Առաքելություն

Վերելք

Դեռ ուսանող Հայկը բարձրաստիճան չինովնիկի կերպար ուներ: Դասախոսները, կուրսեցիները ու համագյուղացիները վստահ էին, որ ուսումնատենչ, խելացի, հասուն հայացքով երիտասարդը կարճ ժամանակ անց պետական բարձր պաշտոն է զբաղեցնելու:

Գյուղական հարուստ ընտանիքի, եթե այդպես կարելի է ընդհանրապես անվանել, զավակն էր՝ օժտված բարձր նկրտումներով և չինովնիկի կարիերիայով սրընթաց բարձրանալու անհրաժեշտ այլ բնութագրերով: Համարյա միշտ կոստյումով ու փողկապով էր, կոկիկ արդուկված վերնաշապիկով, ձիգ, ինքնավստահ կեցվածքով:

Նրա կերպարը ավելի խոսուն էր, քան հենց ինքը: Քչախոս էր, սակայն գրագետ շարադրված, մտածված ու տեղին խոսքով: Նրա խոսքը՝ իր բովանադակությամբ, տրամաբանական շաղկապվածությամբ, թեմայի համահնչությամբ, առանձնանում էր շրջապատի աղմուկի ու ուսանողական դատարկաբանության մեջ:

Մի խումբ ուսանողներից բաղկացած քրիստոնեական խմբի ակտիվ անդամ էր, որտեղ նրա գտնվելը շատերի համար թեև տարօրինակ էր, սակայն ոգևորող: Հոգևոր եղբայրներն ու քույրերը նույնպես կասկած չունեին նրա առաքելության վերաբերյալ ու ամեն անգամ իրենց աղոթքներում թախանձում էին իրականացնել Հայկի երազանքները՝ ի բարօրություն ողջ երկրի:

Հայաստանում “Եհովայի վկաների” հայտնվելուց տարիներ առաջ, ովքեր ունակ են անգիր արտասանել Աստվածաշնչյան խոսքերը՝ տալով մեջբերված խոսքի տեղայնացման ճշգրտիտ հղումներ, նա այդ ունակությունով օժտված եզակի անձանցից էր, իհարկե սակավաթիվ կղերներին չհաշված, այն էլ այդքան երիտասարդ տարիքում:

Խմբում առաջին անգամ այցելողները ծեծված հարցեր էին տալիս. “Եթե Աստված ամենուր է, և երկրի վրա ամեն ինչ նրա կամոք է կատարվում, ապա ինչո՞ւ են անմեղ մարդիկ կոտորվում, անարդարությունը իշխում աշխարհի վրա, հիվանդությունները տարածվում, չարը հաղթում և վայելում կյանքը….”: Նմանատիպ պարզունակ հարցերը շատերն էին կարողանում  պարզաբանել:

Սակայն առավել կասկածամիտների Սուրբ Գրքից մեջբերվող կոնկրետ հարցադրումներին պատասխանելու համար հաճախ անհրաժեշտ էր Հայկի միջամտությունը: Հարցերը վերաբերում էին տեքստի մեկնաբանությանը, գիտության ու կրոնի թվացյալ հակասություններին, և նույնիսկ որոշները, առանց երկյուղի,  հարցնում էին,  թե որքանո՞վ էր Բարձրյալը ամենաբարին ու ամենաարդարադատը, երբ ջրահեղձ արեց աշխարհի ողջ բնակչությանը և կենդանական աշխարհին՝ փրկելով միայն Նոյի ընտանիքին և ամեն տեսակից մի զույգ անասունի; կամ երբ  ոչնչացրեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ զավակներին  ու նույնիսկ բոլոր անասունների առաջնածիններին, ինչ է թե փարավոնը չէր համաձայնում, որ Մովսեսն հրեա ժողովրդով  հեռանա; կամ երբ …

Հոգևոր քույրերը և եղբայրները երանությամբ էին դիտում, թե ինչպես է նա աչալուրջ ու առանց ընդվզումի ունկընդրում կասկածամիտների հարցերը և թվացյալ հիմնավորումները, նույնիսկ երբ նրանց խոսքերը ակնհայտորեն վիրավորում էին Եռաստվածությանը և իրենց կրոնական զգացումներին: Սիրալիր ժպիտով ու վստահությամբ սպառիչ պարզաբանումներ էր տալիս և հիմնավորում Բարձրյալի քայլերի անառարկելիությունը:

