Միջին Ասիայի Ոսկե-Եռյակը

Երեք տարի առաջ ինքնաթիռում տեսա հոդված Միջին Ասիայի ոսկե-եռյակի՝ Սամարղանդի, Բուխարաի և Խիվաի մասին: Մի քանի ամիս անց անակնկալ հրավեր ստացանք երեք տարվա աուդիտ իրականացնել Ուզբեկստանում, ու Տաշքենտ յուրաքանչյուր երեք տասօրյա գործուղման միակ շաբաթ օրը այցելեցի նրանցի մեկը:

Առաջինը՝ միֆական Սամարղանդն էր; նախորդ տարի՝ հեքիաթային Խիվան; իսկ մի քանի օր առաջ՝ երանավետ Բուխարան:

Սամարղանդ

Սամարղանդն ավելի շատ միֆ է, քան իրականություն: Տպավորվածությունս այնքան ուժգին էր, որ չկարողացա երկար զսպել այն, ու մի քանի օր անց պատմվածք գրեցի՝ “Սամարղանդի գիդը”: Մինչ այսօր էլ, եթե ինձ հարցնում են, աշխարհի այցելածս քաղաքներից ո՞րն էր ամենատպավորիչը՝ առանց երկմտանքի պատասխանս Սամարղանդն է: Նույնիսկ Փարիզը, Նյու-Յորքը, Վենեցիան, կամ այլ հռչակավոր քաղաքներից տպավորվածությունս Սամարղանդի հետ մրցել չեն կարող:

Հիշում եմ, երբ մեքենայով անցնում էինք ինչ որ հին գերեզամանոցի մոտով, ապա ժամանակը մի պահ կանգ առավ, ու տարօրինակ ցանկություն առաջացավ՝ մահիցս հետո հանգչել հենց այդտեղ: Մինչև հիմա էլ հստակ հիշում եմ այդ վայրը, և չեմ կարողանում հասկանալ թե ինչո՞ւ հենց այդտեղ՝ միգուցե՞ չափազանց արևոտ էր ու միֆական:

Խիվա

Հաջորդ տարի այցելեցի Խիվա՝ պատմական Խորեզմայի թագավորության մայրաքաղաքը, որը շարունակվում է պահպանվել պատմական տեսքով ու առորյաով: Խիվան իրական հեքիաթ է: Ոչ այնպես ինչպես Դիսնեյ-լենդը, կամ նմանատիպ այլ վայրեր: Խիվան կարծես քեզ ժամանակի մեքենայով տեղափոխում է հազար տարի հետ:

Խորեզման գտնվում է Կզլկում և Կարակում անապատների մեջտեղում՝ հազար կիլոմետրով կտրված շրջակա աշխարհից: Գիդը անհագությամբ ներկայացնում էր Խորեզմայի պատմական, գիտական ու մշակույթային համաշխարհային նվաճումները, սակայն դա չէ որ գրավեց ինձ:

Երբեմն փորձել եմ ստիպել ինքս ինձ գրել Խիվաի առանձնահատուկ մշակույթի, կրքոտ պարերի ու մեկ հայացքով գերող գեղեցկուհիների մասին, սակայն ամեն անգամ ինչ որ ներքին ուժ ինձ արգելում է՝ դեռ ժամանակը չէ: Հիմա էլ, այս մի քանի սուղ նախադասությունները գրելուս ողջ մարմինս պատվում է քրտինքով:

Դեռ Խիվայից չէի մեկնել, երբ հասկացա, որ պետք է վերադառնամ՝ դեռ այս կյանքում: Հուսով եմ Խորեզմայի հեքիաթը այս մի քանի տողս չի համարի պատմություն, ու կշարունակի ապրել իմ մեջ:

