

Սխալ ուղղությամբ շարժվելը ավելի քիչ հավանական էր, քան որ ինքնաթիռում քնել եմ ու երազում վերապրում եմ վերջերս դիտած սարսափ ֆիլմը: Լսեցի անապատի պատրանքի պես առջևս հայտնված ռուս անձնագրային աշխատակցուհու`  ինձ ուղղված հարցը. “Դուք ի՞մ մոտ էք գալիս”: Իմ դրակական պատասխանին, նա ցույց տվեց անձագրային պատուհաններից մեկը և ինքն էլ շարժվեց այն բացելու:

— Տարօրինակ է` այսօր բացի ինձնից ոչ ոք չի՞ մեկնում:

— Ուղղակի այս ժամին ուղևորներ չկան: — Լայն ու բարի ժպիտով պատասխանեց նա:

Առաջին անգամ Մոսկվայում ռուս անձնագրային աշխատակիցը ինձ էր նայում բարի, քաղցր ժպիտով:
-Ուրախ չե՞ս, որ ես այսօր աշխատում եմ միայն քեզ համար: – Էլ ավելի բարի ժպիտով շարունակեց գեղեցկուհի աշխատակիցը:

Դեռ Ասիա չէի հասել, սակայն հեքիաթը սկսվել էր:

-Եթե այսպես շարունակեք, ապա միգուցե մնամ Մոսկվայում: — Մի քիչ կարմրած ժպիտով պատասխանացի, բնազդով վերցրի անձագիրս ու մտա տարանցիկ սրահ:

Հսկա տարանցիկ սրահում հատուկենտ մարդիկ կային: Շարժվեցի նստեցման համարի ուղղությամբ ու նկատեցի հեռվում հավաքված միջինասիացիների երկու խումբը. Դուշանբեն արդեն նստեցում էր գնում, իսկ Տաշքենթը՝ մեկ ժամից: Ինչպես ասում են, մենք մերոնցով էինք. նույնիսկ ռեստորաններն ու խանութներն էին փակ:

Հրավիրեցին նստեցման: Ասիացիները, սովորույթի համաձայն, վաղուց խտացել էին գնդե հերթում, և հրմշտվելով շարժվեցին առաջ: Վերջին ուղևորների հետ մտա ինքնաթիռ: Իմ նստատեղը մեջտեղում էր, և անցուղու մոտ նստած անխնամ, թմբլիկ ուզբեկուհին կանգնեց ու ճանապարհ տվեց:

Նստեցի ու շնորհակալություն հայտնեցի: Նա ականջակալներով երաժշտություն էր լսում և միայն հոգնած ժպիտաց: Առջևում չորս ժամվա թռիչք էր. կեսգիշերին էինք Տաշքենթ հասնելու: Քնելը ցանկալի էր:

— Անչափ հոգնած եմ: Շատ կցանկանայի քնել: — առանց ականջակալները հանելու նայեց իմ փակվող աչքերին ու ինքն էլ փակեց աչքերը:

Արթնացա  հարևանուհուս մարմնի կտրուկ շարժումից. ուղեկցորդուհին սառը ջրի բաժակը շրջել էր նրա թևին: Դժգոհությամբ հանեց ականջակալները, և որքան հնարավոր է չորացրեց հագուստը:

— Առանց այն էլ ցուրտ է:

Դա ինձ զարմացրեց՝ նրա հագին տաք ժակետ կար: Մոսկվայում իսկապես ցուրտ էր, սակայն մենք վաղուց երկնքում էինք՝ օդանավի մեջ:

— Առաջին անգամ եմ Տաշքենթ գնում: Ուզբեկ եմ, սակայն ծննդով Ղրղզստանից՝ Ջալալաբադից: Ուզբեկստանում երբեք չեմ եղել: Մոսկվայում վաղուց եմ ապրում.  ամուսնացանք ու մի քանի տարի հետո տեղափոխվեցինք Մոսկվա: Սակայն Ջալալաբադ այլևս վերադառնալ չեմ ցանկանում, մորս մահից հետո ինձ այնտեղ ոչինչ չի ձգում:

Կոպերը չկարողացան թաքցնել արցունքները, որոնք սկսեցին դանդաղ սահել շեղ աչքերի եզրերով: Նա նույնիսկ չփորձեց սրբել այն:

— Ճիշտ եք նկատում, ես ավելի շատ ղրղզի եմ նման, չնայած իմ մայրական ու հայրական ճյուղերը ամբողջովին ուզբեկներ են: Մայրս մահացավ ձեռքերիս մեջ, նրանից հետո ինձ օգնող ոչ ոք չկա: Հայրս և եղբայրներս շարունակում են Ջալալաբադում ապրել:

Ուղեկցորդուհին մեղավոր ժպիտով կաթով սուրճ հյուրասիրեց ու մի փոքրիկ բուտերբրոդ:

— Վերջապես որոշել ե՞ք Ձեր պատմական հայրենիքը այցելել: Տաշքենթը ժամանակակից շքեղ սպիտակ մարմարակերտ քաղաք է՝ կանաչապատ ու շատ մաքուր; սակայն անպայման Սամարղանդ այցելեք՝ Ասիայի ապրող հեքիաթը: Տաշքենթից երկու ժամում հարմարավետ արագընթաց գնացքով այնտեղ կհասնեք:

— Չէ՛, ընդամենը մեկ օրով եմ գնում: Նույնիսկ Տաշքենթը տեսնելու ցանկություն չունեմ: Երբ մայրս մահացավ, ու վերադարձա Մոսկվա, ամուսինս երկրորդ կին էր բերել՝ սկեսրոջս ու երեխաներիս մոտ: Ճիշտ է` այդ աղջիկը մեկ ամսից հեռացավ, սակայն ամուսնուս այդ քայլը ներել չեմ կարող: Մինչև հիմա ծանր աշխատանքով պահում էի իրեն, երեխաներիս ու սկեսրոջս, ու աչք էի փակում նրա բազում թերությունների վրա, սակայն այս մեկը արդեն չափազանց էր:

Չգիտեի` ինչպես արձագանքել, հատկապես, որ ես էլ եմ տղամարդ՝ բազում թերություններով:

— Մայրս միակն էր, որ հոգում էր իմ մասին: Միգուցե՞ նա ձեռքերիս մեջ մահացավ, դրա համար եմ այսպես տանջվում:

Արցունքի կաթիլները նորից սկսեցին հոսել կոպերի եզրով, ու նրա երկու ձեռքերը կարծես ուրվագծեցին նրանցում հանգչող մոր գլուխը:

— Մորս բացակայության ցավը չի ցանկանում լքել ինձ: Չգիտեմ` ի՞նչ անեմ:

— Այդ ցավը դեռ շատ երկար է ապրելու քեզ հետ: Ոչինչ անել չես կարող: Տարիները միայն կմեղմեն այն: — Իբր թե սփոփեցի ես:

— Խանութում եմ աշխատում մինչև ուշ գիշեր: Տղամարդկանց ուշադրության պակաս չեմ զգում: Նույնիսկ հիսունին մոտ մի հարուստ կովկասցի ինձ անդադար առաջարկում է հանդիպել՝ անկախ իմ ամուսնացած լինելու հանգամանքի ու բազում մերժումների, ամեն անգամ նորանոր ու շռայլ խոստումներով: Իսկ ես բոլորին մերժում եմ և մինչև հիմա ինձ թույլ չեմ տվել առաքինի կնոջը անհարիր որևէ արարք: Փող եմ աշխատում ու տալիս ամուսնուս, որ նա երկրորդ կին բերի՞ տուն:

Նա շարունակեց խոսել ամուսնու արարքներից ու իր ծանր կյանքից: Փորձում է ունկնդրել նրան, սակայն բնավորությանս հատուկ հարցերը լցվեցին միտքս; ու հետաքրքրասիրությունս նորից հաղթեց ողջամտությանս.

— Կյանքում առաջին անգամ մեկնում ես պատմական հայրենիքդ՝ առանց որևէ ցանկությա՞ն` տեսնելու այն: Այն էլ այս երեք հազար կիլոմետր հոգնեցող թռիչքը՝ մեկ օրվա համա՞ր: Նաև, ենթադրում եմ, որ ինքնաթիռի տոմսը քո աշխատավարձի համեմատ զգալի գումար է կազմում: Քո միայնակ լինելուց ու տրամադրությունից չեմ կարծում հարսանիքի կամ այլ խիստ կարևոր արարողության ես մասնակցելու: Դու ինձ այդպես էլ չասացիր, թե ինչո՞ւ ես մեկնում Տաշքենթ:

Հարցերս նրան անակնկալի բերեցին: Զգացի նրա մարմնով ձգվող տարակուսանքի և երկյուղի ալիքները: Եվ դա ինձ ավելի հետաքրքրեց, ու միտքս այրող պահանջ՝ անվերապահ իմանալ նրա մեկնելու նպատակը:

— Մարդ պետք է տեսնեմ: — Մի քանի րոպպե վարանելուց հետո շշնջաց նա:

Այդ պատասխանը անշուշտ ինձ բավարար չէր:

— Սիրած տղամարդու մո՞տ ես գնում: Հավանաբար ինտերնետո՞վ եք ծանոթացել: Նա՞ է գնել տոմսերը ու քեզ հրավիրել իր մոտ: Ինչո՞ւ ինքը Մոսկվա չի գալիս քեզ հանդիպելու:

Առավել հավանական հարցերը միակ ձևն էին` նրանից կորզելու պատասխանը:

— Չէ՛, տոմսերը ես եմ գնել, ու այդ գումարը ինձ համար իսկապես ահռելի է: Նա  ուսանող է՝ ինտերնետով ենք ծանոթացել ու արդեն մեկ տարի է շփվում ենք: Երկու շաբաթ առաջ վերջնականապես որոշեցի մեկնել՝ դա ինձ համար չափազանց դժվարին որոշում էր: Նույնիսկ հիմա՝ ինքնաթիռում, դեռևս վստահ չեմ, որ ճիշտ եմ վարվում: Այդ մտածմունքներից արդեն քանի օր է ընդհանրապես քնել չեմ կարողանում: Նույնիսկ երկու օր առաջ տարա ինքնաթիռի տոմսը վերադարձնելու, բայց վերջին պահին կանգ առա: -Սկզբում կարկամելով, սակայն հետո առավել հանդարտ շարունակեց նա:

-Ահա նրա նկարը, երեսուն տարեկան է, իսկ ես՝ երեսունչորս: Իսկ սա ամուսինս է: Նա ինձնից մեծ է մեկ տարով՝ քսան տարեկան էի, երբ մեզ ամուսնացրին: Սրանք իմ որդին ու դուստրն են: Ահա և՛ ես՝ մեկ ամիս առաջ մերձ-Մոսկվայում հարսանիքի էինք մասնակցում:

Նա շարունակում էր թերթել ու ներկայացնել հեռախոսի նկարները:

Տաշքենթցին նրբակազմ էր, միջահասակ, մելամաղձոտ աչքերով, բոլոր նկարներում միայնակ ու բանաստեղծական ֆոնի մեջ: Ամուսինը չկայացած տղամարդու ու կիսաալկահոլիկի տպավորություն թողեց՝ հատկապես իր պպզած ինքնագոհ կերպարով: Իսկ հարևանուհիս բավականին համակրելի՝ գեղեցիկ հագուստով, երկար վարսերով ու դիմահարդարված վիճակում:

— Չգիտեմ` ի՞նչ է սովորում: Բավարար գումար չունի Մոսկվա գալու համար: Մի քանի անգամ գրել եմ, որ որևէ լուրջ նպատակ չունենա: Ես էլ եմ ենթադրում, որ հավանաբար ամուսնացած է, և դա շատ ավելի լավ կլիներ: Գիտե՞ս, մորս մահից հետո էլ նա միակ մարդն էր, որ սատարում էր ինձ: Մայրս ընդամենը հիսունյոթ տարեկան էր:

Մոր մահվան հիշողությունը նորից աչքերը արցունքներով լցրեց: Միգուցե՞ պետք էր հարցնել, թե ե՞րբ և ի՞նչ հիվանդությունից է մահացել մայրը: Սակայն, ինձ այլ հարցեր էր գրավել:

— Եթե ցանկանում ես ամուսնուցդ վրեժ լուծել, ու նաև դուրս մղել մորդ մահվան ապրումներից ու ամուսնուդ արարքից կուտակված ցավոտ զգացողություններդ, արդյո՞ք առավել նպատակահարմար չէր թեկուզ այդ կովկասցի հասուն տղամարդու հետ հանդիպումը Մոսկվայում, հատկապես, որ նա պատրաստակամ է ֆինանսապես օժանդակել, քան քրտինքով վաստակած սուղ միջոցների հաշվին թռչել դեպի վիրտուալ երեսնամյա աղքատ ուսանողի մոտ, որի համար ակնհայտ դժվար է լինելու մեկ օրվա բուռն սիրեկանի կարգավիճակը:

— Ամեն օր  նա սպասում էր, որ ես աշխատանքից վերադառնամ, իսկ այդ պահին Տաշքենթում ուշ գիշեր է, որպեսզի հարցնի իմ անցած օրվա  մասին ու բարի գիշեր մաղթի: Իսկ առավոտյան արթնանում էի ու ստանում նրա ջերմ ողջույնները և լավ օրվա մաղթանքները: Եվ այդպես մի ողջ տարի: Միակ մարդը, որը բացի իմ մորից, հոգում էր իմ մասին:

Նրա հայացքում տխուր քաղցրություն հայտնվեց: Արցունքի երեք կաթիլ սառել էին կոպից դուրս:

— Անկասկած պարտավոր եմ վարձահատույց լինել նրան: Մի քանի անգամ խոստացել եմ հանդիպել ու չգալ չէի կարող: Հիմա սպասում է ինձ օդանավակայանի առջև: Նրա համար փոքրիկ նվեր ու տաս տուփ ծխախոտ եմ վերցրել, որը նա խնդրել էր: Հետադարձի տոմս ունեմ, սակայն եթե հանկարծ նա չգա, կամ լինի լրիվ այլ անձ, քան մինչ այժմ ներկայացել է, ապա չգիտեմ` ինչ պետք է անեմ. նույնիսկ հյուրանոցում մեկ օր մնալու գումար չունեմ: Սակայն միևնույն է, ես պարտավոր էի գալ: Վստահ եմ` այլ տղամարդու հետ հանդիպում ես ինձ հետագայում այլևս երբեք թույլ չեմ տա:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Մի փոքր շպարվեց. մեկ տարի սպասված առաջին հանդիպմանը լրիվ անխնամ տեսքով չպետք է ներկայանալ, ու շարժվեց անհայտին ընդառաջ:

Գնել Խաչատրյան

23.05.2016թ.

Advertisements

One thought on “Տարանցիկ Պատմություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s