Բացատրում էր, որ Աստվածաշնչում բազմաթիվ են առակները, ու շատ այլ խոսքեր փոխհարաբերական իմաստ ունեն, որպեսզի Աստծո խոսքը հեշտ ընկալելի լինի հասարակ ժողովրդի համար, որոնց գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը, այն ժամանակ անգրագետ էին: Ուստի շատ խոսքեր ոչ թե պետք է հասկանալ բառացի, այլ՝ փորձել ընկալել նրանց խորհուրդը:

Եթե ինչ-որ հարցի այդ պահին չէր կարողանում համոզիչ պարզաբանում գտնել կամ մտածում էր, որ այս թերահավատի հետ հետագա բանավեճը անիմաստ է, ապա տալիս էր բոլոր հարցերը լավագույնս եզրափակող պատասխանը. “Աստծո գործերն անքննելի են”:

Եվ եթե այդքանից հետո, կասկածամիտը շարունակում էր չբավարարվել հնչած պարզաբանումներով կամ համառորեն մերժում Աստծո լույսը, ապա ոչ ոք մեղավոր չէ նրա համար:  Հատկապես, որ կան Անհավատ Թովմասներ, ովքեր չեն հավատում, մինչև ձեռքով չշոշափեն:  Չէ, որ Աստծուն սրտով են զգում, այլ ոչ թե մտքով ապացուցում նրա առկայությունը:

Նրա անկեղծ, գեղեցիկ շարադրված, ազդող շեշտադրումներով ու տոնայնությամբ ապաշխարանքը շրջապատի մոտ ակնածանք էր առաջացնում, և նույնիսկ ամոթի զգացողություն, քանի որ ի տարբերություն Հայկի` իրենք բավարար ակնկեղծ չեն Աստծո հետ իրենց հարաբերություններում, անանձնական՝ իրենց խնդրանքներում:

Շրջապատի հիացական հայացքների ներքո պատմում էր անգլիացի չքավոր քարոզչի մասին, ով ոտքով տնից-տուն է անցում` մարդկանց տարածելով Հիսուսով փրկության ավետիքը: Ու երբ մարդիկ բացում են դուռը, սկզբում կարծում են, որ իրենց առջև հենց Հիսուսն է կանգնած. տեսքը, անհատակ բարի աչքերը, ուրիշների փրկության համար զոհվելու անկոտրում կամքը: Նա մարմնավորում է իսկական քրիստոնյայի կերպարը, որն ապրում է Տիրոջով, ինչպես պատգամել է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր թղթում. “Արդ, աղաչում եմ ձեզ, նմանվեցեք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին: Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում”:

Նա Հիսուսից, Պողոսից, Մովսեսից, Աբրահամից, Սողոմոնից, Երեմիայից ու այլ մարգարեներից տեղին ու օգտակար մեջբերումներ էր կատարում ու այնքան գեղեցիկ ու համոզիչ ներկայացնում, որ կարծես այդ խոսքերը հնչելու պահին այդտեղ էր եղել, ու այնքան ճշգրիտ էր մեջբերում ու մեկնաբանում, որ նույնիսկ կարելի էր հավատալ, որ հենց ինքն էր արձանագրել արտահայտված մտքերը և կատարված իրադարձությունները:

Երկմտանք

Հեռու էր գեղեցկատես որակվելուց, սակայն համագյուղացի, կուրսեցի կամ հոգևոր խմբի աղջիկների մեծ մասը կցանկանային դառնալ նրա սիրահետման օբյեկտը: Դժվար էր նրան պատկերացնել սիրահետողի դերում, դա չափազանց անհարիր տերմին էր նրա լուրջ կերպարի համար: Սակայն, բավական էր, որ մեջբերեր Սողոմոնի “Երգ երգոց”-ից.