ՀարսանիքՈւրգուտում

Մեկ շաբաթ առաջ, Տաշքենտի գործընկերներս հրավիրեցին հարսանիք Սամարղանդին հարևան շրջանում: Ուրգուտը Ուզբեկստանում հայտնի է հազարամյա չինարիների մուսուլմանական սրբավայրով, սակայն ավելի հանրահայտ՝ կանեփի պլանտանցիաներով ու կանեփային մշակույթով: Նույնիսկ կանեփից սփռվող փոշին էլ բավական է՝ Ուրգուտյան ոգին շնչելու համար: Վերջին տարիներին Ուզբեկստանի ղեկավարությունը արգելել է կանեփի մշակումն ու օգտագործումը; ու մշակույթային ինչ որ վակում է առաջացել:

Շաբաթ կեսօրին շարժվեցինք դեպի Ուրգուտ՝ չորս ժամվա ճանապարհ Տաշքենտից: Պարզվեց հարսանիքում միայն “փեսա” կա՝ տասնմեկամյա որդու թլփատումն է: Ուզբեկստանում դա նույնպես “հարսանիք” են անվանում, ու գործընկերներս զարմացան, որ ես դա չգիտեի: Չնայած մեծ ցանկություն ունեի Միջին Ասիայում մասնակցել “հարս”-ով հարսանիքի, սակայն “թլփատման հարսանիքի” մասնակցությունն էլ հետաքրքիր թվաց, հատկապես, որ արդեն հասնում էինք Ուրգուտ; և այնտեղից էլ պետք է մեքենայով մեկնեի Բուխարա՝ որտեղից Տաշքենտ վերադարձի ավիատոմս էի գնել:

Ուզբեկական լայն դարպասներից մտանք բակ, որը ուզբեկների համար ծառայում է որպես նախասրահ: Այն արդեն ծածկված էր դատարկ սեղաններով ու աթոռներով: Մեզ ուղեկցեցին դեպի նոր շքեղ տուն, իսկ հանդիպող բոլոր մարդիկ նստատեղերից բարձրանում էին, աջ ձեռքը սրտին հեզ ժպտում ու կիսախոնարհվում:

Տանը բացի գորգերից ոչ մի այլ կահավորանք չկար: Աջ սենյակում կանայք էին գորգին ծալպատիկ նստած ընթրում, իսկ դիմացի սենյակում գորգի վրա ուտելիքով ու խմիչքով ծածկված սուփրա էր բացված, և ուղեկիցները՝ այդ ողջ ընթացքում աջ ձեռքը սրտին սոսնձված, հրավիրեցին ներս: Ու քանի որ բոլորը սկսեցին մեկը մյուսին զիճել առաջինը մտնելու իրավունքը՝ երկար չկանգնելու համար առաջին ես ներս մտա:

Սեղանի մոտ ծալպատիկ նստած մի տաս տղամարդ կային, որոնք անմիջապես կանգնեցին ու մեզ համար ազատեցին վեց տեղ: Ծալպատիկ նստեցինք ու բոլորը երկու ափերը վեր պարզաց բարձրյալին երախտիք հայտնեցին, ու սկսեցին լցնել բաժակները և ափսեները: Տանտիրոջը և նրա որդուն ուղղված բարեմաղթանքները անպայման եզրափակվում էին Ալլահին ուղղված արաբերեն կարճ նամազով, “ամեն”-ով ու “օրաղ”-ով: Ղուրանում արգելված է գինի խմել, սակայն օղու մասին ոչ մի խոսք չկա:

Հետո տեղափոխվեցինք հարևան այգիներից մեկը ու մինչև գիշերվա ժամը երկուսը ընթրեցինք խնձորենիների ներքո բացված ճող սեղանի շուրջ՝ նստելով տասերկու շքեղ աթոռներին, որոնք կարծես Օստափ Բենդերի փնտրվող հենց տասերկու աթոռները լինեին:

Խնձորենիների այգում կարծես կանեփի բուրմունք տարածվեր: Տեղացիները ընկճախտով ու փայլող աչքերով սկսեցին պատմել երանելի ոչ վաղ ժամանակների մասին: Մեկն էլ հիշեց, որ ութսունականներին ավարտական դասարանում իրենց հունվար ամսին տաս օրով ուղարկել էին հանգստանալու Սևանա լճի դիմացի բլրին գտնվող հյուրանոցում: Ես զարմացա. “Չէ որ այնտեղ հունվարին սառնամանիք է, լճից հեռու, կյանքից հեռու, ու նույնիսկ ձմեռային հանգստի որևէ հարմարություն չկա:” Արձագանքեց, որ իսկապես սառնամանիք էր, ու հյուրանոցից համարյա դուրս չեն եկել; սակայն լավ վայր էր: Ու մոտ մեկ ժամը բոլորը ծիծաղում էին այդ խեղճի վրա՝ հավանաբար կանեփի բուրմունքի ազդեցության տակ:

Տաշքենտից եկած վեց տղամարդկանցով քննեցինք սենյակներից մեկի գորգի վրա կողք-կողքի փռված անկողիներում: Ինձ, որպես հյուրի մեջտեղի ակնողինը հատկացրին: Սակայն տղամարդկանց սենյակում քնում է միայն նա, ով առաջին է հաջողացնում քննել: Իսկ ույգուր հաշվապահը խորամանկորեն մեզնից մեկ ժամ առաջ էր պառկել ու արդեն հասցրել քնել, ու մյուսներս աչքերը փակած սկսեցինք ունկնդրել նրա անուշ խռմփոցը:

Քիչ անց խռմփոցին միացան սոխակները՝ նույնիսկ չկարողացա հասկանալ՝ մեկ թե՞ մի քանի: Չեմ հիշում, որ նախկինում սոխակի երգ լսած լինեի, ու սկզբում փորձեցի վայելել այն: Սակայն, կա՛մ լսողությունս է թույլ, կա՛մ ճաշակս է վատ, կա՛մ էլ Ուրգուտի սոխակների վրա էլ է ազդել կանեփի փոշին. սոխակի երգը սկսեց ականջս սղոցել: Նույնիսկ ույգուր հաշվապահի խռմփոցը ավելի տանելի էր: Իսկ սոխակը շարունակում էր անդադար երգել, որ ցանկանում էիր ինչ որ մի քար գտնել ու հարվածել:

Ինչևէ, ցայգին հետ՝ ժամը հինգին, ասացին, որ արդեն փլավի ժամանակն է, ու փլավի արարողությունը սկսվել է: Բակի սեղանների մեծ մասի արդեն ծածկված էի ուտելիքով ու ալկահոլային ու ոչ ալկահոլային տարբեր ուտելիքներով: Մոտ հարյուր տղամարդ արդեն վայելում էին ճոխ նախաճաշը՝ իսկ մի քսան տղամարդ էլ փլավ, լոր, այլ մսային տաք խորտիկներ էին մատուցում, ու նաև հետևում, որ թեյամանները միշտ տաք թեյով լցված լինեն:

Տանտեր՝ գործընկերս, նրա հայրը և եղբայրը սեղանից-սեղան էին վազում, ողջյունում հյուրերին, յուրաքանչյուրին հորդորում լավ ուտել ու խմել, նրանց հետ Ալլահին գոհունակություն հայտնում ու մի բաժակ “գլորում”: Դարպասի մոտ տանտիրոջ ամենամոտ բարեկամներն էին նստած, որոնք ամեն եկող հյուրի հետ կանգնում էին ու ձեռքները սրտներին խոնարհվում: Այդ օրը նրանք մինչև ժամը տասերկուսը պետք է հեզ ժպիտով խոնարհվեին ամեն րոպպե եկող ու գնացող մոտ հազար տղամարդ հյուրի, և վերջին հյուրին ճանապարհելուց հետո ուտեին իրենց բաժին փլավը: Ինչպես ասում են՝ Ասիական քծնամոլությունը սահմաններ չի ճանաչում:

Իսկ անվճար փլավ ու այլ բազում խորտիկներ ուտելու ցանկացողների պակաս չկա՝ հատկապես որ մուտքը ազատ է. գյուղի ու մոտակա չորս գյուղերի բնակիչների մեծ մասը այդ օրվա արարողության մասին տեղեկացված էին: Ժամը տասերկուսից հետո էլ կանայք են գալու՝ ոչ պակաս քանակով: Շատերն էլ իրենց հետ տարաներ են բերում, լցնում փլավով ու այլ խորտիկներով՝ տանելով տուն:

Այս տեսարանի ներքո արդեն հասկանալի էր, թե ինչո՞ւ է այն “հարսանիք” անվանում՝ նման քանակի հյուր ու ծախս միայն հարսանիքներում է լինում: Նույնիսկ, սա կարելի է “կրկնակի հարսանիք” անվանել, քանի որ ծախսը կրկնակից ավելի է, քան հարսով-հարսանիքներում: Նաև, ի տարբերություն վերջինիս, այստեղ հյուրերից մի փոքրիկ մասն է միայն որոշ գումար նվիրում տանտիրոջը: Գործընկերներս սկսեցին պատմել, որ նման “հարսանիքից” հետո շատ ուզբեկներ, նույնիսկ բավականին հարուստներ, անվանափոխվում են՝ “բանկրոտ”-ի: Դե՛, ասիական ցուցամոլությունը ընդհանրապես սահմաններ չի ճանաչում:

Կերուխումը ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ՝ միջնադարյան թրքերենով: Երգիչ տղամարդու ձայնային տեմբրի հզորությունը և դիապազոնը ապշեցնող էր՝ նա հաջողությամբ կարող էր մրցել Լա Սկալայի երգիչների հետ: Նստածներից հազվադեպ մարդ էր կարողանում հասկանալ երգի իմաստը, սակայն նման արարողություններին այդ երգերի ունկնդրումը հատկապես երիտասարդ սերնդի երաժշտական ճաշակի դաստիրակման նկատակով պարտադիր էր: Ի դեպ, այդ երգերը ինչ որ նմանություն ունեին ռաբիզասեր ավագ սերնդի կողմից հայտնի “Ուզբեկի” կատարումների հետ՝ “Գարո՛ւն էլ մի արի, քեզ սպասող չկա”:

Երկու-երեք ժամից ավելի համբերությունս չհերիքեց, ու նույնիսկ չսպասեցի տեսնելու հիմնական արարողությունը՝ ինչպես են խեղճ տղային թլպատելու, վեհաշուք սպիտակ զգեստ հագցնելու ու ձի նվիրելու, որով նա՝ արդեն տղամարդ դարձած, կանցնի հյուրերի միջով: Անշուշտ ուրախալի էր, որ այդ հազարի մեջ միակ չթլպատվածը ես էի:

Որոշեցի, անմիջապես մեկնել Բուխարա ու այնտեղ գիշերել՝ հյուրանոցում՝ միայնակ: Հատկապես, որ ակնկալվող չորս ժամվա անապատային կիզիչ արևով ճանապարհից հետո հանգստանալ էր պետք՝ Բուխարան զգալու համար:

Սամարղանդը ընդամենը քսան կիլոմետրի վրա էր, սակայն մտածեցի, որ մեկուկես տարի առաջ այցելությունիցս տպավորությունս այնքան ցնցող էր, որ ավելի լավ է երկրորդ անգամ չայցելել: Այնպես, որ կարճ ժամանակով զբոսնեցինք Չինարների պարտեզում, լսեցինք իսլամի արմատները այստեղ հազար տարի առաջ ծառերի հետ սերմած սրբի հրաշագործությունների մասին, ու շարժվեցին Բուխարա տանող ավտոկայան:

Անապատով դեպի Բուխարա

Սամարղանդի ավտոկայանից տաքսիներ ու ավտոբուս էին շարժվում դեպի Բուխարա: Ասացին, որ ավտոբուսը դանդաղ է գնում, իսկ տաքսիները արագ են ու մատչելի՝ քանի որ մի քանի ուղևոր են վերցնում: Հենց այդ պահին ուզբեկ գործընկերս թարմ տեսքով տաքսի գտավ, որի առջևի նստատեղը ազատ էր, ու անմիջապես շարժվեցինք:

Տաքսիներում հազվադեպ է օդափոխիչ լինում, իսկ ապակիների մգեցումը կամ վարագույրների օգտագործումը արգելված է: Այնպես որ անապատի սպիտակ արևը ու վառող օդը սկսեցին իրենց դաժան գործը: Նաև, հասկացա թե ինձնից առաջ տաքսի նստած երեք ուզբեկները ինչո՞ւ էին նախընտրել հետևի նեղ նստատեղը՝ առջևի լայն նստատեղի փոխարեն:

Միջնադարում յուրաքանչյուր քառասուն կիլոմետրի վրա իջևաններ կային, որտեղ հոգնած ձիերը փոխարինվում էին առույգ ձիերով: Նույնը անապատային Ուզբեկստանում էր՝ յուրաքանչյուր ութսուն կիլոմետրի վրա տաքսի մեքենան կայանում էր, ու ուղևորներս տեղափոխվում էինք այլ տաքսի՝ առավել անհարմարավետ ու հին, քան նախորդը: Այնպես որ կարելի է ասել, որ Բուխարա մտա էշի հարմարավետությամբ մեքենայով: Իսկ Բուխարայում էշով սայլակը մինչ այժմ էլ տարածված տրանսպորտային միջոց է: Այդ պատճառով երեք ժամվա ճանապարհը հինգ ժամում հասա:

Չէր փոխվում միայն կիզիչ արևը և տաքսիներում միացված երաժշտությունը՝ արդեն երիտասարդ ռաբիզ սերնդի կողմից սիրված “կլկլոցները”, որոնք ըստ ուզբեկների ենթադրության՝ իրենց երգիչները “թխել” են թուրքական երգերից:

Արևահարվածից փրկվելու համար ամբողջ ճանապարհին ջուր խմեցի՝ մոտ երեք լիտր, ու հագուստով մեկ պարբերաբար գլխիս ջուր լցրեցի: Սակայն միևնույն է Բուխարա հասա արևահարված վիճակում, հյուրանոցում տեղավորվեցի ու մտա սառը ցնցուղի տակ: Քիչ անց պառկեցի ու մեռյալ քնեցի տասերկու ժամ:

Բուխարա

Հաջորդ առավոտյան Բուխարայի գործընկերս դիմավորեց ինձ, ու ամբողջ օրը միասին վայելեցինք պատմական քաղաքի հմայքը, երգն ու պարը, ու նույնիսկ հասցրեցինք լողալ երեսուն կիլոմետր հեռու գտնվող անապատային լճակում, որը ավելի շատ ջակուզի էր հիշեցնում:

Բուխարյան մեկ օրում ինձ այնպիսի երանելի հանգստություն պատեց, որ թվաց թե Ուրգուտյան կանեփի բուրմունքի կամ արևահարվածության ազդեցության տակ ողջ օրվա ընթացքում սավառնում եմ հոյակերտ մադրասների, մզկիթների, ամրոցների, ջրավազանների, ու այլ պատմական ու նորօրյա շինությունների վրայով; ու նույնիսկ տեսնում, թե ինչպես է Բուխարայի էմիրը խնձորը նետում ջրավազանում լողացող կանանցից ամենացանկալիին՝ այդ գիշերվա ընտրյալին:

Ղուրանում ասվում է, որ կինը պետք է ծածկի իր գեղեցկությունը, սակայն չի մանրամասնում, թե կնոջ որ հատվածն է գեղեցիկ՝ շրթունքները, աչքերը, …, թե՞ ողջ մարմինը՝ ամբողջությամբ: Այդ պատճառով մուսուլմանական երկրներում կանայք տարբեր կերպ են ծածկվում: Իսկ Բուխարայում գեղեցկությունը տեսանելի էր ու ջերմ քաղցր ժպտում էր, իսկ մնացած ամեն ինչ՝ ծածկված օտար աչքերից:

Գնել Խաչատրյան

04.06.2016թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s