“Թող ինձ համբուրի իր բերանի համբյուրներով:

Քո ստինքներն ավելի լավ են գինուց:

Եվ քո օծման յուղերի հոտը՝ բոլոր խունկերից: …
Քո վարսերը նման են այծերի հոտերի,

Քո ատամները նման են խուզած ոչխարների հոտերի,

Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի,

Քո երկու ստինքները նման են այծամի երկորյակ ուլերի…

Մեղր է կաթում քո շուրթերից …”,

հայացքում անսովոր կրակներ էին բոցկլտում, մաշկի գույնը կարմրում էր, ձայնում թավշյա երանգ էր հայտնվում: Դժվար չէր ակնկալել, որ այդ պահին ներկա քույրերը սիրահարված ծածուկ կդիտեին նրան` առանց այլևս բառ իսկ հասկանալու շարունակվող սիրո անմահ երգից:

Նման երգեր կատարողը երազում էր կույս մնալ, քանի որ. “Կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով և հոգով: Ով կին չունի, հոգում է` ինչպես հաճելի լինի Տիրոջը: Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում և թե ինչպես հաճելի լինի իր կնոջը:” Այդ իսկ պատճառով նա անհողդողդ խուսափում էր արձագանքել իրեն ուղղված սիրո ցանկություններին:

Սակայն, մարդկային հողեղեն մարմինը բազում մեղքերով ու անպարկեշտ ցանկություններով է լի, որոնց միշտ չէ, որ հնարավոր է ենթարկեցնել մտքի ու հոգու որոշումներին: Պատանուց տղամարդու վերածվող մարմինը իր դաժան պահանջմունքներն էր բարձրացնում, ու դրանց ամեն անգամ լռեցնելուց հետո սաստող ուժը ավելի էր հյուծվում: Ինչպես պատգամվում է. “Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձանալ: Բայց չպոռնկանալու համար` յուրաքանչյուր մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին՝ իր մարդը”:

Երբ զգաց, որ այլևս դժվար է դիմանում կանանց գայթակղությանը, իսկ մարմնի որոշ անդամի ավելի ու ավելի դժվար է լինում հետ համոզել “պոռնկանալու” ցանկությունից, ապա բացահայտեց, որ այլընտրանքային պատգամը ընդամենը մեկն է. “Կտրի՛ր այն և  դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն”:

Մի քանի շաբաթ մտորեց այդ զոհաբերության շուրջ, ոգեշնչվեց Ավգուստիանոս Երանելիի նույնական վարքով, այլ մարտիրոսների մասին կարդաց, բազում հանգամանքեր դիտարկեց, սակայն իր մեջ բավականին հավատք ու կամք չգտավ այդ քայլին դիմելու: Եթե դիմեր էլ, այս անաստված դարում ո՞վ պետք է իմանար ու փառաբաներ իրեն: Ավելի հավանական էր, որ ծաղրի առարկա կդառնար ու ստիպված կլիներ հրաժարվել երկրի բարօրության համար իրեն ամբողջովին նվիրելու առաքելությունից:

Շատերի համար անակնալ էր, երբ հայտնի դարձավ սիրեցյալի նրա ընտրությունը՝ կրոնական խմբից մի աղջիկ՝ իրենից վեց տարով մեծ: Ընտրյալը սովորական աչքի համար ոչնչով չտպավորվող էր, սակայն Հայկի խորաթափանցությունը և որոշման արդարացվածությունը կասկածից վեր էր, ու մյուս աղջիկներին ընդամենը մնում էր նախանձով համակերպվել:

Զատիկ

Սիրային առաջին շփումներին էին անսովոր, թե՞ դրանց անհամատեղելիությունը նրա կերպարին ու նկրտումներին, թե՞ կրոնական կենսակերպի առավել խորը ըմբռնումը. նա սկսեց ավելի խստաբարո դառնալ:

Առաջինը սառը ցնցուղը հոգևոր քույրիկներին բաժին հասավ: Հոգևոր խումբը այդ տարի որոշել էր Զատիկի սուրբ տոնը շուքով նշել, չէ որ այն քրիստոնեական տաղավար տոներից է` սրբազան խորհուրդներով լի: Նաև, լավ առիթ էր իրենց ընկերներին ու համակուրսեցիներին ծանոթացնել քրիստոնեական արժեքներին՝ շփվելով Հիսուսի լույսով ապրող իրենց նման սովորական հասակակիցների հետ, նոր լավ ընկերներ ձեռք բերել, միասին զվարճանալ և ուրախանալ:

Փող հավաքեցին, տարածք վարձեցին, զարդարեցին, համեղ ուտեստներ պատրաստեցին, երաժշտություն կազմակերպեցին ու սկսեցին Զատիկին նվիրված երեկույթը: Աղջիկներն այդ օրը առանձնապես հմայիչ էին՝ գեղեցիկ հագնված, հրապուրող շպարով, փայլող աչքերով, կլանող օծանելիքներով, գայթակղիչ վարսերով:

Երեկույթի սկզբում կողք կողքի կանգնեցին, բռնեցին իրար ձեռքեր՝ նույնիսկ հրավիրվածներին սիրով ու ժպիտով համոզելով միանալ իրենց, արտասանեցին Տէրունական աղոթքը, որը հենց Հիսուսն է սովորեցրել իր աշակերտներին: Հետո խմբի գիտակ աղջիկներից մեկը գեղեցիկ ներկայացրեց Հիսուսի հրաշափառ Հարության տոնի նախապատմությունը և խորհուրդը: Յուրաքանչյուրին մի բաժակ կարմիր գինի հյուրասիրեցին, ավանդական ներկած ձվերով կռվեցին, ու երգ ու պարով երեկույթը թափ առավ:

Պարում, երգում և զվարճանում էին, երբ Հայկը ուշացումով եկավ: Նստեց մի անկյունում՝ սառը շշմած հայացքով դիտելով զվարճացող հասակակիցներին: Քույրերից մեկը կարճ կարմիր շրջազգեստ էր հագել և անպատկառ պարային շարժումներով ցուցադրում էր յուղոտ ազդրերն ու վերուվար շարժվող խոշոր հյութեղ ստինքները: Հյուր տղաներից մեկը ցլային կրքոտ շարժումներով պտտվում էր թմբլիկի շուրջը՝ աչքերով կայծահարելով նրան, հատկապես փորձելով, իբր պատահաբար, քսվել նրան: Առավել տհաճ էր, որ աղջիկն էլ ընդիմանալու նշաններ ցույց չէր տալիս ու նույնիսկ ըմբոշխնում էր տղայի վավաշոտ նկրտումները: Տղայի ողջ մարմինը արագ շարժումներից թե պատող ցանկություններից քրտինք էր կապել, ու նա հերթով արձակում էր վերնաշապիկի կոճակները:

Մյուսները նույնպես ավելի լավ վիճակում չէին, թեկուզ և այս երկուսը առանձնանում էին իրենց լպիրշությամբ: Հայկին թվում էր, որ հայտնվել է Գոմորում, որտեղ ամենուր մեղսալից զվարճանքներ են, որոնց աղաղակը հասնում է Տիրոջը, և նույնիսկ մտածեց, որ հիմա Տերը այս անառակաբարո խմբին էլ կոչնչացնի՝ նրանց վրա երկնքից ծծումբ ու կրակ թափելով: Այդ մտքից, երկյուղը պատեց մարմինը, չէ որ ինքն էլ նրանց մեջ էր, ու չէր փրկվի. “Ողորմյալ Տե՛ր, գթա նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում:”

Իրենց սիրելի հոգևոր եղբոր սառը և այլալված հայացքը աննկատ չէր կարող անցնել: Բոլոր ողջյուններին ու հրավերներին չափազանց դժկամ էր արձագանքում: Վերջ ի վերջո, քյուրերն ու եղբայրները որոշեցին մի պահ կանգ առնել ու իմանալ ծանր մտահոգության պատճառը, չէ որ երբեք նրան այդպես ընկճված չէին տեսել:

Հայկը սկզբում չկամությամբ, սակայն հետո հաստատակամ ներկայացրեց պահի ողջ գաղջությունը: Հատկապես, փնովելի էր աղջիկների պարը. պարը՝ հրապուրող հագուկապով, գայթակղության աղբյուր է, որը անհարիր է Քրիստոսի կյանքով ապրել ցանկացող այստեղ հավաքված իր հոգևոր քույրերին: Պարով ոչ միայն քույրերն իրենց անվայել զգացողություններն են ազատ արձակում, այլև գայթակղության են մղում իրենց հոգևոր եղբայրներին: Եվ այս ամենը, հատկապես անհարիր է Հիսուսի հրաշափառ Հարության տոնին. “Մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. որովհետև, եթե ըստ մարմնի ապրենք, կմեռնեք, իսկ եթե Հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք”:

“Հիսուս տանջամահ եղավ խաչի վրա, հանուն Ձեզ, որպեսզի՞ դուք այստեղ ուտեք, խմեք ու գայթակղեք մեկդ մյուսի”:- հազիվ զսպելով զայրույթը` շարունակեց նա: Հիշեցրեց Յուդիթին. “Ով զարդարեց իրեն ամեն տեսակ զարդերով, էլ ավելի գեղեցկացավ՝ իր դեմքի սիրունությամբ խաբելու, գայթակղելու համար նրանց, ովքեր կտեսնեն իրեն”:

Մեջբերեց Յեսուի Որդի Սիրաքի իմաստուն խրատը. “Մի հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը: Երկար մի նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով: Չէ, որ անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը”:

Էլ ավելի ոգևորված բարձացնելով ձայնը և զայրացած հայացք նետելով հատկապես հոգևոր քյուրերի վրա` շարունակեց Տիրոջ խոսքը. “Եթե իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին”: “Իսկ Քրիստոսի չարչարանքների օրը Ձեր անառակաբարո հաճույքներով ինչի՞ն էք անկալում հաղորդակից լինել”: –հարցը շեշտակի շպրտեց հոգևոր քույրերի ու եղբայրների դեմքին, ու սաստող հայացքով սպասեց մեղայականների:

Սկզբում որոշները՝ առավել ակտիվ պարողներն ու առավել գայթակղիչ հագնվածները, փորձեցին արդարանալ, սակայն Հայկի հստակ հղումները Աստվածաշնչին ու պողպատյա տրամաբանական եզրահանգումները, ինչպես նաև քույրերի մեծ մասի մեղավոր հնազանդ կերպարները բոլորին ստիպեցին զինաթափվել, կամ ուղղակի անակնկալից ու հիասթափությունից ձեռքը թափահարելով հեռանալ: Մի քանիսն էլ հեռանալիս ծիծաղեցին. “Արա՛, Էս ո՞ւր ենք ընկել, ախպե՛ր”:

Զվարճանքը երկու ժամ տևեց, իսկ “պար”-ի սատանայական գաղթակղության հետևանքի քննարկումը՝ հինգ: Վերջին հավատակից ընդդիմադիրներն էլ ցրվեցին՝ ընկճված ու անորոշ զգացողությամբ: Չնայած Հայկի հիմնավորումները երկաթյա էին, սակայն ինչ-որ բան նրանց հոգու խորքում անընդունելի էր:

Զտում

Զվարճության թուլություն ունեցողները կարճ ժամանակ անց իրենց օտարացած զգացին ու լքեցին հոգևոր խումբը, որի անվերապահ առաջնորդը արդեն Հայկն էր: Մնացյալների համար թեկուզ տխուր էր համակերպվել իրենց ընկերների կորստի հետ, սակայն. “Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից՝ իրենց սերերով և խարդախությամբ, մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն իրենք իրենց պարարտացնելու համար”:

Դժվար և փշոտ է իսկական հավատքի ճանապարհը. քչերն են ի զորու հաղթահարել այն՝ դիմանալով Սատանայի կողմից հյուսվող ավելի ու ավելի խորամանկ փորձություններին  ու շարունակելով իրենց սրտերում անսասան պահել Աստծո սերմանված խոսքը: “Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները”:

Ընկերների կորստից հետո մնացյալները շարունակեցին էլ ավելի ոգեշնչված հետևել Աստծո խոսքին, որը նրանց համար շարունակում էր սիրաբար հաղորդակցել ու պարզաբանել շնորհաշատ առաջնորդը:

Սիրուհին փորձում էր ամբողջովին պահպանել օր օրի ավելի խստաբարո դարձող հոգևոր ապրելակերպի պահանջները: Նա անվերապահ հնազանդվում էր, քանզի հստակ գրված էր. “Քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա”: Էլ ավելին. “Որովհետև ոչ թե մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. քանզի մարդը չստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար”: Նույնիսկ, հաշվի չառնելով շրջապատի ծիծաղը` սկսել էր մազերը մշտապես քողով ծածկել, քանի որ “Կինը պարտավոր է քող դնել: Եթե կինը քողով չի ծածկվում, թող կտրի իր մազերը”:

Սակայն, այդ բոլոր սահմանափակումները չօգնեցին խեղճ ընտրյալին: Դժվար է ասել, որ պահին սայթաքեց կամ չհնազանդվեց, բայց մեկ տարի տևած դաժան սիրուց հետո Հայկը հաստատակամ լքեց նրան: Ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում. “Ով որ ամուսնանում է իր կույս նշանածի հետ, լավ է անում: Իսկ ով որ չի ամուսնանում, առավել ևս լավ է անում”:

Չհաջողված ընտրյալին այլևս չտեսնելու, հոգևոր քույրերից ու եղբայրներից ձանձրանալու, ժամանակը այլև անիմաստ չվատնելու համար, կամ միգուցե համարելով, որ իր առաքելությունը այս անցավորների համար արդեն բավարար է, դադարեց հաճախել խմբի հոգևոր և այլ հանդիպումներին: Կարճ ժամանակ անց, խումբը ավազի նման փլուզվեց ու լուծվեց անցյալին:

Թռիչք

Հայկը փոխեց իր բնակավայրը և ընդհանրապես դադարեց շփվել մնացյալ սակավաթիվ հոգևոր քույրերի ու եղբայրների հետ: Հիսուսին ծնկաչոք ապաշխարող երիտասարդի կերպարը այլևս համահունչ չէր ագրեսիվ նկրտումներին, որոնք համալսարանն ավարտելուն զուգահեռ դառնում էին ավելի ու ավելի իրատեսական:

Նկրտումների իրականացման համար ամբողջական կենտրոնացում և անհողդողդ ջանքեր էին պահանջվում: Ամեն ինչ մանրակրկիտ ծրագրած էր` որ դասախոսին հաճոյախոսել, որ միջոցառումներին վազվզել, ում աչքը մտնել, ումից ում խոսքեր փոխանցել, ում հետ կապեր հաստատել, որտեղ սկսել իր սկզբնական աշխատանքային գործունեությունը:

Գերազանց կրթությամբ, հռետորի տաղանդով, տրամաբանված խոսքով, օրինակելի հագուկապով ու վարվեցողությամբ նորավարտ երիտասարդին հաջողությունը երկար սպասեցնել չտվեց: Դասախոսներից մեկը պետական կարիերայի սրընթաց առաջընթաց ունեցավ: Բարձր մակարդակում խոշոր փողերի հոսքերը դեպի իրենց ուղղելու համար նրան քչախոս, անհարկի հարցեր չտվող, վստահելի համակիրներ էին պետք: Իրեն շողոքորթող խելացի Հայկին էլ հիշեց ու չսխալվեց իր ընտրության հարցում:

Ծրագիրն հաջողացնելու համար տարբեր կազմակերպություններ ստեղծեց  ու նրանց մի մասի ղեկավար կարգեց Հայկին, ով իրեն ըստ արժանվույն դրսևորեց, հատկապես, որ իր անձնվեր ծառայության համար շռայլ էր վարձատրվում: Այսկերպ, գումարները ուղղվում էին սակավաթիվ արժանի անձանց մոտ, ովքեր գիտեին հավաքված գումարների ճիշտ օգտագործման ուղղությունները: Այլապես, փողերը անիմաստ ծրագրերի վրա էին ծախսվելու, կամ յուրացվելու էին անարժանների կողմից՝ վատնվելով թանկարժեք զվարճանքների վրա:

Ոչ ոք չէր կարող ստվեր իսկ նետել Հայկի աստվածահաճո անբասիր վարքին: Չէ՞ որ նա հստակորեն հետևում էր Աստծո պատգամին` հնազանդվել Իշխանությանը. “Ամեն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակվի նրան, քանզի չկա իշխանություն, որ Աստծոց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Ով հակառակվում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակվում. և նրանք, որ հակառակվում են, իրենց դատաստանն են ընդունում, քանի որ իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի”:

Վարձք

Այսօր արդեն մեր երկրում կրոնը շատ է տարածվել. ամենուր հավատացյալների երջանիկ խմբեր են, դպրոցներում կրոն են ուսուցանում ու աղոթք սերմանում, բանակում կղերների ջոկեր ստեղծում, պետական լայն հարգանք ու արտոնություններ վայելում, տաղավար տոններն ու հաջորդող մեռելոցները ազգովի պետականորեն նշում: Արդեն հաճախ կարելի է հանդիպել “Քայլող Աստվածաշունչ”-երի, որոնք անգիր կարող են ցիտել Աստծո խոսքը՝ հստակ հղումների միջոցով: Համարյա չի մնացել հոտ՝ առանց հովվի:

Հայկը վաղուց դադարել է Աստծո խոսքի տարածմամբ զբաղվել և խուսափում է կրոնական բանավեճերից, հատկապես, հաշվի առնելով փողերի արդյունավետ տնօրինման հետ կապված չափազանց զբաղվածությունը: Այդ գծով հաջողությունները շատ ավելին էին, քան կարող էին նույնիսկ երևակայել: Դա էլ ավելի էր վկայում, որ այս գործերը Աստծվածահաճո են, ու Տերը շռայլորեն վարձահատույց է լինում:

Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ճանապարհ հարթում Հիսուսի համար, այնպես էլ Հայկն էր իրեն զգում այդ տարիների երկրում տիրող հոգևոր դատարկությունում. անապատում կանչողի ձայնն էր: Այժմ էլ ճանապարհ հարթողի իր այդ առաքելությունը իրականացնում էր դատարկվող աղքատ երկրի տնտեսության համար՝ փողերի խոշոր հոսքերին տալով “ճիշտ” ուղղություն:

Ռահվիրայի նրա կերպարը մինչ օրս աներեր է. վերջերս 367-րդ և 368-րդ սանիկների կնքահոր սուրբ պարտականությունը ստանձնեց: Գործընկերներից, բարեկամներից ու ծանոթներից շատերը ցանկանում են, որ իրենց երեխաները հենց նրա օրինակով հարթեն իրենց ճանապարհը: Նաև, արդյունավետ է հոգևոր կապերի ստեղծումը դեռևս երիտասարդ, պաշտոնյա ու հարուստ անձի հետ, որը դեռևս աճելու շատ շանսեր ունի:

Իսկ ընկերոջ վերջերս արված չար կիսակատակին. “Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծո արքայությունը մտնի:”, առանց վարանելու պատասխանեց. “Եթե ուշադիր կարդացած լինեիր, ապա կհիշեիր, որ այդ խոսքից հետո, աշակերտները հարցրեցին. “Իսկ ո՞վ կկարողանա փրկվել”: Եվ Հիսուս ասաց. “Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է””:

Չէ, որ ինքը ընդամենը իշխանության տակ գտնվող մահկանացու է. “Ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ինձ ենթակա զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, և մյուսին՝ եկ՛, և գալիս է, և իմ ծառային, թէ՛ արա՛ այս, և անում  է”: “Աշակերտը ավելի չէ, քան վարդապետը, և ոչ էլ ծառան՝ քան իր տերը: Աշակերտին հերիք է, եթե լինի իր վարդապետի նման, և ծառային՝ իր տիրոջ նման”:

Նախանձելի բարեկեցիկ ու հիասքանչ կյանք ունի, գեղեցիկ կին՝ համապատասխան ընտանիքից, փայլուն երեխաներ, ու այն ամենը ինչ որ հարիր է իր դիրքին: Այլևս խստաբարո ապրելակերպ չի պահանջում ո՛չ իր կողակցից, ո՛չ երեխաներից, ո՛չ սանիկներից, կամ ո՛չ էլ մյուսներից. չէ որ ամեն մարդ պատասխան է տալու միայն ինքն իր համար:

Նրան ճանաչողները վստահ են, իսկ հարյուրավոր սանիկները աղոթում են, որ շատ մոտ ապագայում նա վերջապես պետական համակարգում իրեն արժանի բարձր պաշտոն ստանա: Այդքան ունակությունները, անձնվեր ծառայությունը, կուտակած հարստութունը և բազմաթիվ կարևոր մարդկանց հետ կապերը չեն կարող երկար ժամանակ իրենց զգացնել չտալ, չէ՞ որ նրա առաքելությունը շռայլ վարձատրությամբ ու ֆուրշետային հանդիպումներով չի կարող սահմանափակվել:

“Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը ու գա իմ հետևեից”:

“Իսկ եթե մեկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորություն, ոչ էլ՝ Աստծո եկեղեցիները”:

 

Գնել Խաչատրյան

09.02.2017թ.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s